Logo

Պետրոս Դուրյանի վերջին Ամանորը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 23.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Պետրոս Դուրյանի վերջին Ամանորը

Մոտենում էր 1872-ը: Եղիշե Դուրյանը (Պետրոս Դուրյանի եղբայրը՝ Միհրան (Եղիշե) Դուրյանը, որը հետագայում դարձավ նշանավոր հոգևորական ու գիտնական) պատմում է.

«Մեռնելեն 20-21 օր առաջ. «Այս տարի ձեզի հետ աղեկ կաղանդ մը պիտի ընեմ» կըսե՝ վերջին կաղանդը ըլլալով հասկցնել ուզելով: Ընդհակառակն ալ հիվանդությունը կաղանդին օրերը կը սաստկանա, բայց նորեն Դուրյան գավազանին հենվելով կելնե վարի սենյակը, կիջնե ու պուճախը կը նստի: Վերջին շաբաթներին հիվանդին հաճախ էին այցելում: Թատերական հուշարար Տ.Գալեմճյանը, եկել է, մխիթարանքի խոսքեր ասել, և բանաստեղծը տրտնջացել է. «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս: Ա՜խ, գոնե գրածներս տպեցեք, չմոռցվիմ»: Մահից մեկ օր առաջ հուշարարը հարցրել է, թե ինչի պետք ունի, իսկ Դուրյանը պատասխանել է. «Ի՞նչ բանի պետք ունենամ, անկողինս միայն ունիմ, զիս անով պիտի տանին»: Եվ նորից կրկնել է. «Պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս»:
Իր վերջին օրերին Դուրյանը չէր ուզում միայնակ մնալ: Հորը խնդրել է. «Աղապա՛, այս շաբթու դուրս չպիտի ելնես. քովս պիտի նստես, որովհետև այս շաբթու է, որ պիտի մեռնիմ»: Եվ Աբրահամ աղան մինչև խոր գիշեր, հնազանդ նստում էր որդու մոտ:

Yeghische Tourian - Պետրոս Դուրյանի վերջին Ամանորը
Եղիշե արքեպիսկոպոս Դուրյան

1872 թ-ի հունվարի 20-ը Դուրյանի կյանքի վերջին օրն էր:

… Եղիշե Դուրյանը հայտնում է, որ Պետրոսը մի քանի պատվերներ է տվել. «Յուր ոգևարի ժամերուն խնդրեց յուր մեծ եղբորմեն (Հարությունից), որ յուր գործերն հրատարակելու աշխատի. «Քիչ մը բան գրած եմ,- ըսավ,- կուզեմ որ հրատարակվի»: Նույնիսկ Հարությունի հետ կատակել է. «Կարգվե եղբա՛յր, թոմպուլ-թոմպուլ զավակներ ունեցի՛ր, անոնց ըսե՛, որ մեկ ասանկ հորեղբայր մը ունեցա, ես ալ երկնքեն ձեզի վրա նայիմ և ուրախանամ»: Հայտնել է վերջին կամքը. «Կուզեմ, որ մարմինս հանդեսով վերցվի. Մինչև կիրակի պահեցեք զիս, մի վախենաք, չեմ հոտիր, ոսկոր մը տերի (կաշի) մ՚եմ (յուր բառերով) իրավ, որ ես բառ մը պիտի չիմանամ, բայց անանկ կուզեմ, որ ըլլա»: Ապա ավելացրել է. «Միհրանը աղեկ նայեցեք»: Ուշադիր դիտել է ծնողներին ու հարազատներին’ նկատելով. «Ամենքդ ալ աչքիս աղվոր կերևնաք կոր, շատ աղվոր կերևնաք կոր»; Գրպանից հանել է դրամները, նետել. «Թող չտեսնամ այսուհետև աշխարհիս բաները»: Մորաքույրը մրգեղեն է բերել. «Առե՛ք, առեք,- կհծծե Դուրյան: Քովինները կկարծեն, թե մրգեղեններու համար է, իր հոգիին համար էր»: Հետո մորաքույրը կնդրուկ է ծխել: Բույրը առնելով Պետրոսն ասել է. «Ատ ի՜նչ անուշ հոտ է, ո՞վ ձգեց այդ հոտերը, ձգեցե՛ք, ձգեցե՛ք, ես կսիրեմ այդ հոտերը»: «Յուր հոգեվարքի ատեն, երբ ա՛լ դադրեցավ իրեններուն հետ խոսելե, դեպի տանն մեկ անկյունը հառելով յուր աչերն’ սկսավ մնաք բարևներու շարք մը, և ծիծաղ ուներ միշտ դեմքին վրա. Այսպես, երբ 10-15 անգամներ մնաք բարով ըսելե վերջ’ դարձավ … և այսպես խոսեցավ մեզի. «Մեկը պիտի գա, անոր ալ կթողում իմ մնաք բարովս»: Եվ որովհետև յուր թաղման երեկոյին հասած էր Պոլիս (չեմ գիտեր որ գավառեն) Տիգրան Ադամյան’ յուր դասընկերն, տնեցիք համոզվեցան, թե Պետեկն Ադամյանին համար ըրած էր այդ հանձնարարությունն: Վերջին վայրկյաններուն,- շարունակում է եղբայրը, մորեղբայրը կուգա, երբ սենեկին դուռեն ներս կը մտնե, Պետրոսը ճիգ մը կընե ճանչնալու համար, այլ չի խոսեր, կերթա (նկատի ունի մորեղբորը) կը մստի անկողնույն մեջ, կրկին աչվները կը ժպտի ի նշան ճանաչողության. «Չը խոսի՞ս կոր» – կըսե մորեղբայրը: Մայրն ալ, որ անկողնույն քովն է. «Պետրոս չը խոսի՞ս, կըսե, – մորեղբայրդ եկավ … «Ալ ժամանակ չունիմ»,- կը պատասխանե, և այս իր վերջին խոսքը կըլլա, գլուխը բարձին վրա կիյնա ու աչերը կը փակվին: Բայց ինչ որ զարմանալի է աչվները փակվելեն վերջը և անշուշտ գերագույն ճիգով մը աջ ձեռքը հանդարտորեն 3 անգամ գլխուն կը տանի ի նշան «մնաք բարով»-ի ու կը լմնա: «Ալլա՜հ դոկտըր», – կը պոռա հայրը: «Սո՛ւս, դուն ալ», – կըսե մեծ եղբայրը և մեկդի կառնե»:

Սա 1872-ի հունվարի 21-ի լույս գիշերն էր…

 

աղբյուր՝

elenasargsyan.wordpress.com

 

տես նաև՝

Պետրոս Դուրյանի վերջին նամակը [Մնաք բարյավ]


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա