Logo

Ռաֆիկ Հարությունյան․ «Ավելի բարձր արդյունքի ակնկալիք ունեի»

Հեղինակ
Հրայր Նազարյան
23:48 / 19.04.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալուց հետո գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) VNews-ի թղթակցի հետ զրույցում առանձնացրեց այն գործոնները, որոնք թույլ չտվեցին հայտնվել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

«Դժվարանում եմ ասել, թե հատկապես ինչով էին պայմանավորված պոկում վարժության անհաջող մոտեցումները։ Եթե զգայի, որ ինչ-որ բան սխալ եմ անում, անպայման կշտկեի։ Թերևս, ոչ այնքան լարված էի, որքան՝ ինքնավստահ։ Չեմ կարող ասել, թե որն էր դրա պատճառը։ Կային խնդիրներ, որոնք խանգարեցին։ Խոսքը ոչ միայն առողջական խնդիրների մասին է։

Ունեցել եմ լուրջ վնասվածքներ, որոնցից չէի հասցրել լիովին չէի ապաքինվել։ Մինչև այդ բաց էի թողել երկու մրցում ու չէի պատկերացնում, թե այս առաջնությունում որքանով կստացվի ելույթս։ Իհարկե, նման ելույթ չէի սպասում․ ավելի բարձր արդյունքի ակնկալիք ունեի։ Նույնիսկ մտածում էի, որ կհաղթեմ, բայց չստացվեց, ինչի համար շատ եմ ափսոսում։ Անցյալ տարի պոկում և հրում վարժություններում մոտավորապես 10-ական կիլոգրամով բարձր արդյունք էի գրանցել։

Ամեն ինչ նշանակություն ունեցավ։ Խանգարեց հաղթելու մեծ ձգտումով պայմանավորված լարվածությունը, նշանակություն ունեցան վնասվածքն ու հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո առաջացած ուրախության զգացումը»,- նշեց Ռաֆիկ Հարությունյանը։

Նա խոստովանեց նաև, որ իր համար անսպասելի էր մարզասերների նման աջակցությունը, քանի որ երբևէ ելույթ չէր ունեցել այդպիսի մթնոլորտում։

«Շատ շնորհակալ եմ բոլորին, ուզում էի անել ավելին, բայց, ցավոք, չստացվեց»,- եզրափակեց ծանրորդը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրանցել էր 337 կգ (150+187) արդյունք։ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Ռեյես Մարտինեսը՝ 343 կգ (155+188): Երկրորդ տեղը գրանցած թուրք Բատու Յեկսելի երկամարտի արդյունքը 339 կգ էր (152+187)։

Դա ԵԱ-ում Հայաստանի երրորդ մեդալն էր երկամարտում։ Ավելի վաղ Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա