Logo

Ռաֆայել Մեհրաբյան. «ԱԱ-ի արդյունքից շատ դժգոհ եմ, սակայն աղջիկներին մեղադրելու լուրջ հիմքեր չեմ տեսնում» 

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:30 / 07.04.2023Բռնցքամարտ
Բացառիկ
null

Հոգնացուցիչ ուղևորություն, ուժերի ոչ լիարժեք վերականգնում, թերսնում և անհասկանալի մրցավարություն. այս գործոններով է բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պայմանավորում սաների անհաջող մասնակցությունը մարտին Հնդկաստանի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությանը։ VNews-ի թղթակցի հետ զրույցում փորձառու մասնագետն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի մարզուհիների ելույթների և դրանց նախորդած իրադարձությունների մասին։

Նյու Դելիում ռինգ դուրս եկած Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Եկատերինա Սիչևան (54 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ) չդրսևորեցին մրցանակային հավակնություններ։

«Ավելորդ է ասել, որ շատ դժգոհ եմ արդյունքից։ Սակայն, աղջիկներին մեղադրելու լուրջ հիմքեր չեմ տեսնում։ Բոլորն էլ լիարժեք պատրաստ էին առաջնությանը։ Իսկ Անուշը և Անին, իմ գնահատմամբ, չեմպիոնի կոչման իրական հավակնորդ էին և կարող էին առնվազն բրոնզե մեդալակիր դառնալ։ Թերևս, Կատյան և Էլադան նույնպես կարող էին երրորդ տեղ գրավել, քանի որ վիճակահանությունը նպաստավոր էր նրանց համար։ Ինչո՞ւ չստացվեց․ դա արդեն այլ պատմություն է, որի որոշ մանրամասներ տեղին է ներկայացնել։

Մեր անհաջողությունները սկսվեցին Հնդկաստան հասնելու առաջին իսկ պահից։ Երևանից մեկնելով ԱՄԷ՝ շուրջ 6 ժամ անցկացրեցինք տեղի օդանավակայանում և միայն գիշերվա ժամը 2-ին մոտ հասանք Դելի։ Այնտեղ արդեն սկսվեց աներևակայելին։ Նախ, պարզվեց, որ չգիտես ինչու անհրաժեշտ է օդանավակայանի 2-րդ տերմինալից տեղափոխվել առաջին։ Դա ավտոբուսով մոտ 20 րոպեի ճանապարհ էր։ Այն ավտոբուսը, որը մեզ պետք է հասցներ հյուրանոց, չգիտես ինչու այնտեղ էր սպասում մեզ։ Բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։ Մեր պատվիրակությանը կցված ռուսալեզու ուղեկցողն ու վարորդը ոչ մի կերպ չէին կարողանում գտնել անհրաժեշտ հյուրանոցը։ Այդպես շուրջ 5 հյուրանոցում հարցուփորձ անելով՝ լուսադեմին վերջապես տեղ հասցրին մեզ։ Մայրաքաղաքից դուրս գտնվող այդ հյուրանոցի հարմարություններն ընդհանուր առմամբ վատը չէին, սակայն կար երկու լուրջ վերապահում։ Անմիջապես հարևանությամբ գտնվում էր աղբանոցի նմանվող տարածք, որտեղ տեղադրված վրանում մարդիկ էին ապրում, թափառում էին կովեր, շներ և կապիկներ, իսկ տհաճ հոտը տարածվում էր շուրջբոլորը։ Դա էլ ոչինչ։ Հետո պարզվեց, որ հյուրանոցում հիմնականում մատուցում են կծու ուտեստներ, չկա մսային տեսականի, իսկ բրինձն էլ արհեստական է՝ պատրաստված պլաստիկե հումքից։ Մրցումների մեկնարկից երկու օր առաջ նման փորձությունների բախված մարզուհիներն այդպես էլ չհասցրին վերականգնվել, առավել ևս, որ սնունդն էլ հեռու էր մարզական լինելուց։ Արդեն հաջորդ օրվա նախավարժանքի ընթացքում նկատեցի, որ աղջիկներն ուժասպառ և քնաթաթախ են, ուստի լիարժեք մարզում պարզապես անհնար էր անցկացնել։ Իսկ ևս մեկ օր անց ռինգ դուրս եկավ Սիչևան...»,- պատմեց Ռաֆայել Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ առաջին ռաունդից հետո Եկատերինա Սիչևան խոստովանեց, որ անճանաչելի է դարձել, անընդհատ ցանկանում է քնել և ընդհանրապես չի կարողանում կենտրոնանալ մենամարտին։ Արդյունքը պարտությունն էր։

«Նրանից հետո ռինգ մտավ Անին։ Նա նույնպես նման չէր իրեն։ Չինացի մարզուհու հետ մենամարտի առաջին երկու ռաունդներում առանձնապես աչքի չընկավ, սակայն նաև չէր զիջում մրցակցին։ Այնուհանդերձ, երկու ռաունդում էլ մրցավարները 5։0 հաշվով հաղթանակ շնորհեցին չինուհուն։ Փորձեցի ոգևորել Անիին, ասեցի, որ փոքր-ինչ արագ գործելու դեպքում կհաղթի, քանի որ մրցակիցն էլ չի դիմանում։ Մեր մարզուհին արձագանքեց խոսքերիս, նույնիսկ հուժկու հարվածով նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Հորդորեցի վերջին ջանքը գործադրել՝ նշելով, որ ևս մեկ նման հարվածից հետո մրցակիցն ի վիճակի չի լինի շարունակել պայքարը, բայց Անիի ուժերը չբավականացրին տեմպը պահելու համար և նա պարտվեց։ Ավելի ուշ Անին խոստովանեց, որ կշռվելու արարողությունից հետո ինքնազգացողության հետ կապված խնդիր է ունեցել։

Էլիդան մեկ  հանդիպում շահեց, իսկ երկրորդում դարձյալ հոգնածության պատճառով պարտվեց։ Սոնայի մասին կասեմ, որ նոր է մուտք գործել մեծահասակների բռնցքամարտ։ Իսկ Գայանեն պարզապես դեռ պատրաստ չէ մեծ ռինգում ելույթ ունենալուն։ Այդ հանգամանքն առաջնությունից հետո ընդունեց նաև նրա անձնական մարզիչը։ Համեմատաբար վերականգնվել էր միայն Անուշը, որն առաջնության չորրորդ օրը հաղթեց մեկնարկային մենամարտում, իսկ հաջորդ փուլում էլ ակնհայտորեն գերազանցում էր ֆրանսուհուն, սակայն այս անգամ էլ մրցավարները նրանից խլեցին հաղթանակը։ Դա միայն իմ գնահատականը չէ։

Մի կողմից զայրացած եմ նման մասնակցության համար, բայց նաև հասկանում եմ, որ աղջիկներին մեղադրելու լուրջ հիմքեր չունեմ»,- նշեց գլխավոր մարզիչը՝ ընդգծելով, որ այս անգամ Հայաստանի հավաքականի մարզուհիները նույնիսկ ավելի լավ մարզավիճակում էին, քան նախորդ տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ։

Ռաֆայել Մեհրաբյանը, պատասխանելով այլ հյուրանոց տեղափոխվելու հնարավորության մասին հարցին, նշեց, որ այդ տարբերակը քննարկվել է, սակայն նպատակահարմար չի համարվել մարզուհիներին ենթարկել նոր փորձության, քանի որ մյուս տեղերում պայմանները շատ չէին տարբերվում, իսկ մեկնարկից անմիջապես առաջ տեղափոխվելը կարող էր վերջնականապես ուժասպառ անել բռնցքամարտիկներին։

Մեր զրուցակիցը նշեց, որ նման վատ կազմակերպված աշխարհի առաջնության, անհասկանալի մրցավարության և թույլ եզրափակիչների դեռ չէր հանդիպել տասնամյակների իր գործունեության ընթացքում։ Նա չբացառեց, որ դա կարող է պայմանավորված լինել հնդկական կողմի՝ պատկառելի մրցանակային հիմնադրամից մեծ բաժին ստանալու մղումով։

Կանանց Հայաստանի հավաքականն արդեն պատրաստվում է հունիսի սկզբին Լեհաստանում կայանալիք Եվրոպական խաղերին, որոնց մասնակիցները վիճարկելու են նաև օլիմպիական ուղեգրեր։ Ռաֆայել Մեհրաբյանը մտադիր է լեհական ռինգ ուղեկցել Անուշ Գրիգորյանին (50 կգ), Եկատերինա Սիչևային (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանին (57 կգ), Էլիդա Քոչարյանին (60 կգ) և Անի Հովսեփյանին, որը պետք է տեղափոխվի 75 կգ քաշային կարգ, որովհետև 70-ը օլիմպիական չէ։

«Մտածում էի, որ աշխարհի առաջնությունում մեր մարզուհիներն առնվազն 2-3 մենամարտ կանցկացնեն, սակայն ունեցանք այլ պատկեր։ Ըստ այդմ, մինչև ծաղկաձորյան հավաքը նախատեսել եմ մայիսի 1-10-ը Երևանում անցկացնել փոքր հավաք, որին մասնակցելու եմ հրավիրել նաև հույն մարզուհիներին։ Մայիսի 9-10-ին նրանց հետ կանցկացնենք մարզումային մենամարտեր, իսկ ամսի 14-ից կմեկնենք Ծաղկաձոր։ Այնտեղ կմնանք մինչև մայիսի վերջ, իսկ նախապատրաստության վերջին 10-օրյա փուլը ցանկանում ենք անցկացնել հենց Լեհաստանում՝ համատեղ մարզումներ անցկացնելով տանտերերի, Գերմանիայի, Թուրքիայի և Լիտվայի մարզուհիների հետ»,- հայտնեց Ռաֆայել Մեհրաբյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա