Մի անգամ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն ու թարգմանիչ Հովհաննես Մասեհյանը Բեռլինի սրճարաններից մեկում սուրճ են խմում ու նայում անցուդարձին:
Մասեհյանը, հատկապես, կլանված նայում է Ռուբենսի հերոսուհիներին հիշեցնող փարթամ կազմվածքով գերմանուհիներին, ապա հարցնում Իսահակյանին.
-Ավետիք, ինչպիսի՞ կին ես գերադասում:
Իսահակյանն անկեղծ պատասխանում է.
-Ես նախընտրում եմ, որ կինն ունենա կանացի ընդգծված, փոքր-ինչ ճոխ կազմվածք:
Մասեհյանն առարկում է.
-Չէ, ես գերադասում եմ, որ կինն ունենա պոետիկական, անիրական նուրբ կազմվածք, ինչպես Բոտիչելին է նկարել:
Սակայն, հենց նույն պահին փարթամ մի կին անցնելուն պես Մասեհյանը շուռ է գալիս ու հիացական հայացքով ուղեկցում նրան:
Իսահակյանը կատակելով ասում է.
-Հովհաննես, քո խոսքերը չեն համընկնում քո վարվելակերպին:
Մասեհյանն անխռով պատասխանում է.
Դե, գիտես, երբեմն բացառություններ էլ կարող են լինել: