Logo

«Փյունիկը» 15-րդ չեմպիոնությունը նշանավորեց ռեկորդային ցուցանիշներով. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:59 / 13.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

VNews-ն սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկին»:   

1. Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմը 7-ամյա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, որը 15-րդն էր թիմի 30-ամյա պատմության ընթացքում: Վերջին անգամ «Փյունիկը» չեմպիոն էր հռչակվել 2014/15թթ. մրցաշրջանում Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Նախորդ 6 մրցաշրջաններում միայն երկու թիմի՝ «Ալաշկերտին» (2015/16-2017/18, 2020/21թթ.) և «Արարատ-Արմենիային» էր (2018/19-2019/20թթ.)  հաջողվել նվաճել չեմպիոնական գավաթը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Փյունիկն» իր պատմության մեջ ամենաանհաջող մրցաշրջաններից մեկն էր անցկացրել՝ առաջնությունն ավարտելով 7-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակում ավելի ցածր արդյունք «Փյունիկը» գրանցել էր միայն 2019/20թթ. առաջնությունում՝ 9 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 8-րդ տեղը:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած 32 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 75 միավոր (23 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 52-25), ինչը հնարավոր միավորների 78,1 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: 

Այս արդյունքը լավագույնն է «Փյունիկի» համար վերջին 15 առաջնություններում: Մինչ այդ 2006թ. «Փյունիկը» չեմպիոն էր հռչակվել 28 հանդիպումներում վաստակած 73 միավորով, ինչը հնարավոր միավորների 86,9 տոկոսն էր: Իսկ ռեկորդային ցուցանիշը (90,9 տոկոս) փյունիկցիները գրանցել են 1995/96թթ. առաջնությունում՝ 22 հանդիպումներում տոնելով 19 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Տոնած հաղթանակների քանակն էլ լավագույններից է թիմի պատմության մեջ: Նախկինում փյունիկցիներն առաջնությունում 23 հաղթանակ էին տոնել 1994, 2003 և 2006թթ. առաջնություններում (28-ական խաղ): Ավելի շատ հաղթանակ (25) «Փյունիկը» տոնել էր միայն 1992թ. անդրանիկ առաջնության 34 խաղում:

2. Առաջնության աշնանային հատվածը «Փյունիկն» ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 32 միավոր (10 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 24-15), ինչը հնարավոր միավորների 71,1 տոկոսն էր: Փյունիկցիները 8 միավորով զիջում էին աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիային»:

Առաջնության գարնանային հատվածում փյունիկցիները գերազանց հանդես եկան՝ 17 հանդիպումներում վաստակելով 43 միավոր (13 հաղթանակ, 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլեր՝ 28-10), ինչը հնարավոր միավորների 84,3 տոկոսն էր: Դրա շնորհիվ «Փյունիկը» ոչ միայն վերացրեց 8 միավորի տարբերությունն «Արարատ-Արմենիայից», այլև մեկ միավորով գերազանցեց չեմպիոնական մրցավազքում իր մրցակցին: Նորընծա չեմպիոնը միակն էր, որ առաջնության գարնանային հատվածում պարտություն չկրեց:

Միայն «Վանին», «Արարատ-Արմենիային», «Ուրարտուին» և  «Ալաշկերտին» հաջողվեց առաջնության գարնանային հատվածում «Փյունիկի» հետ մրցավեճում մեկական միավոր վաստակել:

3. Սեփական հարկի տակ անցկացրած 16 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 36 միավոր (11 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 24-15), ինչը հնարավոր միավորների 75 տոկոսն էր: Դա մասնակից թիմերի մեջ լավագույն արդյունքն է: Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (0-3) և «Արարատին» (2-6):

Հյուրընկալվելիս «Փյունիկն» ավելի հաջող խաղաց՝ անցկացրած 16 հանդիպումներում իր օգտին 39 միավոր գրանցելով (12 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 28-10), ինչը հնարավոր միավորների 81,2 տոկոսն էր: Փյունիկցիները մեկ միավորով զիջեցին «Արարատ-Արմենիային»:

4. «Փյունիկն» առաջնությունում անպարտելիության ռեկորդ սահմանեց՝ գարնանային հատվածի 17 հանդիպումներում չզիջելով ոչ մեկին: Առաջնության աշնանային հատվածում փյունիկցիները 6 անընդմեջ հաղթանակ տոնեցին:

Անցկացրած 32 հանդիպումներից միայն մեկում՝ «Արարատ-Արմենիայի» հետ 3-րդ տուրում կայացած խաղում փյունիկցիներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Իսկ ահա սեփական դարպասը «Փյունիկը» 16 անգամ անառիկ է պահել:

«Փյունիկն» առաջնությունում խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց՝ պարտության մատնելով ԲԿՄԱ-ին (4-0) և «Ալաշկերտին» (4-1, 3-0): Փյունիկցիները խոշոր հաշվով երկու պարտություն կրեցին՝ զիջելով «Արարատ-Արմենիային» (0-3) և «Արարատին» (2-6):

Անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին «Նորավանքի» հետ մրցավեճում «Փյունիկը» միանգամից երկու հաճելի հոբելյան նշեց՝ տոնելով 450-րդ հաղթանակը VBET ՀՊԼ-ում անցկացրած 750-րդ խաղում: Իսկ այս տարվա մայիսի 5-ին «Նոայի» դարպասը Խոսե Կառաբալյոյի խփած գոլը ՀՀ առաջնություններում «Փյունիկի» օգտին գրանցված հոբելյանական՝ 1700-րդ գնդակն էր:

5. «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 8 11մ հարված, որից իրացվել է 5-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 5 հարվածներից իրացվել է 3-ը: Փյունիկցիներից  3 անգամ 11մ հարված է կատարել Ուգո Ֆիրմինոն՝ խոցելով Գրիգորի Մաթևոսյանի («Նոա») և արարատցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասները: Իսկ ահա «Վանի» դարպասապահ Արման Մելիքսեթյանին թեև հաջողվել է գնդակը հետ մղել, սակայն երկրորդ հարվածով Ֆիրմինոն գրավել է նրա դարպասը: 

11մ մեկ հարված էլ դիպուկ է իրացրել Էրիկ Վարդանյանը՝ հաղթող դուրս գալով ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչի հետ պայքարում: Իսկ ահա Սերժ Դեբլեի 11մ հարվածը «Նորավանքի» հետ խաղում բարձր է ստացվել:

Դավիթ Յուրչենկոյի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներից 2-ը դիպուկ են իրացրել նորավանքցի Եվգենի Կոբզարն ու «Նոայի» ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը: Իսկ ահա «Վանի» ավագ Արգիշտի Պետրոսյանի հարվածը Յուրչենկոն հետ է մղել:

6. Արդյունավետությամբ «Փյունիկն» առաջնության 2-րդ թիմն էր՝ 4 գնդակով զիջելով «Արարատ-Արմենիային»: Խփած 52 գոլերի հեղինակներ դարձան 11 փյունիկցիներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Նորավանքի» դարպասապահ Դուշան Չուբրակովիչը:

Ժունինյոն, Ուգո Ֆիրմինոն, Նիկիտա Բառանովը, Զորան Գայիչը բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում, իսկ Էդգար Մովսեսյանը, Սերժ Դեբլեն և Ուրոշ Նենադովիչն  առաջին գոլերը խփեցին «Փյունիկում»: 

16 գնդակով «Փյունիկում» ամենաարդյունավետը թիմի նորեկ Ուգո Ֆիրմինոն էր: Նրա ցուցանիշը լավագույնն է վերջին 7 առաջնություններում թիմի ռմբարկուների մեջ: Մինչ այդ ավելի արդյունավետ էր գործել մեքսիկացի Սեսար Ռոմերոն՝ 2014/15թթ. առաջնությունում դառնալով 21 գոլի հեղինակ: 

Ֆիրմինոն ընդգրկվեց «Փյունիկի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, ինչպես նաև ՀՀ առաջնություններում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (33 տարեկան 138 օրական): 

Առաջնության գարնանային հատվածում խփելով 10 գոլ, 34-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը գերազանցեց Արսեն Ավետիսյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2007թ. առաջնությունում 6 գոլ էր խփել:

7. Առաջնության գարնանային հատվածում «Փյունիկում» հանդես եկած Սերժ Դեբլեն թիմի միակ ֆուտբոլիստն էր, որ հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ նորամուտի խաղում 3 անգամ խոցելով «Ալաշկերտի» դարպասը: Դա առաջնությունում նրա 2-րդ հեթ-տրիկն էր: Հետաքրքիր է, որ առաջին նման հաջողությանը Դեբլեն հասել էր «Արարատում» հենց «Փյունիկի» հետ կայացած խաղում:

8 գոլ հեղինակած Դեբլեն ընդգրկվեց «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների ցանկում (32 տարեկան 235 օրական): Այդ ցանկում ընդգրկվեց նաև Զորան Գայիչը (31 տարեկան 279 օրական): 33-ամյա Դեբլեն գերազանցեց Ուգո Ֆիրմինոյի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 6 գոլ էր խփել:

3 գոլ խփած 28-ամյա Ուրոշ Նենադովիչն էլ տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Խոսե Բիլիբիոյի, Մաքսիմ Ժեստոկովի և Հիգոր Լեիտի ցուցանիշը, որոնք այդ տարիքում 2-ական գոլի հեղինակ էին դարձել:

8. Առաջնության հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) «Փյունիկի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Ստանիսլավ Բուչնևը 16 խաղում նույնքան գոլ բաց թողեց՝ 8 անգամ դարպասը պահելով անառիկ: Նա 439 րոպե շարունակ գոլ բաց չթողեց՝ ընդգրկվելով թիմի դարպասապահների տասնյակում: Այդ ցուցանիշով 31-ամյա Բուչնևը գերազանցեց Նենադ Ռադաջայի տարիքային ռեկորդը, որը 433 րոպե անընդմեջ գոլ բաց չէր թողել: 

Դավիթ  Յուրչենկոն 16 խաղում ընդամենը 9 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,56 գոլ), 8 անգամ դարպասն անառիկ պահեց: 36-ամյա Յուրչենկոն գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Սլավա Սուքիասյանի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում «Փյունիկի» դարպասը 6 խաղում էր անառիկ պահել:

Առաջնության աշնանային հատվածում, «Վանի» հետ մրցավեճում «Փյունիկի» դարպասը պաշտպանեց 12 տարվա ընդմիջումից հետո հարազատ կոլեկտիվ վերադարձած Գրիգոր Մելիքսեթյանը՝ դարպասը պահելով անառիկ: Վերջին անգամ նա այդ պարտականությունը կատարել էր 2009թ. սեպտեմբերի 20-ին «Բանանցի» հետ  անցկացրած խաղում, որում 86-րդ րոպեին նրա դարպասը գրավել էր Սամվել Մելքոնյանը: 

Գրիգոր Մելիքսեթյանը դարձավ «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց 3-րդ դարպասապահը (35 տարեկան 93 օրական): Նա ընդգրկվեց «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: 

9. Հոբելյանական առաջնությունում «Փյունիկում»  հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը 36-ամյա Դավիթ  Յուրչենկոն էր: «Արարատի» հետ մայիսի 24-ին անցկացրած իր վերջին խաղում Յուրչենկոն  36 տարեկան 58 օրական էր: 

Նա դարձավ VBET ՀՊԼ-ում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականը՝  եզրափակելով նաև թիմի ամենատարեց ֆուտբոլիստների եռյակը (Խորեն Հովհաննիսյան՝ 40 տարեկան 298 օրական, Սարգիս Հովսեփյան՝ 39 տարեկան 318 օրական): Յուրչենկոն գերազանցեց «Փյունիկի» նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյի ցուցանիշը, որը թիմի կազմում վերջին խաղն անցկացրել էր 34 տարեկան 357 օրականում:

Ամենաերիտասարդն «Ալաշկերտի» հետ առաջնության ավարտական խաղում «Փյունիկում» նորամուտը նշած Կառլեն Հովհաննիսյանն էր (17 տարեկան 32 օրական): 

Բարձրագույն խմբում «Փյունիկում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (138) ամենափորձառուն Գևորգ Ղազարյանն էր, որը գոլով նշեց վերադարձը հարազատ կոլեկտիվ՝ ԲԿՄԱ-ի հետ առաջնության մեկնարկային խաղում խփելով VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 50-րդ գնդակը: 

Ղազարյանն ընդգրկվեց «Փյունիկի» ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով թիմի կազմում 136 խաղ անցկացրած Տարոն Ոսկանյանին: Ղազարյանը տեղ զբաղեցրեց նաև VBET ՀՊԼ-ում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների (34 տարեկան 53 օրական) և գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների (34 տարեկան 10 օրական) տասնյակում:

10. Առաջնության 33 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված  խաղը) Եղիշե Մելիքյանը  խաղադաշտ դուրս բերեց 38 ֆուտբոլիստների, որոնցից 22-ը լեգեոնականներ էին: 

23 ֆուտբոլիստներ՝  Զորան Գայիչը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մովսեսյանը, Յուրի Գարեգինյանը, Ժունինյոն,  Ադնան Շեչերովիչը, Ուգո Ֆիրմինոն, Բրունո Նասիմենտոն, Կառլոս Տավարեսը, Արամ Քոչարյանը, Լազար Յովանովիչը, Նիկիտա Բառանովը, Սերժ Դեբլեն, Ուրոշ Նենադովիչը, Դավիթ Յուրչենկոն, Ալեքսանդեր Գոնսալեսը, Արտակ Դաշյանը, Ռենսո Զամբրանոն, Եվգենի Կոչուկը, Տիագո Գալվաոն, Գևորգ Նաջարյանը, Լևոն Պետրոսյանն ու Կառլեն Հովհաննիսյանը նորամուտը նշեցին «Փյունիկում»: 

Առաջնության հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված  խաղը) փյունիկցիները 64 անգամ զգուշացվել են, Բրունո Նասիմենտոն և Սերժ Դեբլեն էլ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի են արժանացել Արման Հովհաննիսյանը և Ուգո Ֆիրմինոն:

VNews-ը ներկայացնում է «Փյունիկի»  ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված  խաղը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Խոսե Կառաբալյո

32

8

2

2. Հովհաննես Հարությունյան

32

4

4

3.  Ժունինյո

31

2

-

4. Ուգո Ֆիրմինո

30

16

6

5. Անտոն Բրատկով

28

-

4

6. Զորան Գայիչ

25

1

2

7. Նիկիտա Բառանով

23

2

2

8. Արման Հովհաննիսյան

20

-

6

9. Յուրի Գարեգինյան

18

-

1

10. Արտակ Դաշյան

17

-

1

11. Սերժ Դեբլե

16

8

- (1)

12. Գևորգ Ղազարյան

16

3

1

13. Դավիթ Յուրչենկո

16

-9

3

14. Ստանիսլավ Բուչնև

16

- 16

5

15. Ռենսո Զամբրանո

16

-

1

16. Ադնան Շեչերովիչ

15

-

3

17. Եվգենի Կոչուկ

15

-

2

18. Մագոմեդ Մուսալով

14

-

3

19. Ալեքսանդեր Գոնսալես

14

-

4

20. Հիգոր Լեիտ

13

-

1

21. Սերոբ Գրիգորյան

13

-

2

22. Ուրոշ Նենադովիչ

12

3

2

23. Էրիկ Վարդանյան

12

3

3

24. Բրունո Նասիմենտո

12

-

1 (1)

25. Կառլոս Տավարես

11

-

1

26. Էդգար Մովսեսյան

10

1

1

27. Լևոն Վարդանյան

8

-

-

28. Գևորգ Նաջարյան

6

-

2

29. Խոսե Բալզա Լիսկանո

5

-

-

30. Արամ Քոչարյան

5

-

-

31. Լազար Յովանովիիչ

5

-

-

32. Տիագո Գալվաո

5

-

-

33. Հայկ Իշխանյան

4

-

-

34. Վասպուրակ Մինասյան

2

-

-

35. Ռոմել Իբարա Հեռնանդես

2

-

-

36. Գրիգոր Մելիքսեթյան

1

-

1

37. Լևոն Պետրոսյան

1

-

-

38. Կառլեն Հովհաննիսյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա