Logo

Փարիզյան հեռանկարներ. Հայկական մարմնամարզության ախորժակն արդեն բացվել է

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
13:24 / 26.05.2023Մարմնամարզություն
Բացառիկ
null

Սկսած 2012 թվականից, մարմնամարզությունն աստիճանաբար սկսեց վերադարձնել առաջատար դիրքերը հայկական մարզաշխարհում, և այժմ դարձել է երկրի առանցքային մարզաձևերից մեկը, ապագայում էլ, բացառված չէ, որ ըմբշամարտից ու ծանրամարտից խլի առաջատարությունը։

VNews-ի «Փարիզյան հեռանկարներ» շարքի հերթական անդրադարձը նվիրված է հենց սպորտային մարմնամարզությանը։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ենթակառուցվածքների առումով մարմնամարզությունը նկատելիորեն զիջում է մյուս հենակետային մարզաձևերին։ Առանձին գործիքների թանկ լինելը, մարզադահլիճների հետ կապված խնդիրները տարիներով հետ էին գցել մարզաձևի զարգացումը երկրում, մինչդեռ ԽՍՀՄ տարիներին հայ մարմնամարզիկները ոչ միայն հաջող էին ելույթ ունենում երկրի առաջնություններում, այլև մեդալներ էին նվաճում Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում։ Սակայն 2010-ականներին իսկական հեղափոխություն տեղի ունեցավ, և դրանում մեծ է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի դերը։ Մարմնամարզիկների նոր սերունդն աստիճանաբար սկսեց բարձրացնել հայկական մարմնամարզության դիրքերը այնպես, որ 2024թ․ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում ակնկալիքները բազմապատկվել են։ Արթուր Դավթյանը դարձավ Հայաստանի առաջին մարմնամարզիկը, որն իրավունք ստացավ ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում, այնուհետև Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի առաջնության մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հետո էստաֆետը նորից վերցրեց Արթուր Դավթյանը՝ դառնալով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալակիրը և աշխարհի չեմպիոնը։ Տրամաբանական շարքը հայ մարմնամարզիկները կփորձեն շարունակել արդեն Փարիզում։ 

Որակավորման կարգը

Մարմնամարզությունում կա տարիքային սահմանափակում. Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել այն մարզիկները, որոնք ծնվել են ոչ ուշ, քան 2016թ. դեկտեմբերի 31-ը: Գործող հայ մարմնամարզիկներից, որոնք ունեն միջազգային մրցաշարերին մասնակցելու արտոնագիր ու համապատասխանում են այդ տարիքին, 7-ն են, սակայն նրանցից Էրիկ Բաղդասարյանը մասնակցում է երիտասարդների մրցումներին: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը հինգ մարմնամարզիկ, եթե նրանք վարկանիշը ստացել են թիմային պայքարում, և երեք մարզիկ, եթե այդ իրավունքը ստացել են անհատական մրցումներում:

Փարիզի Օլիմպիական խաղերի որակավորումը մարզիկները սկսել են դեռևս 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Լիվերպուլում կայացած ԱԱ-ի թիմային պայքարում առաջին երեք տեղերը գրաված թիմերն օլիմպիական վարկանիշ ձեռք բերեցին։ Որակավորման երկրորդ փուլը տեղի է ունենալու 2023թ․ հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված աշխարհի առաջնության ժամանակ։ 

Ամենաշատ ուղեգրեր խաղարկվելու են թիմային պայքարում: Բելգիայի մայրաքաղաքում օլիմպիական վարկանիշ են ձեռք բերելու այն լավագույն արդյունք ունեցող 9 թիմերը, որոնք դեռևս օլիմպիական վարկանիշ չունեն: Արդյունքում 12 թիմերի 60 մարզիկներ իրավունք կստանան մասնակցել Օլիմպիական խաղերին: 

Հաջորդ երեք տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք կստանան Փարիզ ուղարկել մեկական բազմամարտիկ: Եվս 8 ուղեգիր խաղարկվելու է բազմամարտի մրցումներում: Լավագույն 8 արդյունք ունեցող բազմամարտիկները, որոնք դեռ ուղեգիր չունեն, օլիմպիական վարկանիշ կլրացնեն: Եվ վերջապես ևս վեց ուղեգիր կխաղարկվի առանձին գործիքների եզրափակիչներում: Յուրաքանչյուր գործիքի վրա լավագույն արդյունք ունեցող մարմնամարզիկը, որը դեռ օլիմպիական վարկանիշ չունի, Փարիզում ելույթ ունենալու իրավունք կստանա, ընդ որում, Ֆրանսիայի մայրաքաղաքում կկարողանա մասնակցել բոլոր գործիքների վրա: Այսպիսով, 2023թ. աշխարհի առաջնության ավարտին արդեն խաղարկված կլինեն հնարավոր 94 ուղեգրերից 77-ը:

Որակավորման երրորդ փուլը տեղի կունենա 2024թ. հունվարից-ապրիլին` առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով, որը սովորականի պես կանցկացվի չորս փուլով, ընդ որում՝ հաշվի են առնվելու մարզիկների լավագույն երեք արդյունքները: Խաղարկվելու է 12 ուղեգիր` երկուական յուրաքանչյուր գործիքի վրա: 

Վերջին հինգ ուղեգրերը կխաղարկվեն աշխարհամասերի առաջնությունների ժամանակ: Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում լավագույն հինգ արդյունք ունեցող մարզիկները, որոնք դեռ ուղեգիր չունեն, օլիմպիական վարկանիշ կստանան:

Հայաստանի շանսերը

Իհարկե, լավագույն սցենարը կլիներ, եթե Հայաստանը կարողանար վարկանիշ ձեռք բերել թիմային մրցումներում, սակայն թիմային պայքարին Հայաստանի հավաքականի մասնակցությունը գրեթե անհնար է: Թիմային պայքարին մասնակցելու համար հավաքականում պետք է երեք բազմամարտիկ լինի, իսկ հայկական թիմի կազմում բազմամարտում ելույթ են ունենում միայն երկուսը` Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը: Աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ունեցող մյուս երեք մարմնամարզիկները` Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, մասնակցում են միայն մեկ գործիքի վրա: Իհարկե, նրանցից մեկը (օրինակ` երիտասարդ Ավետիսյանը) կարող է կատարել նաև այլ գործիքների վարժություններ, բայց արդյունքները դժվար թե թույլ տան լուրջ ակնկալիքներ ունենալ: Միգուցե 2028թ. Օլիմպիական խաղերից առաջ, երբ արդեն մեծահասակների մրցումներին մասնակցելու իրավունք ունենան երիտասարդ Համլետ Մանուկյանը, Էրիկ Բաղդասարյանն ու Մամիկոն Խաչատրյանը, Հայաստանի հավաքականը կկարողանա թիմային մրցումներում էլ պայքարել բարձր տեղերի համար, սակայն այս պահին թիմային մրցումների միջոցով ուղեգիր նվաճելու հավանականությունը մոտ է զրոյին:

Գրեթե կասկած չկա, որ Արթուր Դավթյանը կկարողանա իր վարկանիշի հարցը լուծել Բրյուսելում, բացառված չէ, որ հենց բազմամարտի մրցումների արդյունքով: Դավթյանը շարունակում է զարմացնել, Եվրոպայի առաջնությունում նա չափազանց մոտ էր մեդալ նվաճելուն, թեև ոչ ոք նման ակնկալիք չուներ: Եթե աշխարհի առաջնությունում էլ Արթուրին հաջողվի անսխալ կատարել իր վարժությունները, մեծ է հավանականությունը, որ նա կկարողանա ապահովել օլիմպիական ուղեգիրը: Հակառակ դեպքում Դավթյանը բազմաթիվ հնարավորություններ կունենա ուղեգիր նվաճել հետագայում՝ հենացատկի եզրափակիչում կամ էլ աշխարհի գավաթի արդյունքներով: Համենայնդեպս, հենացատկում նրա վերջին տարիների արդյունքները վստահություն են ներշնչում, որ կկարողանա ոչ միայն իր չորրորդ Օլիմպիական խաղերին մասնակցել, այլև այնտեղ պայքարել չեմպիոնության համար: Իհարկե, մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ կանխատեսումներ անելը շատ դժվար է, քանի որ ոտքի մեկ սխալ շարժումը կարող է մեդալի արժեք ունենալ, բայց Արթուր Դավթյանից ակնկալիքները, իրոք, մեծ են: 

Մեր մյուս բազմամարտիկը` Գագիկ Խաչիկյանը, առայժմ բարձր արդյունքներով աչքի չի ընկնում ու դժվար թե կարողանա աշխարհի առաջնության բազմամարտում պայքարել ուղեգրի համար: Բայց նման հնարավորություն նա կարող է ունենալ նժույգ թափեր վարժությունում, եթե, իհարկե, կարողանա հաղթահարել հուզմունքն ու անսխալ կատարել իր վարժությունը թե' որակավորման փուլում, թե' եզրափակիչում: Խաչիկյանը բավականին բարդ ծրագիր ունի, բայց նժույգ թափերը ամենադժվար մրցաձևերից է, որտեղ նույնիսկ ամենամեծ ֆավորիտները կարող են սայթաքել: Եթե դա էլ չհաջողվի, Խաչիկյանը կունենա շանս նույն վարժությունում ուղեգրի համար պայքարել աշխարհի գավաթի խաղարկությունում կամ էլ Եվրոպայի առաջնությունում, որտեղ արդեն ուժեղ մարզիկներից շատերը կունենան ուղեգիր: Իհարկե, եթե մինչև այդ ուղեգիր ունեցող հայ մարմնամարզիկների թիվը լրացած չլինի: 

Ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն ունի Վահագն Դավթյանը, որը վերջին 10 տարիներին օղակների վրա ելույթ ունեցող ամենակայուն մարզիկներից մեկն է աշխարհում: Ցավալի է, որ մերօրյա օղակների լավագույն վարպետներից մեկը որակավորման խիստ կարգի պատճառով մինչև օրս չի կարողացել ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում: Այս շրջափուլն առանձին գործիքների վարպետներին ավելի լայն հնարավորություն է տալիս պայքարել ուղեգրերի համար: Վահագն Դավթյանը, ինչպես նաև Արթուր Ավետիսյանը, կփորձեն օլիմպիական ուղեգիր նվաճել նախ աշխարհի առաջնությունում, հետո աշխարհի գավաթի խաղարկությունում: Եթե Վահագն Դավթյանը կարողանա պահպանել այս տարվա մարզավիճակը, ապա մեծ է հավանականությունը, որ նա էլ կկարողանա ուղեգիր ձեռք բերել: Հայ մարմնամարզիկների համար չափազանց կարևոր է այն, որ աշխարհի գավաթի խաղարկությունում հաշվի են առնվելու լավագույն երեք փուլերի արդյունքները, քանի որ գավաթի խաղարկության փուլերից մեկն անցկացվում է Բաքվում, ուր Հայաստանի ներկայացուցիչները չեն մեկնում: 

null

Եվ վերջապես հայկական մարմնամարզության վետերան Հարություն Մերդինյանը կփորձի մեծ սպորտ իր վերադարձն ավարտել բարձր նոտայով: 2022-ին 38-ամյա Մերդինյանը կարողացավ բրոնզե մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում: Նրա համար ավելի ու ավելի դժվար է դառնում բարձր մակարդակով պայքարելը, հաճախակի են պատահում վնասվածքները: Աշխարհի առաջնությունում ուղեգիր նվաճելը բարդ կլինի, բայց աշխարհի գավաթի խաղարկությունը լավ հնարավորություն կտա Մերդինյանին ուղեգիր ձեռք բերելու: Դրա համար նա պետք է կարողանա երեք մրցումներում անթերի կատարել իր վարժությունը: Խնդիրը թեև բարդ է, բայց Մերդինյանի համար ոչ անհնար, միայն թե չխանգարեն վնասվածքները:

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Փարիզյան հեռանկարներ. ՄՕԿ-ի և IBA-ի բարդ հարաբերություններն ու Հայաստանի ակնկալիքները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա