Logo

Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք ունի. Փաշիկ Ալավերդյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
20:33 / 16.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց ազգային հավաքականներն այսօրվանից սկսել են Եվրոպայի առաջնությանը նախապատրաստության վերջին ուսումնամարզական հավաքը։ Աշխարհամասի գլխավոր մրցումը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը VNews-ին հայտնեց, որ Սիմոնը մեջքի վնասվածք ունի։ Հաշվի առնելով այդ և այլ հանգամանքներ՝ ներկայում մեծ է հավանականությունը, որ նա բաց կթողնի եվրոպական ստուգատեսը։

Ըստ մարզչի՝ գերծանր քաշային կարգում մեր երկիրը կներկայացնեն գյումրեցիներ Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը։ Նախապատրաստությունը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, շարունակվում է բնականոն հունով, առանց էական խնդիրների։

Հայաստանի ընտրանին պատրաստվում է Աբովյանի մարզահանգրվանում։ Հավաքին մասնակցում են նաև Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ մինչև 81 կգ քաշային կարգ), Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109 կգ)։

Իսկ Երևանի «Օլիմպավանում», ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ պարապում են Իզաբելա Յայլյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)։

Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականները մեկնելու են մայիսի 28-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա