Logo

Միջամտություն-տիտղոս. Մրցաշրջանի կարևորագույն փոխարինումները, որ բեկումնային եղան

Հեղինակ
Արամ Սահակյան
20:26 / 25.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

2021/22 մրցաշրջանն արդեն հիշողություն է: Խելահեղ հանդիպումների ցնծության, հիասթափության, նվաճումների ու ձախողումների այս անհավանական ճանապարհին եղան խաղեր, որոնցում որոշիչ դեր ունեցան մարզիչների կատարած փոփոխությունները: Այս տողերը կարդալիս երկրպագուները, հավանաբար, արդեն մտաբերում են ավարտված մրցաշրջանի այն խաղերը, որոնցում մարզչական միջամտությունները բեկումնային եղան: Տիտղոսներ, տիտղոսի կորուստ ու ուղեգիր դեպի ակումբային ամենահեղինակավոր եվրագավաթի խմբային փուլ:

VNews-ը ներկայացնում է մրցաշրջանի կարևորագույն փոխարինումները, որոնք իսկապես փոխեցին ամեն ինչ: 


VNews-ի ընտրանին՝


Ռոդրիգո («Ռեալ» 3-1 «Մանչեսթեր Սիթի»)

Եվրոպայի ակումբային չեմպիոնների 14-րդ գավաթի ճանապարհն ամենաբարդն էր «Ռեալի» համար: «Արքայական ակումբն» անհավանական քամբեքներ իրականացրեց ՊՍԺ-ի, «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերում ու վերջապես հայտնվեց փարիզյան եզրափակիչում: Այն, ինչ եղավ 1/8-ում ու 1/4-ում, գուցե հնարավոր է բառերով բացատրել, սակայն «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում տեղի ունեցածի համար գուցե նոր բառեր են անհրաժեշտ:

Առաջին խաղում 3-4 հաշվով պարտվելուց հետո «սպիտակների» երկրպագուները գոհ էին: Նրանք հասկանում էին, որ Մանչեսթերում կարող էր հաշիվն ավելի խոշոր լինել: «Ռեալն» Իսպանիայի մայրաքաղաքում ուներ խնդիր՝ հաղթելու առնվազն մեկ գնդակի տարբերությամբ: 68-րդ րոպեին հաշիվը 0-0 էր, երբ Կառլո Անչելոտին Թոնի Կրոսի փոխարեն դաշտ դուրս բերեց Ռոդրիգոյին: Րոպեներ անց ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ «Ռեալի» համար. քամբեքի համար արդեն երկու գոլ էր անհրաժեշտ: 

Խաղավերջում հենց Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ ճերմակ մարզահագուստով տղաներն արեցին անհավանականը: Քամբեքը կայացած էր: Լրացուցիչ ժամանակում էլ Բենզեմայի նշակետից դիպուկ հարվածը «Ռեալին» ուղարկեց Փարիզի «Շառլ դե գոլ» օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին գտնվող «Ստադ դը Ֆրանս» ստադիոն, որտեղ նվաճվելու էր 14-րդը: Պեպ Գվարդիոլան Ռոդրիգոյի դաշտ դուրս գալու պահին գուցե զգացել էր փոփոխության բեկումնային լինելը, հակառակ դեպքում ինչպե՞ս կբացատրեք հանճարեղ մարզչի այս հայացքը: 

Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի» 3-2 «Ասթոն Վիլա»)

«Մանչեսթեր Սիթիի» ու Պեպ Գվարդիոլայի երկրպագուներին խորհուրդ՝ պետք չէ նեղսրտել դառը հիշողություններից: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում տիտղոսի հարցը որոշվեց վերջին տուրի ընթացքում: «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» խաղում էր «Ասթոն Վիլայի» հետ, որը գլխավորում է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը: 

Այդ րոպեներին էլ «Էնֆիլդում» «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Վուլվզին»: «Կարմիրների» երկրպագուները հեքիաթային սցենարով ավարտ էին փափագում Պրեմիեր լիգայի համար, որը նեթֆլիքսյան սերիալ էր հիշեցնում: Ու ամեն ինչ գնում էր դրան. երկրորդ կեսի միջնամասում «Ասթոն Վիլան» հաղթում էր 1-0: Պեպ Գվարդիոլան դաշտից հանեց Բեռնարդու Սիլվային՝ փոխարենը մարտի նետելով Իլկայ Գյունդողանին: 

Րոպեներ անց «Սիթին» ևս մեկ գոլ բաց թողեց, ու քամբեքն անիրատեսական էր թվում: Գունդոն (հենց այդպես է նրան դիմում Գվարդիոլան) գուցե հեռանա «Սիթիից» այս ամռանը: Այդ օրերին նրա հեռանալու մասին խոսակցություններն ավելի էին թեժացել: Այդ ամենի ֆոնին գերմանացու արածն իսկական հերոսություն էր:

«Մանչեսթեր Սիթին» սիրում է վերջին տուրի խենթություն, այն էլ՝ «Էթիհադում». հենց այս խոսքերն ասաց հանրահայտ մեկնաբան Պիտեր Դրուրին Գյունդողանի առաջին գոլից հետո: 

Գերմանացու դուբլի արանքում հեռու տարածությունից հասցրեց կրակել նաև Ռոդրին: Գունդոյի երկրորդ գոլը չեմպիոնական էր «Մանչեսթեր Սիթիի» համար: Գվարդիոլայի փոփոխությունն աշխատեց. «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն է: 

Աարոն Ռեմզի («Այնտրախտ» 1-1 (5-4) «Ռեյնջերս»)

Մարզչի փոփոխությունները կարող են ինչպես դրական իմաստով բեկումնային լինել, այնպես էլ բացասական: Եվրոպա լիգայի եզրափակիչում տիտղոսի հարցը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ: «Այնտրախտի» ու «Ռեյնջերսի» մասնակցությամբ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեցին 1-1 հաշվով: 

117-րդ րոպեին «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ջիովանի վան Բրոնկխորստը փոփոխություն կատարեց՝ մտքում պահելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը: Նա բազմափորձ Աարոն Ռեմզիին հենց այդ նպատակով դուրս բերեց դաշտ, որպեսզի ուելսցին հարվածի նշակետից: Ինչ որ մեկը կարո՞ղ է մեղադրել Ջիոյին այսպիսի որոշման համար: Իհարկե ոչ. չէ՞ որ հենց Ռեմզին էր շոտլանդական թիմի ամենափորձառու ֆուտբոլիստը: Բայց արի ու տես, որ հենց նա վրիպեց նշակետից: Եվրոպա լիգայում հաղթեց «Այնտրախտը»: 

Այսպիսի իրավիճակ եղավ նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչում. Գարեթ Սաութգեյթի կատարած փոփոխությունները բացասական իմաստով բեկումնային եղան: Ջեյդոն Սանչոն ու Մարկուս Ռեշֆորդը վրիպեցին նշակետից, Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն: Եվրոպա լիգայում տեղի ունեցածն ասես ԵՎՐՈ-ի եզրափակիչի կրկնությունը լիներ: Այսպիսի դեպքեր ֆուտբոլում շատ են լինում: Բայց բազմաթիվ են նաև դեպքերը, որ մարզչի՝ հետխաղյա հարվածաշարի համար արած փոփոխությունը դրական արդյունք է բերում: Քննադատել մարզչին այսպիսի քայլի համար թերևս ճիշտ չէ: 

Բոնուս +1. Սթիվեն Բերգվեյն («Լեսթեր» 2-3 «Տոտենհեմ») 

Մարզչական փոփոխությունները կարող են բեկումնային լինել ինչպես տիտղոս նվաճելու ճանապարհին, այնպես էլ այլ հսկայական նշանակության հաջողությունների հասնելու գործում: Ավարտված մրցաշրջանի ամենահետաքրքիր ուղիներից մեկն անցավ Լոնդոնի «Տոտենհեմը»: Հյուսիսլոնդոնյան ակումբը մրցաշրջանն սկսեց Նունու Էշպիրիտու Սանտուի հետ, որի գրանցած արդյունքները չգոհացրին Դենիել Լևիին: Ակումբը հեռացրեց պորտուգալացի մասնագետին ու նրա փոխարեն նշանակեց Անտոնիո Կոնտեին: 

Իտալացին անձամբ հայտարարեց, որ Լևիի համառությունը որոշիչ է եղել իր նշանակման գործում: Կոնտեին էլ հետաքրքրել էր «խթանների» նախագիծը: Եվ ահա իտալացի մասնագետը տեղափոխվեց Լոնդոնի հյուսիս: 

Անգլիայի Պրեմիեր լիգայում անցած մի քանի մրցաշրջաններում 4-րդ տեղով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը դրամատիկ է ստացվում: Օրինակ՝ անցած մրցաշրջանում Բրենդան Ռոջերսի «Լեսթերը» մրցաշարի 20 թիմերից ամենաերկար ժամանակահատվածն էր անցկացրել լավագույն քառյակում, սակայն այդպես էլ չհայտնվեց այդ գոտում՝ տեղը զիջելով ՉԼ-ի այս խաղարկության եզրափակիչի մասնակից «Լիվերպուլին»: 

Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաև ավարտված մրցաշրջանում: «Տոտենհեմը» Կոնտեի նշանակումից հետո կերպարանափոխվեց ու կատաղի պայքար մղեց՝ լավագույն քառյակում հայտնվելու համար: Այդ ճանապարհին կարևորագույն նշանակություն ունեցավ «Լեսթերի» հետ տնային խաղը, որում Կոնտեի տղաներն անհավանական կամք դրսևորեցին՝ երեք միավոր վաստակելու համար:

«Լեսթերի» հետ արտագնա խաղի 79-րդ րոպեի դրությամբ «Տոտենհեմը» պարտվում էր 1-2 հաշվով: «Աղվեսների» կազմում գոլով աչքի էին ընկել Պատսոն Դական ու Ջեյմս Մեդիսոնը: Միացյալ Նահանգների նախկին նախագահի անուն-ազգանունը կրող խաղացողի գոլից րոպեներ անց Կոնտեն բեկումնային փոփոխություն կատարեց: Նա Սերխիո Ռեգիլոնի փոխարեն դաշտ դուրս բերեց Սթիվեն Բերգվեյնին: 

Մրցավարի ավելացրած ժամանակում Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստը դուբլ գրանցեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին: Այս խաղը բեկումնային էր ոչ միայն երեք միավոր վաստակելու, այլև հոգեբանական կայունության ու վստահության վերականգնման տեսանկյունից: Այս հանդիպումից հետո Կոնտեն ու տղաները հասկացան, որ ճիշտ ուղու վրա են: «Տոտենհեմն» Անտոնիո Կոնտեի հետ խաղալու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ու հաստատ այս հաղթանակը վիթխարի նշանակություն է ունեցել լավագույն քառյակ վերադառնալու ճանապարհին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա