Logo

«Այս թիմն էլ ունակ է լուծելու իր առջև դրված խնդիրները». Եղիշե Մելիքյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:42 / 30.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Eghishe Meliqyan

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը հունիսի 29-ին ճանաչվել էր VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22թթ․ մրցաշրջանի լավագույն մարզիչ։ VNews-ի հետ զրույցում 42-ամյա մասնագետն անդրադարձել է այդ հաջողությանը և ռումինական «Կլուժի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությունից առաջ թիմում ընթացող փոփոխություններին։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Միանգամից ասեմ, որ վստահ չէի, որ հենց ես կարժանանամ այդ մրցանակին, քանի որ մրցակցությունը մեծ էր։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախապատվությունն ինձ տալու համար։ Դա մեր թիմային աշխատանքի արդյունքի գնահատականն է։ Նաև շատ պարտավորեցնող է. այժմ պետք է փորձեմ պահել բարձր նշաձող, արդարացնեմ վստահությունը, որպեսզի չհիասթափեցնեմ ինձ հավատացած և իմ օգտին քվեարկած մարդկանց։

Ուկրաինայում աշխատելու ընթացքում ճանաչվել եմ տուրի լավագույն մարզիչ, սակայն մրցաշրջանի արդյունքներով առաջին անգամ եմ արժանացել նման կոչման։ Այն ժամանակվա և ներկայիս հույզերը, իհարկե, համադրելի չեն, որովհետև մրցաշրջանի լավագույն մարզիչ դառնալն ամենից առաջ կայուն աշխատանքի ցուցիչ է։ Իսկ սպորտում շատ դժվար է պահպանել այդ կայունությունը»։

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Հիմա համալրման շրջանում ենք, չենք հասցրել լիարժեք լուծել այդ հարցը։ Սակայն վստահում և հավատում եմ իմ տրամադրության տակ գտնվող տղաներին և պատրաստվածության խնդիր չեմ տեսնում։ Իհարկե, հաճելի և ցանկալի կլիներ ուժեղացնել կազմը, բայց այս թիմն էլ ունակ է լուծելու իր առջև դրված խնդիրները։ Ակումբը նույնպես ստեղծել է արդյունավետ աշխատելու բոլոր պայմանները։ Իսկ սելեկցիայի վերաբերյալ խնդիրներ բոլոր ակումբների համար էլ ծագում են, ոչ բոլորն են համալրվում այնպես, ինչպես ցանկանում են։ Կաշխատենք արդարացնել սպասելիքները»։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» և «Կլուժի» առաջին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 5-ին Երևանում, մեկնարկը՝ 20։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա