Logo

15-րդ չեմպիոնությամբ «Փյունիկը» 32-րդ տիտղոսը նվաճեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:23 / 25.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Փյունիկ-32-րդ տիտղոս

Առաջնության 35-րդ տուրի մեկնարկային խաղում Սերժ Դեբլեի խփած «ոսկե» գոլի շնորհիվ հաղթելով «Արարատին», «Փյունիկը» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Դա փյունիկցիների հոբելյանական՝ 15-րդ չեմպիոնությունն էր 6-ամյա ընդմիջումից հետո: Ստացվում է, որ Հայաստանի առաջնությունների ուղիղ կեսում ուժեղագույնն է ճանաչվել «Փյունիկը»: Փյունիկցիներն ամենաթանկ նվերը մատուցեցին իրենց երկրպագուներին ակումբի հիմնադրման 30-ամյակի առթիվ:

Վերջին անգամ «Փյունիկը» չեմպիոն էր հռչակվել 2014/15թթ. մրցաշրջանում Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է, որ այդ առաջնությունում ոսկե մեդալների արժանացած ֆուտբոլիստներից ոչ մեկը ներկայումս «Փյունիկում» չէ: Գործող ֆուտբոլիստներից Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանն ու Զավեն Բադոյանը հանդես են գալիս արտերկրում, Տարոն Ոսկանյանն «Ալաշկերտում» է, Արթուր Քարտաշյանը՝ «Նոայում», Վասպուրակ Մինասյանը՝ «Վանում», Ռոբերտ և Ռազմիկ Հակոբյաններն ու Դավիթ Մանոյանը հանդես են գալիս «Արարատում», Անատոլի Այվազովը «Ուրարտուի» դարպասապահն է:

Փյունիկ- 32-րդ տիտղոս 1

Ամենատիտղոսակիրը Գևորգ Ղազարյանն է

«Փյունիկի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը թիմի ավագ Գևորգ Ղազարյանն է, որը դարձավ Հայաստանի վեցակի չեմպիոն: Նախկինում նա «Փյունիկի» կազմում ոսկե մեդալի էր արժանացել 2005, 2006, 2008-2010թթ.: Նրա մեդալների հավաքածուում կարող էր չեմպիոնի 7 ոսկե մեդալ լինել, եթե երիտասարդական հավաքականի շահերից ելնելով 2007թ. առաջնության 2-րդ հատվածում նա չտեղափոխվեր «Բանանց», որի կազմում արծաթե մեդալի էր արժանացել: Ղազարյանը հայկական ֆուտբոլում 10-րդ տիտղոսը նվաճեց: Նա Հայաստանի կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր է:

Գևորգ Ղազարյանը շուրջ 10 տարի բացակայել էր «Փյունիկից»՝ հանդես գալով արտերկրի տարբեր ակումբներում: Եվ ահա անցյալ տարվա ամռանը նա վերադարձավ հարազատ կոլեկտիվ՝ ստանձնելով թիմի ավագի պարտականությունները: Հենց առաջին իսկ խաղում փորձառու ֆուտբոլիստը գրավեց ԲԿՄԱ-ի դարպասը՝ խփելով ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 50-րդ գնդակը: Ցավոք, վնասվածքի պատճառով Գևորգը ստիպված էր բաց թողնել առաջնության աշնանային հատվածի մեծ մասն ու մրցաշարի ավարտական հանդիպումները: 

Փյունիկ- 32-րդ տիտղոս 2

Ֆուտբոլային կարիերայում 500-ից ավելի խաղ անցկացրած Ղազարյանի համար ընթացիկ մրցաշրջանն ավարտվեց 6-րդ ոսկե մեդալի նվաճմամբ: Այդ ցուցանիշով նա հավասարվեց նախկին փյունիկցիներ Արթուր Մկրտչյանին, Վարդան Մինասյանին, Լևոն Փաչաջյանին, Աղվան Մկրտչյանին և Նորայր Սահակյանին: Յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկի» բազմամյա նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն է, որը 10 անգամ չեմպիոն է հռչակվել: Ռաֆայել Նազարյանն ու Վալերի Ալեքսանյանը ՀՀ յոթակի չեմպիոններ են:

35-ամյա Գրիգոր Մելիքսեթյանը համալրեց Հայաստանի քառակի չեմպիոնների ցանկը: Նախկինում նա 2007-2009թթ. ոսկե մեդալի էր արժանացել հենց «Փյունիկում»:

Ուրոշ Նենադովիչն ու Արտակ Դաշյանը դարձան եռակի չեմպիոններ: Նրանք միասին մեծագույն հաջողության բերկրանքը վայելել էին «Ալաշկերտում» 2016/17, 2017/18թթ. մրցաշրջաններում:

Փյունիկ- 32-րդ տիտղոս 3

Դավիթ Յուրչենկոն, Տիագո Գալվաոն և Հովհաննես Հարությունյանը 2-րդ ոսկե մեդալը կստանան: Առաջին երկուսը նախորդ մրցաշրջանում չեմպիոն էին դարձել «Ալաշկերտում», իսկ Հարությունյանը 2019/20թթ. առաջնության հաղթող «Արարատ-Արմենիայի» կազմում էր: «Փյունիկի» մյուս ֆուտբոլիստներն առաջին անգամ չեմպիոն հռչակվեցին: 

Եղիշե Մելիքյանի մարզչական կարիերայի առաջին տիտղոսը հայկական ֆուտբոլում 

«Փյունիկն» իսկական մարզական սխրանք գործեց: Առաջնության աշնանային հատվածի ավարտին փյունիկցիները 8 միավորով զիջում էին աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիային», որի ցուցադրած խաղը հիացմունքի էր արժանանում: Ոմանց կարծիքով առաջնությունում չեմպիոնության հարցը կարելի էր վճռված համարել:

Սակայն ձմռան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Փյունիկը» զգալիորեն ուժեղացրեց կազմը, որի շնորհիվ առաջնության գարնանային հատվածում պարզապես գերազանց ելույթներ ունեցավ՝ 16 հանդիպումներում վաստակելով 42 միավոր: Միայն 3 թիմի՝ «Վանին», «Արարատ-Արմենիային» և «Ուրարտուին» հաջողվեց «Փյունիկի» հետ մրցավեճում մեկական միավոր վաստակել:

«Փյունիկի» հաջողությունում մեծ է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ներդրումը: Ուկրաինայում մարզչական գործունեության զգալի փորձ կուտակած Մելիքյանը հայկական ֆուտբոլում իր բեղմնավոր աշխատանքը սկսեց նախորդ մրցաշրջանում՝ գլխավորելով «Ալաշկերտը»: Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո Մելիքյանն ընդունեց «Փյունիկի» ղեկավարության առաջարկը՝ ստանձնելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա նորամուտը «Փյունիկում» կայացել է «Արարատ-Արմենիայի» հետ անցյալ տարվա փետրվարի 21-ին անցկացված առաջնության խաղում, որում 2-1 հաշվով հաղթել էին Դավիդ Կամպանյայի սաները: 

Փյունիկ- 32-րդ տիտղոս 4

Եղիշե Մելիքյանը մարզչական կարիերայում հայկական ֆուտբոլում առաջին տիտղոսը նվաճեց: Նա դարձավ չեմպիոն թիմ պատրաստած 18-րդ մարզիչը: Ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է, որի գլխավորած թիմերը 6 անգամ են չեմպիոն հռչակվել («Փյունիկ»՝ 4, «Արարատ-Արմենիա»՝ 2): Խորեն Հովհաննիսյանից, Վարդան Մինասյանից, Սևադա Արզումանյանից, Սարգիս Հովսեփյանից ու Աբրահամ Խաշմանյանից հետո Մելիքյանը 6-րդն է, որ չեմպիոնի տիտղոսին արժանացել է թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: 

Հիշեցնենք, որ Մելիքյանը 2000թ. չեմպիոնի տիտղոսին է արժանացել Արարատի «Արաքսում», որի կազմում նախորդ առաջնությունում բրոնզե մեդալ էր ստացել: «Բանանցում» էլ 2007թ. դարձել էր Հայաստանի գավաթակիր ու արծաթե մեդալակիր, մինչ այդ էլ 2002թ. բրոնզե մեդալ էր ստացել: 

Փյունիկ- 32-րդ տիտղոս 5

Տիտղոսների արժանացած ընդամենը 13 թիմ

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է: Հերթական տիտղոսը թիմի պատմության մեջ 32-րդն է: Փյունիկցիները 8 անգամ նվաճել են Հայաստանի գավաթը, 9 անգամ էլ արժանացել են Սուպերգավաթին:

1992թ. կազմավորված նորաստեղծ թիմը, որն այն ժամանակ կրում էր ՀՄԸՄ անվանումը,  խաղացող-մարզիչ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակի» հետ միասին հռչակվեց հանրապետության առաջին չեմպիոն: Նրա օրոք ևս երկու անգամ (1995/96, 1996/97թթ.) «Փյունիկը» չեմպիոն հռչակվեց:

Փյունիկ- 32-րդ տիտղոս 6

Երկամյա ընդմիջումից հետո 2001թ. կրկին կազմավորվելով, «Փյունիկն» իր վերադարձը հայկական ֆուտբոլ նշանավորեց 4-րդ չեմպիոնությամբ: Հաջորդ 9 մրցաշրջաններում ևս «Փյունիկը» գերիշխում էր ՀՀ առաջնություններում՝ ոչ մեկին չզիջելով ոսկե մեդալները: Դա յուրօրինակ ռեկորդ է: Եվ ինչպես արդեն նշել ենք, վերջին չեմպիոնությունը «Փյունիկը» տոնել էր 2014/15թթ. առաջնությունում: Հաջորդ 6 մրցաշրջաններում միայն երկու թիմի՝ «Ալաշկերտին» (2015/16-2017/18, 2020/21թթ.) և «Արարատ-Արմենիային» էր (2018/19-2019/20թթ.)  հաջողվել նվաճել չեմպիոնական գավաթը:

Մինչ օրս հայկական ֆուտբոլում խաղարկվող 3 մրցանակներին տիրել են ընդամենը 13 թիմեր: «Փյունիկի» առավելությունը տիտղոսակիր մյուս թիմերի նկատմամբ այնքան մեծ է, որ ապագայում դժվար թե որևէ ակումբի հաջողվի նույնիսկ կրկնելու փյունիկցիների ներկայիս արդյունքը:

VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլում տիտղոսներ նվաճած թիմերի ցուցանիշները:

Թիմեր

Չ

Գ

Ս

ԸՆԴ

1. «Փյունիկ»

15

8

9

32

2. «Շիրակ»

4

2

5

11

3. «Ալաշկերտ»

4

1

3

8

4. «Արարատ»

1

6

1

8

5. «Միկա»

-

6

2

8

6. «Արաքս»

2

2

1

5

7. «Ուրարտու»

1

3

1

5

8. «Արարատ-Արմենիա»

2

-

1

3

9. «Նոա»

-

1

1

2

10. «Երևան»

1

-

-

1

11. «Ուլիս»

1

-

-

1

12. «Գանձասար-Կապան»

-

1

-

1

13. «Նորավանք»

-

1

-

1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա