Logo

Առաջին ոչ-ոքին հայ-ռումինական դիմակայությունում. «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:01 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Հայկական թիմերից առաջինը «Փյունիկը» սկսեց ելույթները եվրագավաթների 2022/23թթ. խաղարկությունում՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը ռումինական «Կլուժի» հետ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. «Փյունիկը» եռամյա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս եկավ՝ 21-րդ անգամ մեկնարկելով եվրագավաթների մրցաշարերում, ինչը յուրօրինակ ռեկորդ է հայկական ակումբների համար: Վերջին անգամ փյունիկցիները եվրագավաթներում հանդես էին եկել 2019/20թթ. խաղարկությունում՝ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ հասնելով մինչև Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ:

Նախորդ հանդիպումը եվրագավաթներում «Փյունիկն» անցկացրել էր 2019թ. օգոստոսի 15-ին Վուլվերհեմփթոնում՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում 0-4 հաշվով զիջելով տեղի համանուն թիմին: Հետաքրքիր է, որ այդ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից ոչ մեկը ներկայումս «Փյունիկում» չէ:

2. Եվրագավաթների մրցաշարերում «Փյունիկը» 6-րդ անգամ մեկնարկեց ոչ-ոքի արդյունքով՝ գրանցելով գոլազուրկ 4-րդ ոչ-ոքին: Վերջին անգամ փյունիկցիները ոչ-ոքիով էին մեկնարկել 2019/20թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում՝ սեփական հարկի տակ մակեդոնական «Շկուպիի» հետ հանդիպումն ավարտելով 3-3 հաշվով: Փյունիկցիները 6 անգամ հաղթանակով են մեկնարկել, 9 անգամ մրցաշարը սկսել են պարտությամբ, խփել են 21 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 31 գնդակ:

3. «Փյունիկը» 13-րդ անգամ մեկնարկի դուրս եկավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Վերջին անգամ Չեմպիոնների լիգայում փյունիկցիները հանդես էին եկել 2015/16 թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ որակավորման առաջին փուլում հաղթահարելով Սան Մարինոյի «Ֆոլգորեի» արգելքը (2-1, 2-1): Իսկ ահա 2-րդ փուլում «Փյունիկը» զիջել էր նորվեգական «Մոլդեին» (0-5, 1-0):

Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Փյունիկը» 4-րդ անգամ մեկնարկեց ոչ-ոքի արդյունքով: Հետաքրքիր է, որ բոլոր դեպքերում էլ դարպասներն անառիկ են մնացել: «Փյունիկը» 4 անգամ Չեմպիոնների լիգայի մրցաշարը հաղթանակով է սկսել, 5 անգամ մեկնարկում պարտվել է: Մեկնարկային հանդիպումներում փյունիկցիները 11 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 13 գնդակ:

4. Եվրագավաթների վերջին 4 հանդիպումներում փյունիկցիներին ոչ միայն չի հաջողվել հաղթանակ տոնել (2-ական գոլազուրկ ոչ-ոքի և պարտություն), այլև գրավել մրցակիցների դարպասները: Առայժմ վերջին հաղթանակը «Փյունիկը» տոնել է 2019թ. հուլիսի 25-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթելով չեխական «Յաբլոնեցին»: Հենց այդ խաղում էլ փյունիկցիներն առայժմ իրենց վերջին գոլն են խփել: Աչքի է ընկել Արթուր Միրանյանը՝ դառնալով դուբլի հեղինակ:

5. «Փյունիկին» էլ չհաջողվեց գրավել «Կլուժի» դարպասը: Հիշեցնենք, որ 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Կլուժը» մեծ առավելությամբ հաղթել էր «Ալաշկերտին»: 2018թ. օգոստոսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում ռումինացիները 2 անպատասխան գնդակ էին խփել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, իսկ մեկ շաբաթ անց սեփական հարկի տակ մրցակցին ջախջախել էին 5-0 հաշվով:

6. Եվրագավաթներում «Փյունիկն» առաջին անգամ մրցեց ռումինական թիմի հետ: Հայ-ռումինական դիմակայությունում առաջին ոչ-ոքին գրանցվեց: Մինչ այդ ռումինական 5 թիմերի հետ անցկացրած 11 հանդիպումներից 4-ում հաղթել էին հայկական թիմերը, 7-ում առավելության էին հասել ռումինացիները: Հայկական ակումբներն ընդամենը 7 գոլ են խփել, մրցակիցները հաջողության են հասել 25 անգամ:

7. Եղիշե Մելիքյանը եվրագավաթներում նորամուտը նշեց «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում: Մինչ այդ նա իր սաների հետ միայն մեկ խաղ էր անցկացրել եվրագավաթներում: Նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» 2020/21թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Ռենովային»: Հիշեցնենք, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակի պատճառով նախնական փուլերում մրցակիցներն ընդամենը մեկ անգամ էին մրցում միմյանց հետ:

8. Դավիթ Յուրչենկոն դարձավ եվրագավաթներում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստը: «Կլուժի» հետ խաղում նա դարպասը պաշտպանեց 36 տարեկան 100 օրականում: Յուրչենկոն գերազանցեց նախկին փյունիկցի Սերգեյ Շևչուկի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում եվրագավաթներում իր վերջին խաղն անցկացրել էր 34 տարեկան 58 օրականում:

Սարգիս Հովսեփյանից (39 տարեկան 253 օրական) հետո Յուրչենկոն դարձավ եվրագավաթներում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց 2-րդ ֆուտբոլիստը: Իսկ հայկական ակումբներում եվրագավաթներում հանդես եկած ամենատարեց այլազգի ֆուտբոլիստների ցանկում Յուրչենկոն 3-րդն է՝ զիջելով միայն Յուրի Դուդնիկին («Բանանց», 36 տարեկան 333 օրական) և Վիրգին Մարշավելային («Գանձասար-Կապան», 36 տարեկան 135 օրական):

9. «Կլուժի» հետ խաղում միանգամից 5 ֆուտբոլիստներ՝ Միխայիլ Կովալենկոն, Սերգեյ Վակուլենկոն, Յուսուֆ Օտուբանջոն, Դավիդ Դավիդյանն ու Նեմանյա Մլադենովիչը նորամուտը նշեցին «Փյունիկում»: Առաջին 4 ֆուտբոլիստները հայկական թիմերում եվրագավաթների մասնակցության փորձ ունեին:

10. Ուրոշ Նենադովիչը 3-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ «Կլուժի» հետ եվրագավաթային հանդիպումներում: Նա «Ալաշկերտի» կազմում մասնակցել էր 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Կլուժի» հետ կայացած երկու խաղերին էլ: Ի դեպ, Նենադովիչը Ժոզե Էմբալուի հետ 4 գնդակով եվրագավաթներում «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուն է:

Արտակ Դաշյանն էլ 2-րդ խաղն անցկացրեց «Կլուժի» դեմ: Նա էլ «Ալաշկերտի» կազմում մասնակցել էր Ռումինիայում կայացած 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա