Logo

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

15:18 / 26.12.2022Ծանրամարտ
Բացառիկ
Ծանրամարտն օլիմպիական խաղեր

Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո օլիմպիական աշխարհը, աստիճանաբար, սկսում է կենտրոնանալ հաջորդ ամառային Օլիմպիական խաղերի վրա: 2024 թվականին խաղերը տեղի կունենան Փարիզում:

«Փարիզյան հեռանկարներ» շարքում VNews-ը կանդրադառնա Հայաստանի օլիմպիական հեռանկարներին՝ առանձին մարզաձևերի տեսքով: 

Ծանրամարտն Օլիմպիական խաղերում շարունակում է նշանակալի փոփոխություններ կրել: Ավանդույթի համաձայն՝ այդ փոփոխություններից ոչ մեկը Հայաստանի օգտին չէ: Եթե 14 տարի առաջ հնարավոր էր Օլիմպիական խաղեր գործուղել 9 ծանրորդ (6 տղամարդ, 3 կին), ապա գենդերային հավասարության սկզբունքով այսօր ծանրամարտի բազմաթիվ քաշային կարգերից օլիմպիական են մնացել միայն 10-ը՝ հնգական տղամարդկանց ու կանանց մրցաձևերում: Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ առավելագույնը 6 ծանրորդ՝ 3-ական տղամարդ և կին: Դա, իհարկե, ուժեղ հարված է հայկական ծանրամարտի օլիմպիական հավակնություններին: Այս պահին արագորեն կարելի է թվել առնվազն 6 ծանրորդի անուն, որոնք կարող էին այլ հանգամանքներում լինել օլիմպիական մեդալի, նրանցից մի քանիսը՝ նույնիսկ չեմպիոնության հավակնորդ՝ Անդրանիկ Կարապետյան, Կարեն Ավագյան, Հակոբ Մկրտչյան, Սամվել Գասպարյան, Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան… Եթե հաշվի առնենք, որ երիտասարդներից մի քանիսն արդեն թակում են հավաքականի դռները, այս ցուցակը կարելի է համալրել: Բայց քաշային կարգերի ու մասնակիցների քանակի կրճատումը մեծ մրցակցություն է մտցրել հավաքականի ներսում, իսկ մարզիկներին ու մարզիչներին էլ ստիպել ապագայի վերաբերյալ ճակատագրական որոշումներ կայացել: Նման որոշումներից էր, օրինակ, Գոռ Մինասյանի տեղափոխությունը Բահրենի հավաքական:

Եվ այսպես, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պահանջով շարունակեց «օպտիմալացնել» օլիմպիական քաշային կարգերը, բայց այս անգամ ընտրական կարգը շատ ավելի «խառն է»:

Նախ, օլիմպիական +102 կգ (տղամարդկանց) և +81 կգ (կանանց) քաշային կարգերը IWF-ի ստանդարտ քաշային կարգերի մեջ չեն մտնում: IWF-ն ունի 102, 109 և +109 (տղամարդկանց), 81, 89 և +89 (կանանց) քաշային կարգեր: Այդ պատճառով որոշում է կայացվել ոչ օլիմպիական քաշային կարգերում հաջողություն ունեցող մարզիկների ցուցանիշները ևս ընդգրկել վերջնական վարկանիշային ցանկում: 

2022-2024 թվականներին տեղի կունենան մի շարք մրցաշարեր, որոնք կլինեն ընտրական Փարիզ-2024-ի համար: Առաջինն օրեր առաջ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված 2022թ. աշխարհի առաջնությունն էր:

Վարկանիշային են լինելու նաև 2023թ. աշխարհի առաջնությունը, 2023 ու 2024թթ. մայրցամաքների առաջնությունները, 2023-ին նախատեսված երկու Գրան-պրիները և 2024թ. աշխարհի գավաթի խաղարկությունը: Օլիմպիական խաղերի մասնակիցը պետք է պարտադիր ելույթ ունենա 2023թ. աշխարհի առաջնությունում և 2024թ. աշխարհի գավաթի խաղարկությունում: Եթե նա բաց թողնի այս երկու մրցաշարերից որևիցե մեկը, հնարավորություն չի ունենա մասնակցել Օլիմպիական խաղերին, եթե մրցաշարի բացթողումը չի եղել խիստ բացառիկ հանգամանքներով պայմանավորված (ծանր վնասվածք, մրցավայր մեկնելու հնարավորության բացակայություն): Ընդ որում, խիստ բացառիկ հանգամանքի «խիստ բացառիկ» լինելը պետք է որոշի հատուկ հանձնաժողովը: Բացի այդ երկու մրցաշարերից, ծանրորդը պետք է մասնակցի առնվազն ևս երեք վարկանիշային մրցման: 

Ծանրորդները վարկանիշային մրցաշարերին մասնակցելու են IWF-ի քաշային կարգերում՝ մինչև 55, 61, 67, 73, 81, 89, 96, 102, 109 և +109 (տղամարդկանց), մինչև 45, 49, 55, 59, 64, 71, 76, 81, 87, +87 (կանանց): Օլիմպիական վարկանիշային դասակարգման ցուցակում մարզիկների ցուցանիշները խմբավորվելու են հետևյալ սկզբունքներով՝ 55 և 61 կգ քաշային կարգերի ցուցանիշները լինելու են 61 կգ քաշային կարգի աղյուսակում, 67 և 73 կգ քաշային կարգերին՝ 73-ում, 81 և 89 կգ քաշայիններինը՝ 89-ում, 96 և 102-ը՝ 102-ում, 109 և +109-ը՝ +102-ում: Նույն սկզբունքը գործելու է կանանց քաշային կարգերում: Օլիմպիական վարկանիշային ցուցակում լավագույն 12 ցուցանիշ ունեցող ծանրորդները ստանալու են օլիմպիական խաղերում ելույթ ունենալու իրավունք: Եթե նման ծանրորդների քանակը մեկ երկրից գերազանցում է 3-ը, ապա տվյալ երկրի օլիմպիական կոմիտեն ընտրում է իր նախընտրած երեք ծանրորդներին: Ընդ որում, յուրաքանչյուր քաշային կարգում կարող է լինել մեկ երկրի միայն մեկ ներկայացուցիչ…

Հաշվի առնելով բոլոր այս փոփոխությունները՝ փորձենք հասկանալ, թե հայ ծանրորդներից ով հնարավորություն ունի հայտնվելու Օլիմպիական խաղերում:

Մինչև 61 կգ քաշային կարգ

Վերջին տարիներին թեթև քաշային կարգերում հայ ծանրորդները չեն փայլում։ Վերջինը, որը մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, եղել է Սմբատ Մարգարյանը: Սակայն 2022-ին երիտասարդների աշխարհի առաջնության մինչև 55 կգ քաշային կարգում հաղթեց Գառնիկ Չոլակյանը՝ երկամարտի 240 կգ արդյունքով: Չոլակյանը 19 տարեկան է, և շուտով կարող ենք սպասել նրան 61 կգ քաշային կարգում՝ ավելի բարձր արդյունքներով: Հավանական է, որ 1-2 տարում Չոլակյանին կտեսնենք մեծահասակների հավաքականում, գուցե նա նույնիսկ կարող է հասցնել վարկանիշային միավորներ ձեռք բերել Օլիմպիական խաղերի համար: Բայց, ամեն դեպքում, քիչ հավանական է, որ Չոլակյանին կտեսնենք Փարիզում:

Մինչև 73 կգ քաշային կարգ

Այս քաշային կարգում գրեթե 100 տոկոսով մասնակից չենք ունենա Փարիզում: Երիտասարդներից Գոռ Սահակյանը կարող է մոտ տարիներին համալրել հավաքականը, բայց դեռ 18 տարեկան է: Հայաստանն այս քաշային կարգերում ներկայացուցիչ չուներ 2022թ․ աշխարհի առաջնությունում, նշանակում է՝ մարզիչները լրջորեն չեն դիտարկում այս քաշային կարգերը փարիզյան հեռանկարներում:

Մինչև 89 կգ քաշային կարգ

Վերջին տարիներին Հայաստանն այս քաշային կարգում ներկայացրել են հեռանկարային ծանրորներ՝ Վարդան Մանուկյանը, Ռաֆիկ Հարությունյանն ու Կարեն Մարգարյանը, տիտղոսակիրներ Անդրանիկ Կարապետյանը, Կարեն Ավագյանն ու Հակոբ Մկրտչյանը… Աշխարհի առաջնությանը մասնակցեցին Մանուկյանը, Կարապետյանն ու Մկրտչյանը (96 կգ): Կարեն Ավագյանը 2021-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում գերազանցելով Անդրանիկ Կարապետյանին 10 կգ-ով: Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքով Ավագյանը կարող էր նաև աշխարհի չեմպիոն լինել, բայց նա բաց թողեց առաջնությունը վնասվածքի պատճառով, որից դեռևս չի ապաքինվել, ու դեռ հարցական է՝ կկարողանա արդյո՞ք վերադառնալ մեծ սպորտ, թե՝ ոչ: Ցավալի է, քանի որ Ավագյանը կարող էր մեդալի իրական հավակնորդ լինել Փարիզում: Հատկանշական է, որ 2019թ. աշխարհի առաջնությունում չեմպիոն էր դարձել Հակոբ Մկրտչյանը՝ նույն 375 կգ արդյունքով: Այնուհետև Մկրտչյանը տեղափոխվեց օլիմպիական 96 կգ քաշային կարգ, բայց, հիմա, փոփոխություններից հետո, նա, կարծես, մնում է առանց օլիմպիական ուղեգրի, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը խիստ դեմ է, որ ծանրորդները վերադառնան ավելի թեթև քաշային կարգ: Աշխարհի առաջնությունում էլ Մկրտչյանը ելույթ ունեցավ 96 կգ քաշային կարգում, ինչը նշանակում է, որ Օլիմպիական խաղերին նա կարող է մասնակցել միայն 102 կգ քաշային կարգում, ինչը քիչ հավանական է:

Ինչ վերաբերում է փորձառու Կարապետյանին, ապա Փաշիկ Ալավերդյանը նախ խոստանում էր Անդրանիկին հասցնել օլիմպիական ոսկե մեդալի, իսկ հիմա, վերջին աշխարհի առաջնությունից հետո, ասում է, որ նա հեռացված է հավաքականից… Ստեղծված պայմաններում մեծանում են Մանուկյանի շանսերը, որը երիտասարդ է ու դեռ տեղ ունի ավելացնելու: Անկախ նրանից, թե ով կմեկնի Փարիզ, մեդալային հավակնությունները քիչ են լինելու: Այս քաշային կարգում մեծ հոսք է տեղի ունեցել 81 և 96 կգ կարգից, երիտասարդ բուլղարացի Կառլոս Նասարը և փորձառու իտալացի Անտոնիո Պիցոլատոն հավանաբար պայքարելու են ոսկե մեդալի համար, իսկ բրոնզի համար մեծ պայքար է սպասվում 4-5 ծանրորդների միջև:

 

Մինչև 102 կգ քաշային կարգ

Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում Եվրոպայի 2021թ. չեմպիոնն է, և այս քաշային կարգերի փոփոխություններից ամենաշատը հենց նա կարող է օգտվել, ինչն արդեն տեսանք աշխարհի առաջնությունում: Գասպարյանը կարողացավ կարիերայում առաջին անգամ աշխարհի առաջնության մեդալ նվաճել, ինչը, իհարկե, մեծ ձեռքբերում է գյումրեցի ծանրորդի համար: Ընդ որում, Գասպարյանը կարող էր ավելի բարձր հարկի մեդալ էլ նվաճել, եթե հաջող իրացներ իր բոլոր փորձերը: Գասպարյանին, առաջին հերթին, կայուն հոգեբանություն է պետք կարևորագույն մրցաշարերի ժամանակ: Ավելի թեթև քաշային կարգից տեղափոխվել է Կատարի ներկայացուցիչ Էլբախը, որը դարձավ աշխարհի չեմպիոն ու, ամենայն հավականությամբ, կլինի փարիզյան ոսկու գլխավոր հավակնորդը: Հավանաբար նույնը կանի նաև Բահրեյնը ներկայացնող կոլումբացի Պարեդեսը, որը 96 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ավելի բարձր արդյունքով, քան Էլբախը: Իսկ հետո կան 5-6 ծանրորդներ, այդ թվում՝ Գասպարյանը, որոնց համար միանգամայն իրական է պայքարել մեդալների համար: Այնպես որ, եթե ինչ-որ ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, Գասպարյանին կտեսնենք փարիզյան մրցահարթակներում:

Կա նաև երիտասարդ Գարիկ Կարապետյանը, որը դեռ 19 տարեկան է, երկամարտում 370 կգ արդյունք է ցույց տալիս, և մեծ հավանականությամբ, 3-4 տարի անց 102 կգ քաշային կարգում առաջատարներից կլինի: Նրան նույնպես շուտով կարող ենք սպասել մեծահասակների հավաքականում:

 

+102 կգ քաշային կարգ

IWF-ի աբսուրդային որոշումը՝ գերծանր քաշային կարգն Օլիմպիական խաղերում դարձնել +102 կգ-ը, կարծես, քար է գցում Սիմոն Մարտիրոսյանի՝ օլիմպիական չեմպիոն դառնալու հավակնությունների վրա: 2021թ. աշխարհի առաջնության լավագույն դիմակայություններից էր Ակբար Ջուրաևի, Ռուսլան Նուրուդինովի և Սիմոն Մարտիրոսյանի պայքարը 109 կգ քաշային կարգում: Փաստացի, IWF-ն ու ՄՕԿ-ը ոչ միայն զրկեցին ծանրամարտի սիրահարներին այդ դիմակայությանն ականատես լինել Փարիզում, այլև գրեթե խաչ քաշեցին այդ երեք ուժեղ ծանրորդներից առնվազն երկուսի՝ Օլիմպիական խաղերին մասնակցության վրա: Անձնական քաշը թույլ չի տա նրանց իջնել 102 կգ քաշային կարգ, իսկ գերծանր քաշային կարգում նրանց համար շատ դժվար կլինի:

IWF-ի այդ որոշման հետևանքով էլ Գոռ Մինասյանն արդեն ներկայացնում է Բահրեյնը: Բոգոտայում կայացած աշխարհի առաջնությունում Մինասյանը կարողացավ հաղթել Վարազդատ Լալայանին ու Սիմոն Մարտիրոսյանին, ինչից հետո շատերը սկսեցին քննադատել ֆեդերացիային ու մարզիչներին գյումրեցի ծանրորդին բաց թողնելու համար: Սակայն հարցին պետք է նաև այլ տեսանկյունից նայել:

Վարազդատը Լալայանը երիտասարդ է ու շարունակում է առաջադիմել, աշխարհի նախորդ առաջնությունում ու Եվրոպայի 2022թ. առաջնությունում էլ նա կարողացավ հաղթել Մինասյանին: Իհարկե, քանի դեռ Լաշա Տալախաձեն շարունակում է կարիերան, հայ ծանրորդները պայքարում են բացառապես արծաթե մեդալի համար, բայց Լալայանն ունի բոլոր տվյալները Լաշայի հեռանալուց հետո դառնալ քաշային կարգի առաջատարը: Առավել ևս, որ Տալախաձեին վերջին շրջանում շատ են տանջում վնասվածքները: Լալայանը Բոգոտայում հաղթեց Մինասյանին վերջինիս համար ավելի ուժեղ՝ պոկում վարժությունում: Ցավոք, հրումը Վարազդատի մոտ լավ չստացվեց, բայց 246 կգ-ով նա կրկնեց իր կարիերայի լավագույն արդյունքը: Հեռանկարային առումով՝ Լալայանի մնալն ավելի տրամաբանական որոշում է: Իսկ Մինասյանը, տեղափոխվելով Բահրեյնի հավաքական, հնարավորություն է ստանում մասնակցել Օլիմպիական խաղերին ու երկրորդ անգամ կարիերայում մեդալ նվաճել: 

Ստեղծված իրավիճակում խոսել Սիմոն Մարտիրոսյանի հեռանկարներից իրատեսական չէ: Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնին ավելի մանրամասն կանդրադառնանք մեկ այլ անգամ:

Կարճ անդրադառնանք նաև կանանց ծանրամարտին: Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին կանանց հավաքականում կտեսնենք Լիանա Գյուրջյանին, Տաթև Հակոբյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին: Նրանցից Փարիզում հայտնվելու լավագույն հնարավորությունն ունի 20-ամյա Գյուրջյանը, որին միանշանակ ձեռնտու էր քաշային կարգերի փոփոխությունը: Այժմ 81 կգ քաշային կարգն օլիմպիական է, և Լիանա Գյուրջյանը կարող է ուղեգիր նվաճել, Կատարում էլ փորձել պայքարել ավելի բարձր տեղերի համար, քան այս աշխարհի առաջնությունում (11-րդ): Փորձառու Խուրշուդյանը, որը բավականին լավ ելույթ ունեցավ Բոգոտայում՝ զբաղեցնելով 4-րդ տեղը, կամ պետք է իջնի 81 կգ քաշային կարգ, կամ էլ բարձրանա գերծանր, բայց 81-ում Գյուրջյանի հեռանկարներն ավելի լավն են, իսկ գերծանր քաշային կարգում այս պահին անելիք չկա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա