Logo

«Պոկվել գարեջրի շշից ու պատռել Պորտուգալիային». Ռոբին Գոսենսի բարդ ճանապարհը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
image00001 - «Պոկվել գարեջրի շշից ու պատռել Պորտուգալիային». Ռոբին Գոսենսի բարդ ճանապարհը

Եվրոպայի առաջնության խմբային փուլի հերոսներից մեկը, անկասկած, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոբին Գոսենսն է։ «Ատալանտայի» ֆուտբոլիստը դարձավ Պորտուգալիայի հետ խաղի գլխավոր գործող անձը։ Եվ դա այն դեպքում, որ Գոսենսը 1-2 տարի առաջ չէր էլ համարվում ազգային հավաքականի թեկնածու։ ԵՎՐՈ-ի երկրորդ տուրի՝ Պորտուգալիայի հետ խաղում էլ ամեն ինչ հարթ ու սահուն չէր, Գոսենսն էլ սպասում էր իր շանսին։

  • 35-րդ րոպեին Գոսենսի փոխանցումից հետո Դիաշը գրավեց սեփական դարպասը։
  • 39-րդ րոպեին Գոսենսի մասնակցությամբ գրոհն ավարտվեց Գերեյրուի ինքնագոլով։
  • 51-րդ րոպեին Գոսենսի ասիստից աչքի ընկավ Կայ Հավերցը:
  • 60-րդ րոպեին Ջոշուա Կիմիխի փոխանցումից հետո Գոսենսը Ռոնալդուի ոճով ցատկեց ու գլխի հարվածով գնդակը մխրճեց դարպասը։

61-րդ րոպեի դրությամբ «մավրն իր գործն ավարտել էր, մավրը կարող էր հեռանալ». Յոահիմ Լյովը Գոսենսի փոխարեն դաշտ դուրս բերեց Մարսել Հալստենբերգին։

Այնպես չէ, որ Գոսենսը երիտասարդ է ու ամբողջ կարիերան առջևում է. նա արդեն 26 տարեկան է՝ ոչ այս կողմ, ոչ՝ այն կողմ, իսկական տարիքը փայլելու համար։ Բայց ընդամենը մի քանի տարի առաջ Գոսենսը չէր էլ կարող երազել ոչ միայն ԵՎՐՈ-ին մասնակցելու, այլև առհասարակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին։

Ռոբին Գոսենսի պապը ոստիկանության սպա էր։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա 6-7 տարեկանում պապի հետ առաջին անգամ գնաց նրա աշխատավայր ու սիրահարվեց ոստիկանի աշխատանքին։

«Հենց պապս միացրեց ոստիկանական մեքենայի ազդանշանը՝ հասկացա. Այդ աշխատանքն իմ տարերքն է», – հիշում է Գոսենսն ու հավելում.

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայի մասին միայն կարող էի երազել։ 18 տարեկանում խաղում էի համեստ «Ռեդե» սիրողական ակումբում»։

image00004 - «Պոկվել գարեջրի շշից ու պատռել Պորտուգալիային». Ռոբին Գոսենսի բարդ ճանապարհը

18 տարեկան երիտասարդը չէր կարող, բնականաբար, ապրել միայն սիրողական թիմում խաղալու կամ էլ ապագայում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանքով. պետք էր ապրուստի փող աշխատել։ Ապրուստի միջոց ձեռք բերելու համար Գոսենսը ազատ ժամանակ աշխատում էր բենզալցակայանում ու պատրաստվում էր ընդունվել համալսարան։ Նրա աչքի առաջ հոր՝ ֆուտբոլիստ դառնալու վատ օրինակն էր. «Նա երբեք գլխից վեր թռչել չկարողացավ. Սիրողական լիգաներում հանդես գալուց 1 ժամ անց նա դատարկում էր գարեջրի շշերը», – 11FREUNDE-ի հետ զրույցում հիշում է Գոսենսը։

Սակայն ամեն ինչ փոխեց Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած անհաջող փորձաշրջանը։ Երիտասարդ ֆուտբոլիստը սովոր էր, որ սիրողական թիմում նա մյուսների պես պարզապես գնդակ էր գլորում, չէր խաղում կոնկրետ դիրքում ու պատասխանատու չէր ինչ-որ բանի համար։ Դորտմունդում ամեն ինչ ճիշտ հակառակն էր. Նախնական ֆիզիկական վարժություններին հաջորդած փոխանցումային մարզումը Գոսենսը ձախողեց, դրան հաջորդած 11-ը 11-ի դեմ մարզումային խաղը նույնպես ավարտվեց ֆիասկոյով. Գոսենսին ուղարկեցին տուն. Պարզ է՝ չզանգեցին էլ։

«Ակումբի աշխատակիցներն այնքան բարեկիրթ էին, որ անգամ դեմքի արտահայտությամբ ցույց չտվեցին, որ ես ահավոր էի։ Ես առանձնապես չէի էլ նեղվել, քանի որ ինձ հետ մարզվող մյուս ֆուտբոլիստն ավելի լավն էր, քան ես։ Ես 19 հազար բնակչություն ունեցող Ռեդե քաղաքում էի հերոս, Դորտմունդում ես 0 էի», – պատմում է Գոսենսը։

Դորտմունդից ակնկալվող զանգը ուշանում էր ամեն օր։ Գոսենսը ցանկություն էլ չուներ սրտատրոփ սպասելու. նա շարունակում էր իր կյանքը Ռեդեում։

rue42efed3e66 - «Պոկվել գարեջրի շշից ու պատռել Պորտուգալիային». Ռոբին Գոսենսի բարդ ճանապարհը

«Մենք շաբաթական երկու մարզում էինք անցկացնում, ուրբաթ ցերեկը ծնողներիս հրաժեշտ էի տալիս ու գնում էի թիմակիցներիս մոտ։ Սկզբում, տանն էինք խմում, հետո գնում էինք Blues՝ քաղաքի միակ գիշերային ակումբը։ Զարմանում եմ՝ ինչպես էինք կարողանում այդքանից հետո խաղալ։ Բայց ինքս ինձ էլ պատասխանում եմ. «ինչքան շատ էինք տժժում գիշերային ակումբում կամ հարբում տղաներից մեկի տանը, 2 անգամ ավելի ուժեղ ֆուտբոլ էինք ցույց տալիս»,-հպարտ-հպարտ ասում է Գոսենսը։

Գերմանացի ֆուտբոլիստի խոսքով՝ նման գրաֆիկով ապրող երիտասարդի համար քնելը մեծագույն շքեղություն էր. հազվադեպ երևույթ էր, երբ իր թիմը արտագնա հանդիպում էր անցկացնում։ Այդ դեպքում հնարավոր էր լինում քնել ավտոբուսի մեջ։ Հերթական խաղում, որից առաջ կար ընդամենը 45 րոպե քնելու հնարավորություն, Գոսենսը փայլեց գոլով ու ասիստներով։ Խաղից հետո ֆուտբոլիստին մոտեցավ մի մարդ ու ներկայացավ. «Բարև, ես «Վիտես» ՖԱ ներկայացուցիչն եմ»։

Պարզվում է՝ այդ մարդը եկել էր այլ ֆուտբոլիստի խաղին հետևելու, սակայն հենց սկզբից տպավորվել է Գոսենսի ելույթով ու նպատակ դրել ամեն գնով նրան տանել Նիդերլանդները ներկայացնող թիմ։

«Ես սկզբում լուռ լսում էի ու հետևում՝ ինչ է ասում սկաուտը։ Սակայն, երբ հասկացա, որ պետք է խոսեմ՝ բերանս ձեռքով փակեցի, որ նա հոտից ուշագնաց չլինի», – նույն 11FREUNDE-ի հետ զրույցում անկեղծանում է Գոսենսը։ Նա անմիջապես ընդունեց առաջարկը, իսկ «Վիտեսի» Մ-19 թիմի հետ առաջին մարզումից հետո մարզիչը նրան ասաց. «Դու մեզ պետք ես, շատ ես պետք»։

image00005 960x640 - «Պոկվել գարեջրի շշից ու պատռել Պորտուգալիային». Ռոբին Գոսենսի բարդ ճանապարհը

Գոսենսը նոր ակումբ տեղափոխվելուց ու պրեֆսիոնալ ֆուտբոլիստ դառնալուց սկսեց աշխատել իր վրա: Նրա խոսքով՝ անհնար է 18 տարեկանում ներխուժել մեծ ֆուտբոլ ու գնալ առաջ ցատկերով. անհրաժեշտ է սովորել ու ինքնակրթվել։ Հենց նման աշխատանքի շնորհիվ շուտով եկավ առաջարկ «Ատալանտայից», որը սակայն, սկզբում չընդունվեց։

19 տարեկանում Գոսենսը «Վիտեսից» վարձավճարով տեղափոխվեց «Դորդրեխտում»։ Այստեղ գերմանացի ֆուտբոլիստը խաղաց 1,5 տարի, թիմի հետ դուրս եկավ ուժեղագույնների լիգա: Շուտով Գոսենսը տեղափոխվեց կարգով ավելի բարձր ակումբ. ազատ գործակալի կարգավիճակում նա հայտնվեց «Էրակլեսի» կազմում, որի հետ մասնակցեց ակումբի եվրագավաթային առաջին երկու հանդիպումներին («Էրակլեսը» ԵԼ որակավորման փուլում պարտվեց պորտուգալական «Արոկային» ու դուրս մնաց հետագա պայքարից)։

Մեր ընտրանին

Առաջին անգամ «Ատալանտայի» հետաքրքրության մասին շշուկները հասան նրա ականջին 2016 թվականին։ Գործակալը նրան այդ մասին հայտնեց, սակայն պարզապես հետաքրքրությունից բացի ուրիշ ոչ մի բան չեղավ։ 2017 թվականին քննարկումները դարձան արդեն առարկայական. գործակալը մեկնեց Բերգամո՝ բանակցությունների, Գոսենսը՝ Մալյորկա՝ հանգստանալու և արձակուրդը վայելելու։

«Ծովափին էի, երբ զանգահարեցին։ Գործակալս գրեթե բղավում էր. «հենց հիմա նստիր ինքնաթիռ ու արի Բերգամո պայմանագիր ստորագրելու»։ Սակայն ես ոչնչից տեղյակ չէի, չէի զրուցել ակումբի ներկայացուցիչների հետ, չէի տեսել մարզաբազան։ Գործակալս պետք է մեկներ և ուսումնասիրեր իրավիճակը, ոչ թե իմ փոխարեն բանակցեր։ Գուցե նրան լավ բոնուս էին խոստացել։ Ես պարզապես կախեցի խոսափողը», – ասում է Գոսենսը։

ruedd8b8eb1b7 - «Պոկվել գարեջրի շշից ու պատռել Պորտուգալիային». Ռոբին Գոսենսի բարդ ճանապարհը

Սակայն մի քանի րոպե անց Գոսենսի համարին զանգահարեց արդեն «Էրակլեսի» սպորտային տնօրենն ու հայտարարեց, որ ակումբներն արդեն համաձայնեցրել են նրա տրանսֆերը «Ատալանտա»։ Ֆուտբոլիստն այդ անգամ էլ ոչինչ չպատասխանեց, լսեց մինչև վերջ, անջատեց բջջայինն ու սկսեց վայելել իր արձակուրդը։ Նիդերլանդներ վերադառնալուն պես Գոսենսն իր գործակալին հրահանգեց կապվել «Ատալանտայի» հետ ու հայտնել, որ գործարքը չի լինելու։ Այս ամենից հետո Գոսենսն իր գործակալին ազատեց աշխատանքից։

Սակայն «Ատալանտայից» այդպես էլ ազատում չեղավ։ «Չաո, Ռոբին» խոսքերով նրան ողջունեց Բերգամոյի ակումբի սպորտային տնօերն Ջովանի Սարտորին ու սկսեց իտալերեն բացատրել, թե ինչ դրախտում է հայտնվելու Գոսենսը «Ատալանտայի» հետ պայմանագիր կնքելու դեպքում։ Սակայն արագ հասկանալով, որ Գոսենսը իտալերենից հասկանում է միայն «Դել Պիերո» կամ «Տոտտի», Սարտորին խոսափողը փոխանցեց իր կնոջը, որը գերմանացի ֆուտբոլիստին անգլերեն ներկայացրեց ամեն ինչ։

Գոսենսը հոր հետ մեկնեց Բերգամո, ուսումնասիրեցին մարզաբազան, ներկա գտնվեցին մարզումային գործընթացին, հետևեցին «Ատալանտա» – «Կիևո» հանդիպմանը ու վերադարձան տուն։ Տունդարձի ճամփին Գոսենսը հորը խոստովանեց, որ ցանկանում է փորձել ուժերը նոր լիգայում։

image00002 960x640 - «Պոկվել գարեջրի շշից ու պատռել Պորտուգալիային». Ռոբին Գոսենսի բարդ ճանապարհը

18 տարեկանում Գոսենսը մարդկանց հետ շփվելիս բերանը փակում էր, որպեսզի ալկոհոլի հոտից չխեղդվեն, 23-ում ՝հայտնվեց Իտալիայի առաջնությունում, իսկ այս ԵՎՐՈ-ի ընթացքում Գոսենսը փակում է ոչ թե իր, այլ բոլոր քննադատների բերանը. Ռոնալդուի ու ընկերների թիմին դաժան պատժող «մեքենան» վաստակել է դրա բոլոր իրավունքները։

Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա