Logo

Դարի հարցը՝ ինչպես է ծնվել 11-մետրանոց հարվածաշարի գաղափարը. կա 3 տարբերակ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
21:05 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

1965 թվականին Կոնգոյի հավաքականը հաղթեց Աֆրիկյան խաղերում։ Մալիի հետ եզրափակիչում գոլեր չգրանցվեցին, իսկ հաղթողը որոշվեց անկյունայիններով։ Ավելի շատ անկյունայիններ իրացրել էին Կոնգոյի հավաքականի ֆուտբոլիստները։ 

Այդ ժամանակ աշխարհի որոշ վայրերում արդեն խաղարկվում էին հետխաղային 11-մետրանոց հարվածաշարեր (1959 թվականին՝ Իտալիայի գավաթի խաղարկության մեկնարկային փուլում, «Տրևիզոն» 5-3 հաշվով հաղթեց «Մեստրինային»): 

11-մետրանոց հարվածաշարը կիրառվում էր նաև Հարավսլավիայում, Շվեյցարիայում և Բրազիլիայում։ Ֆուտբոլային աշխարհը դեռևս տարբերակներ էր փնտրում՝ ազատվելու նյարդայնացնող վերախաղարկումներից և ոչ-ոքիի դեպքում մետաղադրամ նետելու միջոցով հաղթողին (բախտ)որոշելու ձևից։

Պետք է ուրախ լինենք, որ աշխարհը Կոնգոյի հաջողությունում տեսավ միայն քաղցր աբսուրդ, այլապես հիմա ֆուտբոլը բոլորովին այլ խաղ կլիներ: 

Արդյոք կատարյա՞լ է հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի կիրառումը. իհարկե ո՛չ. Ռոբերտո Բաջոն և Նիդեռլանդների հավաքականը կփաստեն։ Այնուամենայնիվ, համարժեք այլընտրանք չկա, և մենք պետք է դա ընդունենք։

Կա ևս մեկ ոչ ակնհայտ, բայց կարևոր խնդիր. հայտնի չէ, թե ով է այս ամենի հեղինակը, ով է առաջինը մտածել, որ պետք է հաղթողին որոշել հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ 

Բեն Լիթլթոնը, որը 11-մետրանոցների անատոմիայի մասին «Twelve Yards» գրքի հեղինակն է, առաջարկում է երեք տարբերակ։ Սրանք կարճ, բայց ոչ այնքան համառ ու ոչ միշտ ազդեցիկ, սակայն միանման պատմություններ են:

Տարբերակ 1․ Լրագրող Կադիսից 

Մի գողտրիկ գավառում լավ գաղափարների գլխավոր թշնամին ծուլությունն է. ինչու՞ շտապել ինչ-որ տեղ, երբ շուրջդ շատ խաղողի այգիներ կան, մոտակայքում օվկիանոսն է, իսկ ամեն անկյունում կարելի է գտնել տեղի ֆիրմային ուտեստը՝ pescaito frito (խմորի մեջ տապակած ծովամթերք):

Հուրախություն Կադիսի՝ լրագրող Ռաֆայել Բալեստերը, որը ոչ պաշտոնապես համարվում է 11-մետրանոց հարվածաշարի հեղինակը, այն մարդը չէր, որն ամբողջ կյանքը կենթարկեր հավերժական սիեստայի (իսպ.՝ Siesta - հետճաշյա քուն, որն ընդհանուր սովորություն է մի քանի, հատկապես շոգ կլիմայով երկրներում):

1955 թվականից մինչև այժմ Կադիսն ընդունում է Ռամոն դե Կարանսայի անվան նախամրցաշրջանային փուլի մրցաշարը։ Այն բավական հեղինակավոր իրադարձություն է, որին մասնակցել են «Ռեալը» (Պուշկաշի և Դի Ստեֆանոյի օրոք), «Բարսելոնան», Էլենիո Էռերան և նրա «Ինտերը», ինչպես նաև մի շարք համեստ ակումբներ: Մրցաշարի ընթացքում  յուրաքանչյուր ոչ-ոքի մեծ անհարմարություններ էր առաջացնում։ Առանց այն էլ խիտ գրաֆիկը խախտվում է վերախաղարկումների պատճառով։ Կազմակերպիչները պարզապես չգիտեին՝ ինչպես պետք է որոշել հաղթողին, որպեսզի քիչ թե շատ արդարացի լինի։ Նրանք դիմեցին Բալեստերի օգնությանը։ 

Նա դեմ էր վիճակահանության տարբերակին։ Նրան տանջում էր այն միտքը, որ խաղերի, խաղացողների և թիմերի ճակատագրերը պայմանավորված էին դժգույն մետաղադրամից։ 1962 թվականին՝ Diario de Cádiz թերթի հետ հարցազրույցում, Բալեստերը ներկայացրել էր խնդիր լուծման իր տարբերակը։ Այդ տարի մրցաշարի եզրափակիչ խաղում «Բարսելոնան» և «Սարագոսան» 1։1 ավարտեցին հանդիպումը։ 

Թիմերը պետք է հետխաղային 5-ական 11-մետրանոց իրացնեին, բայց ոչ այնպես, ինչպես հիմա։ Այդ ժամանակ առաջին թիմը կատարում էր բոլոր 5 հարվածները, հետո սկսում էր երկրորդ թիմը։ Բայց նորից հարցը չլուծվեց։ Թիմերը 3-ական դիպուկ հարված իրացրին և նորից կանգնեցին փաստի առաջ. իսկ հիմա ինչպե՞ս որոշել հաղթողին։ 

Լիթլթոնն այսպես է ներկայացնում դեպքերի ընթացքը։ «Բարսելոնան» պնդում էր, որ հիմա պետք է հարվածեն այն խաղացողները, որոնք դեռ չեն մոտեցել նշակետին։ «Սարագոսայից» էլ դժգոհում էին, թե նախապես նման պայմաններ չեն սահմանվել։ 

Արդյունքում՝ հետխաղային 11-մետրանոցը շարունակվեց կատալոնացիների նշած տարբերակով, և հենց նրանք էլ դարձան հաղթող։ 

Երկար ժամանակ այս մեթոդն Իսպանիայում լոկալ զվարճանք էր համարվում։ Թերևս հենց դա խանգարեց Ռաֆայել Բալեստերին ճանաչվել 20-րդ դարի կարևորագույն ֆուտբոլային նորարարներից մեկը։  Բայց նրա մտքերը շատ օգնեցին «Կադիսին». 1983-ից 1994 թվականներին ակումբը 5 անգամ հաղթեց իր սեփական մրցաշարը, բոլոր հինգ դեպքերը՝ հետխաղային 11-մետրանոցներով:

Տարբերակ 2. Մրցավար Բավարիայից

Գերմանիայում երբեք չեն կասկածել, որ 11-մետրանոց հարվածաշարը հորինել է գերմանացի Կարլ Վալդը։ 

Վալդը 40 տարի եղել է ֆուտբոլային մրցավար: Նա արտոնագիր է ստացել 1936 թվականին։ Սկզբնական շրջանում ցածր դիվիզիոնների հանդիպումներ սպասարկելով՝ հեղինակություն է ձեռք բերել՝ հասնելով մինչև Հարավային Օբերլիգա (հիմնական ֆուտբոլի առաջնության հինգ դիվիզիոններից մեկը)։ Բունդեսլիգայի հիմնադրումից հետո (1963 թվական) Վալդը մոտեցել էր կարիերայի ավարտին, բայց հասցրեց աշխատել 1965 թվականին «Բավարիայի» խաղերից մեկում՝ որպես եզրային մրցավար։ 

Վալդի համար պատմական մրցաշրջանում տրագիկոմիկ պատմության մեջ հայտնվեց «Քյոլն» ակումբը, որին Եվրոպական չեմպիոնների գավաթում որպես մրցակից բաժին էր հասել «Լիվերպուլը»։ Այդ պատմական դիմակայությունը կարող էր այդպես էլ ավարտ չունենալ։ Առաջին խաղն ավարտվեց 0։0 հաշվով, վերախաղարկման ժամանակ՝ նորից 0։0։ 2-րդ վերախաղարկումն ավարտվեց 2։2 հաշվով։ Նորից օգնության հասավ մետաղադրամը, ու մերսիսայդյան ակումբը վիճակահանության շնորհիվ անցավ հաջորդ փուլ, որտեղ հետագայում պարտվեց ապագա չեմպիոն «Ինտերին»։ 

Փոփոխություններ եղան, բայց ոչ անմիջապես։ Հարկավոր էր սպասել մինչև Վալդը կփորձարկեր նոր համակարգը սիրողական մակարդակում, կավարտեր իր մրցավարական կարիերան։ 1970 թվականի մայիսի 30-ին նա Բավարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստում խոսքի իրավունք ստացավ: Կազմակերպության նախագահ Հանս Հյուբերը վերախաղարկումների և մետաղադրամ նետելու տարբերակները հետխաղային 11-մետրանոցով փոխարինելու առաջարկը կատարյալ անհեթեթություն որակեց։ Այնուամենայնիվ, Վալդը չհանձնվեց․
«Պարո՛ն նախագահ, այսօր առավոտյան ես Ձեզ շատ ուշադիր և կարգապահ լսեցի մի քանի ժամ: Հիմա խնդրում եմ, որ ինձ հինգ րոպե տրամադրեք»։ Ծափահարություններ հնչեցին, և գերմանական ֆուտբոլի ճակատագիրը կնքվեց։

«Շալկեն» և «Վոլֆսբուրգն» առաջինն էին, որ փորձարկեցին նոր տարբերակը՝ 1970 թվականի դեկտեմբերի 23-ին։ Ձյունածածկ դաշտ, դարպասը շրջապատած ֆանատներ․․․

Վալդի լեգենդը և ժառանգությունը պահպանում է նրա թոռը: Նա ստեղծել է կայք, որն այցելուներին ողջունում է «Բարի գալուստ 11-մետրանոց հարվածաշարի գյուտարարի մոտ» գրությամբ։ Գերմանիայում այլ տարբերակներ չեն ընդունում և վստահ են, որ հենց իրենց ֆուտբոլն է ցույց տվել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին, թե ինչ անել, երբ խաղն ավարտվում է, բայց հաղթող դեռ չկա:

Պաշտոնական ու հստակ հաստատում չկա։ Բայց, համենայն դեպս, իր ծերության ընթացքում Կարլ Վալդը Սուրբծննդյան բացիկներ էր ստանում Զեպ Բլատերից:

Տարբերակ 3. Ֆուտբոլային պաշտոնյա Իսրայելից

Ոչ թե հաղթանակներն են տանում մեծ փոփոխությունների, այլ պարտությունները։

1968 թվականին Իսրայելը դուրս մնաց ֆուտբոլի Օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչից։ Իսրայելցիների բախտը պարզապես չբերեց։ Ոչ-ոքիից հետո Իսրայելի հավաքականի ավագը հանեց «Ոչ» գրությամբ թղթի կտորը, և Բուլղարիան անցավ հաջորդ փուլ։ 

Իրավիճակն իսկապես աբսուրդային էր իսրայելցիների համար: Գուշակեք, թե ինչի մեջ էին լցված թղթերը՝ հաշվի առնելով, որ խաղերն անցկացվել են Մեքսիկայում... Իհարկե, սոմբրերոյի (լայնեզր գլխարկ)։ Նույնիսկ վարկած է եղել, թե «Այո»-ով թուղթ գլխարկի մեջ չեն դրել։

Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիայի քարտուղար Յուսեֆ Դագանի համար (նա աշխատել է կազմակերպությունում 47 տարի, այդ ընթացքում եղել է միջազգային հարաբերությունների ղեկավար, գործադիր տնօրեն և զբաղեցրել այլ պաշտոններ) սա նշան էր։ Օլիմպիական խաղերից մի քանի տարի առաջ նա երկրի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Մայքլ Ալմոգին առաջարկել էր գավաթային մրցաշարերում հանդիպումների վերախաղարկումները փոխարինել հետխաղային 11-մետրանոց հարվածաշարով։ Ալմոգը խոստացել էր քննարկել առաջարկը։  Օլիմպիական խաղերից հետո Ալմոգն ու Դագանն սկսեցին գործել։ Նրանք արագորեն նամակ գրեցին ՖԻՖԱ-ին («Վիճակահանությունը դաժան և անարդար է պարտվողների նկատմամբ ու ոչ այնքան պատվաբեր հաղթողների համար»): Նամակի բնօրինակը շատ տարրական անգլերենով և բազմաթիվ ուղղումներով այժմ գտնվում է ՖԻՖԱ-ի թանգարանում:

Երբ նամակի մասին հիշատակվեց FIFA News-ի տպագիր տարբերակում, պարզ դարձավ, որ ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաները գոնե ինչ-որ ընթացք են տվել խնդրին։

Հետո Դագանը գործի դրեց կապերը, ծանոթների միջոցով ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հետաքրքրվել այդ գաղափարով։ Վերջապես 1970 թվականի հունիսի 27-ին՝ IFAB-ի (Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդ) նիստում, հետխաղային 11-մետրանոց հարվածաշար կիրառելու առաջարկը հաստատվեց։ 

Դագանը չէր ուզում լսել, թե Կարլ Վալդն իրենից ավելի շուտ է առաջարկել այդ տարբերակը․ «Ինչպիսի՜ լկտիություն. սա հիմար պատմություն է, և ես կբացատրեմ, թե ինչու: Նա ասում է, որ Գերմանիայում 11-մետրանոց հարվածաշարի գաղափարին են եկել 1970 թվականին, բայց Իսրայելում մենք դա արել ենք շատ ավելի վաղ՝ տարիներ առաջ»։ 

Խոշոր մրցաշարում հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի անհրաժեշտություն եղավ ԵՎՐՈ 1976-ի եզրափակիչում, որտեղ Չեխոսլովակիան հաղթեց Գերմանիային։ Ամենազարմանալին ոչ թե ավանդաբար անբասիր գերմանացիների պարտությունն է (նրանք այլևս չեն պարտվել հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում), այլ այն քաոսը, որում Բեկենբաուերն ու ընկերները պատրաստվել էին «իրենց երկրի կողմից հորինված» երևույթին՝ 11-մետրանոց հարվածաշարին։ Ավելի ճիշտ՝ նրանք չէին պատրաստվել... Ընդհանրապես։ 

Այն, որ այդ օրը Բելգրադում կարող են ոչ-ոքիի դեպքում 11-մետրանոցներ իրացնել, գերմանացի ֆուտբոլիստներն իմացան միայն նախավարժանքից հետո։ Նրանց պարզապես մոռացել էին տեղեկացնել իրենց, ՈՒԵՖԱ-ի և չեխական կողմի միջև համաձայնության մասին (ի սկզբանե, ոչ-ոքիի դեպքում նախատեսվում էր վերախաղարկում, նույնիսկ հնարավոր խաղի համար օր էր նշանակվել, բայց հարավսլավացիների հետ կիսաեզրափակիչը մեծ ուժեր խլեց գերմանացիներից։ Գերմանական ֆուտբոլի պաշտոնյաները խնդրել էին փոխարինել հնարավոր վերախաղարկումը 11-մետրանոցներով): Նույնիսկ խաղացողների բոնուսների համար պաշտոնյաները համաձայնության են հասել եզրափակիչից առաջ, այլ ոչ թե մրցաշարի մեկնարկին։ 

Ի տարբերություն գերմանացիների՝ մրցակիցը պատրաստվել էր հնարավոր 11-մետրանոցներին։ Ընկերական խաղերից մեկի ավարտից հետո գլխավոր մարզիչ Վացլավ Եժեկը 10 հազար երկրպագուի աչքի առաջ թիմին հրահանգեց 11-մետրանոցներ իրացնել։ Այս քայլի նպատակն էր հոգնածության և մեծ ճնշման ֆոնին պատրաստել ֆուտբոլիստներին հնարավոր հետխաղային 11-մետրանոցներին։ Իհարկե, Եժեկի քայլն արդյունք տվեց։ 

Ոչ բոլորը կհիշեն, որ այդ խաղում գերմանացիներից վրիպեց Ուլի Հյոնեսը, սակայն գրեթե բոլորը գիտեն, թե ինչ եղավ հետո. Չեխոսլովակիայի հավաքականի հարձակվող Անտոնին Պանենկան իրացրեց իր հանրահայտ 11-մետրանոցը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա