Logo

Օրվա տերմինը. Սենտիմենտալիզմ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.07.2021ՍՊՈՐՏ
05 26 - Օրվա տերմինը. Սենտիմենտալիզմ

Ի՞նչ է սենտիմենտալիզմը

Սենտիմենտալիզմը գեղագիտական ուղղություն է՝ 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի սկզբի գրականության և արվեստի մեջ։ Սենտիմենտալիզմը «մարդու բնության» գերհատկանիշը համարել է ոչ թե բանականությունը, այլ զգացմունքը։ Ընդունելով լուսավորականության առաջ քաշած բարոյական անհատի իդեալը, վերջինիս իրագործման պայմանը համարել է ոչ թե աշխարհի «բանական» վերակառուցումը, այլ «բնական» զգացմունքի ազատագրումն ու զարգացումը։ Կյանքի արտացոլման սկզբունքով հակադրվել է կլասիցիզմի վերացականությանն ու չոր դատողականությանը, մարդկային հոգեբանությունը պատկերել չափազանցված զգացմունքայնությամբ։ Լուսավորական գրականության հերոսին սենտիմենտալիստ գրողները օժտել են առավել խոր անհատական գծերով ու հուզական ներաշխարհով։ Նրանց հերոսը դարձել է դեմոկրատական ծագումով «միջին քաղաքացին», բուրժուական կամ գեղջկական աշխարհի հասարակ մարդը։ Ըստ այդմ, փոխվել է նաև պատկերվող միջավայրը, արիստոկրատական պալատներին ու սալոններին փոխարինել են գյուղական խաղաղ բնությունը, գեղջկական հյուղակները, արհեստավորների ու առևտրականների տները։ Կլասիցիզմի արծարծած համազգային և համապետական խնդիրների փոխարեն սենտիմենտալիզմն առաջ է քաշել մարդու կյանքի ու երջանկության հարցերը։

Պատմական ակնարկ

Սենտիմենտալիզմը սկզբնավորվել է արևմտաեվրոպական իրականության մեջ, կլասիցիստական և լուսավորական ռացիոնալիզմի ճգնաժամի պայմաններում։ Առավել համակողմանիորեն դրսևորվել է Անգլիայում։ Սենտիմենտալիզմին բնորոշ տրամադրություններ արտահայտվել են դեռևս Թոմսոնի, Ցունգի  և Գրեյի  բանաստեղծական երկերում։ Սենտիմենտալիստական մոտիվներն առավել որոշակիորեն են հնչել Ռիչարդսոնի հոգեբանական վեպերում, Ֆիլդինգի ուշ շրջանի գործերում։ Սենտիմենտալիզմը սակայն, վերջնականապես ձևավորվել է Ստեռնի ստեղծագործության մեջ։ Նրա անավարտ «Սենտիմենտալ ճանապարհորդություն» առաջին խոշոր սենտիմենտալիստական երկն է, որի վերնագրից էլ բխել է ուղղության անվանումը։

Անգլիական սենտիմենտալիզմի հիմնական գծերը դրսևորվել են հատկապես Գոլդսմիթի, Կուպերի, Կրաբի, Մակենզիի և Ամոլետի ուշ շրջանի երկերում։ «Գյուղական թեման» աստիճանաբար կորցրել է իր հովվերգական բովանդակությունը և ներկայացվել կոնկրետ սոցիալական խնդիրներով։ Անգլիական սենտիմենտալիստների, հատկապես Ստեռնի ազդեցությամբ այդ ուղղությունը տարածվել է արևմտաեվրոպական գրականության մեջ։ Գերմանիայում և մանավանդ նախահեղափոխական Ֆրանսիայում սենտիմենտալիզմի դեմոկրատական միտումներն ստացել են առավել արմատական բնույթ։ Եվրոպական սենտիմենտալիզմի բարձրակետն է Ժան Ժակ Ռուսոյի «Նոր էլոիզ» վեպը։ Ժամանակի ազդեցությունն զգալի է Դենի Դիդրոյի և Լեսինգի, երիտասարդ Ֆրիդրիխ Շիլլերի և Վոլֆգանգ Գյոթեի վրա։ Ռուս գրականության մեջ սենտիմենտալիզմի հիմնադիրն է Կարամզինը։ Սենտիմենտալիզմին հարել են Մուրավյովը, Բոգդանովիչը, երիտասարդ Ժուկովսկին և ուրիշներ։

Հայ մշակույթում

Հայ գրականության մեջ սենտիմենտալիզմը ամբողջական արտահայտություն չի գտել։ Հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմի ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է համարվում Ալամդարյանը։ Սենտիմենտալիզմի որոշ տարրեր նկատելի են նաև Թաղիադյանի, Ղևոնդ Ալիշանի, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի ստեղծագործության մեջ («Վերք Հայաստանի», «Աղասու խաղը»)։ Բախչինյան բեմարվեստում սենտիմենտալիզմը զարգացել է պսլատական կլասիցիստական թատրոնի պայմանականությունների դեմ պայքարի նշանաբանով։ Սենտիմենտալիզմին բնորոշ զգացմունքի պաշտամունքը, մարդու ներաշխարհի նկատմամբ առավել հետաքրքրությունը հանգեցրել է կլասիցիստական արձանագրությունից, չափածո խոսքը արտասանելու պայմանական եղանակից հրաժարվել են։ Նոր խաղացանկը դերասանին պարտադրել է անձնավորումների կենցաղայնություն, կերպարի զարգացման ցուցադրում, կենդանի հուզառատ խոսքի ինտոնացիաների արտաբերում։ Փոփոխություններ են կատարվել նաև ներկայացման ձևավորման մեջ՝ «պալատական» միօրինակ դեկորները փոխարինվել են ավելի իրական միջավայրով, պայմանական զգեստները մոտեցվել են ժամանակակից հագուստներին, կիրառվել է բնորոշ գրիմ են։ Այս ամենը որոշակի է դարձրել ռեալիստական միտումների կուտակումը դերասանական արվեստում, որը տարբեր չափով է դրսևորվել 18-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր դերասաններ Գարրիկի, Շրյոդերի և Բրոկմանի  և այլոց ստեղծագործության մեջ։ Սենտիմենտալիզմը ազդել է տարբեր երկրների թատերարվեստի և այլ արվեստների վրա, ունեցել նաև ուշ արձագանքներ։

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա