Logo

Պորտուգալիայի ոստիկանության և անգլիացի երկրպագուների բախումը (տեսանյութ, լուսանկար)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.06.2019ՍՊՈՐՏ
Պորտուգալիայի ոստիկանության և անգլիացի երկրպագուների բախումը տեսանյութ լուսանկարներ - Պորտուգալիայի ոստիկանության և անգլիացի երկրպագուների բախումը (տեսանյութ, լուսանկար)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:55

-

-

Հարյուրավոր անգլիացի երկրպագուներ Պորտուգալիա – Շվեյցարիա(3-1) խաղից հետո բախվել են Պորտուի ոստիկանության հետ՝ գրում է The Guardian-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ պորտուգալացիները նվաճել են Ազգերի լիգայի եզրափակիչի ուղեգիր: Պորտուգալացի երկրպագուներն իրենց ուրախությունն արտահայտել են՝ շշերը դեպի երկինք նետելով: Անգլիացի երկրպագուներն էլ են շշեր և տարբեր առարկաներ նետել, սակայն ոչ թե երկինք, այլ տեղի բնակիչների ու ոստիկանների ուղղությամբ: Երկրպագուների վարքագծի պատճառով հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, փորձել են խուսափել նետված իրերից և այս ու այն կողմ են փախել:

Կարճ ժամանակ անց ոստիկանական ուժերը՝ մահակներով ու վահաններով զինված, գործի են անցել ու ետ մղել անգլիացի երկրպագուների անհասկանալի հարձակումը: Ոստիկանների գործողություններն արժանացել են տեղաբնակների ծափահարություններին: Մի քանի երկրպագու հայտարարել են, որ ոստիկանությունն իրենց նկատմամբ չթույլատրված ուժ է կիրառել, իսկ «Faraggi» պաղպաղակի խանութի վաճառողուհին ասել է, որ տեսել է, թե ինչպես է ոստիկանությունը ձերբակալում ու մեքենաներով տանում որոշ երկրպագուների:

Այնուամենայնիվ, անգլիացի երկրպագուներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, հայտարարել է, որ ինքն անմեղ «զոհ» է դարձել, քանի որ պարզապես խաղին էր հետևում, երբ ոստիկաններից մեկը մահակով հարվածել է իր թիկունքին: «Ես ընկերներիս հետ ուղղակի խաղն էի դիտում, երբ ամեն ինչ սկսվեց: Մեկը մոտեցավ և մահակով հարվածեց: Վաղը ցավեր կունենամ»:

Անգլիայի մեկ այլ երկրպագու, որը մոտ 20 տարեկան է, լրիվ այլ կարծիք ունի միջադեպի մասին. «Սա ուղղակի հիասքանչ էր»:

Այսպիսի իրադարձությունները, սակայն, մեծ վնաս են հասցնում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հեղինակությանը: Ասոցիացիան նախորդ շաբաթ «Հիմար մի՛ եղիր» կարգախոսով գովազգային ակցիա էր անցկացնում, քանի որ երկրպագուների նոր սերնդի մոտ ամենաթողության տարրեր են նկատվում: Այդ ակցիան, թերևս, անգլիացի որոշ երկրպագուների կողքով է անցել:

Ավելացնենք, որ հունիսի 6-ին տեղի է ունենալու Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղը: Միմյանց դեմ են մրցելու Հոլանդիայի ու Անգլիայի ընտրանիները:

Պորտուգալիայի ոստիկանության և անգլիացի երկրպագուների բախումը տեսանյութ լուսանկարներ 1 - Պորտուգալիայի ոստիկանության և անգլիացի երկրպագուների բախումը (տեսանյութ, լուսանկար)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա