Logo

Փաշիկ Ալավերդյանը՝ Եվրոպայի առաջնության արդյունքների, համաշխարհային ստուգատեսից և Օլիմպիական խաղերից ակնկալիքների մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
20:42 / 07.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Վերջերս Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 4 ոսկե, 9 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճած ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է սաների մասնակցությունը, անդրադարձել տեսանելի ապագայի ծրագրերին և նույնիսկ մատնացույց արել մարզչական անշրջահայացության օրինակը։

ԱՌԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՉԵՄՊԻՈՆ ՉԷԻՆ ԴԱՌՆԱ

Մեկնաբանելով երկամարտի գումարով Եվրոպայի չեմպիոն հռչակված Ռաֆիկ Հարությունյանի (81 կգ քաշային կարգ) և Դավիթ Հովհաննիսյանի (96 կգ) ելույթները՝ մեր զրուցակիցը նշեց. «Առանց սեփական ցուցանիշները բարելավելու նրանք, իհարկե, չէին դառնա Եվրոպայի չեմպիոն կամ ավելի մեծ դժվարությամբ կնվաճեին տիտղոսը։ Ինձ ուրախացրեց այլ հանգամանք՝ ունեցանք նոր չեմպիոններ, մարզիկներ, որոնք մեծահասակների մրցումներում նման հաջողություն դեռ չէին գրանցել։ Անշուշտ, նրանք նորեկ չեն ծանրամարտում, մեր հավաքականի հիմնական կազմի մարզիկներ են, բայց սա նրանց առաջին լուրջ տիտղոսն է։

Իսկ արդյունքները թեպետ աննշան են աճել, սակայն վկայում են մարզիկների նպատակասլացությունը և առաջընթացը։ Նրանք երկուսով 4 ոսկե մեդալ նվաճեցին։ Ճիշտ է՝ առանձին վարժություններում նաև արծաթե ու բրոնզե մրցանակակիր դարձան, ինչը նշանակում է, որ դեռ աշխատելու նշանակալի տեղ ունեն։ Ռաֆիկը պոկում վարժությունում միայն անձնական քաշով զիջեց առաջին տեղը գրաված իսպանացուն։ Դավիթը նույնպես համառ պայքար մղեց հրում մրցաձևում։ Նա մասնակցեց իր հնարավորությունների սահմանում»։

89 ԿԳ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ ՀՐԱՇՔ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ

«Այդ քաշում բոլորին գերազանցեց իտալացի ծանրորդը։ Ընդ որում՝ ապշեցուցիչն այն չէ, որ նա չեմպիոն դարձավ, որովհետև ամեն դեպքում պատահական մարզիկ չէ, այլ այն, թե ինչպիսի արդյունքներ գրանցեց։ Պիցոլատոն իր ցուցանիշներով գերազանցեց ոչ միայն այդ, այլև 96, 102 և նույնիսկ 109 կգ քաշային կարգերի հաղթողներին։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Կարապետյանին, որը բավարարվեց պոկում վարժության արծաթե մեդալով, իսկ հրումից և երկամարտից 5-րդ տեղը գրավեց, ապա հարկ է նշել, որ նա դեռ լիովին չի վերականգնվել նախորդ տարվա դեկտեմբերին՝ աշխարհի առաջնության ժամանակ ստացած վնասվածքից։ Նույնիսկ մտածում էի, որ ճիշտ կլինի՝ բաց թողնի այս առաջնությունը։ Պոկում վարժության առանձնահատկությունից ելնելով՝ վնասվածքը չխանգարեց նրան, իսկ ահա տեխնիկապես ավելի բարդ հրման ժամանակ անմիջապես զգալ տվեց։ Կիսակքանիստ կատարելիս ծնկի հատվածում միանգամից սուր ցավ սկսվեց, ու դեռ լավ է, որ ամեն ինչ այդպես ավարտվեց։ Վախենում էի, որ վնասվածքը կարող է ավելի խորանալ։

Անդրանիկի վերաբերյալ հիմա ինձ մտահոգում է այն, որ նա արագ ձերբազատվի այդ խնդրից և լավ վիճակում մոտենա գալիք աշխարհի առաջնությանը, որն Օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցումն է լինելու։ ՕԽ-ում առավելագույնը 3 ուղեգիր կարող ենք ունենալ, և Կարապետյանը քառամյակի գլխավոր ստուգատեսին մասնակցելու մեր հիմնական թեկնածուներից է։

Նույն քաշային կարգում ելույթ ունեցած Վարդան Մանուկյանը պոկում վարժությունում 7-րդն էր, իսկ հրումից 0 ստացավ և հաշվարկային տեղ չգրավեց։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ նա երիտասարդ է, նորումուտը նշեց Եվրոպայի առաջնությունում և չդիմացավ մեծ մրցման լարվածությանը»։

ՄԱՐԶՉԱԿԱՆ ՍԽԱԼԸ

«96 կգ քաշային կարգում լուրջ ակնկալիքներ ունեմ 2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանից, որը, սակայն, այս տարվա Հայաստանի առաջնությունում առանց ինձ զգուշացնելու իջել էր 89 կգ քաշային կարգ։ Նա ուժեղ է հատկապես հրում վարժությունից, ինչը շատ կարևոր է։ ՀՀ առաջնությունում Հակոբը զիջեց ավելի երիտասարդ մարզիկի, որն էլ մեկնեց եվրոպական ստուգատեսին։ Անկեղծ ասած՝ դա մեր մարզչական սխալն էր։ Հակոբի պես տղային չէր կարելի թողնել տանը և փոխարենը թիմում ընդգրկել երիտասարդի, որը 0 ստացավ»։

ՄԵՐ «ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆՈՒ» ՄԱՍԻՆ

«96 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղանյանի ելույթից, բնականաբար, գոհ եմ, որովհետև առաջին անգամ ներկայանալով նման մրցման՝ այդպիսի նվաճում գրանցեց։ Լավ արդյունք ցույց տվեց և գրավեց իրեն համապատասխան 2-րդ տեղը։ Այդ պահին նա չէր կարող լուրջ մրցակցություն կազմել Դավիթ Հովհաննիսյանին։ Երկուսն էլ ուժեղ տղաներ են, որոնց, ամեն դեպքում, կտանեմ աշխարհի առաջնությանը։

102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երեք մեդալ նվաճեց և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Վատ չմասնակցեց, թեպետ առանձին վարժություններում փոքր-ինչ ցածր արդյունքներ գրանցեց։ Սակայն մի՛ մոռացեք, որ նա 0 էր ստացել անցյալ տարվա աշխարհի առաջնությունում, իսկ նման դեպքերում անչափ դժվար է հոգեբանորեն վերականգնվել։ Սովորաբար մարզիկները վախվորած են մասնակցում հաջորդ մրցմանը։ Ուրախ եմ, որ Սամվելը հաղթահարել է այդ խնդիրը։

Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) երկամարտում գրավեց 3-րդ տեղը։ Նա ողնաշարի խնդիր ունի, սակայն կարողացավ որոշակի արդյունքի հասնել»։

ՄԵՐ ՀՍԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Գերծանր քաշայիններից Վարազդատ Լալայանը երեք արծաթե մեդալ նվաճեց։ Այդ քաշի միակ ֆավորիտ Լաշա Տալախաձեին, իհարկե, ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել, նույնիսկ եթե նա վատառողջ է։ Բայց պետք է հիշել նաև, որ անպարտելի մարդ չկա։ Այսօր Վարազդատը դեռ պատրաստ չէ հաղթելու վրացի ծանրորդին, բայց դա չի նշանակում, որ չի կարողանա դա անել մոտ ապագայում։ Լալայանն ավելի երիտասարդ է, նոր է սկսում մարզական վերելքը, իսկ Տալախաձեն մոտենում է կարիերայի մայրամուտին։ Այս անգամ Լաշան մի փոքր վատառողջ էր, թուլություն էր զգում, ու հաջողության դեպքում Լալայանը գուցե կարողանար շրջանցել նրան, բայց չստացվեց։ Քիչ էր մնում՝ նա քներակին հարվածեր ծանրաձողով, ինչը կարող էր խիստ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Ամեն դեպքում Լալայանը կարգապահ է, աշխատասեր և շատ արագ է առաջադիմում։ 

Իսկ մրցանակային եռյակը եզրափակած Գոռ Մինասյանը մի փոքր ցածր արդյունք գրանցեց հրում վարժությունում։ Նա էլ երկու վնասվածք ունի, և մի կերպ ենք ապահովել մասնակցությունը։ Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում այլ պատկեր կունենանք։ Համաշխարհային ստուգատեսին պետք է մասնակցի նաև Սիմոն Մարտիրոսյանը։ Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ և ում ենք ուղեկցելու Օլիմպիական խաղեր»։

ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻՆ՝ ՄՈՏ ՄԵԿ ԱՄՍԻՑ

«Ընդմիջումից հետո առաջին հավաքն անցկացնելու ենք հուլիսի 15-ից։ Երևանյան սաստիկ տապի պարագայում, հավանաբար, կպարապենք Ծաղկաձորում կամ վրացական Բակուրիանիում։ Աշխարհի առաջնությունից սկսելու ենք մեր ուղին դեպի Օլիմպիական խաղեր։ Համաշխարհային ստուգատեսում, հավանաբար, 6-7 մասնակից կունենանք։ Իսկ ՕԽ-ին ավելի ճիշտ եմ համարում 89, 102 և 109 կգ-ից բարձր քաշային կարգերում ներկայանալը, քանի որ դրանցում ավելի մեծ են մեր մրցանակային հավակնությունները»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա