Logo
ՍՊՈՐՏ / ՄՇԱԿՈՒՅԹ
Հեղինակ

Աննա Անտոնյան

19:01 / 20.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հուսիկ Արա-Եվ սերը ասաց

Պոեզիայի օր. Հուսիկ Արա

Եվ սերը ասաց

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:

Բախիր՝ կբացվեմ

Սերը քո հայացքն ունի հիմա,
ճիշտ քո քաշով ու հասակով է.
հենց այդ տեսքն եմ ուզում պատմել
ոչ թե աշխարհին կամ ուրիշ մեկի,
ուղղակի քեզ, իմ ամենաաղջիկ,
որովհետև չգիտես այն, ինչ ես գիտեմ քո մասին:

Սերը չի տեսնում,
աչքեր չուներ հենց սկզբից,
պատկերացնում է միայն,
բայց միտք չունեմ հորինել կամ հավելել ինչ-որ բան.

դու իմ կյանքն ես, ու թե հանկարծ մահս դառնաս,
գուցե զարմանամ, թե ինչ չքնաղ է մահը,
ու մեռնեմ առանց երկմտելու:
Իմ սկիզբն ես
և իմ վերջն ես դու.
ձայն տուր` կշրջվեմ,
բախիր` կբացվեմ,
ցանկացիր` կունենաս ինձ.
չէ՞ որ դու սերն ես:

Ճակատագրիս վերջին էջն եմ կարդում.
չեն խաչվելու մեր ուղիները երբեք,
ու չեն փաթաթվելու մեր ոտքերն իրար:
Ես դիտորդն եմ ու հսկիչը քո սիգաճեմ ընթացքի,
բայց այնպես խաղաղ եմ ու հանգիստ՝
քո բոլոր մանրամասներով մինչև վերջին բջիջս հագեցած:
Այդպես մեկ անգամ է անցնում սերը՝ լիաշունչ ու մերկ,
որ քոնն է ամբողջովին ու բոլորովին քոնը չէ,
ինչպես Աստված է ամպի տեսքով երկնքում։

Գիտեմ, դու էլ կին ես,
քո գաղտնիքն ունես և աշխարհը ավերված
ու երբեմն էլ պոռնիկ ես սովորական,
բայց ես ասում եմ՝ Աստված սեր է և այդ սերը դու ես:

Վերջակետ

Քո գնալուց
կյանքը կանգ առավ ու մեռավ ամեն բան․
ես ինչպե՞ս ապրեմ, երբ երկիրն է ամայի։

Քո սկիզբն էի ես,
իմ վերջը եղար դու․
մենք միասին կարող էինք Աստված լինել՝
հաստատելով խոսքը նախախնամ․
թե՝ ես եմ սկիզբը և վերջը։

Երբ գնում ես,
քեզ հետ տանում ես ամենը, ինչ ես ունեմ,
իսկ քո գալով՝
իմն ես դարձնում այն, ինչ չեմ ունեցել։

Դու իմ վերջին աղոթքն էիր,
որ տեղ չհասավ.
ու ես սատանային եմ ծախում ինձ,
միայն թե լսվի աղոթքս,
որ երաշխիքն է իմ ապրելու։
Իմ խաղն էիր վերջին անգամ.
վստահեցի` ինչ մնացել էր կյանքից
և ապրելու արդեն կիսված օրս վրիպեցի:

Դու քեզ հետ տարար ամբողջը՝
երազ ու իրականություն.
անձրևաջրի կաթիլների հետ,
աշնան վերջին գիշերվա մեջ,
ագռավն է թաց-թաց կռում․
-Նա չէր, ում կանչեցիր նրա անունով։
Ու ես գնում եմ մի քիչ հեռու այս անգամ.
կոպերիս տակ ունեմ հիմա ո՛չ մի երկինք քեզ համար։

Մեկ անգամ էլ գարունդ լինեմ.
նորաբաց վարդը ննջարանդ բերեմ ամեն առավոտ
ու լուսաբացի սերս շաղ տամ մահճակալիդ շուրջը.
օդում փոշեհատիկը հավաքեմ շուրթերով
և անխառն բուրմունքդ պահեմ թոքերիս մեջ։
Տաք օրերս մեկ-մեկ փռեմ ամեն քայլիդ առաջ,
երբ մանրասահ իջնես պարտեզ՝ հայացքս տրորելով․
կյանքս վատնեմ քեզ համար շռայլորեն ու անխնա։

Դու իմ բանաստեղծությունն ես,
որ կարող եմ այսպես պատմել երկար,
բայց երբեք չգրել այստեղ․
այնպես չեմ ուզում դնել վերջակետ։

Դու իմ…

Որքան շատ աշխարհներ կան քո մեջ,
մինչդեռ դու իմ աշխարհն էիր միակ:

Քեզ չէի գտել հանկարծ,
դու եղել ես միշտ.
մի տեղ բաժանվել էինք`
տուն գնալու նման
ու հանդիպել նորից:
Հարկ չկար ճանաչել քեզ.
դու մասն էիր իմ ամեն ինչի:

Դու իմ թանկն էիր,
լույսն ու օդը,
իմ լեզուն,
աչքն ու ականջն էիր,
շոշափելիքն ու հոտոտելիքը:
Իմ եկեղեցին էիր,
աղոթքն ու Աստվածը,
իմ լավն ու տաքն էիր,
իմ շատությունը,
իմ հացն ու ջուրն էիր,
շնչառությունը:
Դու իմ քաղաքն էիր,
տունն ու փողոցը,
իմ հայրն ու մայրն էիր,
իմ հայրենիքը:

Ամեն ինչն էիր իմ,
ես տեր էի ու իշխանություն.
ու թե տեսնես հիմա ինձ
չես նկատի,
որովհետև ես ոչինչ եմ առանց քեզ:

Ես աշխարհը կտայի քո դիմաց,
եթե աշխարհը դու չլինեիր:

Սիրո անառակ որդի

Ես մի խաբված լովելաս,
որ իմ բաժինն առա սիրուց
ու մսխեցի օրերիս պարապ կանոնի մեջ,
նորից դարձել եմ տունը իմ լքած,
ուր ինձ գտար ավերակ
սիրո փակ դռան առաջ:

Ինձ աչքեր տվեցիր, ու ես տեսա քեզ,
սիրտդ դրեցիր մատներիս տակ` քո դողը զգացի ես,
և գրկիդ մեջ բարձրացա ինձ գետնած հողից վերև:
Մերկությունս ծածկեցիր քո բարակ մարմնով
և ետ բերեցիր հոգիս,
որ սատանային էր ու դժոխքում:

Ես որ մեռած էի` կենդանացա,
կորած էի` փրկվեցի,
հոգնած էի` անդորր առա:

Օ, մի՛ դատեք, թե ինչո՞ւ շռայլ եղար, սեր,
քեզ թողածի նկատմամբ
և ամենալավը տվեցիր նրան:
Որքան էլ գնամ հեռու,
ես միշտ քո արյունը,
դու իմ մարմինն ես, սեր.
քեզ հետ եմ իմ բոլոր օրերում,
և ամենը` ինչ քոնն է, իմն է նաև:

Ես հիմա լովելասը քո,
քո սերն եմ սիրում միայն
ու ներբողում եմ`
ինչպես դժոխքը տեսած մեղավոր,
որ ամեն գեղեցիկ քո անունն ունի,
իմ սիրո կին:

Կարոտ

Դու իմ աշխարհն էիր, որ արդեն վրիպել եմ․
իմ գիշերները վաղուց են առանց քո երազների։

Զանգերն են ղողանջում դանդաղ ու թույլ-թույլ,
և ես հեռացող ոտնահետքերի ցավն եմ զգում,
որկրնկում են մարմնիս մեջ։
Աշնան նոսր երկնքում
չվող թռչունների թևեր են՝ երամ-երամ․
կարապի երգն եմ հասկանում ջրերի վրա՝
մեկ անգամ, որ վերջին անգամն է։

Կտոր-կտոր է անում սիրտս հիմա
ամեն հեռացող բան․
մի քիչ դանդաղ գնա,
ճանապարհդ շատ է հոգնել իմ մեջ։

Կարոտն է կաթում գանգամաշկիս նույն կետին՝
համաչափ տկկոցով ու ծակող սառն է.
այդպես մահապատիժ են իրագործում
չգիտեմ որ անտեր երկրում․
ի՜նչ ստույգ են աչքերը քեզնից նայող հոգեվարքի։

Դու իմ մեջ այնքան շատ ես,
որքան ոչ մի տեղ չես․
և ես ամեն մանրուք պահպանում եմ զգույշ,
հանկարծ մաս չպակասի ամբողջից,
ու երբեմն էլ շոյում եմ մարմինս դողով,
որ դու ես ամբողջովին։

Կարոտի մունետիկն եմ մոլոր,
որ մեր կյանքի փողոցներում
կանչում է՝ սեր կա, կա՛ սերը,
բայց չի տեսնում և ընտրում է միշտ սխալ։

Քո աստեղային դիպվածն էի ես,
որ վրիպեցիր օրերի մեջ։

Լրահոս