Logo

«Ոչ թե «Նոր Նադալը», այլ «Առաջին Ալկարասը». Երբ ու որտեղից հայտնվեց Կառլոսը և ուր է գնում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
19:27 / 09.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Իսպանացի 19-ամյա Կառլոս Ալկարասը ռումբի պայթյունի նման մուտք գործեց թենիսային աշխարհ իր շշմեցնող տաղանդով, որն օգնեց նրան 12 ամսում շուրջ 100 աստիճանով բարձրանալ ATP վարկանիշային աղյուսակում։ 

Իսպանացի հրաշամանուկի մասին բոլորն սկսեցին խոսել, երբ 2021-ին նորամուտը նշեց «Մեղ սաղավարտի» բոլոր մրցաշարերում՝ US Open-ում նույնիսկ հասնելով քառորդ եզրափակիչ։ Սակայն Ալկարասին միաբերան բոլորը վառ ապագա խոստացան, երբ այս տարվա Մայամիի «Մասթերսում» նվաճեց գլխավոր մրցանակը՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։ Հետո էլ ամեն ինչ դարձավ էլ ավելի կախարդական ու խորհրդավոր, երբ Կառլոսը կրկնեց իր կուռք Ռաֆայել Նադալի կարիերայի թերևս ամենաբեկումնային դրվագներից մեկը նույնությամբ. Ալկարասը  նույն օրը, նույն տարիքում ու նույն մրցաշարում հաղթանակից հետո տեղ գտավ աշխարհի 10 լավագույն թենիսիստների շարքում։ Սակայն 2022 մրցաշրջանը դեռևս նոր էր սկսել. Մադրիդի կորտերում էլ ծննդյան 19-րդ տարեդարձը նշելուց հետո նա պայքարից դուրս թողեց Նադալին՝ դառնալով մրցաշարի ամենաերիտասարդ կիսաեզրափակիչի մասնակիցը, որտեղ էլ հաղթեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Եզրափակիչում էլ Կառլոսն առանց որևէ դժվարության հաղթեց Ալեքսանդր Զվերևին ու տիրացավ  գլխավոր մրցանակին։

VNews-ը պատմում է թենիսի նոր ֆենոմենի մասին ամենահետաքրքիրը՝ ե՞րբ, որտեղի՞ց հայտնվեց Ալկարասը և ու՞ր գնում։

Տարզանի ծնունդը. որտեղի՞ց

Ալկարասը ծնվել է Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Մուրսիա քաղաքում։ Նա 4 եղբայներից երկրորդն է։ Կառլիտոսը առաջին անգամ թենիսի ռակետը ձեռքն է առել 3 տարեկանում։ Սակայն այս սպորտաձևի նկատմամբ սերն ու կիրքը նրան փոխանցվել են սերնդեսերունդ։ Նրա պապը եղել է տան հարևանությամբ գտնվող թենիսի ակումբի առաջին անդամը, իսկ Կառլոսի հայրը երիտասարդ տարիքում մասնակցել է ATP մրցաշարերի, սակայն չունենալով բավարար ֆինասներ՝ վաղ տարիքում թողել է սպորտը։ 

Չնայած Կառլոսը, ինչպես իր եղբայրները, թենիսով էր զբաղվում՝ լավ ժամանակ անցկացնելու համար, այնուամենայնիվ նրա տաղանդն արեց գործի մնացած մասը։

«Երբ նա փոքր էր, տեսնում էի՝ որքան արագ է աճում ու դառնում մրցունակ։ Եվ քիչ թե շատ երևում էր, որ տարբերվում է բոլորից խաղի բոլոր ասպեկտներում, այնուհետև հասկանում ես, որ 15 կամ 16 տարեկան տղայի համար նա շատ բարձր մակարդակ ունի»,- պատմել է հայրը։

Ըստ Կառլիտոսի առաջին մարզիչ Կառլոս Սանտոս Բոսկենի՝ նա շատ անփույթ ու չար երեխա է եղել, բայց երբ գործը հասել է թենիսին, նա սառնասրտորեն հաղթել է իրենից տարիքով մեծ խաղացողներին։ Հաղթողի բնավորությունը ձևավորվել է հենց վաղ տարիքից։

Ես նրան անվանում էի Տարզան, նա կարծես ջունգլիներից լիներ...

Թափավազք ու թռիչք. ե՞րբ

Ալկարասը պրոֆեսիոնալ քայլերը թենիսում սկսել է 15 տարեկանում՝ շուրջ 4 տարի առաջ։ Պատանուն առաջին անգամ նկատել են Futures ու Challengers շարքի մրցաշարերում։ Հենց այդ ժամանակներում էլ թենիսային այս կամ այն շրջանակում սկսել է հնչել նրա անունը։ Կարճ ժամանակ անց նա Մոսկվայում դարձել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ 

Մանկուց ինձ ծրագրավորել են այնպես, որ եզրափակիչները չեն խաղում, այլ հաղթում են...

Եվ նախքան 17 տարեկան դառնալը նա նորամուտն է նշել ATP 500 շարքի մրցաշարում, որտեղ սենսացիոն հաղթանակի է հասել իր հայրենակից Ալբերտ Ռամոս Վինոլասի նկատմամբ, չնայած որ հաջորդ փուլում ճանապարհը զիջել է արգենտինացի Ֆեդերիկո Կորիային։

2018-ին մասնագետներն արդեն աչքի տակ էին առել Կառլիտոսին, իսկ նրա ուսուցիչի գործն այդ ժամանակ ստանձնում է Խուան Կառլոս Ֆերերոն, որն Իսպանիայի պատմության լավագույն խաղացողներից է, 2003-ին դարձել է «Ռոլան Գարոսի» հաղթող։ Վալենսիացի մարզիչը թենիսի նկատմամբ սերը կենտրոնացնում է երիտասարդ տաղանդի կատարելագործման վրա երկրի ամենաբարձրակարգ կենտրոններից մեկում։

Մեկ տարի անց ծագող աստղը որակավորվում է Ավստրալիայի բաց առաջնությանը՝ դառնալով տղամարդկանց «Մեծ սաղավարտի» մրցաշարի  ամենաերիտասարդ մասնակիցը։ Նա ներկայանում է ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ ու ձեռք բերած մկանային մեծ զանգվածով։ Ալկարասն իր նորամուտը նշանավորում է նիդեռլանդցի Բոտիկ վան դե Զանդսհյուլի նկատմամբ հաղթանակով, սակայն հաջորդ փուլում պարտություն է կրում։ 

Անձնվեր աշխատանքից ծնված կայուն արդյունքների, ելույթների շնորհիվ Ալկարասն անցած տարվա այս օրերին ներխուժում է լավագույն հարյուրակ, իսկ ամիսներ անց իր առաջին գավաթն է տուն բերում Խորվաթիայից։ Ավելի ուշ հասնելով US Open-ի քառորդ եզրափակիչ՝ մտնում է հիսունյակ ու տարվա վերջում ATP վարկածով ճանաչվում «Հաջորդ սերնդի թենիսիստ»։

Ինձ համար թենիսը մտքի խաղ է։ Ի վերջո, դու միայնակ ես կորտում, միայն դու ես ու դու, որ լուծումներ ես փնտրում...

Սակայն այս տարվա սկզբում Կառլոսն ապացուցում է, որ ոչ թե ապագան է, այլ ներկան։ ATP 500 շարքի մրցաշարը Ռիոյում հաղթելուց հետո Ալկարասը տրիումֆի է հասնում նաև Մայամիի 1000 շարքի «Մասթերսում», իսկ Բարսելոնայում վաստակած 500 միավորի շնորհիվ նա մտնում է լավագույն տասնյակ։ Իսպանացին իր հաղթարշավը շարունակում է նաև Մադրիդում, որտեղ ձեռնունայն է թողնում իր կուռք Ռաֆայել Նադալին ու առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։

Նադալի ու Ֆեդերերի կոկտեյլը. դեպի ու՞ր

Այս բոլոր նվաճումները մարդկանց ստիպել են զուգահեռներ անցկացնել «Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալի ու Կառլոս Ալկարասի միջև։ Նա դեռահաս տարիներին նույնիսկ մասնակցել է «Rafa Nadal Tour by Mapfre» մրցաշարին, որում երկու տարի անընդմեջ չեմպիոն է հռչակվել իր տարիքային խմբում։ Կառլոսի ոգեշնչման աղբյուրը մշտապես եղել է Ռաֆան, բայց նրան դուր չի գալիս, երբ իրեն անվանում են «հաջորդ Նադալ»։

«Նա կարող է շատ ագրեսիվ գործել։ Նա կարող է պաշտպանվել, քանի որ սուպերարագություն ունի։ Նա կարող է «հանել» ֆանտաստիկ գնդակներ։ Երբ նա ագրեսիվ է գործում, շատ դժվար է նրան կանգնեցնելը, քանի որ հարվածի որակը շատ բարձր է։ Նա բոլոր հատկանիշներն ունի՝ թոփ խաղացող դառնալու համար». Ռաֆայել Նադալ

Իսկապես նրանց միջև նմանություններ կան. ինչպես Նադալը, Ալկարասը նույնպես զարգացրել է իր տաղանդը փոքր հասակից ու տարիներ ընթացքում համարվել «թանկարժեք քար»։ Սակայն այսքանով ամեն ինչ ավարտվում է. այո՛, 19-ամյա երիտասարդը կատաղի մրցակից է, միաժամանակ չափազանց համեստ ու հիանալի է զգում գրունտի վրա, սակայն այս հատկանիշները բնորոշ են գրեթե բոլոր իսպանացի թենիսիստներին։ Նադալն առանձնանում է ֆորհենդից ու բարձր պտտեցրած հարվածներով, հատկապես գրունտի վրա։ Ալկարասն ուժեղ խաղացող է, որը ֆանտաստիկ է տեղաշարժվում, կարող է հասնել ցանկացած գնդակի հետևից, հարվածների բազմազանություն ունի, վստահ է զգում ցանցի մոտ, ինչը պակասում է «հաջորդ սերնդի» թենիսիստների մեծ մասին։ Այս ամենը թույլ է տալիս նրան անվանել ոչ միօրինակ խաղացող ու անցանկալի մրցակից։

«Ինձ շատ է դուր գալիս խաղալ ագրեսիվ, որքան հնարավոր է շատ վիներներով։ Իմ ոճը քիչ թե շատ նման է Ֆեդերերին. ագրեսիվ կերպով մոտենում եմ ցանցին, դրոփ-շոթեր եմ կատարում, փորձում անել այն, ինչ Ռոջերը»,- պատմել է Ալկարասը։

Խաղացողի մարզիչը նույնպես նույն կարծիքին է. «Դժվար է ինչ որ մեկին Ֆեդերերի հետ համեմատելը, սակայն եթե պետք է տամ մեկ մարդու անուն, որը նմանություններ ունի Կառլոսի հետ, ապա պետք է մտաբերեմ մի խաղացողի, որը շատ բաների է ընդունակ կորտում և ագրեսիվ է։ Ռոջերը լավագույնն է այդպիսի իրավիճակներում։ Նա կարող է խաղալ ցանկացած ծածկույթի վրա»։


Հետաքրքրական է նաև, որ Ալկարասը մի առիթով անկեղծացել է՝ իր համար «Ուիմբլդոնում» հաղթանակը ավելի նախընտրելի ու ցանկալի է, քան «Ռոլան Գարոսում»։

Թերևս լավագույն ու խոսուն ցուցանիշը, որ հայտնվեց մեր ձեռքի տակ, այն է, որ Ալկարասը հայտնվել է ATP-ի լավագույն 20-յակում ավելի երիտասարդ տարիքում, քան Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը:

Եթե իսկապես Ալկարասը համատեղի Ֆեդերերի խաղային հմայքն ու Նադալի՝ երբեք չհանձնվելու ձիրքը, մարտական ոգին, ապա վստահաբար նա ոչ թե կլինի «Նոր Նադալը» կամ «Նոր Ֆեդերերը», այլ «Առաջին Ալկարասը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա