Logo

«Քյոլնի» մարզիչ. «Սարգիս Ադամյանը կարևոր դեր է խաղում թիմում»

17:46 / 16.03.2023ՍՊՈՐՏ
null

Գերմանական «Քյոլնի» գլխավոր մարզիչ Շտեֆեն Բաումգարտն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին, որն ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում:

«Սարգիս Ադամյանը կարևոր դեր է խաղում թիմում: Կարծում եմ՝ բոլորս էլ մի փոքր ավելին էինք սպասում: Բոլորս միասին պետք է համբերատար լինենք։ Իհարկե, մենք ուրախ կլինենք, եթե նա ավելի շատ գոլեր խփի։ Բայց իմ կարծիքով՝ մենք լրիվ նորմալ, խելամիտ ճանապարհի վրա ենք։

Հատկապես մեր խաղային ոճին ընտելանալու համար ֆուտբոլիստներին մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք: Մի գիշերում դա հնարավոր չէ անել: Պետք է հասկանաք՝ երբ Սարգիսը եկավ, ֆիզիկական այն վիճակում չէր, ինչ հիմա է։ Ադամյանը շատ լավ է աշխատում։ Դրա համար մենք շարունակում ենք նրան վստահել»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Express-ը:

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը նախորդ տարվա հուլիսին էր «Հոֆենհայմից» տեղափոխվել «Քյոլն», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ 7 տուրերում Ադամյանը դուրս է եկել փոխարինման։

Սարգիս Ադամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում կպատրաստվի թուրքերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրի հանդիպմանը (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղին (մարտի 28): Երկու հանդիպումները տեղի կունենան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա