Logo

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 03.11.2020Երաժիշտներ
urisherggg min - Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն... [Պատմում է Անի Հակոբյանը]

Ժողովրդական երաժշտական բանահյուսությունը (ավանդաբար, բանավոր ձևով փոխանցվող երաժշական արվեստը) իրենից ներկայացնում է մի յուրօրինակ շերտ, որն իր մի շարք գործառույթներից զատ ունի ճանաչողական կարևոր նշանակություն. ուսումնասիրելով որևէ ազգի երգ, կարելի է  ճանաչել ու գնահատել տվյալ ազգի արժեհամակարգը, կենցաղը, պատմությունն ու առհասարակ տեսակը…

Հայ ժողովրդի ռազմի և զինվորի երգերը պատմական առումով համեմատաբար նոր երևույթ են, բայց դրանց հորինման ու կենցաղավարման ավանդները, ինչպես վկայում են մատենագրական աղբյուրները, ինչպես նաև վիպական ասքերի ու էպոսի երգվող հատվածները, գալիս են դարերի խորքից։ Ռազմա-հայրենասիրական ժանրի մի շարք երգեր հորինվել են Մուշում, Սասունում, Վասպուրականում ու Շատախում 19-րդ դարի վերջերին՝ ինքնապաշտպանական, ազատագրական շարժումների ժամանակ, որոնց հիմնական թեմատիկան ներկայացնում է բուն զինված ընդհարումները, ինչպես նաև հայդուկի հայրենիքի հանդեպ մեծ սերը։

 Ռազմի երգերի հաջորդ խումբը ծնունդ է առել ու կազմավորվել Առաջին համաշխարհային պատերազմի, ապա Հայրենական պատերազմի տարիներին։

Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից հայերն ընդհանրապես ու արցախցի հայերը, մասնավորապես, իրենց ապրումները, ոգեղեն պոռթկումներն արտահայտել են չափածո տողերով, հրապարակներում, ցույցերի ու երթերի ժամանակ ժողովուրդը հանպատրաստից ստեղծագործել է, հետագա օրերին մշակել ու հղկել իր խոսքը, ապրումը, հույզը։ Ու ծնվել են արցախյան ֆիդայական, ազգային-ազատագրական երգերն ու ռազմական քայլերգերը։

Այսօր ևս, երբ հայ ժողովուրդը պատվով շարունակում է իր լինելիության, գոյատևման ու զարգացման համար մղվող ազնիվ պայքարը, երգն ունի բացառիկ գոտեպնդող նշանակություն՝ ուժ ու վստահություն ապահովող գործառույթ:

«Երգը ռազմադաշտի ճանապարհին» հոդվածում, բանաստեղծ, Արցախյան պատերազմի մասնակից Ռոբերտ Եսայանն իրավամբ գրում է. «Երգը ոչ միայն լավագույն ուղեկիցն էր ռազմադաշտի ճանապարհին, այլև ոգևորող հատկություն ուներ, կարողանում էր կիսել ապրումներդ, հույզերդ և դրանք գունավորել ժամանակի շնչառության միջոցով՝ թռիչք ու երանգներ տալով օրերիդ ընթացքին և, ամենակարևորը՝ դառնում էր սպեղանի, թեթևացնում, դյուրին դարձնում ապրելն ու պայքարելը՝ նոր իմաստ տալով քո մարտական գործողություններին և ապրածդ յուրաքանչյուր վայրկյանին»: Նման վկայություններ մենք դեռ շատ կլսենք ու կտեսնենք՝ արդեն իսկ համացանցի լայն հնարավորությունները թույլ են տալիս այս օրերին ընթացող մարտերն ուղեկցող երգերի տեսանյութերի ականատեսը լինել:

«Զարթիր Լաո»

«Մի երգի պատմություն» շարքի հոդվածներից մեկում ներկայացվել է ժանրի սիրված ու լայն ժողովրդականություն վայելով «Զարթիր Լաո» երգի ստեղծման պատությունը: Հայտնի է երգի ստեղծման հավանական ժամանակաշրջանը, հեղինակի անունը, հիմք հանդիսացած պատմաքաղաքական ու դիպվածային նախադրյալները, ինչպես նաև այն հանգամանքը, որ երգը հավանաբար նվիրված է եղել Արաբոյին (Այս մասին մանրամասն տես. Ա. Ս. Ղազինյան, «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր», Երևան, 1989:):
Նշված հոդվածում և այլ աղբյուրներում կարդում ենք, որ երգը հորինված է իբրև օրորոցային, որում սակայն մայրը ոչ թե ննջելու, այլ զարթնելու կոչով է դիմում արու զավակին. նպատակը՝ երեխայի մեջ սերմանել զգոնություն, որն էլ կապահովի նրան լուսավոր ապագա: Տեղեկատվությունը, բնականաբար, չի վերաբերվում «Զարթիր լաո» երգի հայտնի քայլերգանման տարբերակին (տես՝ ստորև), որի ուղեկցությամբ անհնար է երեխային թմրեցնել, «ուղեկցել» դեպի քուն…

Խոսքը մեզանում քիչ տարածված, նույն երգի այլ տարբերակի մասին է.

Այն իր բնույթով ավանդական օրորոցային է, այս դեպքում կոչ պարունակող բովանդակության հետ մեկտեղ ծորուն մեղեդիով, այդ մեղեդու տարբերակմամբ կրկնություններով, հանկարծաբանական (իմպրովիզացիոն) շարադրանքով, ազատ մետրառիթմով…

Երգն այս քիչ կատարված և բոլորիս հայտնի տարբերակներով շուրջ հինգ տարի է «Ազգային երգ ու պար» ներդրվող առարկայի մաս է կազմում (Առարկան արդեն իսկ ներդրվել և դասավանդվում է Երևանի և ՀՀ ու ԱՀ մի շարք դպրոցների 5-7-րդ դասարաններում), ինչի արդյունքում, հուսով ենք, որ շատ չանցած նաև օրորոցային բնույթով «Զարթիր լաո»-ն ևս կդառնա հայ ժողովրդի «սեփականությունը»:

 

ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող,

«Կարին» ավանդական երգի ու պարի խմբի խմբավար,

ԱԵՊԱ վերապատրաստող մասնագետ,

Ռ. Մելիքյանի անվան պետ. եր. քոլեջի դասախոս.

Անի Հակոբյան

 

 

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա