Logo

Պատմում է գրողի դուստրը. բացառիկ հուշեր և պատմություններ Վարդգես Պետրոսյանի կյանքից

Հեղինակ
Մարինե Մելիքյան
18:39 / 08.06.2022Հեղինակներ
Բացառիկ
null

Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի մասին բոլորը գիտեն, գրողի ստեղծագործական ժառանգությանն ու հասարակական գործունեությանը բոլորն են ծանոթ: Բայց, վստահաբար, քչերը գիտեն, թե ինչպիսին էր Վարդգես Պետրոսյանն ընտանիքում, ընկերական միջավայրում, երեխաների հետ շփվելիս և, առհասարակ, առօրյա կյանքում:

VNews Culture-ը զրուցել է գրողի դստեր՝ Արմինե Պետրոսյանի հետ, որը կիսվել է հոր հետ կապված հիշողություններով, պատմություններով և անգամ բացառիկ լուսանկարներով:

Առաջին ամուսնությունն ու իրական սերը

Ծնողներս շատ վաղուց էին միմյանց ճանաչում։ Հայրս քեռուս համակուրսեցին էր, միասին սովորել են ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 
Ծանոթացել 1952-53 թվականներին՝ ուսանողական հավաքույթների ժամանակ, որոնք հիմնականում անցկացվում էին պապիկիս տանը, նա շա՜տ հյուրընկալ ու ջերմ մարդ էր։ Բայց սկզբնական շրջանում, միևնույնն է, նրանց հանդիպումները գաղտնի են եղել, քանի որ, դե այն ժամանակներում ամեն ինչ այլ էր։


Կինը՝ Էմման, Վարդգես Պետրոսյանի վիրահատությունից հետո



Մայրս ամենալավն է ճանաչել Վարդգես Պետրոսյանին, ու փաստորեն երիտասարդության շրջանի հենց սկզբից միասին են եղել։ 
Մորս նվիրած գրքերը` իր մակագրությամբ, մինչև հիմա պահպանվում են, գրքերից մեկի մակագրությունում նա ասում է, որ մայրս իր ստեղծագործությունների դատավորն է և իրեն սիրում է հավիտենական սիրով։ Կան նաև նամակներ, որոնք, սակայն, դեռ չեմ պլանավորում հրապարակել, քանի որ ինքս էլ դեռ ամբողջությամբ չեմ կարդացել։ 


Վարդգես Պետրոսյանի գրքերը՝ մակագրված կնոջ և դստեր համար


Միայն կարող եմ ասել, որ նրանց միջև կար իրական, մեծ սեր։

Իր հոդվածում մայրս գրել է, որ հայրս իր համար անփոխարինելի էր և այդպիսին էլ մնաց։ Դատապարտում էր այն մարդկանց, որոնք իրենց իրավունք էին վերապահում քննարկել նրա կյանքը։ Բոլորը գիտեին, որ Էմմայի մոտ Վարդգեսին քննարկելը բացառվում էր, նա հիմնական պաշտպանն էր հորս։ 

Մայրս շատ ծանր տարավ սպանության հանգամանքը, ոչ մի կերպ չէր հանգստանում և անընդհատ ասում էր. «Հենց ուղեղի՞ն պետք է լիներ կրակոցը։ Այդ ի՞նչ դաժանություն էր։ Նրա մի'տքը ուզեցան սպանել, մի՛տքը, որպեսզի այլևս չխանգարի»։ 



Վարդգես Պետրոսյանն ընտանիքում

Շատ հաճախ էինք ունենում «ընտանեկան ուղևորություններ», և հիմնականում եկեղեցիներ էինք այցելում։ Այն ժամանակ հայրս «Պիոներ կանչ»-ի խմբագիրն էր և ծառայողական մեքենա ուներ` «Побе́да», այն ժամանակվա սիրված մեքենաներն էին։ Հենց այդ մեքենայով էլ կատարում էինք մեր ուղևորությունները։ 

Երբ միասին ճաշում էինք, պարտադիր սկսում էր կատակներ անել։ Օրինակ` հացի խմորից գնդիկներ էր պատրաստում և փորձում էր նետել մորս հագուստի մեջ, եթե, իհարկե, հարմար հագուստ էր հագած լինում։ Կամ իր ուտելիքին աղ լցնելուց առաջ ձեռքիս էր լցնում, հետո նոր ափսեի մեջ։ Պարզապես կատակում էր, չէր կարող հանգիստ տեղը նստել, անգամ հաց ուտելու ժամանակ։ 

Հայրս շատ էր սիրում բաթմինտոն խաղալ, սեղանի թենիս։ Նույնիսկ բակի երեխաներին էր մեկ-մեկ միանում և սկսում հետները բաթմինտոն խաղալ։ 


Դստեր` Արմինեի հետ


Նաև երգում էր…

Այն ժամանակ դե նվագարկիչներ գրեթե չկային, կամ քչերն ունեին, և ընկերական հավաքույթներին հիմնականում ամեն մեկն իր հերթին երգում էր, կամ խմբերով էին երգում։ Հայրս շատ էր սիրում ֆիդայական երգեր երգել։ Տերյանի, Իսահակյանի ստեղծագործությունների բառերով երգեր էլ էր երգում։ Առհասարակ, շատ էր սիրում երգել։ Հատկապես գինովցած ժամանակ հրաշալի էր երգում, պարզապես անկրկնելի էր։ 

Դասական երաժշտությանը հիանալի էր տիրապետում, նաև ջազ էր շատ սիրում։

Հիշում եմ, Ֆրանսիա գործուղումից իր հետ Շառլ Ազնավուրի և Էդիթ Պիաֆի ձայնասկավառակներն էր բերել։ Հորս շնորհիվ մանկուց այդ արտիստների երգերով եմ մեծացել։ Հետո արդեն հայրս նվագարկիչ գնեց, և արդեն ձայնապնակներով էինք երգ լսում։ Ազատ, մշակութային ընտանիք էինք։


Վարդգես ՊԵՏՐՈՍՅԱՆ


«Գարուն» ամսագիրը

Պարբերական ստեղծելն, իհարկե, հեշտ գործ չէր, բայց դա նրա առաքելությունն ու էությունն էր։ Վարդգես Պետրոսյանը պետք է անընդհատ ստեղծեր, ստեղծարար էությամբ էր նա ապրում, պետք է մշակութային կյանքը հասատացներ բովանդակային նորարարություններով։ Արդեն հետո «Գարունը» համարում էին այդ տարիների հասարակական կյանքի թթվածինը։ 

Աշխատանքում շատ խիստ էր, բայց աշխատակիցները հաճույքով էին աշխատում։ Մարգո Ղուկասյանն ասում էր. «Վեց անգամ ինձ գրել տվեց մի հոդվածը»։
Հայրս բնածին հրատարակիչ էր։

Աշխատակիցները հաճախ են պատմություններ հիշում, ասում են՝ մեկ էլ ինչ-որ հոդվածի համար Վարդգեսին կանչում էին ցեկա (կենտկոմ), ինքն էլ դուրս գալիս ասում էր. «Դե ես գնացի։ Եկա՝ եկա, չեկա՝ չեկա», դա նրանց հումորն էր։ Բայց վերջում իհարկե վերադառնում էր հաղթանակով։ 

Շատ-շատ եմ եղել «Գարուն»-ի խմբագրությունում, յուրահատուկ ջերմ մթնոլորտ էր այնտեղ։ 

Վարդգես Պետրոսյանի անձնական իրերը, որոնք գտնվում են դստեր մոտ




 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա