Logo

«Պաշտպան գրոհայինները». ԹՈՓ 5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանները

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 24.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
asd30 - «Պաշտպան գրոհայինները». ԹՈՓ 5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:43

-

-

Ֆուտբոլում գոլ խփելու պարտականության ծանր բեռը դրված է հարձակվողների ուսերին: Ընդունված է համարել, որ նրանց պետք է օգնեն թիկունքից գործող կիսապաշտպանները: Հիմնականում այդ գործը կատարում են «10» համարի դիրքի ֆուտբոլիստները: Սակայն տարիների ընթացքում ֆուտբոլը կերպարանափոխվեց, մարզիչները ստեղծեցին նոր սխեմաներ, որոնք թույլ են տալիս նաև այլ դիրքերում խաղացող ֆուտբոլիստներին մասնակցել գոլային դրվագներին և արդյունավետ գործողություններին։

Ժամանակակից ֆուտբոլում պաշտպանները, որոնք դառնում են գոլի հեղինակներ, ո՛չ նորություն է , ո՛չ էլ անսովոր երևույթ: Ավելին, եվրոպական Թոփ 5 առաջնություններից մեկի լավագույն ռմբարկուների ցուցակի 17-րդ տեղը զբաղեցնում է նոմինալ պաշտպան: Ֆուտբոլի պատմությունը ճանաչում է բազմաթիվ անվանի պաշտպանների, որոնք գործել են հարձակվողների արդյունավետությամբ: Հիմնականում նման խաղով աչքի են ընկել բրազիլացիները՝ Կաֆուն, Ռոբերտո Կառլոսը, Դանի Ալվեսը, վերջին տարիներին՝ Մարսելոն:

VNews-ը առանձնացրել է այս մրցաշրջանի եվրոպական գլխավոր  առաջնությունների ամենաարդյունավետ պաշտպաններին՝ հիմք ընդունելով գոլ+ասիստ հաշվարկի ձևը: Զարմանալի է, բայց այս ցուցակում այս անգամ որևէ բրազիլացու չեք գտնի:

ԱՊԼ. Ստյուարտ Դալաս` «Լիդս»

Stuart Dallas 2 - «Պաշտպան գրոհայինները». ԹՈՓ 5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանները

Վերջին տարիներին  սովորական էր, որ Անգլիայի առաջնությունում ասիստների արքաները «Լիվերպուլի» եզրային պաշտպաններ Էնդրյու Ռոբերտսոնն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն են: Սակայն Յուրգեն Կլոպի թիմն այս մրցաշրջանում աչքի ընկավ արդյունավետության անկմամբ․ նրանք միասին խփել են 2 գոլ ու կատարել 8 ասիստ, մինչդեռ նրանցից սպասում էին առնվազն 15 փոխանցում: Այս տարի գոլ+ասիստ հաշվարկի մեթոդով առաջատարը Ստյուարտ Դալասն է:

Հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստը դասական ֆուլբեք է՝ ֆուտբոլիստ, որը պատասխանատու է ամբողջ եզրի համար: Դալասի ունիվերսալությունը չի սահմանափակվում միայն մի եզրում 3 դիրք փակելով: 29-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ կարող է փակել ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրը: Կարիերայի սկզբոմ Դալասը եղել է վինգեր, սակայն տարիների ընթացքում վերևից աստիճանաբար նահանջել է՝ դառնալով նախ եզրային կիսապաշտպան, իսկ հիմա՝ պաշտպան:

Իր կարիերայի ընթացքում Դալասը խաղացել է տարբեր ակումբներում, որոնք Անգլիայի մակարդակով նույնիսկ միջին թիմերին մոտ չեն եղել: 2015-ին նա միացավ անհույս թվացող «Լիդսին» ու սպասեց իր շանսին, որը նրան ու ամբողջ թիմին նվիրեց բազմափորձ Մարսելո Բիելսան: Արգենտինացի մասնագետի հետ երկարամյա դադարից հետո «Լիդսը» նորից վերադարձավ ԱՊԼ: Այդ գործում անգնահատելի էր Դալասի դերը: Չեմպիոնշիփի 19/20 մրցաշրջանի 45 խաղում նա դարձավ 5 գոլի ու 3 ասիստի հեղինակ:

Նոր մրցաշրջանում, որը Դալասի նորամուտն էր ԱՊԼ-ում, նա գրեթե կրկնեց իր նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում  այդ արդյունքի համար Դալասը անցկացրեց 2 անգամ ավելի քիչ հանդիպում: Մինչև հիմա անցկացրած 29 խաղում Հյուսիային Իռլանդիայի հավաքականի պաշտպանը դարձել է 5 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Դեկտեմբերին Դալասը իր գոլերից մեկը  խփել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Առհասարակ ձմռան առաջին ամիսը նրա համար լավագույններից էր. 6 խաղում 2 գոլ ու 1 ասիստ չեն գրանցել նույնիսկ մի շարք անվանի ֆուտբոլիստներ:

Լա լիգա. Ժորդի Ալբա`«Բարսելոնա»

Jordi Alba 1 960x638 - «Պաշտպան գրոհայինները». ԹՈՓ 5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանները

Անցել են արդեն ժամանակները, երբ Իսպանիան համարվում էր Եվրոպայի ամենաարդյունավետ առաջնություններից մեկը, եթե ոչ ամենաարդյունավետը: Ավելին, ընդհանուր գոլերի քանակով Լա լիգան դուրս է մնացել լավագույն եռյակից: Հետևաբար նվազել են պաշտպանների արդյունավետ գործողությունները: Եթե այս մրցաշրջանում չլինեին Սերխիո Ռամոսի հաճախակի վնասվածքները, «Ռեալի» ավագը, գուցե, էլի արդյունավետության ռեկորդը թարմացներ: Նրա բացակայությամբ պաշտպանական գոտու խաղացողները չեն փայլում:

Ասիստների քանակով լավագույնը մրցաշրջանի հսկա հատվածը բաց թողած Կիրան Տրիպյերն է. «Ատլետիկոյի» պաշտպանը կատարել է 6 արդյունավետ փոխանցում, Նավասն ու Գայան՝ 5: Սակայն նրանցից ոչ մեկը գոլի հեղինակ չի դարձել: Սովորաբար արդյունավետ գործող Մարսելոն վերջին 2 տարվա ընթացքում բացարձակ նման չէ իրեն՝ այս տարի նա կատարել է ընդամենը 2 ասիստ: Գոլ+ասիստ համակարգում Իսպանիայում լավագույնն այս պահին Ժորդի Ալբան է:

«Բարսելոնայի» ձախ թևի «մշտական բնակիչը» 3 գոլ է խփել այս առաջնությունում: Ասիստների քանակի վերաբերյալ կան տարբեր հաշվարկներ, բայց մենք կներկայացնենք պաշտոնականը: Լա Լիգայի կայքը գրում է, որ Ալբան կատարել է 4 արդյունավետ փոխանցում, որոնցից վերջինը գրանցվել է «Ռեալ Սոսյեդադի» հետ արտագնա խաղում:

Գաղտնիք չէ, որ Ալբայի արդյունավետությունը ուղիղ համեմատական է Լիոնել Մեսիի լավ մարզավիճակին: Մրցաշրջանի սկզբում Լեոյի տրամադրությունն ու մարզավիճակը լավագույնը չէր, ինչը ազդում էր նաև Ալբայի խաղի վրա: Տարվա ընթացքում Կումանն ունեցավ պաշտպանության խնդիրներ, ինչի պատճառով անցավ 3 պաշտպանով սխեմային: Դա քանդեց Ալբայի ձեռքերը (ֆուտբոլի պարագայում՝ ոտքերը). վերջին 1-2 ամսվա ընթացքում Ալբան բոլոր  մրցաշարերում խփել է 4 գոլ ու կատարել նույնքան ասիստ։ Մրցաշրջանը շարունակվում է:

Լիգա 1. Ժոնաթան Կլաուս`«Լանս»

2021 03 04 jonathan clauss 960x640 - «Պաշտպան գրոհայինները». ԹՈՓ 5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանները

Ֆրանսիայի առաջնությունում, ինչպես միշտ, ամեն ինչ միանշանակ չէ։ Վիճակագրությամբ Լիգա 1-ում կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք ունեն նույն ցուցանիշը գոլ + ասիստ համակարգով: «Բրեստի» պաշտպան Ռոման Պերոն այս մրցաշրջանում խփել է 3 գնդակ ու կատարել է 6 արդյունավետ փոխանցում: Նրա ջանքերով «Բրեստը» դեռ շարունակում է պայքարը հաջորդ մրցաշրջանում՝ Ֆրանսիայի էլիտայում մնալու համար:

«Մոնակոյի» պաշտպանությունում խաղում է 26-ամյա պաշտպան Գիլյերմո Մարիպանը: Չիլիացի ֆուտբոլիստը առանձնանում է մյուս արդյունավետ խաղընկերներից նրանով, որ եզրային պաշտպան կամ վինգբեք  չէ, այլ մաքուր կենտրոնական պաշտպան: Այս տարվա առաջնությունում Մարիպանը խփել է 5 գնդակ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: Չիլիացու կարիերայի ամենամեծ հաղթանակներից մեկն արդեն, ի դեպ, գրանցվել է. նա գոլ է խփել ՊՍԺ-ին:

Այս ցուցակում երևի, ամենահավասարակշռված ցուցանիշն ունի «Լանսի» պաշտպան Ժոնաթան Կլոսը: Այս մրցաշրջանում Ֆրանսիայի «մեղուները» խաղում են 3-5-2 սխեմայի տարատեսակներով: Ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղում է աջ պաշտպան-կիսապաշտպանի դիրքում: Նրա օգնությամբ «Լանսը» խփել է 6 գնդակ: Ասիստենտների ցուցակում նա լավագույնն է: Դրան էլ գումարվում է նրա կատարմամբ 2 գոլը:

Բունդեսլիգա. Ռաֆայել Գերեյրու` «Բորուսիա» Դորտմունդ

Գերմանիայի առաջնության ամենաարդյունավետ պաշտպանների շարքում, ըստ վիճակագրության, Անխելինյոն է, որը խփել է 4 գնդակ: Այդ ցուցանիշը գրանցել է ևս 3 ֆուտբոլիստ, սակայն «Լայպցիգի» պաշտպանը նրանց բոլորին գերազանցում է ասիստների քանակով. իսպանացի պաշտպանն իր ակտիվում ունի 4 գոլային փոխանցում: Գոլ+փոխանցում համակարգով առաջատարը Յոսուա Կիմիիխն է, որը կատարել է 10 արդյունավետ փոխանցում ու խփել 2 գնդակ: Սակայն մեր ցուցակում Կիմիխը չի լինելու լավագույնը օբյեկտիվ պատճառով: Վերջին տարիներին գերմանացի ֆուտբոլիստը հիմնականում զբաղեցնում է հենակետային կիսապաշտպանի դիրք և չի խաղում պաշտպանական գծում:

raphael guerreiro borussia dortmund 2019 20 1ar7u46fblkdj1dcum5dzfcfb9 960x540 - «Պաշտպան գրոհայինները». ԹՈՓ 5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանները

Դորտմունդի «Բորուսիայի» ձախ եզրային պաշտպան Ռաֆայել Գերեյրուն թեպետ Անխելինյոյից քիչ գոլ է խփել (3), սակայն նրանից 2 անգամ ավելի շատ փոխանցում է կատարել՝ օգնելով թիմակիցներին աչքի ընկնել 8 անգամ: Ընդ որում այս տարի Գերեյրուն միշտ չէ, որ խաղացել է: «Բորուսիան» Գերեյրուով և առանց Գերեյրու, միանգամայն տարբեր թիմեր են: Եթե դիտարկենք վերջին 8 խաղերը, ապա այս պնդումը ակնհայտ կդառնա: Գլադբախի «Բորուսիայի» հետ խաղի 5-րդ րոպեին պորտուգալացին վնասվածք է ստացել ու փոխարինվել՝ դրան հաջորդած 4 խաղում թիմը  միայն մեկ հաղթանակ է գրանցել։

Ա սերիա. Ռոբին Գոզենս` «Ատալանտա»

robin gosens 1200 2 960x555 - «Պաշտպան գրոհայինները». ԹՈՓ 5 լիգաների ամենաարդյունավետ պաշտպանները

Իտալիայի առաջնությունը որոշ վերապահումներով նորից վերադարձել է 3 կենտրոնական պաշտպանով սխեմային: Իհարկե, կան թիմեր, որոնք դավանում են խաղային այլ՝ ավելի եվրոպական մոդել, սակայն, այսպես կոչված «իտալական» սխեման  կրկին մի շարք մարզիչների աշխատանքային գրատախտակին է: Հենց դրա հաշվին մի շարք նոմինալ պաշտպաններ, գործելով դաշտում վինգբեքի դիրքում, գրանցում են նախանձելի արդյունավետություն: Լավագույն օրինակն Աշրաֆ Հաքիմին է, որը մինչ այս պահը խփել է 6 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում: Սակայն այդ տեսնակյունից լավագույնը ոչ միայն Իտալիայում, այլ ամբողջ Եվրոպայում «Ատալանտայի» ֆուտբոլիստ Ռոբին Գոզենսն է:

«Էրակլեոսում» ու «Դորդեխտում» Գոզենսն այդքան արդյունավետ չի եղել, սակայն «Ատալանտա» տեղափոխվելուց հետո Ջանպիերո Գասպերինին նրան դաշտում տվել է վինգբեքին բնորոշ ազատություն: 3-5-2 կամ 3-4-3 սխեմայի ժամանակ գերմանացի ֆուտբոլիստը զսպանակի պես բացվում է ու գործում գրոհի ամբողջ եզրով՝ օգտագործելով բարձր արագությունն ու կարևոր պահին փոխանցում կատարելու հմտությունը:

Գոզենսը ևս ունիվերսալ է՝ անհրաժեշտության դեպքում կարող է փակել եզրերից յուրաքանչյուրը: Այս տարի եղել է նման դեպք. «Տորինոյի» հետ Ա սերիայի 20-րդ տուրի խաղում Գոզենսը խաղացել է աջ թևից՝ լինելով նոմինալ ձախ պաշտպան: Իտալիայի այս տարվա առաջնությունում Գերմանիայի հավաքականի թեկնածուն արդեն խփել է 9 գնդակ ու կատարել 5 ասիստ: Իհարկե, Գոզենսը եթե լիներ մաքուր ֆուլբեք, միանշանակ չէ, կկարողանա՞ր գրանցել նման արդյունավետություն, թե՝ ոչ, բայց փաստը մնում է փաստ. Գոզենսը նոմինալ եզրային պաշտպան է և Եվրոպայում գրանցել է  արդյունավետության լավագույն ցուցանիշը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա