Logo

«ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 01.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
unnamed 2 1 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

Նոր մրցաշրջանից առաջ ՊՍԺ-ն իր թիմ բերեց աշխարհում ամենամեծ հեղինակություն վայելող ֆուտբոլիստներից մի քանիսին. այսուհետև Փարիզում կխաղան Լեո Մեսին, Սերխիո Ռամոսը, Ջիջի Դոնարուման, Աշրաֆ Հաքիմին ու Ջորջինյո Վեյնալդումը։ Այս մասին արդեն շատ է գրվել ու խոսվել։ Փարիզյան գրանդի տրանսֆերային քաղաքականությունը դարձել է բոլորի քննարկման առարկա. միայն ալարկոտը չի խոսում այս կամ այն տեղափոխության կարևորության, ֆուտբոլիստների դավաճանության ու միլիարդների ազդեցության մասին։

VNews-ը փորձել է գտնել նմանություններ 2000-ականների սկզբում Ֆլորենտինո Պերեսի հիմնած «Գալակտիկոսի» ու այս ՊՍԺ-ի միջև։ Այդ ընդհանրություններն այնքան շատ էին, որ ստիպված եղանք հոդվածը բաժանել երկու մասի։ Ովքեր չեն հասցրել կարդալ առաջին հատվածը, այն այստեղ է։ 

Դևիդ Բեքհեմը, «սառը պատերազմները» ներքին խոհանոցում, «խամաճիկ» մարզիչները

«Սփայս Բոյը» միացավ «արքայական» ակումբին, երբ թիմը պատրաստվում էր մեկնել ասիական տուրի։ «Ռեալի» հետ այդ ճամփորդությանը մասնակից դարձան ոչ միայն Չինաստան ու Ճապոնիա մեկնած լրագրողները, այլ Մադրիդում մնացած պապարացիները, որոնք ամեն կերպ փորձում էին չնչին ինֆորմացիա «պոկել» Բեքսի ու նոր թիմակիցների վերաբերյալ։ «Մինչև Բեքհեմի գալը, Իսպանիայում աշխատող լրագրողներն իրենց քիթը խոթում էին այնքան, որքան իրենց թույլ էին տալիս, բայց նրա գալուց հետո այդ սահմանը վերացավ», – գրում էր the Telegraph-ը։

rue4b010aca1b - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

Բայց անգլիական պարբերականը մի բան հաշվի չէր առել. Մադրիդում պայթյունավտանգ իրավիճակը սկսվել էր դեռևս 2000 թվականին, երբ «Ռեալը» կատարեց այդ ժամանակվա ամենաթանկարժեք ու աղմկահարույց տրանսֆերը՝ գնելով Ֆիգուին։ Տարեցտարի Իսպանիայի մայրաքաղաք էին գալիս աշխարհի լավագույն լեգեոնականները։ Պերեսի վարած այդ քաղաքականությունը օր օրի ավելի էր զայրացնում տեղացի ֆուտբոլիստներին, որոնք «Ռեալի» հանդեպ ունեին ավելի սրտացավ վերաբերմունք։ Բրազիլացի պաշտպան Սիսինյոն իր աղմկահարույց հարցազրույցի ժամանակ բացել է որոշակի փակագծեր։

«Հանդերձարանում իսկական մաղձ էր, նախանձի մթնոլորտ էր։ Խոսքն իմ կամ Ռոբինյոյի մասին չէ, այլ մյուս թոփ աստղերի։ Ռոնալդոն, Բեքհեմը, Զիդանը, Ռոբերտո Կառլոսն ու Ֆիգուն ավելի ազդեցիկ էին, քան ցանկացած իսպանացի։ Նրանք խանդում էին, բամբասում էին, որոշ տեղեկություններ հայտնվում էին մամուլում։ Ռաուլը, Կասիլյասը, Էլգերան ու Սալգադոն փորձում էին իրենց բռի մեջ պահել հանդերձարանը, մամուլն ու մարզչին։ Ամեն անգամ, երբ Ռոնալդոն իր հնարավորություններից ցածր էր խաղում, մամուլի առաջին էջին Ռաուլն էր, որն իբրև Ռոնալդոյից լավն էր։ Ռաուլը երբեք թիմի մասին չի մտածել. նրա գլխավոր նպատակը Ռոնալդոյից լավը լինելն էր», – ESPN Brasil-ին պատմել է Սիսինյոն։

rue5029236a6e - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

Թիմում մթնոլորտը սարսափելի էր. լեգեոնականներն ունեին իրենց խմբավորումները, իսպանացիները՝ իրենց։ Նորեկներին ոչ ոք «բանի տեղ» չէր դնում, հնաբնակ էլ չկար, որը կկարողանար բոլորին ցույց տալ իրենց տեղը։ Չկար Մակմանամանը, որին սիրում էին բոլորը, չկար Հիերոն, որի մի հայացքից նույնիսկ բոլորը չորանում էին։ 2003-ի գարնանը, երբ «Յուվեն» տրորեց «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, իսպանական մամուլը (ըստ որոշ տեղեկությունների հենց Պերեսի ցուցումով) գլխավոր մեղավոր «հանեց» Հիերոյին։ Փաստացի բոլոր 3 գոլերը «Ռեալը» բաց թողեց նրա դիրքից, բայց թիմն այդ խաղում վատն էր բոլոր տեսանկյուններից։ «Նա անօգուտ է» վերնագրերից ոգևորված, Պերեսն անփառունակ կերպով ազատվեց իր ավագից՝ չհասկանալով, որ դա «գալակտիկոսի» վերջն էր…։

«Հիերոն ամբողջ թիմում միակն էր, որին լսում էին բոլորը, նույնիսկ Ռոբերտ Կառլոսը։ Նա ամեն ինչ անում էր, որպեսզի հանդերձարանը չքանդվեր», – Հիերոյի մասին տարիներ անց FourFourTwo-ի հետ զրույցում ասել է Զինեդին Զիդանը։

Ե՞րբ կորավ բալանսը

Հիերոն ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, որին չէր սիրում Ֆլոն։ «Ռեալի» նախագահն առհասարակ չէր սիրում որևէ բան, որը միջին մակարդակի է։ Հենց այդ պատճառաբանությամբ «արքայական» ակումբից հեռացան նույն ՄակՄանամանը, Ֆերնանդո Ռեդոնդոն, Կլոդ Մակելելն ու Ֆերնանդո Մորիենտեսը։ Ռեդոնդոն Պերեսի համար «մոխրագույն կարդինալ» էր՝ ոչ սուպեր աստղ էր, ոչ էլ «ինչ-որ մեկը»։ Մակելելից պետք էր ազատվել՝ դաշտում Բեքհեմին տեղ ազատելու ու նրա տրանսֆերից առաջացած ֆինանսական բացերը լրացնելու համար, Մորիենտեսը «լեզվի տակ ոսկոր չուներ», նրանից պետք էր ազատվել, Հիերոն քիչ թե շատ ազդեցություն ուներ հանդերձարանում, ուստի նա էլ պետք չէր։ Բայց այդ տարիների «գալակտիկոսի» փլուզվելու գլխավոր պատճառը, իր կամքից անկախ, բերել է հենց Պերեսը՝ 2004 թվականին անելով այդ ժամանակ անմեղ թվացող հայտարարություն։

«Մեզ պետք է մարզիչ, որը կկարողանա հաշվի նստել մեր ֆուտբոլիստների մեդիակարևորության հետ»։ Քչերը ընկալեցին «Ռեալի» անխուսափելի գահավիժումը. թիմի կազմը որոշում էր ոչ թե ուժեղ մարզիչը կամ խաղացողների պատրաստվածությունը, այլ մարկետինգը։ Չէր կարող Բեքհեմը հայտնվել պահեստայինների նստարանին, որովհետև Adidas-ից կզանգեին Պերեսին ու մատ թափ կտային։ Այդ պրոցեսը չուներ կառավարում, մարզիչն այդ պարագայում ոչ այլ ինչ էր, քան զուտ խամաճիկ։

1560183094 510996 1560183187 noticia normal 960x540 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

«Դել Բոսկեն նորմալ մարզումներ էր ցանկանում անցկացնել, բայց ֆուտբոլիստներից մի քանիսը չէին ցանկանում։ Նրանք գալիս էին, 1-2 շրջան վազում էին ու գնում խաղալու։ Ծանրաբեռնվածությունը նրանք էին որոշում, եթե մի բան իրենց սրտով չէր լինում, պարզապես դաշտում ոչինչ չէին անում այնքան ժամանակ, մինչև մարզիչը չէր ազատվում պաշտոնից», – The Ball հաղորդման ժամանակ պատմել է ՄակՄանամանը։

«Իսպանիայի Խոսրով Հարությոունյանի» պաշտոնանկությունից հետո ընդամենը 2,5 տարվա ընթացքում «Ռեալում» աշխատեց 5 մարզիչ ։ 2004 թվականին «Ռեալը» պետք է դառնար չեմպիոն, սակայն 8 միավորի առավելությունը գցեց աղբամանը։ Բնականաբար, Կեյրուշը պաշտոնը կորցրեց։ Նրան փոխարինած Խոսե Անտոնիո Կամաչոն ուներ միջակ ու ամուր ակումբներում աշխատելու փորձ, գլխավորում էր Իսպանիայի հավաքականը ու հայտնի էր իր խստությամբ։ Առաջնության առաջին երկու տուրում միավորների կորստից հետո իմպուլսիվ մարզիչը թիմին փակեց մարզաբազայում ու մարզումները տեղափոխեց առավոտյան 7-ին։ Սովորաբար 6։50-ին քնող Ռոնալդոյի ու մյուս «քեֆչիների» համար, իհարկե, սա չէր կարող հաճելի լինել։ «Չոր» հաշվով պարտվելով «Էպանյոլին» ու «Բայերին»՝ Ֆլոն հանեց նաև Կամաչոյին։

Վանդերլեյ Լուշեմբուրգուի հետ թիմը կերպարանափոխվեց. բրազիլացի մասնագետն իր հետ բերեց դիետոլոգների, որոնք կարգի բերեցին Ռոնալդոյի ու մյուս թոփերի քաշը ու գրեթե փրկեցին մրցաշրջանը՝ 2 տեղ ու 4 միավորի տարբերությամբ չեմպիոն «Բարսելոնայից»։ Նոր «գալակտիկոս» կառուցելու հույսով Պերեսը Լուշեմբուրգուի զոհասեղանին դրեց Կասանոյին, Ռոբինյոյին Սերխիո Ռամոսին։ Բայց «ռենեսանս» տեղի չունեցավ. խանգարեցին նույն հնաբնակ աստղերն ու իրենց պահանջները։

ruecd9e331ed6 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

«Մենք ունեինք սովորություն. ընթրիքից առաջ գարեջուր էինք խմում, իսկ բուն ընթրիքին 2 շիշ գինի։ Լուշեմբուրգուն մի օր եկավ ու ալկոհոլը վերացրեց սեղանից։ Ես նրան զգուշացրի, որ եթե նույն բանը նորից կրկնի, խնդիրներ կունենա։ Նա ինձ չլսեց։ Իր նշանակումից ուղիղ մեկ տարի անց՝ 2005 թվականի դեկտեմբերին մենք 13 խաղից հետո ունեինք 22 միավոր, ու նրան հեռացրին», – մարզչի պաշտոնանկության մասին ասել է Ռոբերտո Կառլոսը։

Փետրվարին կայացած «Մալյորկայի» դեմ հանդիպումը դարձավ վերջին կաթիլը։ Մրցակցի դարպասը գրավելուց հետո Ռամոսի գոլից ուրախանում էին ոչ բոլորը, ինչին ի պատսասխան, այն ժամանակ դեռևս երիտասարդ պաշտպանը խառը գոտում լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք չունենք միասնականություն. ամեն ինչ այլ կլիներ, եթե թիմում լինեին լավ փոխհարաբերություններ»։

Փետրվարի 27-ին Պերեսը լսեց իր ֆուտբոլիստի «թաքված մեսիջն» ու հրաժարական տվեց. «Ռամոսը ճիշտ է ասում, ինչ-որ բան փչացել է։ Ինձ դուր չի գալիս ֆուտբոլիստներից ոմանց պահվածքը։ Նրանց այնքան են ասել, որ նրանք լավագույնն են, որ դրանից կորցրել են կապն իրականության հետ», – հրաժեշտի խոսքում ասել է Պերեսը։

16262633465599 960x540 - «ՊՍԺ-ի նախահայրը». ինչու՞ քանդվեց «գալակտիկոսը» և ինչու՞ է նույնը սպառնում փարիզյան գրանդին (ՄԱՍ 2)

Նրա հեռանալուց հետո արքայական ակումբում սկսվեց «պերեստրոյկա», «գալակտիկոսը» քանդվեց։ Երբ Պերեսը նորից բազմեց գահին, բոլորին թվաց, որ Ռոնալդուի ու Կակայի տրանսֆերները վերածնում են «գալակտիկոսը», բայց ժամանակը ցույց տվեց, որ Պերեսը սովորում է սեփական սխալների վրա։ Նա հասկացավ, որ ոչ միշտ են տիտղոսներ ու չեմպիոնություն բերում նրանք, ովքեր նաև փող են բերում։

Նասեր Ալ-Հելաիֆին այսօր գրեթե ամբողջությամբ կրկնում է Պերեսի սխալները։ Փարիզի հանդերձարանում հիմա այնքան հեղինակություն կա, որ մի տեսակ վախենալու է։ Բայց, այս ՊՍԺ-ի ու Պերեսի «գալակտիկոսի» միջև կա տարբերություն. «Ռեալի» նախագահը սրտացավ վերաբերմունք ուներ իր թիմի նկատմամբ, աշխատում էր մեծագույն կրքով, մինչդեռ Փարիզի նավթադոլարների մեջ լող տվող կատարցիներին հետաքրքրում է միայն Կատար-2022-ի աշխարհի առաջնության գովազդն ու էլ ավելի մեծ գումար աշխատելու հնարավորությունը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա