Logo

Փաշիկ Ալավերդյանի ակնկալիքներն աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:50 / 21.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Հայ ծանրորդները մրցանակային հավակնություններով են մասնակցելու մայիսի 2-ից Հունաստանում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը VNews-ին հայտնեց, որ մրցմանը հայտավորվել են բացառապես այն մարզիկները, որոնք ունակ են լուծելու պատվանդանին հայտնվելու բարդ և պատվաբեր խնդիրը։

Այս օրերին թիմը՝ ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ղեկավարությամբ, վերջին հավաքն է անցկացնում Աբովյանի մարզահանգրվանում։ Պարապմունքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում վարժությունների կատարման տեխնիկական բաղադրիչին։

«Նախապատրաստությունն ընթանում է բնականոն հունով։ Առաջնությանը հայտավորել ենք 1 մարզուհու և 8 մարզիկի։ Ընտրվել են բացառապես այն թեկնածուները, որոնք պատրաստ են պայքարելու մրցանակային տեղերի համար։ Ավելի ցածր արդյունք ունեցողները դեռ կպարապեն տեղերում, մինչև իրենց ցուցանիշները բարելավելը։ Հունաստան մեկնող թիմի բոլոր անդամներից էլ մրցանակային սպասելիքներ ունենք։ Հիմա մեր երկիրն այն վիճակում չէ, որ նման մրցմանը պարզապես մասնակիցներ ուղարկելու շռայլություն մեզ թույլ տանք։ Դա նաև հարիր չէ մարզաձևում լուրջ ավանդույթներ ունեցող մեզ պես երկրին։

Ի դեպ, նման բարձր նշաձողի ենք հետամուտ լինելու նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որի ժամկետները փոխվել են։ Մրցաշարը կանցկացվի օգոստոսին Լեհաստանում։ Իսկ ահա Մեքսիկայում նախատեսված աշխարհի պատանեկան առաջնությանը թերևս չենք մասնակցի. նպատակահարմար չէ»,- VNews-ին ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու են Միլենա Խաչատրյանը (76 կգ քաշային կարգ), գյումրեցիներ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), արարատցիներ Մնացական Աբրահամյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), վեդեցիներ Գոռ Սահակյանը (67 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և էջմիածնեցի Անդրանիկ Պապեյանը (61 կգ)։ 

Փաշիկ Ալավերդյան. «Պատմության մեջ առաջին անգամ ընդունելու ենք Եվրոպայի առաջնությունը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա