Logo

Դեբլեն տարիքային ռեկորդ սահմանեց, Ղազարյանը՝ «Փյունիկի» ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում. VBET ՀՊԼ-ի 29-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:14 / 26.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր

29-րդ տուրում չեմպիոնական մրցավազքի մասնակիցները հերթական հաղթանակները տոնեցին: 3-րդ տեղին հավակնող «Ալաշկերտը» պարտվեց, իսկ «Արարատն» ընդամենը մեկ միավոր վաստակեց: 

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 128 հանդիպումներից 53-ում հաղթել են դաշտի տերերը, 44-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 31-ում գրանցվել է ոչ-ոքի: 

4 հանդիպումներում խփվեց 10 գոլ (միջինը՝ 2,5 գոլ մեկ խաղում): Առաջնության գարնանային հատվածում կայացած 49 խաղում 109 գոլ է գրանցվել (միջինը՝ 2,2 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 128 հանդիպումներում խփվել է 308 գոլ (միջինը՝ 2,4 գոլ մեկ խաղում): 

«Ալաշկերտի» դարպասը Մաքսիմ Մայրովիչի խփած գնդակն առաջնության գարնանային հատվածում գրանցված հոբելյանական՝ 100-րդ գոլն էր: Իսկ Եվգենի Օանչան դարձավ ընթացիկ առաջնությունում խփված հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր - 1

2. Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ «Նոան» 2-րդ անգամ պարտության մատնեց «Ալաշկերտին», որը VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած 2-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» հաղթել էր ավելացված ժամանակում Չարլզ Մարկ Իկեչուկվուի խփած միակ գոլի շնորհիվ: Եվ հենց այդ խաղում էր Պիկուշչակը կրկին ստանձնել «Նոայի» ղեկը: Նրա օրոք «Նոան» անպարտելի է՝ 5 հանդիպումներում վաստակելով 9 միավոր:

3. «Վանին» վերջապես հաջողվեց ընթացիկ առաջնությունում ոչ միայն գտնել «Արարատի» դարպասի բանալին, այլև մրցակցի հետ հանդիպումներում առաջին միավորը վաստակել: Ճիշտ է, «Վանին» VBET ՀՊԼ-ում դեռ չի հաջողվել հաղթել «Արարատին»: Մրցակիցների միջև կայացած 7 հանդիպումներից 4-ում հաղթել են արարատցիները, 3-ում գրանցվել է ոչ-ոքի:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր -2

4. «Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ընդհատելով «Նորավանքի» 3 անընդմեջ հաղթանակների շարքը: «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ մեկ խաղում 2 գոլ բաց թողեց և կրկին «Նորավանքից»: Վերջինս 5 անգամ գրավել է «Փյունիկի» դարպասը: Ավելի շատ գոլ «Փյունիկին» խփել է միայն «Արարատը»՝ 7 անգամ հասնելով հաջողության, որից 6-ը՝ մեկ խաղում (6-2):

5. Խուան Բրավոն բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝ խփելով «Արարատի» կազմում 3-րդ գնդակը: Բրավոն ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Արարատում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Վանի» դարպասը գրավելով 32 տարեկան 22 օրականում: Նա ցանկից դուրս մղեց Նվեր Խաչատրյանին, որն աչքի էր ընկել 31 տարեկան 302 օրականում:

6. Եվգենի Օանչան բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում, իսկ Ուրոշ Նենադովիչն առաջին գոլը խփեց «Փյունիկում»: Սերբ հարձակվողն ընդգրկվեց «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ «Նորավանքի» դարպասը գրավելով 28 տարեկան 87 օրականում:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր -3

7. Մաիլսոն Լիման ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ չիրացրեց 11մ հարվածը, որը հետ մղեց Արման Ներսեսյանը: Ապրիլի 15-ին «Արարատի» հետ կայացած խաղում էլ Լիմայի հարվածը որսացել էր Վսևոլոդ Երմակովը: Իսկ մինչ այդ «Արարատ-Արմենիայի» ռմբարկուն 11մ հարվածով 5 անգամ գրավել էր մրցակիցների դարպասները: Ընդ որում, նա երկու անգամ հաղթող էր դուրս եկել հենց Արման Ներսեսյանի հետ մենամարտերում: 

8. Սերժ Դեբլեն ընթացիկ առաջնությունում 21-րդ գոլը խփեց: Նա կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն 11մ հարվածը բարձր ստացվեց: Ընթացիկ առաջնությունում Դեբլեն 2-րդ 11մ հարվածը չիրացրեց: Առաջին անգամ նա վրիպել էր առաջնության աշնանային հատվածում, «Արարատում» հանդես գալիս: Նրա հարվածը հետ էր մղել «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր -4

33-ամյա Դեբլեն առաջնության գարնանային հատվածում 7-րդ գոլը խփեց և գերազանցեց Ուգո Ֆիրմինոյի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Փյունիկում» 6 գոլի հեղինակ էր դարձել: Դեբլեն VBET ՀՊԼ-ում 36-րդ գոլը խփեց և հավասարվեց «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Էնրիկե դա Սիլվային ու նրա հետ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում բաժանում է 3-4-րդ տեղերը:

9. Գևորգ Ղազարյանը VBET ՀՊԼ-ում «Փյունիկում» 137-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում: Նա ցանկից դուրս թողեց Տարոն Ոսկանյանին, որը «Փյունիկի» մարզաշապիկը կրել էր 136 անգամ: Հիշեցնենք, որ «Փյունիկում» անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է՝ 365:

VBET ՀՊԼ-ի 29-րդ տուր -5

10. VBET ՀՊԼ-ում Վալերիո Վիմերկատին առանց փոխարինման, անընդմեջ 41-րդ խաղն անցկացրեց: Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Շիրակի» նախկին դարպասապահ Արթուր Հարությունյանին: Առջևում միայն Վսևոլոդ Երմակովն է, որն առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է առաջնության 50 հանդիպման: Երմակովի այդ շարքն ընդհատվել էր նախորդ առաջնության վերջին խաղում:

Արտյոմ Ավանեսյանն էլ VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» կազմում 41-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա