Logo

VBET ՀՊԼ. «Փյունիկ» - «Նոա» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:36 / 29.08.2022Հայկական ֆուտբոլ
Փյունիկ - Նոա

«Փյունիկ» - «Նոա»  

Օգոստոսի 29, ժամը՝ 20:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

13 խաղ, «Փյունիկը» հաղթել է 8 անգամ, «Նոան»՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-10

«Փյունիկ»՝ 8-րդ տեղ (3 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (1 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

 Փյունիկ - Նոա-2022
1. «Փյունիկն» այս խաղում վերջապես հնարավորություն ունի ասպարեզ դուրս բերելու թիմի հիմնական կազմը, քանի որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկային հանդիպումը շվեյցարական «Բազելի» հետ անցկացնելու է սեպտեմբերի 8-ին: Ուստի բացառված չէ, որ «Նոայի» հետ մրցավեճում VBET ՀՊԼ-ում նորամուտը նշի Լուկա Յուրիչիչը:

Եվրագավաթային խաղերով պայմանավորված, «Փյունիկն» առաջնության մեկնարկային 3 հանդիպումներն անցկացրել էր ոչ հիմնական կազմով: Այդ խաղերից յուրաքանչյուրում ընդամենը մեկական գոլ էր գրանցվել: Փյունիկցիները պարտվել էին «Արարատին» ու «Վանին», հաղթել էին «Շիրակին»: 

2. «Նոան» «Փյունիկի» հետ հանդիպմանը նախապատրաստվել է նոր գլխավոր մարզչի՝ Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» նախկին պաշտպանն արդեն մարզչական աշխատանքի զգալի փորձ ունի: Նա անցյալ տարվա ապրիլից մինչև նախորդ առաջնության ավարտն «Ուրարտուի» գլխավոր մարզիչն էր: Այդ պաշտոնում Արզումանյանը նորամուտը նշել էր անցյալ տարվա ապրիլի 7-ին «Արարատի» հետ կայացած խաղում՝ փոխարինելով Ալեքսանդր Գրիգորյանին: Երիտասարդ մարզչի համար նորամուտը հաջող էր: «Ուրարտուն» այդ խաղում հաղթել էր նվազագույն հաշվով: 

 Փյունիկ - Նոա-2

3. Նախորդ տուրում «Նոան» Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ գերխոշոր՝ 0-6 հաշվով պարտվեց «Ուրարտուին»: Ընդ որում, այդ խաղի անցկացումը վտանգի տակ էր, քանի որ ակումբում ֆինանսական խնդիրների պատճառով «Նոայի» ֆուտբոլիստները որոշել էին խաղադաշտ դուրս չգալ: Ընթացիկ առաջնությունում կազմը զգալիորեն երիտասարդացրած «Նոան» առայժմ անհաջող է ելույթ ունենում՝ 4 հանդիպումներում հանդիպելով ընդամենը մեկ միավոր, որը վաստակել է ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում (2-2): Իսկ մեկնարկային երկու հանդիպումներում «Նոան» Արամ Հակոբյանի օրոք պարտվել էր «Ալաշկերտին» (3-4) և «Լեռնային Արցախին» (0-1):

4. Նախորդ մրցաշրջանում «Փյունիկն» առաջնության մասնակից միակ թիմն էր, որի հետ հանդիպումներում «Նոան» միավոր չվաստակեց՝ պարտվելով բոլոր 4 խաղերում էլ: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Նոան» տարել է անցյալ տարվա մայիսի 15-ին կայացած հանդիպման խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ:

5. Մայիսի 5-ին մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին հանդիպումը հիշարժան էր «Փյունիկի» համար, որը հաղթել էր 2-1 հաշվով: Այդ խաղում «Նոայի» դարպասը Խոսե Կառաբալյոյի խփած գնդակը VBET ՀՊԼ-ում «Փյունիկի» հոբելյանական՝ 1700-րդ գոլն էր:  

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Մոհամեդ Կոնատե, Արաս Օզբիլիս, Խոսե Կառաբալյո - 2-ական գոլ:

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա