Logo

Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 05.08.2021Մարմնամարզություն
Բացառիկ
A59A0788Simon Martirosyan Olympics 2020 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Օգոստոսի 2-ից այստեղից՝ Տոկիոյից լուսաբանում ենք հետաձգված ամառային Օլիմպիական խաղերը. այդ օրվանից ի վեր ունեցել ենք հագեցած աշխատանքային օրեր, իսկ այսօր ներկայացուցիչ չունենք, բայց ունենք ժամանակ մի պահ կանգ առնելու, հետ նայելու, վերլուծելու ու Ձեզ պատմելու՝ ինչ եղավ անցած օրերի ընթացքում,  ինչ ճանապարհ անցան մերոնք ու ինչ է կատարվում կադրից դուրս։

Մինչև մեր մարզիկներին առանձին-առանձին անդրադառնալը, ասեմ այն, ինչ հավանաբար գիտի յուրաքանչյուր մարզասեր. Օլիմպիական խաղերը տարբերվում է բոլոր մրցաշարերից, ու այստեղ մեծ դեր ունի մարզիկի հոգեբանական վիճակն ու փորձը, մանրուքներ չկան, ամեն վրիպում ունի իր գինը։ Հիմա մենք ունենք 3 մեդալ՝ 2 արծաթե ու մեկ բրոնզե, ուրախալի է, իհարկե, բայց նաև՝ ցավալի, քանի որ երեքն էլ կարող էին լինել ոսկե։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Օլիմպիական խաղերում վերջին տարիներին հունահռոմեական ոճի ըմբշամարտից Հայաստանը մշտապես ունեցել է մեծ ներկայացվածություն ու համապատասխան արդյունքներ։ Այս անգամ 4 մասնակցից միայն մեկը դարձավ մեդալակիր։ Իսկ պատճառները բազմահարկ են, ինչպես ինքը՝ մեծություն Տոկիոն։ Բայց դե հերթով։

Կարապետ Չալյան

Չալյանը այս ուղեգրի համար գոտեմարտեց ոչ միայն գորգում, այլև դրանից դուրս՝ ապացուցելու, որ հենց ինքն է արժանի դրան։ Դրա հետևանքով տեսնում էինք, որ գյումրեցին երբեմն դրսևորում էր իրեն իր հնարավորություններից ցածր, ու լինում էին անհասկանալի պարտություններ։ Սակայն բոլոր կրքերը նրա գլխավերևից ցրվեցին մինչև Տոկիոն, ու թվում էր՝ Չալյանի արևը վերջապես կփայլի։

A59A8404 960x636 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Օլիմպիական խաղերում Կարապետը սկսեց վստահ հաղթանակով՝ ուզբեկ մարզիկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում նա պետք է հանդիպեր Ռուսաստանի Օլիմպիական հավաքականը ներկայացնող Ալեքսանդր Չեխիրկինի հետ, որի ուսերին մեծ պատասխատվություն էր դրած. շատերը կարծում էին, որ Ճապոնիայում պետք է լիներ Օլիմպիական կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովը։ Չալյանը գրագետ մարտ վարեց, թելադրեց մրցակցին իր ոճը ու նրան ոչինչ թույլ չտվեց՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, որտեղ ցավոք պարտվեց ղրղզ մրցակցին՝ պարտերում թույլ տված սխալի պատճառով։

A59A9022 960x642 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Հետո վստահ էի, որ Չալյանը նվաճելու է բրոնզը, բայց մի պահ մտքիցս թռել էր՝ ի՞նչ մեծ է մրցավարների դերը այս սպորտում։

Երբ ադրբեջանցի Հուսեյնովի հետ գոտեմարտին մնացել էր մեկ րոպեից մի քիչ ավելին ու հաշիվը 1:1 էր, չգիտես՝ որտեղից մրցավարները տեսան, որ Չալյանը գլխով հարվածել է հակառակորդին, չելենջից հետո ոչինչ չփոխվեց՝ 2 միավոր խախտման համար ու ևս մեկը՝ չելենջը պարտվելու համար։ Նորից վիճելի որոշումներ։ Դեռ վաղուց են պտտվում խոսակցություններ, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտը կարող է դուրս գալ Օլիմպիական ծրագրից՝ դիտարժանության պակասի պատճառով, կարծում եմ՝ մրցավարությունը ևս լուրջ հիմք է (ներքևում կանդրադառնանք Կարեն Ասլանյանի գոտեմարտին)։

Բայց նաև պետք է պատմեմ, որ Չալյանի հետ զրույց էինք ունեցել մինչև Օլիմպիական խաղերը, այդ ժամանակ, կարծես, կանխագուշակելով ճապոնական այս սցենարը՝ հարցրել էի մրցավարների մասին, իսկ Կարապետը պատասխանեց, որ պետք է այնպես հաղթի, որ մրցավարներին շանս չտա։ Միգուցե, այս Օլիմպիական խաղերում Չալյանը պարտվեց հենց մրցավարներին, միգուցե՝ հենց իրեն. Չալյանը հիանալի էր պաշտպանվում, բայց գրոհելիս ու այս սպորտաձևին այդքան հմայք տվող հնարքներով չառաձնացավ։

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում մրցակցությունը ավելի մեծացել էր նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ, այս անգամ կային ոսկե մեդալի միանգամից մի քանի հավակնորդ։ Սակայն Ալեքսանյանը ունի Օլիմպիական խաղերի հսկայական փորձ. նա իր 3 Օլիմպիական խաղերում էլ մեդալ է նվաճել (2012թ.` բրոնզե, 2016թ.՝ ոսկե, 2020թ.՝ արծաթե)։ Սա իսկապես տպավորիչ արդյունք է։ Արթուրը ապշեցնում է իր կայունությամբ ու աշխատասիրությամբ. նա մեկ տասնյամյակ պահել է իր կարգը ու եղել իր քաշային կարգում լավագույնը ու անգերազանցելի է եղել մրցակիցների համար։

A59A8750 960x622 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

«Ճերմակ արջը» այս Օլիմպիական խաղերում իր ճանապարհը սկսեց ղրղզ մրցակցի հետ հաղթանակով. ի դեպ Ալեքսանյանը հենց նրա՛ն էր պարտվել այս տարի կայացած Ուկրաինայի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Այնուհետև Արթուրը պարտերից լուծեց Ֆինլանդիան ներկայացնող ըմբիշի հետ գոտեմարտի ելքը, իսկ կիսաեզրափակիչում՝ վերջին րոպեին ծանր հաղթանակ տարավ իրանական ըմբշամարտի նոր աստղի՝ Մոհամադհադի Սարավիի նկատմամբ, որը հետագայում դարձավ բրոնզե մեդալակիր։ Սակայն դրա գինն եղավ վնասվածքը, որով էլ Արթուրը դուրս եկավ Մուսա Եվլոևի հետ գոտեմարտին։

Եվլոևի հետ Արթուրի դիմակայությունները դարձել են սկզբունքային, նրանք հանդիպել են 5 անգամ ու 4-ում հաղթել է ռուս ըմբիշը։ Միակ հաղթանակը Ալեքսանյանը տարել էր աշխարհի 2017թ. առաջնության եզրափակիչում, իսկ մյուս տարի նույն մրցաշարի արդեն կիսաեզրափակիչում նրան պարտվել էր։ Հենց այդ ժամանակներից բոլորը իմացան Ալեքսանյանի ծանր վնասվածքների մասին ու սկսեց բուժման, վերականգման երկար փուլը։ Բայց Ալեքսանյանը իր անկոտրուն կամքով համբերատար անցավ այդ ամենի միջով ու մտավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ, սակայն նորից չարաբաստիկ վնասվածք, այնուամենայնիվ, մեր ըմբիշը արեց առավելագույնը՝ ցավերի միջով արժանի մարտ վարեց, բայց, ցավոք՝ պարտվեց։

Evloev Aleksanyan 960x540 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Այո՛, Արթուրը գնացել էր ոսկե մեդալի հետևից, կրկնակի չեմպիոն դառնալու համար, բայց եղավ այն, ինչ եղավ։ Արծաթե մեդալը պարտության խորհրդանիշ է, բայց հաշվի առնելով վերոնշյալները, սա մեծ հաղթանակ է Արթուրի ու բոլորիս համար։Նա շարունակում է մնալ բացառիկ իր նվաճումներով ու ստիպում հազարարավոր հայ երեխաներին հավատալ՝ անհնարին ոչինչ չկա։

Ալեքսանյանը գոտեմարտից հետո հիասթափված էր մրցավարությունից, բայց լիահույս եմ, որ սա չի լինի վերջակետ, ու մենք դեռ կտեսնենք Ալեքսանյանին գորգում ու ոսկե մեդալով պատվո հարթակին։

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Կարեն Ասլանյան

Կարեն Ասլանյանը Օլիմպիական ուղեգիրը նվաճել էր վերջին վարկանիշային մրցաշարում։ Նա իր քաշային կարգում մրցակցում էր Սլավիկ Գալստյանի հետ, որը չէր կարողացել ուղեգիր նվաճել առաջին որակավորման մրցաշարում։

Ասլանյանը շատ լավ տրամադրվածությամբ էր մոտեցել Օլիմպիական խաղերին․ թեև առաջին անգամ էր մասնակցում՝ լարվածությունն այդքան էլ մեծ չէր։ Ասլանյանը լավ մարզավիճակ էր հավաքել։ Նա Օլիմպիական խաղերում մեկնարկեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ոսկե մեդալակիր՝ հունգարացի Բալինտ Կորպաշիի դեմ հաղթանակով, իսկ քառորդ եզրափակչի գոտեմարտում եղավ այն, ինչ ոչ մի կերպ չի կարող խցկվել ըմբշամարտի օրենքների սահմանում։ Եգիպտացի Մոհամեդ Իբրահիմին Ասլանյանը պարտվում էր 4։6 հաշվով՝ երբ կատարեց տուշե հնարք, որից հետո էլ գորգի մրցավարը և եզրային 2 մրցավարները ֆիքսում են մեր ըմբիշի հաղթանակը, իսկ աբսուրդը սկսվում է այն ժամանակ, երբ գլխավոր մրցավարական հանձնաժողովը փոխում է այդ որոշումը։ Արդյունքում՝ Կարենը պարտվում է 7։7 հաշվով։

gettyimages 1234414404 1024x1024 1 960x640 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Մեր ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկելու է այս որոշումը։ Բայց այն, որ այս դեպքում Հայաստանի հավաքականին զրկեցին մեդալից ակնհայտ կողմնակալությամբ, դա պարզ է ու փաստ։

Արթուր Դավթյան (մարմնամարզություն)

Այն, ինչի միջով անցել է Դավթյանը Օլիմպիական պատվո հարթակը նվաճելու համար, գիտեն շատ քչերը։Դավթյանը հենացատկում բրոնզե մեդալ նվաճելուց հետո ասաց, որ այդ մեդալը ոսկու արժեք ունի։ Ինչո՞ւ։ Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի անգամ մեկ համապատասխան կամ դրան մոտ ենթակառուցվածք մարմնամարզության համար։ Մեր մարմնամարզիկները մարզվում են Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում, որը 1969 թվականից մինչև օրս երբևէ չի հիմնանորոգվել, իսկ կոսմետիկ նորոգումը եղել է ավելի քան 20 տարի առաջ։ Արթուրը դեռ ապրիլին մեզ պատմում էր, որ իրենք իրենց ձեռքերով են նորոգում մարզագույքը, պտտաձողի ու զուգափայտերի վրա հնարավոր չէ լիարժեք մարզումներ անցկացնել։

gymnastics armenian championship12 960x585 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

«Ազատ վարժությունների վրա շատ դժվար է այստեղ աշխատելը (Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում-խմբ): Հենացատկը ու նժույգթափերը մի փոքր մեզ ենք հարմարացրել, բայց այն չէ: Այստեղից հետո, երբ գնում ենք ուրիշ գործիքների վրա ենք մարզվում, զգացողությունները լրիվ տարբերվում են»։

Դավթյանը 3-րդ անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին ու ուներ անհրաժեշտ փորձը. նա փայլեց հենացատկի որակավորման փուլում. կատարեց պարզապես իդեալական, ապշեցնող ցատկ ու մտավ եզրափակիչ երկրորդ տեղով։

artur davtyan tokyo olympic games 2029 960x730 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Դավթյանի մոտ միշտ խնդիր է եղել առաջին ցատկը, քանի որ քայլ է կատարել վայրէջքից հետո, սակայն Տոկիոյում, երբ նա կանգնեց առաջին ցատկից հետո, արդեն պատկերացնում էի ոսկե մեդալը, սակայն երկրորդ ցատկին, ավաղ, նա ոտքը դուրս հանեց գծից, նրանից առաջ անցան Հարավային Կորեան ու Ռուսաստանը ներկայացնող մարզիկները։

artur davtyan tokyo olympic games 2026 960x621 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Դավթյանը իր արդյունքից դժգոհ էր, քանի որ գիտեր, որ կարող է ավելին, ես էլ միանշանակ համաձայն եմ նրա հետ, բայց բրոնզե մեդալը նույնպես հաղթանակ էր։ Չէ՞ որ Եվրոպայի չեմպիոնը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը մարմնամարզությունից ու նա արժանի է միայն և միայն ծափահարությունների ու գովասանքի։

A59A9799 1 960x636 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)

Դեռ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո շատերը վստահություն ունեին, որ Տոկիոյի պատվո հարթակի ամենավերին աստիճանին բարձրանալու է Սիմոն Մարտիրոսյանը։ Բայց ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում մեծ դեր ունեն հանգամանքները։

Երբ Եվրոպայի այս տարվա առաջնությանը Մարտիրոսյանը ձախողվեց հրում վարժությունում ու ընդհատվեց նրա հաղթարշավը, արդեն բացեիբաց հայտարարվեց, որ Մարտիրոսյանը լուրջ վնասվածք ունի։ Երևան վերադառնալուց հետո նա շտապեց բոլորին հանգստացնել, որ Օլիմպիական խաղերին պատրաստ է լինելու 200 տոկոսով։ Այո՛, Սիմոնը Ռիոյից ուներ փորձ ու մեդալ, սակայն այնպես ստացվեց, որ հոգեբանորեն Մարտիրոսյանը պատրաստ չէր Տոկիոյում ոսկե մեդալը նվաճելուն։ Իսկ դա, ինչպես ասացի, հաղթանակում մեծ չափաբաժնով է։

A59A0788Simon Martirosyan Olympics 2020 960x570 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Մարտիրոսյանը պոկում վարժությունում դարձավ առաջինը, բայց հրում վարժությունում չկարողացավ գլխավերևում պահել 238 կգ կշռող ծանրաձողը ու նորից այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ուզբեկստանը ներկայացնող մարզիկ։Սիմոնը այս ամենից հետո հայտնեց, որ ուներ քաշի հետ կապված խնդիր. նա ուներ ավելորդ քաշ, որը կորցրել է վերջին օրերին, այդ պատճառով ուժասպառ է եղել։Նրա պնդմամբ՝ մարզիչները մեղավորություն չունեն։

A59A0848Simon Martirosyan Olympics 2020 960x598 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

«Նախկինում բարձրացրել եմ այսօր պատվիրած քաշը, բայց ոչ այն ժամանակ, երբ 109 կգ կարգում էի ելույթ ունենում, այլ 116-117: Տոկիոյում նույնպես մարզումների ժամանակ այդ քաշը բարձրացրել եմ, բայց այսօր ինձ թույլ էի զգում»:

Հիմա բոլորս նայում ենք դեպի Փարիզի Օլիմպիական խաղեր, երբ Մարտիրոսյանը արդեն կլինի 27 տարեկան։ Հիմա պարզապես պետք է կատարել ճիշտ հետևություններ ու առաջ շարժվել, այդ դեպքում միգուցե մյուս խաղերում ոսկին գա Հայաստան։

A59A0811Simon Martirosyan Olympics 2020 960x601 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Լևոն Աղասյան (եռացատկ)

Աթլետիկան սպորտի թագուհին է..բայց այս Օլիմպիական խաղերում ընդամենը ունեինք մեկ ներկայացուցիչ այս սպորտաձևից՝ մեր առաջամարտիկը, եռացատկորդ՝ Լևոն Աղասյանը։ Աղասյանը, ինչպես Դավթյանը, մացառոտ ճանապարհ է անցել, քանի որ Հայաստանում չկա միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ։ Աղասյանը նույն խանդավառությամբ ու նույն նպատակասլացությամբ մշտապես պայքարել է իր երազանքի իրականացման համար։ Բայց, ցավոք, մեկ ծաղկով գարուն չի գալիս։ Ամեն ինչ չէ, որ Աղասյանից է կախված։

levon aghasyan 2 960x617 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Նա Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել՝ ցատկելով 17,16 մ, որը բավական լավ ցուցանիշ է ու դա Օլիմպիական խաղերում կրկնելու դեպքում Աղասյանը կարող էր անցնել կիսաեզրափակիչ։ Սակայն չստացվեց՝ 16.42 մ ու 21-րդ տեղ։

Աղասյանը բնականաբար շատ դժգոհ էր իր արդյունքից ու հիասթափված, բայց անձամբ հպարտ եմ, որ Հայաստանը աթլետիկայում ներկայացրեց մարզիկը, որի նվիրվածությունը ու նպատակասլացությունը հնարավոր չէ չափել ու մեդալով չէ, որ դա պետք է գնահատի յուրաքանչյուրս։

A59A0010Hovhannes Bachkov Olympics 2020 960x631 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)

Արսեն Հարությունյանին իր քաշային կարգում (57 կգ) Օլիմպիական խաղերում համարում էին մեդալի հավակնորդներից, սակայն նա առաջին գոտեմարտում զիջեց մոնղոլ ըմբիշին, որն էլ հաջորդ փուլում պարտվեց պարսկին։ Իհարկե, շատ հիասթափեցնող արդյունք է։ Հարությունյանը ամենաանկախտեսելի ըմբիշներից է. նա հաճախ է անակնկալներ մատուցում, ընդ որում՝ և՛ լավ, և՛ վատ։ Բայց այս Օլիմպիական խաղերը ցույց տվեցին, որ պետք է կայունացնել ելույթները, եթե ցանկանում է պատրաստ մոտենալ 2024-ի Օլիմպիական խաղերին։

A59A0992arsen harutyunyan Olympics 2020 960x607 - Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Արսենը մեր ամենատաղանդավոր ըմբիշներից է ու ճիշտ աշխատանքի դեպքում, հոգեբանական ճիշտ պատրաստվածության դեպքում նա կարող է շատ անմոռանալի պահեր պարգևել բոլորիս։

***

Մերոնցից դեռ պայքարում է Հովհաննես Բաչկովը, որը արդեն ապահովել է բրոնզե մեդալ։ Կիսաեզրափակիչում նա հանդիպելու է Միացյալ Նահանգները ներկայացնող բռնցքամարտիկի հետ։

Օգոստոսի 6-ին մրցագորգ է դուրս գալու ազատ ոճային ըմբիշ՝ Վազգեն Թևանյանը։

Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա