Logo

Փաշիկ Ալավերդյան. «Մեդալներ կլինեն. չեմ կարծում, թե ձեռնունայն կվերադառնանք»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:09 / 24.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մեր երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատասխանատու աշխատակից, մարզաձևի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը մեկնել են Ալբանիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովին։ Այդ միջոցառմանը հաջորդելու են նույն վայրում անցկացվելիք կանանց և տղամարդկանց եվրոպական ստուգատեսները։ Մեկնելուց առաջ Փ. Ալավերդյանը VNews-ի հետ զրույցում ամփոփեց կատարված նախապատրաստական աշխատանքները։

«Մինչև առաջնությունների մեկնարկը Տիրանայում տեղի է ունենալու ծանրամարտը համակարգող եվրոպական կառույցի համաժողովը, որին մասնակցելու եմ պատվիրակի կարգավիճակով։ Իսկ Արայիկ Ալավերդյանը ներկայացնելու է հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունն ընդունելու Հայաստանի հնարավորությունները: Ինչ վերաբերում է մեր մարզիկների նախապատրաստությանը, ապա աշխատանքները հիմնականում ավարտված են։ Լավագույնս պատրաստվելու համար արվել է հնարավոր ամեն ինչ. կազմակերպվել է վնասվածքներից մարզիկների բուժումը, ծանրորդներն ապահովվել են վերականգնողական անհրաժեշտ դեղամիջոցներով, մարզումներն էլ իրականացվել են ամբողջ ծավալով։ Մասնակցության արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ, իհարկե, չեմ անի. սպորտում հնարավոր է ամեն ինչ։

Ամեն դեպքում, մեդալներ կլինեն. չեմ կարծում, թե ձեռնունայն կվերադառնանք։ Կարող եմ ասել միայն, որ տղաները կատարել են իրենց առջև դրված խնդիրները։ Տեսնենք, թե ինչ կառաջարկեն նրանց մրցակիցները»,- VNews-ի հետ զրույցում նշեց Փաշիկ Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ արդյունքից լիարժեք գոհ կլինի, եթե իր թիմի բոլոր 10 մարզիկներն էլ չեմպիոն դառնան։ Գլխավոր մարզիչը մարզասերներին հորդորեց զինվել համբերությամբ և հույս հայտնեց, որ գրանցված արդյունքը նրանց սրտով կլինի։

Մայիսի 28-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի առաջնորդությամբ Տիրանա են ուղևորվելու մարզուհիներ Իզաբելա Յայլյանը (55 կգ քաշային կարգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), ինչպես նաև տղամարդկանց հավաքականի անդամներ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (երկուսն էլ՝ 109 կգ-ից բարձր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա