Logo

«Քեզնից լավը չկա՝ ո՛չ գազան, ո՛չ թռչուն». ինչու Կուպրինի մուսան մնաց մենակ և ինքնասպան եղավ պաշարված Լենինգրադում 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:31 / 23.03.2022Հեղինակներ
Ելիզավետա Հենրիխ-Ռոտոն

Նրա կյանքը մեծահոգաբար ինքնախոշտանգում էր. ոչ մի կաթիլ երջանկություն իր համար, փոխարենն անմնացորդ նվիրում սիրելի տղամարդուն, գոյություն՝ միմիայն հանուն նրա: Եվ, եթե իր կամքը լիներ, նա ձեռքերով կցրեր ամպերը, որպեսզի արևը միշտ փայլեր աշխարհում մի մարդու համար: Այս հազվագյուտ հոգու տեր կնոջ անունն Ելիզավետա Հենրիխ-Ռոտոնի է, նա Ալեքսանդր Կուպրինի երկրորդ կինն է եղել։

Елизавета Морицовна Куприна

«Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է ամենամեծ հերոսության։ Եթե նա սիրում է, սերը նրա համար կյանքի իմաստն է դառնում՝ աբողջ տիեզերքը»,- գրել է Կուպրինը։ 

Եվ Կուպրինի կինը լիովին արդարացրել է նրա արտահայտածը...

Լիզան մեծացել է բազմազավակ ընտանիքում, որը մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում։ Եվ ով գիտե, թե ինչպիսի ճակատագիր նա կունենար, եթե դերասանուհի դարձած ավագ քույրը՝ Մարիան, աղջկան իր մոտ չտաներ։ Այդ ժամանակ Մաշան ամուսնացել էր հայտնի գրող Մամին-Սիբիրյակի հետ, և Լիզան ստիպված չէր կարիքի մեջ ապրել նոր, հարուստ ընտանիքում։ Նրա երջանիկ ու հանգիստ կյանքը, սակայն, շուտով կավարտվի։ Ծննդաբերության ժամանակ ավագ քրոջ մահը և տան կառավարչի հայտնվելը, որն արագ իր ձեռքի տակ վերցրեց գրողին, կտրուկ կփոխեն Լիզայի կյանքը։

Նոր տանտիրուհուն ակնհայտորեն դուր չէր գալիս մահացած Մաշայի կրտսեր քույրը, և նա նույնիսկ չէր փորձում թաքցնել իր վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այս իրավիճակում աղջիկը որոշում է միանալ գթության քույրերի համայնքին։ Երբ սկսվի ռուս-ճապոնական պատերազմը, նա կմեկնի ճակատ՝ փրկելու վիրավորների կյանքը և բուժելու նրանց: 
Գթության գրավիչ քույրը շուտով այստեղ կհանդիպի իր առաջին սիրուն: Հմայիչ երիտասարդ վրացի բժիշկը, թվում էր, հիանալի զույգ էր նրա համար. նրանք նույնիսկ նշանվեցին։ Բայց մի օր Լիզան տեսավ, թե ինչպես է իր փեսացուն դաժանաբար ծեծում մի անմեղ զինվորի։ Ելիզավետայի բարի, արձագանքող սիրտը չդիմացավ այդ տեսարանին․ վրդովված այդ արարքից՝ նա անմիջապես բաժանվեց իր սիրելիից։

Կուպրին

Լիզան վերադառնում է Սանկտ Պետերբուրգ. ճակատագիրն, ըստ երևույթին, խղճալով աննախանձելի վիճակում գտնվող աղջկան, կարծես պատահաբար նրան բերում է Կուպրինների տուն։ Ամսական 25 ռուբլի աշխատավարձի դիմաց նրա ուսերին են ընկնում տնային գործերը, միաժամանակ հանճարեղ գրողի փոքրիկ դստեր խնամքը։ Նշենք, որ Կուպրինն ամուսնացած էր Մարիա Դավիդովայի հետ՝ վառ, աղմկոտ և հրամայող կին։ Նրա այդ վերջին հատկության շնորհիվ գրողը կարողացավ թողարկել «Մենամարտ» վեպը, որը նրան հռչակ բերեց որպես ռուս մեծ արձակագրի։ Միայն «ոզնու փշերը», որոնցում Մարիան պահում էր իր անկառավարելի, շարունակ հարբող ամուսնուն, օգնեցին Ալեքսանդր Կուպրինին համաշխարհային հռչակ ձեռք բերել։ Այդուամենայնիվ, հաճախակի վեճերն արդեն իսկ կանխատեսում էին մոտալուտ ամուսնալուծությունը:

«Որքա՜ն երջանկություն կարող է ամփոփվել ուզածդ տեղ գնալու հնարավորության մեջ»:

Սկզբում գրողն ուշադրություն չէր դարձնում Լիզա Ռոտոնիին. նա չափազանց լուռ էր, աննկատ ու պարտաճանաչ, հմտորեն ղեկավարում էր տնային բոլոր գործերը։ Բայց մի օր Ալեքսանդր Կուպրինը հանկարծ կզգա, որ գրավիչ ուժ է բխում քաղցր ժպիտը դեմքին այս աղջկանից, որի խորը, գեղեցիկ աչքերում թաքնված էր հավերժական տխրություն։ Նա հուզեց գրողին և ինչ-որ չափով հիշեցրեց աստվածաշնչյան Սուլամիթին՝ Սողոմոն թագավորի սիրելիին: 

Լիզա Ռոտոնի
Հետագայում նա գրելու է «Սուլամիթ» քնքուշ, վեհ գործը, որը «Նռնաքարե ապարանջանի» հետ հավերժացնելու է Ալեքսանդր Կուպրինի անունը։ Ահա, այդպես ակամա և շատ անսպասելի Լիզա Ռոտոնին դարձավ մեծ գրողի մուսան: Լիզան լավ հասկանում էր, թե ինչ տանջանքների է դատապարտում իրեն՝ սրտով ու հոգով, յուրաքանչյուր մասնիկով սիրահարվելով այս անսովոր, բուռն մարդուն, որը մի կողմից ընդունակ էր նուրբ, լիրիկական գործեր գրել, մյուս կողմից հարբեցողության տարերքի մեջ հյուրանոցի պատուհանից դուրս շպրտել, իբր, իրեն վիրավորած վաճառականին, կամ էլ մեկ շաբաթով գնալ գնչուների մոտ և ամբողջովին մոռանալ ընտանիքի մասին:

Ալեքսանդր Կուպրինը, տիրապետելով մեծ ուժի, և՛ ըմբիշ էր, որը ջարդում էր իրեն մոտեցողների ատամները, և՛ փորձում էր ռազմական կարիերա անել: Բայց հարբած դրսևորումները և անկառավարելի բնավորությունը արգելափակում էին Կուպրինի բոլոր ունակությունները: Մի անգամ ակադեմիայի ճանապարհին նա Նևա գետը գցեց մի ոստիկանի, որն ինչ-որ բանով դուր չէր եկել մեծ գրողին։

«Աստված թե բնությունը, ես չգիտեմ՝ ո՞ր մեկը, մարդուն տալով գրեթե աստվածային միտք, միաժամանակ հորինել է նրա համար երկու տանջալի թակարդ՝ ապագայի անորոշությունը և անցյալի անդառնալիությունն ու անմոռաց լինելը»։

Կյանքի բոլոր անհաջողություններն Ալեքսանդր Կուպրինը մեկ ժամում վերածում էր ստեղծագործական փորձի: Հայտնի «Փոսը» վեպը, որն աննախադեպ մեծ աղմուկ բարձրացրեց ռուս բարձրաստիճան սպաների շրջանում, կյանքի փորձը ստեղծագործականի վերածելու արդյունք էր։

Ալեքսանդր Կուպրին
Ալեքսանդր Կուպրինը, լինելով ուղղամիտ և ազնիվ մարդ, սեր է խոստովանում Ելիզավետա Ռոտոնիին։ Նա շփոթվում է և, վախենալով վերջնականապես խզել Կուպրինների ընտանեկան հարաբերությունները, վազում է հոսպիտալներից մեկը, որտեղ աշխատում է որպես բուժքույր: Տպավորվող Ալեքսանդր Կուպրինը, մտածելով, որ իր սերն անհույս է և անպատասխան, ընկղմվում է հարբեցողության մեջ։ Ամբողջ Պետերբուրգը խոսում էր նրա կործանիչ սովորության մասին, և նույնիսկ էպիգրամ հորինվեց. «Եթե ճշմարտությունը գինու մեջ է, ինչքան ճշմարտություն կա Կուպրինում»:

Ելիզավետա Ռոտոնի

Գրողը հեռանում է տնից, բնակություն հաստատում Սանկտ Պետերբուրգի «Palais Royal» հյուրանոցում, որտեղ շարունակում է տառապել անպատասխան զգացմունքներից և անընդհատ կառչել բաժակից։ Կուպրինի մտերիմ ընկերը՝ պրոֆեսոր Բատյուշկովը, կարողանում է գտնել Լիզա Ռոտոնիի հասցեն։ Առանց այլևայլության նա անմիջապես նկարագրում է այն մռայլ իրավիճակը, որում հայտնվել է գրողը, և հասկացնում, որ մեկ քայլ է բաժանում Ալեքսանդր Կուպրինին ամբողջական բարոյական կործանումից։ 

Լիզան գնում է գրողի մոտ՝ հյուրանոց։ Երջանկությունից ապշած Կուպրինը, տեսնելով սիրելի արարածին, երդվում է փոխել իր կյանքը։ 1907 թվականի գարնանը սիրահարները մեկնում են Ֆինլանդիա, որտեղ գրողը բուժման կուրս է անցնում։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալուն պես գրողն ամուսնալուծվում է Մարիա Դավիդովայի հետ, և նրանք ամուսնանում են։

«Յուրաքանչյուր կին, ով սիրում է՝ թագուհի է»

Շուտով Ալեքսանդր Կուպրինն ու Ելիզավետա Ռոտոնին բնակություն են հաստատում Գատչինայում. կանաչապատ փոքրիկ տնակ, որն ամբողջ ութ տարի դրախտային անկյուն է դառնում ամուսինների համար։ Այստեղ են ծնվելու նաև նրանց դուստրերը՝ Քսենիան և Զինաիդան։ Ի մեծ դժբախտություն ծնողների,  փոքրիկ Զինոչկան մահանում է թոքաբորբից, և ամբողջ սերն ու հոգատարությունը փոխանցվելու է ավագին՝ Կիսին՝ ֆրանսիական էկրանի ապագա աստղին, հայտնի մոդելին։

Ի դեպ, Ալեքսանդր Կուպրինն իսպառ կմոռանա Լիզային տված իր երդումը։ Պատահում էր, որ նա ընկերների հետ ընկնում էր, մեղմ ասած, գիշերային որջեր՝ անհետանալով այնտեղ մինչև առավոտ։ Իսկ Լիզան հեզ, լուռ սպասում էր նրա վերադարձին։ Եվ գրողը երբեք իր հասցեին նախատինք չէր լսում։

Հյուրասեր, շռայլ հոգով ընտանեկան կալվածքի տերը միշտ տեղ ուներ ընկերների, բազմաթիվ գրչակների, երբեմն էլ կասկածելի անձնավորությունների համար։ Ելիզավետա Ռոտոնին քաջ գիտակցում էր, որ նրանք բոլորը պարզապես խանգարում են աշխատել ամուսնուն` գրչի ճանաչված հանճարին, որն ունակ էր գրել շատ և փայլուն։ Նույնիսկ այդ դեպքում, սակայն, նա ցույց չէր տալիս, որ դժգոհ է հյուրերից, որոնք, կոպիտ ասած, կերել էին Կուպրինների ընտանիքը, և այդ պատճառով նրանք ստիպված էին հսկայական պարտքերի տակ ընկնել։ 

Ելիզավետա Ռոտոնի-Կուպրին

Դրանով հանդերձ, Լիզան անսահման երջանիկ էր. նա ապրում էր իր սիրելի տղամարդու հետ շունչ-շնչի՝ բոլոր հոգսերն ու դժվարությունները տեղավորելով իր փխրուն ուսերին: Փորձում էր այնպես անել, որ նա դյուզն իսկ անհանգստություն չզգա, դրա համար էլ թեթև սրտով ներում էր անգամ գրողի ինտրիգներն այլ կանանց հետ: Այստեղ արժե նշել, որ նույնիսկ մեծ տարիքում Ալեքսանդր Կուպրինը չէր անտեսվում երիտասարդ գեղեցկուհիներից։

Ելիզավետա Ռոտոնին պատրաստ էր նրա հետ մտնել կրակի և ջրի մեջ: Երբ գա քաղաքացիական պատերազմի ժամանակը, և գրողը միանա սպիտակ շարժմանը, նա կկիսի Կուպրինի հետ իրեն բաժին հասած բոլոր դժվարությունները: Լիզան չընդդիմացավ ընտանիքի հետ Ֆրանսիա գաղթելու որոշմանը, չնայած Ալեքսանդր Կուպրինի աչքերում արցունքներ տեսավ. գրողը սիրում էր Ռուսաստանը և, բաժանվելով նրանից, իր հոգին և սիրտը թողեց հայրենի հողում: Այդ կարոտը նրան տանջելու է ամբողջ կյանքում։ Ֆրանսիան անհյուրընկալ կդիմավորի Կուպրիններին․ ռեստորաններից մեկում, որտեղ նրանք կցանկանան ճաշել, տերը նրանց դուրս կվռնդի։ Պարզվելու է՝ նա տանել չի կարողանում օտարներին...

«Մենք ապրում ենք երկու կեղտոտ սենյակներում, որտեղ ո՛չ առավոտյան, ո՛չ երեկոյան, ո՛չ ամռանը, ո՛չ ձմռանը արև չի երևում», - գրել է Ալեքսանդր Կուպրինը Փարիզից իր ընկերներից մեկին:- «Ելիզավետա Մորիցովնան ինքն է լվացք անում, եփում և լվանում ամանները…»

Մեծ գրողի թշվառ գոյությունը թունավորում էր նրա հավատարիմ ու սիրող կնոջ հոգին, որը ցավով հետևում էր, թե ինչպես է օրեցօր մարում ամուսնու տաղանդը։ Եվ դարձյալ դժբախտ, աղքատ կացարան էին խցկվում անկոչ հյուրերը՝ հավերժ սոված ու շատախոս գաղթականներ, որոնցից օգուտ չկար, և որոնք միայն անհանգստություն էին պատճառում։ 

Ելիզավետա Ռոտոնին ամուսնու գործերը ֆրանսերեն էր թարգմանում ընտանիքը պահելու համար։ Մի օր նա բացեց փոքրիկ արտադրամաս՝ հավատալով, որ ձեռնարկությունը որոշակի շահույթ կբերի։ Ավաղ, նրա գործընկերը հարբեցող դուրս եկավ և վատնեց չնչին խնայողությունները: Ալեքսանդր Կուպրինը չափազանց ամաչում էր, որ կախված է կնոջից, և անհավատալի ջանքերով գրելու էր «Յունկեր» վեպը՝ իր վերջին գործերից մեկը՝ հույս ունենալով ազատվել հետապնդող աղքատությունից:

Ելիզավետա Ռոտոնի-4

Հիվանդ, ձախողումներից կոտրված Ելիզավետան ամեն ինչից իրեն զրկելով՝ վերջին գումարով ամուսնուն կճանապարհի հարավ, որպեսզի նա մի քիչ ուժ հավաքի։ Մի անգամ Ալեքսանդր Կուպրինն իր ճամփորդություններից մեկի ժամանակ գրել է կնոջը. «Ես ինքս չգիտեմ, թե ինչու եմ քո մասին այդքան հաճախ և քնքշորեն մտածում: Եվ իմ բոլոր մտքերում մեկ բան կա՝ քեզնից լավը չկա՝ ո՛չ կենդանի, ո՛չ թռչուն…»:

Սարսափելի աղքատությունը, որն արդեն տիրում էր Կուպրինների բնակարանում, չկոտրեց փոքրիկ, նիհար կնոջ կամքը։ Մի անգամ Ելիզավետա Մորիցովնան ստիպեց ամուսնուն խոնարհել իր հպարտությունը և չհրաժարվել մեկ այլ մեծ գրողի՝ Իվան Բունինի օգնությունից․ Նոբելյան մրցանակակիրն իր պարգևի կեսը կտա գրական մրցակցին նրա ֆինանսական վիճակը մեղմելու համար։ 

Եվ բավականին տարօրինակ էր, որ դուստրը՝ Քսենիան, որը լողում էր շքեղության մեջ, ընկերություն էր անում Էդիտ Պիաֆի, Ժան Մարեի հետ, որին սիրահետում էր անձամբ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին և Փարիզում հայտնի էր որպես ճանաչված դերասանուհի, ասում են՝ չգիտեր և չէր կռահում, թե ինչ կարիքների մեջ են ծնողները: Կուպրինները պաշտում էին Կիսային՝ իրենց միակ դստերը, և հիանում, որ նա փառքով գերազանցում է իր հայտնի հորը։ Հավանաբար, ծնողները պարզապես չէին ուզում խանգարել նրան ապրելու տոնական և անհոգ կյանքով...

Վերջին ժամանակները Ալեքսանդր Կուպրինն ավելի ու ավելի հաճախ էր ասում. «Ես պատրաստ եմ ոտքով գնալ Մոսկվա»։

Ալեքսանդր Կուպրին-Ելիզավետա

Եվ նրա թաքուն, բազմաչարչար երազանքները տարան դեպի հեռավոր ու հարազատ Ռուսաստանի տարածքներ։ Նա չէր թաքցնում, որ ցանկանում է ամբողջ ընտանիքով գնալ հայրենիք։ Բայց Քսենիան դեմ էր. նա անհանգստանում էր իր անձնական կյանքի, ֆրանսիացի օդաչուի՝ բավականին հարուստ տղամարդու հետ կայանալիք հարսանիքի և սեփական կարիերայի համար: Նա Ռուսաստան կվերադառնա միայն պատերազմից հետո՝ կորցնելով ամեն ինչ և երջանկություն չգտնելով օտար երկրում։

1937 թվականի մայիսի վերջին Մոսկվայի «Բելորուսկի» երկաթուղային կայարանում գնացքից իջան մի տարեց նիհար կին և մի շատ ծեր տղամարդ՝ ձեռքին զամբյուղ, որի մեջ քնած էր փափկամազ կատուն։ Երկար դեգերումներից հետո մեծ գրող Ալեքսանդր Կուպրինը վերջապես ոտք դրեց հայրենի հողի վրա։ Նրա կողքին աշխարհի ամենասիրելի ու հավատարիմ կինն էր՝ Ելիզավետա Ռոտոնին։ Ալեքսանդր Կուպրինին մնում էր ապրել մեկ տարուց մի փոքր ավելի, նա կմահանա կնոջ ձեռքերի վրա մահացու հիվանդությունից՝ կերակրափողի քաղցկեղից։

Ալեքսանդր Կուպրին-5

Չորս տարի անց շրջափակված Լենինգրադում Ելիզավետա Ռոտոնին, հավատալով կեղծ լուրերին, թե իր դուստր Քսենիային գեստապոն գերի է վերցրել Փարիզում և դաժանորեն խոշտանգել բանտի զնդաններում, ինքնասպան կլինի։ Նա այլևս ուժ չուներ պայքարելու իր ամենամոտ ու սիրելի մարդկանց կորստի դեմ…
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա