Logo

Փարիզյան հեռանկարներ. ՄՕԿ-ի և IBA-ի բարդ հարաբերություններն ու Հայաստանի ակնկալիքները

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
15:27 / 30.03.2023ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

2023 թվականը կարևոր է ամառային օլիմպիական մարզաձևերի համար, քանի որ աշխարհի առաջնությունների ժամանակ որոշվելու են Փարիզում 2024 թվականի ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրերի մեծ մասի տիրակալները: Սակայն բռնցքամարտն այդ մարզաձևերի շարքում չէ: «Փարիզյան հեռանկարներ» շարքում VNews-ը շարունակում է անդրադառնալ Հայաստանի օլիմպիական հեռանկարներին, այս անգամ հերթը բռնցքամարտինն է:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ռուսաստանցի Ումար Կրեմլյովի՝ IBA-ի նախագահի պաշտոնում ընտրվելը և վերընտրվելն ավելի խորացրին երկու կառույցների միջև անդունդը: ՄՕԿ-ում կասկածում են, որ գումարները IBA են մտնում ոչ օրինական ճանապարհներով, որ մարզաձևում կոռուպցիան շարունակում է աճել, մրցավարական կողմնակալությունը ոչ մի տեղ չի անհետանում, այդ պատճառով օլիմպիական վարկանիշներ բաժանելու իրավունքը, ինչպես Տոկիոյի Օլիմպիական խաղերում, այնպես էլ հիմա պատկանելու է ՄՕԿ-ին:

Ինչպես ծանրամարտում, այնպես էլ բռնցքամարտում ՄՕԿ-ը մի շարք փոփոխություններ է կատարել, կրճատել տղամարդկանց քաշային կարգերն ու ավելացրել կանանցը: Այժմ օլիմպիական են տղամարդկանց մինչև 51, 57, 63.5, 71, 80, 92, +92 և կանանց մինչև 50, 54, 57, 60, 66 և 77 կգ քաշային կարգերը: 

Հայ բռնցքամարտիկներն ունենալու են ուղեգիր նվաճելու երեք հնարավորություն: Առաջինը լինելու է 2023թ. հունիսի 23-ից հուլիսի 2-ը լեհական Կրակովում կայանալիք Եվրոպական խաղերի ժամանակ, որի ընթացքում, ընդհանուր առմամբ, 22 ուղեգիր է խաղարկվելու: Մյուս երկու հնարավորությունները լինելու են 2024-ին․ կայանալու են համաշխարհային վարկանիշային երկու մրցաշարեր, որոնցում ևս 28-ական ուղեգրեր են խաղարկվելու: Մրցաշարերի վայրն ու կոնկրետ ժամկետները դեռ պարզ չեն:

Ինչ վերաբերում է հայ բռնցքամարտիկներին, ապա ամենամեծ ինտրիգը, իհարկե, Հովհաննես Բաչկովի հավանական մասնակցությունն է: Եվրոպայի եռակի չեմպիոնն իր քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներից է, բայց արդյոք նա կմնա սիրողական բռնցքամարտում մինչև 2024-ի ամառ, դեռ պարզ չէ: Այդ մասին ավելի մանրամասն անդրադարձել ենք նախորդ հրապարակումներից մեկում: Եթե Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Բաչկովը, ի վերջո, հրաժարվի օլիմպիական ևս մեկ մեդալ նվաճելու գաղափարից, ապա 63.5 կգ քաշային կարգում ակնկալիքներ դժվար թե լինեն: Բաչկովի բացակայությամբ, հավաքականի առաջին համարը հավանաբար կլինի Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Արթուր Շախպազյանը, որը թեև տաղանդավոր բռնցքամարտիկ է, սակայն տպավորություն կա, որ այս շրջափուլում դեռ չի հասունացել մեծ հաջողությունների համար:

51 կգ քաշային կարգում մարզիչները լուրջ երկընտրանքի առջև են կանգնելու: Հայաստանի առաջնության եզրափակիչում երիտասարդ գյումրեցի Ռուդոլֆ Գարբոյանը պարտության մատնեց իր բազմափորձ համաքաղաքացի Արթուր Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը 2019-ին Եվրոպական խաղերում նվաճեց չեմպիոնի կոչումը, և թվում էր՝ առաջիկա տարիներին կշարունակի մնալ թեթև քաշային կարգի առաջատարը, սակայն այն բանից հետո, երբ 49 կգ քաշային կարգը դադարեց օլիմպիական լինելուց, Հովհաննիսյանը տեղափոխվեց 51 կգ քաշային կարգ, որտեղ բախվում է խնդիրների: Նախ նա չկարողացավ Տոկիո-2020-ի ուղեգրի համար պայքարել (Հայաստանից այդ քաշային կարգում մասնակցեց Կորյուն Սողոմոնյանը), հետո պարտվեց Երևանում կայացած Եվրոպայի առաջնության հենց առաջին մենամարտում ապագա չեմպիոն, իսպանացի Մոլինային, անհաջող ելույթ ունեցավ Մինսկի միջազգային մրցաշարում՝ պարտվելով երիտասարդ տաղանդավոր ռուսաստանցի Զակիրովին: Մյուս կողմից՝ Հովհաննիսյանի փորձը կարող է կարևոր դեր ունենալ ընտրական մրցաշարերում:

Ինչ վերաբերում է Ռուդոլֆ Գարբոյանին, ապա 20-ամյա բռնցքամարտիկը 2022-ին հասցրել է նորամուտը նշել պրոֆեսիոնալ ռինգում ու երկու հաղթանակ է տանել, սակայն սիրողական բռնցքամարտը չի թողել և հույսեր ունի այս շրջափուլում հաջողություններ ունենալ: Հաղթելով Հայաստանի առաջնությունում՝ Գարբոյանը դարձավ քաշային կարգի առաջին համարը, բայց վերջերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվեց արգենտինացի Կիրոգային, որը մեծ հաջողություններ իր կարիերայում առանձնապես չի գրանցել: Հավանաբար, Գարբոյանը կշարունակի մնալ հավաքականի առաջին համարը, սակայն, եթե հաջողություններ չլինեն, մարզչական կազմը կարող է փոխել կարծիքը Արթուր Հովհաննիսյանի օգտին:

57 կգ քաշային կարգում մեծ հույսեր կան կապված Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանի հետ: 22-ամյա մարզիկը 2021-ին դարձավ Մ22 Եվրոպայի չեմպիոն, Երևանում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում էլ հասավ եզրափակիչ: Եթե Բազեյանը շարունակի այս տեմպերով, ապա միանգամայն իրատեսական է օլիմպիական ուղեգիր ակնկալելը: Բազեյանն իր կարգը հաստատեց նաև Ստրանջայի մրցաշարում, որտեղ հասավ կիսաեզրափակիչ ու դարձավ բրոնզե մեդալակիր:

Նույն մրցաշարում արծաթե մեդալակիր դարձած Համբարձում Հակոբյանի հետ կապված ևս հույսեր կան: Հակոբյանը ևս հաջող ելույթներ է ունեցել երիտասարդական մրցումներում, դարձել Մ22 Եվրոպայի փոխչեմպիոն և այժմ Հայաստանի չեմպիոնի կարգավիճակում պատրաստվում է պայքարել օլիմպիական ուղեգրի համար: 

Նույնը չի կարելի ասել 71 կգ քաշային կարգի մասին: Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 20-ամյա Նարեկ Զախարյանը, որը Հայաստանի այս տարվա առաջնության եզրափակիչում պարտվեց Զավեն Գալստյանին: Այն, որ Ստրանջայի մրցաշարում մարզիչներն այս քաշային կարգում չէին ընդգրկել ոչ մեկի, ցույց է տալիս, որ մեծ հույսեր այս պահին չունեն։

92 կգ քաշային Նարեկ Մանասյանին երկար ժամանակ անհաջողություններ էին հետապնդում: Շուրջ 10 տարի առաջ Մանասյանը համարվում էր հայկական բռնցքամարտի ամենահեռանկարային կադրերից մեկը․ նա բրոնզե մեդալակիր դարձավ 2014թ. պատանիների աշխարհի առաջնությունում և պատանեկան Օլիմպիական խաղերում: Սակայն վճռական քայլը, որը թույլ կտար Մանասյանին հաստատվել մեծահասակների ասպարեզում, անել չէր ստացվում: Խոշոր մրցաշարերում նա պարտվում էր ֆավորիտներին ու չէր կարողանում մեդալ նվաճել, մի պահ նույնիսկ մտածում էր սպորտը թողնելու մասին, սակայն ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից հետո Նարեկը վերադարձրեց հավաքականում առաջին համարը և մասնակցեց 2022թ. Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանը, որտեղ կարողացավ հասնել կիսաեզրափակիչ ու դառնալ բրոնզե մեդալակիր: Պարզ է, որ մարզչական կազմը հենց Մանասյանին է վստահելու վարկանիշային մրցաշարերում, մնում է հուսալ, որ բռնցքամարտիկը կկարողանա խուսափել վնասվածքներից, վիճակահանությամբ էլ նախնական փուլերում բաժին չեն հասնի քաշային կարգի ֆավորիտները:

Գերծանր քաշային կարգում հավաքականում կան երկու ուժեղ բռնցքամարտիկներ՝ 2021թ. մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն ու նույն թվականի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Հովհաննես Փափազյանը, սակայն այս պահին Չալոյանի դիրքերն անսասան են: 25-ամյա գյումրեցի մարզիկի հրաշալի ելույթը 2021թ. աշխարհի առաջնությունում շատերի համար անակնկալ էր: Չալոյանը, ընդհանրապես, պետք է չեմպիոն դառնար, եզրափակիչում մրցավարները նվիրեցին հաղթանակը ռուս բռնցքամարտիկին:

Սակայն 2022թ․ Եվրոպայի առաջնությունում, որտեղ Չալոյանը հաղթողի գլխավոր ֆավորիտն էր, տհաճ անակնկալ տեղի ունեցավ. քառորդ եզրափակիչում նա պարտվեց անհայտ իսպանացուն ու զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից: Թվում է՝ Չալոյանն անհրաժեշտ հետևություններն արել է. 2022-ին նա նախ հաղթեց Հայաստանի առաջնությունում՝ երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչում պարտության մատնելով Հովհաննես Փափազյանին, իսկ հետո լավ ելույթ ունեցավ Ստրանջայի մրցաշարում, որտեղ հասավ եզրափակիչ: Հետաքրքիր կլիներ տեսնել նրա դիմակայությունը սիրողական ռինգ վերադարձած օլիմպիական չեմպիոն, ուզբեկ Բախոդիր Ջալոլովի հետ, բայց Չալոյանը վնասվածքի պատճառով դուրս չեկավ ռինգ եզրափակիչ մենամարտում, և հաղթանակը շնորհվեց Ջալոլովին: Սակայն, եթե Դավիթը շարունակի վստահ ելույթները, այդ դիմակայությունը վաղ թե ուշ տեղի կունենա, միգուցե նաև օլիմպիական ռինգում:

Կանանց բռնցքամարտում օլիմպիական ուղեգիր նվաճելու հեռանկարները մշուշոտ են թվում: Այն քաշային կարգերում, որտեղ հայ մարզուհիներն առաջատար դիրքեր ունեն, օլիմպիական չեն: Մասնավորապես, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը ելույթ է ունենում 70 կգ քաշային կարգում, նույն առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը՝ 63 կգ քաշային կարգում։ Հնարավոր է նրանք օլիմպիական երազանքի հետևից գնալով փորձեն քաշ գցել ու մասնակցեն վարկանիշային մրցաշարերին 60 և 67 կգ քաշային կարգերում, սակայն այդտեղ արդեն մրցակցությունն անհամեմատ մեծ է լինելու: Որոշակի հույսեր կան 54 կգ քաշային Եկատերինա Սիչևայի հետ կապված, որը Հայաստանի հավաքականում նորամուտը նշանավորեց Եվրոպայի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալով: Հերթական անգամ կփորձի օլիմպիական ուղեգրի համար պայքարել նաև հավաքականի հնաբնակներից 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։

Օրեր առաջ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամների համար օլիմպիական ուղեգիր նվաճելու լավագույն հնարավորությունը կլինեն հունիսին կայանալիք Եվրոպական խաղերը, որտեղ գրեթե յուրաքանչյուր քաշային կարգում 4-ական ուղեգիր է խաղարկվելու և կիսաեզրափակիչ հասնելը բավարար կլինի վարկանիշ նվաճելու համար: Մասնավորապես, տղամարդկանց մրցաշարում 57, 63.5, 71 և 80 կգ քաշային կարգերում 4-ական ուղեգիր է խաղարկվելու, իսկ 51, 92 և +92 քաշային կարգերում ուղեգիր կարող են նվաճել միայն եզրափակիչ հասած մարզիկները:

Իրավիճակը բարդացնում է այն, որ 2023թ. մայիսին տեղի է ունենալու աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային չէ, բայց IBA-ի կողմից խոշոր պարգևավճարներ են սահմանված: Այնպես որ, մարզիչներն ու մարզիկները պետք է կարողանան ճիշտ դասավորել ուժերը, որպեսզի Եվրոպական խաղերում հոգնածությունը զգալ չտա, և օլիմպիական ուղեգրերի համար պայքարում տհաճ անակնկալներ չլինեն:

Սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի արանքում. Կգնա՞ Հովհաննես Բաչկովը 2-րդ օլիմպիական մեդալի հետևից, թե` ոչ

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա