Logo

Փրկված սերունդներ․ 5 լեգենդար մարզիկ, որոնց նախնիները ողջ են մնացել Հայոց Ցեղասպանությունից հետո

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 24.04.2021Ֆորմուլա 1
Բացառիկ
AlainProstF1GrandPrixSingaporeQualifyingjOMoJ6Au3Bnx - Փրկված սերունդներ․ 5 լեգենդար մարզիկ, որոնց նախնիները ողջ են մնացել Հայոց Ցեղասպանությունից հետո

Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը 20-րդ դարի և առհասարակ մարդկության պատմության ամենազարհուրերի հանցագործություններից է։ Ցեղասպանությունից փրկվածները գաղթում էին տարածաշրջանից՝ հաստատվելով Մերձավոր Արևելքի, կամ էլ Եվրոպայի երկրներում։ Ցեղասպանությունից անցել է 106 տարի։ Փրկված սերունդները, որոնք սփռվել են աշխարհով մեկ, հայ ազգին ուրախանալու, հպարտանալու բազմաթիվ առիթներ են տվել։ Մարզական աշխարհը բացառություն չէ։ Այստեղ կան հանրաճանաչ, երբեմն նույնիսկ լեգենդար անուններ, որոնք հայկական արմատներ ունեն։ VNews-ը ներկայացնում է 4 հայազգի մարզիկի, որոնց նախնիները փրկվել են Ցեղասպանությունից։

1․ Անդրե Աղասի (թենիս)

Անդրե Աղասին բոլոր ժամանակների լավագույն թենիսիստներից մեկն է։ Այս մարզաձևը ընտրելու հարցում մեծ դերակատարում է ունեցել Աղասիի հայրը՝ բռնցքամարտիկ Էմանուել Աղասին։ Էմանուելի նախնիները Օսմանյան կայսրությունում հետապնդումից խուսափելու համար Ցեղասպանության տարիներին փոխում են սերնդի հայկական ազգանունը՝ Աղասյանը դարձնելով Աղասի։ Հայազգի թենիսիստի նախնիները այս քայլից հետո կարողանում են գաղթել դեպի Իրան, որտեղ էլ ծնվում է Աղասիի հայրը՝ Էմանուելը։ Աղասիի հոր ծնողների մասին տեղեկությունները տարբեր են։ Ասում են, որ Էմանուելը մի անգամ հայտարարել է, թե իբր իր հայրը ուկրաինահայ է Կիևից, իսկ մայրը Օսմանյան կայսրության հայուհի է։ Հաստատել, կամ հերքել այս տեղեկությունը կարող են միայն Աղասիները։ Պետք չէ մոռանալ, որ Ցեղասպանությունը տեսած, վերապրած սերունդները մշտապես վախեցել են այդ արհավիրքից։ Գուցե Աղասիի հոր հայտարարությունը ինչ-որ չափով հայերից հեռանալու մտադրություն է ունեցել հետագա ջարդերից խուսափելու համար։

agasasi - Փրկված սերունդներ․ 5 լեգենդար մարզիկ, որոնց նախնիները ողջ են մնացել Հայոց Ցեղասպանությունից հետո

Աղասիի հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է 1948 և 1952 թվականի Օլիմպիական խաղերին, ու հենց այդ ժամանակ է առաջին անգամ առնչություն ունեցել թենիսի հետ։ Մերձավոր Արևելքում հաստատված հայ գաղթականներից շատերը 20-րդ դարի երկրորդ կեսին տեղափոխվում էին Միացյալ Նահանգներ։ Աղասիները ևս գնացին այդ ճանապարհով։ Անդրե Աղասին ծնվել է Լաս Վեգասում։ Նա Մեծ սաղավարտի մրցաշարերի 8-ակի չեմպիոն է, աշխարհի նախկին առաջին ռակետ է։ 1995 թվականին նա դարձել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր տղամարդկանց մենախաղում։ Այդպիսի ցուցանիշով պարծենալ չեն կարող նույնիսկ Ռոջեր Ֆեդերերն ու Նովակ Ջոկովիչը։ Աղասին Ռոդ Լեյվերի, Ֆեդերերի, Նադալի ու Ջոկովիչի հետ միակ թենիսիստն է պատմության մեջ, որը հաղթել է Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում։

2․ Յուրի Ջորկաեֆ (ֆուտբոլ)

Ի տարբերություն Աղասիի, Ջորկաեֆը հայկական ծագում ունի մորական կողմից։ Նրա մայրը՝ Մարի Օհանյանը, Ցեղասպանությունից փրկված և Եվրոպայում հաստատված հայկական ընտանիքից էր։ Մարիի հայրը՝ Գարո Օհանյանը, զբաղվել է Ջորկաեֆի դաստիարակությամբ։ Հայազգի ֆուտբոլիստը մեծ սիրով է հիշում իր պապուն, ում պատվին էլ անվանակոչել է կրտսեր որդուն՝ Օհանին։ Երբ տեսնում ենք, թե ինչպես է Յուրին սիրում հայերին ու Հայաստանը, ակնհայտ է դառնում, որ մանկության տարիներին նա կապվել է հայկական մշակույթի ու մեր երկրի հետ։ Իր ֆուտբոլային գործունեության ընթացքում Ջորկաեֆը բազմաթիվ անգամ խոսել է Հայոց Ցեղասպանության մասին ու նույնիսկ խնդիրներ ունեցել Թուրքիայի հետ։

kuw9zaeo9fj3xateawp9 - Փրկված սերունդներ․ 5 լեգենդար մարզիկ, որոնց նախնիները ողջ են մնացել Հայոց Ցեղասպանությունից հետո

1993/94 թվականների Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Մոնակո» – «Գալաթասարայ» հանդիպման գոլերից մեկը խփեց հենց Ջորկաեֆը։ «Մոնակոն» հաղթեց 3-0 հաշվով։ Հանդիպումից հետո Ջորկաեֆը մեկնաբանեց ամենահեղինակավոր մրցաշարում իր խփած առաջին գնդակը՝ ասելով, որ սա իր առաջին պատասխանն էր թուրքերին Հայոց Ցեղասպանության համար։ 1998 թվականին Թուրքիայում նախատեսված էր անցկացնել ֆուտբոլային հատուկ հանդիպում․ Աշխարհի հավաքականը մրցելու էր Թուրքիայի հետ։ Սա նվիրված էր թուրքական պետության հիմնադրման 75-ամյակին։ Աշխարհի հավաքականի կազմում էր նաև Յուրի Ջորկաեֆը, սակայն Թուրքիան արգելեց նրա մուտքը երկիր։ Ջորկաեֆն էլ «կրակի վրա յուղ» լցրեց՝ ասելով, որ ամենևին էլ մտադրություն չուներ ժամանելու Թուրքիա։ Պատահականություն է, թե ոչ, բայց Ֆրանսիան Հայոց Ցեղասպանությունը ճանաչեց հենց 1998 թվականին, երբ թե՛ Ջորկաեֆը, թե՛ առհասարակ ֆրանսիական ֆուտբոլը աներևակայելի վերելքի մեջ էր։ Այդ տարի նրանք աշխարհի չեմպիոն դարձան, կազմում բացի Ջորկաեֆից խաղում էր նաև հայազգի մեկ այլ խաղացող Ալեն Բողոսյանը։ Ջորկաեֆն ու Բողոսյանը Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիային։

3․ Դավիդ Նալբանդյան (թենիս)

Եվս մեկ թենիսային հսկա, որի ազգանունն արդեն պատմում է, թե որ երկրից է նա գալիս։ Դավիդ Նալբանդյանի պապը՝ Գևորգը, ծնվել է 1909 թվականին Արևելյան Հայաստանի քաղաքներից մեկում։ Այդ տարիներին մեր հայրենիքի արևելյան հատվածը Ռուսական կայսրության մաս էր։ Նրա մայրը մահացել էր, երբ Գևորգը դեռ երեխա էր։ Հայրը զինվորական էր ու զոհվել էր մարտի դաշտում։ Դավիդ Նալբանդյանը պատմում է, որ իր պապը վերջին անգամ տեսել է որդուն հայկական եկեղեցում՝ պատարագից հետո։ Նրանք ստիպված են եղել հեռանալ եկեղեցուց, քանի որ հարձակում է սկսվել։ Ռուսաստանում հեղափոխությունից հետո Օսմանյան Թուրքիան ներխուժեց նաև Արևելյան Հայաստան։ Ինչպես Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում, այնպես էլ այստեղ հայ ժողովուրդի բնաջնջման վտանգ կար։

«Պապիկիս հաջողվեց փախչել։ Նա 12 տարեկան էր։ Սև և Միջերկրական ծովերը անտոմս ուղևորի կարգավիճակով անցնելուց հետո նա հասնում է Ֆրանսիա։ Ավելի ուշ Բուենոս Այրեսում ապրող որոշ բարեկամներ փաստաթղթեր հայթայթեցին, որոնք Գևորգին չափահաս էին դարձնում, ինչի շնորհիվ նա պետք է մուտք գործեր Արգենտինա։ Այդ մասին քիչ տեղեկություն կա, պապս քիչ էր խոսում»,-պատմում է Դավիդը։ Նալբանդյանն ասում է, որ իր պապը սարսափելի տառապանքների միջով է անցել։ Նա ամեն տարի՝ ապրիլի 24-ին, փակում էր իր խանութը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի հիշատակի։

DavidNalbandian2013BNPParibasOpenDayvV91LMG0dYAx 960x658 - Փրկված սերունդներ․ 5 լեգենդար մարզիկ, որոնց նախնիները ողջ են մնացել Հայոց Ցեղասպանությունից հետո

Դավիդ Նալբանդյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին մի քանի հայտնի աստղերի հետ նկարահանվել էր տեսանյութում ու կոչ էր անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Որպես թենիսիստ՝ նա բացառիկ կարիերա է ունեցել։ Նա միակ խաղացողն է պատմության մեջ, ում հաջողվել է մեկ մրցաշարի ընթացքում հաղթել Նովակ Ջոկովիչին, Ռաֆայել Նադալին ու Ռոջեր Ֆեդերերին։ Նրանք թենիսի անվիճելի հսկաներն են։ Նալբանդյանի խելահեղ արդյունքներն ու կարիերան այլ քննարկման թեմա են։

4․ Ալան Պրոստ (Ֆորմուլա-1)

Ֆրանսիացի լեգենդար մրցարշավորդ Ալան Պրոստի մորական ծնողները հայեր են։ Նրանք Ցեղասպանությունից մազապուրծ փախնելուց հետո Եվրոպայում հաստատված հայ գաղթականներ են։ Պրոստի դաստիարակության մեջ ևս մորական կողմը մեծ ազդեցություն է ունեցել։ Ջորկաեֆի պես ֆրանսիացի արշավորդն էլ մեծ սիրով է հիշում իր մանկությունը ու իր պապիկի պատմությունները հայերի ու Հայաստանի մասին․

«Մենք մեր ամբողջ մանկությունն անցկացրել ենք պապիկիս հետ, որը Հայաստանի մասին մեզ տարբեր պատմություններ էր պատմում։ Երբ դու 10 տարեկան ես, չես հասկանում դրանք։ Դու հասկանում ես դրանք, երբ մեծանում ես։ Այսօր այդ պատմությունները իմ կյանքի մի մասն են։ Ես չեմ խոսում հայերեն, բայց ես հայ եմ, ու սա ամենակարևոր բանն է»,-ասում է Պրոստը։

AlainProstF1GrandPrixEmiliaRomagnaQualifying0ovhYC58Sgwx 960x640 - Փրկված սերունդներ․ 5 լեգենդար մարզիկ, որոնց նախնիները ողջ են մնացել Հայոց Ցեղասպանությունից հետո

Պրոստը բոլոր ժամանակների լավագույն պիլոտներից է։ Նա աշխարհի քառակի չեմպիոն է։ Մինչև Միխայել Շումախերի կարիերան դժվար էր հավատալ, որ որևէ մեկին կհաջողվի շրջանցել հայկական արմատներ ունեցող լեգենդար ֆրանսիացու ռեկորդը։ Հիմա Պրոստի ցուցանիշը հետևում է թողել նաև Լյուիս Հեմիլթոնը, որը Շումախերի պես 7 հաղթանակ ունի աշխարհի առաջնություններում։ Սակայն Պրոստի թողած ժառանգությունը ավտոսպորտում չափազանց մեծ է։

Ցեղասպանությունից մազապուրծ փրկված սերունդների հայերը հաջողության են հասել ոչ միայ մարզական աշխարհում, այլ նաև երգարվեստում, կինոյում և մի շարք այլ բնագավառներում։ Այդպիսինն է հայի ոգին․ մենք միշտ վերածնվում ենք նոր հաղթանակներ կերտելու համար․․․

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա