Logo

«Մրցակիցն ուժեղ է, բայց կարելի է հասնել հաջողության». Եղիշե Մելիքյանը՝ VNews-ի հետ զրույցում

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:54 / 15.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող Երևանի «Փյունիկն» արդեն սկսել է պատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժի» հետ հուլիսի 5-6-ին և 12-13-ին նախատեսված հանդիպումներին։ Չեմպիոն դառնալու, նախապատրաստության ընթացքի, ակնկալվող համալրումների և իհարկե շոտլանդացիների հետ մեր ազգային հավաքականի վերջին խաղի մասին VNews-ը զրուցել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ լարված էր, շատ բարդ էր, շատ դժվար էր հաջողության հասնել։ Բայց չեմպիոնության նշաձողը բարձրացրինք այնպիսի մակարդակի, որ հիմա շատ կարևոր է պահել այն, լավ մասնակցել Չեմպիոնների լիգային և ձգտել առաջ գնալ։ Առաջնությունում շրջանցեցինք դժվար մրցակիցների և արժանիորեն չեմպիոն դարձանք»։

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Որպես մարզիչ՝ նորամուտս է լինելու Չեմպիոնների լիգայում, սակայն խաղային ու մարզչական կարիերայում ունեցել եմ բազում կարևոր հանդիպումներ։ Այնպես որ, հոգեբանական բեռ չեմ զգում։ «Կլուժն» ինձ համար ընդամենը լավ մրցակից է, որի հետ կարելի է պայքարել և հասնել հաջողության։ Ռումինական թիմերն ավանդաբար առանձնանում են բարձրակարգ խաղացողներով։ Արդեն վերլուծել եմ մրցակցի որակները և կարող եմ ասել, որ «Կլուժի» ֆուտբոլիստներին բնորոշ է խաղային ագրեսիվ խառնվածքը, թիմն ունի մարտավարական խելացի մտահղացումներ։ Պրիմիտիվ ֆուտբոլ չեն խաղում. ունեն ստրատեգիա։ Դա արդեն պետք է վերլուծենք և ճիշտ պատրաստվենք այդ մրցակցի հետ հանդիպումներին։ Պատկերացում ունենք մրցակցի ներուժի մասին և հասկանում ենք, թե ինչ ֆուտբոլ մենք պետք է խաղանք։ Մնում է՝ պատրաստվենք»։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Արդեն պատրաստվում ենք. հիմա հավաք ենք անցկացնում Դիլիջանում։ Ստուգողական հանդիպումներ ենք նախատեսել անցկացնել «Ալաշկերտի» և «Ուրարտուի» հետ։ Իհարկե, կուզենայի, որ ավելի շատ նման խաղեր անցկացնեինք, սակայն հայկական մյուս ակումբները փոքր-ինչ ուշ են սկսելու նախապատրաստությունը հաջորդ մրցաշրջանին, ուստի նման հնարավորություն չկա»։

ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կորուստ արդեն ունենք, համալրում սպասում ենք։ Մի փոքր ուշանում ենք այդ հարցում, բայց հուսով եմ՝ կհասցնենք։ Համալրման կարիք ունենք հատկապես պաշտպանության և հարձակման գծերում։ Հրավիրել ենք 4-5 խաղացողի, որոնք պետք է միանան մեր թիմին»։

ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ցավալի էր, պարտվելու խաղ չէր, բայց խոշոր հաշիվ գրանցվեց։ Հասկանալի է, որ նման հզոր թիմի դեմ չէինք կարող բացահայտ առավելություն ունենալ, սակայն առաջին խաղակեսում տղաները բավական լավ տպավորություն թողեցին, ստեղծեցին պահեր, կար աշխատանք։ Մի խոսքով՝ հավասար խաղ էր։

Ափսոս էր պարտվել նման խաղում, միշտ տուժել ենք անհատական սխալներից։ Շատ եմ ափսոսում Արման Հովհաննիսյանի համար, որն իրոք լավ ֆուտբոլիստ է ու լավ մարզավիճակում է։ Նա նաև լավ մարդ է, խաղում է նվիրվածությամբ, բայց երբեմն հույզերը չի կարողանում վերահսկել։ Ինձ թվում է՝ նա դեռ շատ կօգնի մեր հավաքականին։ Մի կոպիտ սխալի համար պետք չէ նրան այդքան սուր քննադատել։ Պետք է օգնենք նրան»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա