Logo

«Փարավոնը» նորից եկել է աշխարհը գրավելու. ինչու է «Լիվերպուլը» պարտավոր ամեն գնով պահել Սալահին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
3231511 66147488 2560 1440 - «Փարավոնը» նորից եկել է աշխարհը գրավելու. ինչու է «Լիվերպուլը» պարտավոր ամեն գնով պահել Սալահին

«Ես պետք է նորից դիտեմ կրկնապատկերը, բայց կարծում եմ՝ լավ գոլ էր», – իր համեստ ժպիտով ասում է Մոհամեդ Սալահը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած հիասքանչ գոլից հետո: «Լիվերպուլի» «Եգիպտացի արքան», առհասարակ, հազվադեպ է հարցազրույցներ տալիս ու չի զբաղվում ինքնագովասանքով: Նա իրեն գովելու և իր մասին խոսելու գործը թողնում է մյուսների վրա: VNews-ն էլ մեծ հաճույքով կանի այդ գործը:

Այլևս անհնար է չխոսել Սալահի մրցաշրջանի մեկնարկի մասին. այս փոքրիկ հանճարը վերջին շաբաթներին իր կարողությունները մեկտեղել է ու նորից վառում է իր տաղանդի կրակը: Սալահն իր այս մարզավիճակով պարզապես ստիպում է «Լիվերպուլի» ղեկավարներին անհապաղ նոր պայմանագիր կնքել իր հետ: Իսկ ի՞նչ այլ տարբերակ ունի մերսիսայդյան ակումբը: Եթե Սալահը հեռանա, ո՞ւմ պետք է գնի «Լիվերպուլը»:

Այս պահին աշխարհում գրեթե չկա ավելի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստ (բացառությամբ 1-2 ֆուտբոլիստի): Սալահին փոխարինելն անհնար է: Բոլոր մրցաշարերում միասին նա անցկացրած 9 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում՝ չլինելով կենտրոնական հարձակվող: Ընդ որում՝ Սալահի գոլերը ոչ միայն շատ են, այլ նաև՝ գերկարևոր («Չելսիի», «Միլանի» ու «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում): Նրա խաղի ազդեցությունը Կլոպի թիմում հսկայական է, կայունությունը՝ զարմանահրաշ: Երբ Սալահը խաղադաշտում է, երբ տեսնում ենք նրան գնդակով՝ դեպի դարպասն ընթանալիս, ամեն ինչ հնարավոր է թվում: Առանց նրա «Լիվերպուլի» ներկան ու ապագան շատ ավելի մշուշոտ կլիներ:

Մեր ընտրանին.

Նրա խաղընկերներն են փաստում՝ որքան քաղցած ու մոտիվացված էր նա միջմրցաշրջանի առաջին իսկ օրվանից, երբ հուլիսին նա միացավ թիմին Ավստրիայում: Մարզչական շտաբում համոզված են՝ նրան շատ է օգնել ամառային հանգիստն ու առանց միջազգային մրցաշարի արձակուրդը: Նրա՝ «Լիվերպուլում» անցկացրած 212 խաղում 134-րդ գոլը ոչ այլ ինչ է, քան անհավանական ցուցանիշ աջ վինգերի համար: Կևին դե Բրույնեի գոլը գուցե նվազեցրեց իր խփած գնդակի արժեքը, բայց ամենևին էլ չազդեց Սալահի խփած գնդակի, ու առհասարակ, նրա փայլուն խաղի վրա:

Այդ դրվագում ո՛չ Ժոաու Կանսելուն, ո՛չ Բերնարդու Սիլվան, ո՛չ Ֆիլ Ֆոդենը և ո՛չ էլ Եվրոպայի ամենաթոփ պաշտպաններից համարվող Էմերիկ Լապորտը ոչինչ չկարողացան անել. «Միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները կարող են նման գոլեր խփել: Առաջին հպումը գնդակին, առաջին անցումը՝ մեկ շարժումով, իսկ հետո արդեն իր ոչ ֆուտբոլային ոտքով հրաշալի հարվածը բացառիկ էր, ես նման գոլ չէի տեսել: Այս քաղաքում մարդիկ ոչինչ չեն մոռանում ու վստահ եմ՝ այս գոլի մասին դեռ երկար՝ 50-60 տարի կխոսվի», – խաղից հետո հայտարարեց Յուրգեն Կլոպը:

Սալահն աստիճանաբար մտնում է «Լիվերպուլի» «Hall of Fame»: Վիճակագրությամբ՝ նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 10-րդն է: Իրենից առաջ «Լիվերպուլի» լեգենդներն են: Նա 24 գոլով է զիջում Մայքլ Օուենին, 38-ով՝ Քենի Դալգլիշին: Միանշանակ հասանելի ու անցանելի թվեր՝ Սալահի համար: Նա միայն չի հաղթահարի Յան Ռաշի՝ բոլոր մրցաշարերում խփած 346 գոլի ցուցանիշը, բայց արդյունավետությամբ նա արդեն առաջ է անցել Ռաշից: Եթե Ռաշը միջին հաշվարկով գոլ է խփել յուրաքանչյուր 164 րոպեն մեկ անգամ, ապա Սալահը «Ռոմայից» «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո գոլ է խփել 130 րոպեն մեկ անգամ: Նրանից ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնող ոչ մի ֆուտբոլիստ ավելի լավ ցուցանիշ չունի:

Բայց Սալահը շատ ավելին է, քան գոլերը: Նրա ստեղծագործ միտքը, գնդակով անկանխատեսելի գործողություններն ու խաղընկերների տեղաշարժը կարդալու/գուշակելու արտասովոր ունակությունները «Լիվերպուլին» գրեթե միշտ արդյունքներ են ապահովում: Նույն «Սիթիի» դեմ խաղում Սալահը ստացավ գնդակը խաղադաշտի կենտրոնի մատույցներում, ու եթե այդտեղ լիներ այլ ֆուտբոլիստ, պարզապես կխաղարկեր գնդակը թիմակիցների հետ, բայց Սալահը ստեղծեց Մանեի գոլը: Դա նրա 46-րդ գոլային փոխանցումն էր «Լիվերպուլում»: «Փարավոնը» նաև շատ է աշխատում պաշտպանությունում. Գվարդիոլայի սաների դեմ խաղում նա 4 սահանկում է կատարել ու 4 անգամ խլել գնդակը:

Պայմանագրի երկարաձգման իրավիճակը

Սալահի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023-ի հունիսին, և նոր պայմանագրի շուրջ խոսակցությունները ձախողվել են: Ակումբը երկարաձգեց պայմանագրերն առաջատարների՝ Ալիսոնի, վան Դեյկի, Ռոբերտսոնի, Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի, Հենդերսոնի ու Ֆաբինյոյի հետ, բայց ամենակարևոր փաստաթուղթը դեռ ստորագրված չէ:

Սալահը հավատացած է, որ 29 տարեկանում նա իր խաղային գագաթնակետում է և պահանջում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին վայել աշխատավարձ: «Լիվերպուլը» շատ է ցանկանում պահել նրան թիմում, թեև չի էլ ցանկանում «կոտրել» աշխատավարձերի քաղաքականությունը, որ ակումբում գործում է վերջին տարիներին, ըստ որի՝ թիմի աստղերի աշխատավարձերը չպետք է էականորեն տարբերվեն միմյանցից:

Goals are flowing for Liverpool, but it masks a Mohamed Salah and Sadio Mané worry - Liverpool.com

Դա հասկանալի է, բայց կան բացառիկ դեպքեր, բացառիկ տաղանդներ, որոնց համար պետք է շեղվել նորմայից: Եվ Սալահը «Լիվերպուլի» ղեկավարության կողմից արժանացել է առանձնահատուկ դեպք լինելու պատվին: Սալահը պահանջում է շաբաթական 350 հազար ֆունտ: Ստացվում է, որ նրա հետ 4 տարվա պայմանագիր կնքելու դեպքում ակումբը կկորցնի 73 մլն ֆունտ: Իհարկե՝ շատ խոշոր գումար է, բայց եթե ակումբը կորցնի Սալահին, այդ գումարով կկարողանա՞ գնել հուսալի փոխարինողի:

Սալահը գոլային մեքենա է: Նախորդ մրցաշրջանում նրա խփած 31 գոլը լավագույն ցուցանիշն է 2017/18-ի 44 գոլի արդյունքից հետո: Ֆիզիկապես էլ նա շատ ամուր է ու դժվար է գտնել ֆուտբոլիստի, որ Սալահի նման կխաղա կայուն ու կայուն/լավ: Ամբողջ 2020/21 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում նա բաց է թողել 1 խաղ, իսկ բոլոր մրցաշարերում միասին՝ 7: Սալահը հավատում է, որ կկարողանա խաղալ այս մակարդակով մինչև 35 տարեկանը, և դժվար է «չհավատալ» նրան՝ հաշվի առնելով պրոֆեսիոնալիզմի աստիճանը:

Սալահի ազդեցությունը «Լիվերպուլի» խաղում

«Լիվերպուլը» նախորդ՝ գորշ մրցաշրջանից հետո այս տարին բավական լավ է մեկնարկել: Ավելի կոնկրետ՝ Կլոպի թիմն անպարտելի է, ընդ որում՝ մերսիսայդցիներն անցկացրել են բավական բարդ խաղեր: Չեմպիոնների լիգայում ընդգրկվել են մահվան խմբում՝ հաղթելով «Պորտուին» ու «Միլանին», Պրեմիեր լիգայում էլ ոչ-ոքի են խաղացել չեմպիոնության հիմնական հավակնորդների՝ «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» հետ:

Կասկածից վեր է, որ «Լիվերպուլի» այդ արդյունքի գլխավոր «մեղավորները» պաշտպաններն են՝ Վիրջիլ վան Դեյկի գլխավորությամբ, որի բացակայությունը նախորդ տարի զգացվում էր, բայց այս տարի թիմն ավելի սոլիդ տեսք ունի՝ շնորհիվ հոլանդացի հսկայի: Խաղադաշտի կենտրոնում էլ այս տարի ավելի լավ պատկեր է կադրային առումով. Նաբի Կեյտան շատ է ավելացրել, Ֆաբինյոն ստիպված չի լինում պաշտպանության կենտրոն վերադառնալ ու խաղում է իր հարազատ դիրքում, իսկ 2 խոստումնալից կիսապաշտպանները՝ Կուրտիս Ջոնսն ու Հարվի Էլիոտն աստիճանաբար դառնում են մեկնարկային կազմի լիարժեք խաղացողներ, չնայած՝ Էլիոտը ծանր վնասվածք ստացավ ու երկար ժամանակով դուրս կմնա շարքից:

Champions League: Mohamed Salah, Sadio Mane, Roberto Firmino all score as Liverpool thrash Porto – again - Eurosport

Բայց պաշտպանության ու կիսապաշտպանության լավ խաղն անօգուտ կլիներ, եթե հարձակման գծում չլիներ Սալահը, որն առջևի գծում ամենաարդյունավետն է: Կենտրոնական հարձակվողի գոտում Կլոպը նույնիսկ չի էլ կողմնորոշվել՝ ով է լինելու հիմնական 9 համարը. ռոտացիոն սկզբունքով խաղում են Ֆիրմինոն ու Ժոտան: Մանեն դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից ու այս տարի 4 գոլ է խփել, ու միայն Սալահն է, որ ամեն խաղում իր գոլը խփում է, ինչն էլ ուղիղ ազդեցություն է ունենում «Լիվերպուլի» միավորների վրա:

«Բավարիան» ունի Լևանդովսկի, «Ռեալը»՝ Բենզեմա, «Մանչեսթեր Յունայթեդը»` Ռոնալդու, ՊՍԺ-ն՝ Մեսի: «Լիվերպուլի» առաջատարը Սալահն է: Եթե «Ոսկե գնդակը» հանձնեին այս մրցաշրջանի համար, ապա նա կհայտնվեր լավագույն եռյակում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա