Logo

Փաշիկ Ալավերդյան. «Գոռը գերազանցեց իր հնարավորությունները»

Հեղինակ
Հրայր Նազարյան
23:48 / 17.04.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Գոռ Սահակյանը փայլուն դրսևորեց իրեն և արժանիորեն դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրվա ավարտին VNews-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով Գոռ Սահակյանի փայլուն հաղթանակը 67 կգ քաշային կարգում։

«Գոռը լիովին արդարացրեց սպասելիքները և նույնիսկ հնարավորություններից բարձր հանդես եկավ։ Ճիշտ է, պոկում վարժության երրորդ մոտեցման ժամանակ նա չկարողացավ բարձրացնել 147 կգ կշռող ծանրաձողը, բայց պետք է նշեմ, որ առաջին անգամ էր նման փորձ կատարում։ Անգամ մարզումների ընթացքում նա նման քաշի չի մոտեցել։ Ասենք, 145 կիլոգրամ էլ նախկինում չէր բարձրացրել, բայց այս անգամ հաջողությամբ արեց դա։ Այն դեպքում, երբ մարզումներն ու մրցումներն արմատապես տարբերվում են։ Մարզումների ժամանակ չկա լարվածություն, մարզիկն ավելի անկաշկանդ է, բացի այդ, 2-2,5 կիլոգրամ ավելի է կշռում։

Հրում վարժության վերջին մոտեցումից հրաժարվելը միանգամայն արդարացված էր, քանի որ Գոռն արդեն չեմպիոն էր, ուստի կարիք չկար անտեղի վտանգել մարզիկի առողջությունը։ Միշտ ձգտում եմ սաներիս զերծ պահել հնարավոր վնասվածքներից»,- զրույցում նշեց Փաշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Գոռ Սահակյանը երկամարտում նվաճել էր Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել էր 320 կգ (145+175) և 15 կգ գերազանցել արծաթե մեդալակիր դարձած իսպանացի Խուան Մենդոզա Էրնանդեսին: Լավագույն եռյակը եզրափակել էր թուրք Կան Կահրիմանը (301 կգ): 19-ամյա Սահակյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում։

Երևանյան ԵԱ-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր Իզաբելա Յայլյանը (55 կգ), որը գրավել էր երրորդ տեղը։ Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա