Logo

ՊՍԺ-ն ու «Ռեալը» վստահ են, բայց նրանցից մեկը սխալվում է. որտե՞ղ կշարունակի կարիերան Մբապեն

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:32 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Kilian Mbape

«Պարի Սեն-Ժերմենում» գնալով ավելի է աճում վստահությունն առ այն, որ ակումբին կհաջողվի ցանկալի արդյունքի հասնել պայմանագրի երկարաձգման շուրջ Կիլիան Մբապեի հետ բանակցություններում։

23-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է այս տարվա հունիսին, սակայն ESPN-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, նշում է, որ Մբապեի ընտանիքը պայմանագրի կարճաժամկետ երկարաձգման բանակցություններ է վարում Լիգա 1-ի առաջատարի հետ։ Ընդ որում՝ կողմերի միջև վերջին հանդիպումները դրական են եղել։ 

Անանուն աղբյուրները պնդում են՝ ՊՍԺ-ում հակված են այն կարծիքին, որ հարձակվողը կհամաձայնի երկարաձգմանը, քանզի առավել քան երբևէ տրամադրված է հնարավորինս երկար մնալ Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Այնուհանդերձ, «Ռեալում» նախկինի պես վստահ են, որ կկարողանան այս ամառ պայմանագիր կնքել Ֆրանսիայի հավաքականի խաղացողի հետ։ Այդ տեղեկությունը նույնպես լրատվամիջոցն ստացել է սեփական աղբյուրներից։ Մադրիդցիներն այդ նպատակին մոտ էին նաև անցյալ ամառ, սակայն նույն աղբյուրի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն մերժել էր իսպանական ակումբի՝ 200 մլն եվրոյի առաջարկը։ Դեկտեմբերին Մբապեն բացառել էր այս ձմեռ փարիզյան ակումբից հեռանալու տարբերակը, սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ 2022-ի ամռանը կարողանալու է ապահովել հարձակվողի անվճար տեղափոխությունն «Արքայական ակումբ»։

Ամեն դեպքում, ՊՍԺ-ն տրամադրված է իր շարքերում պահել աշխարհի չեմպիոնին։ Հիմնական փաստարկներից մեկն այն է, որ խաղալով Մեսիի, Նեյմարի և Սերխիո Ռամոսի կարգի աստղերի կողքին՝ Մբապեն գտել է թիմում իր երազած դիրքը։ Նա դարձել է ֆրանսիական թիմի անբաժան առաջատարը և նշանակալի խաղացողներից մեկը։

ՊՍԺ-ում ելույթները շարունակելու Մբապեի որոշմանը կարող է անդրադառնալ նաև այնպիսի կարևոր գործոն, ինչպիսին է Զինեդին Զիդանի հնարավոր մուտքը Փարիզի ակումբ։ ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ ՊՍԺ-ն արդեն կապվել է Զիդանի հետ, որպեսզի հստակեցնի նրա դիրքորոշումը, եթե հանկարծ Մաուրիսիո Պոչետինոն որոշի մրցաշրջանի վերջում գնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Զիդանը Մբապեի վաղեմի կուռքերից է։

ՊՍԺ-ն բանակցում է նաև Փոլ Պոգբայի և Ֆրանկ Կեսիի հետ, որոնց ներգրավումը թիմում Մբապեին կբերի այն եզրահանգման, որ ակումբը շարժվում է ճիշտ ճանապարհով։

Մբապեն դժվար թե առաջիկայում որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ, սակայն ֆրանսիական ակումբը լավատեսորեն է տրամադրված Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» հետ հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու հաջորդ ամիս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա