Logo

«Մեզի համար ֆինալ կերթայինք, մեկ էլ՝ շրը՜խկ, «Ռեալը» խփեց». ՉԼ պատմության մեծագույն փլեյ-օ՞ֆֆը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
15:56 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Real-history

Չեմպիոնների լիգան գերազանցում է ինքն իրեն, ֆուտբոլը գերազանցում է ինքն իրեն: Երբ թվում է, թե այս մարզաձևում այլևս ոչինչ չի կարող զարմացնել, երբ յուրաքանչյուր խաղից առաջ մեր մտքում տարբեր սցենարներ ենք գծում ու մտածում, որ դրանցից ինչ-որ մեկը կիրականանա, ֆուտբոլն ի՛ր սցենարն է մեզ առաջարկում ու ցույց է տալիս իրադարձությունների զարգացում, որ չէինք կարող պատկերացնել: 

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում՝ «Ռեալի» մասնակցությամբ դիմակայություններում, 3 անգամ նման իրավիճակ եղավ, իսկ կիսաեզրափակիչն այդ իրավիճակի գագաթնակետն էր, ինչի առիթով իսպանական Marca պարբերականը ֆանտաստիկ կերպով էր վերնագրել իր հերթական համարի առաջին էջը. «Աստված պետք է իջնի ու բացատրի մեզ ամեն ինչ»: Իսկապես բացատրություններ գտնելը դժվար է այն ամենին, ինչ տեղի ունեցավ «Սանտիագո Բեռնաբեուում»: «Ռեալի» քամբեքներն ամեն անգամ ավելի անհավանական ու հեքիաթային են ստացվում, բայց քանի որ դա կատարվեց արդեն 3-րդ անգամ, ստացվում է, որ ոչ թե գործ ունենք հեքիաթի, այլ օրինաչափության հետ: 

Madrid press calls on God to understand the unreal

Վերհիշենք «Ռեալի» անցած ճանապարհը և բացահայտենք առեղծվածային հրաշքների դետալները: 

«Ռեալին» չկանգնեցրեց ՊՍԺ-ն՝ սուպերանհատներով թիմը

«Ռեալի» համար Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի փլեյ-օֆֆի ճանապարհորդությունն արդեն իսկ բարդ սկսվեց. մրցակիցը ՊՍԺ-ն էր՝ թիմ, որն ամռանն էապես ուժեղացրել էր կազմը: Փարիզցիների խաղացողների անունները միայն սարսափ էին առաջացնում. դարպասում ՊՍԺ-ն ուներ 2021-ի լավագույն դարպասապահ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Ջանլուիջի Դոնարումային, աշխարհի ամենահեռանկարային եզրային պաշտպաններից երկուսին՝ Աշրաֆ Հաքիմիին ու Նունու Մենդեշին, անհավանական հարձակման եռյակ՝ Մեսի-Մբապե-Նեյմար: Իհարկե, այս ֆուտբոլիստների համար (ոչ միայն այս մրցաշրջանից առաջ) ՊՍԺ-ն անհավանական գումարներ է վճարել, խփել է բոլոր ժամանակների տրանսֆերային ռեկորդը, իսկ ֆուտբոլիստներին վճարում է այնքան աշխատավարձ, որքան հարկավոր էր՝ նրանց թիմում պահելու կամ թիմ բերելու համար:

Հենց ՊՍԺ-ն էր խաղին մոտեցել ֆավորիտի կարգավիճակով, առաջին խաղում էլ՝ հաղթել «Ռեալին» 1-0 հաշվով, թեև այդ նվազագույն հաշիվը ոչ մի կերպ չի բնութագրում փարիզցիների այն հսկայական առավելությունը, որ ուներ թիմը Ֆրանսիայում կայացած խաղում: Գլխավոր գործող անձը Կիլիան Մբապեն էր, որի վազքը, անցումներն ու հարվածները կարծես Playstation-ից լինեին, ոչ թե իրականությունից: Մբապեն դարձավ հաղթական գոլի հեղինակը, Մադրիդում էլ նա խփեց իր թիմի առաջին ու միակ գոլը, շարունակում էր իր անկասելի արագություններով տանջել «Ռեալի» պաշտպաններին: Ալաբան, Միլիտաոն ու Կարվախալը նույնիսկ միահամուռ ուժերով երբեմն չէին կարողանում կանգնեցնել ֆրանսիացուն:

Гол Мбаппе

Առաջին կեսում կար որոշակի ճնշում, երկրորդ կեսում «Ռեալի» «վառելիքն» սպառվեց, գրոհների ինտենսիվությունն էլ կորավ: Բայց հենց այդ ժամանակ եղավ Կարիմ Բենզեմայի՝ առաջին հայացքից հուսահատ պրեսինգը, ինչից հետո «Ռեալը» 3 գոլ խփեց: ՊՍԺ-ն անօգնական տեսք ուներ. փարիզցիների պաշտպանները սխալներ էին թույլ տալիս մեկը մյուսի հետևից, հարձակման գծում ընդհանրապես խաղ չկար, 2 ճշգրիտ փոխանցում անընդմեջ կատարել չէր ստացվում: Մեսին այդպես էլ ոչ մի նշանակալի գործողությամբ աչքի չընկավ, իսկ Նեյմարն ու Մբապեն շշմած իրար էին նայում:


«Ռեալին» չկանգնեցրեց «Չելսին»՝ ՉԼ գործող գավաթակիրը

«Ռեալի» հաջորդ մրցակիցը «Չելսին» էր՝ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը, որը նախորդ մրցաշրջանում առանց որևէ շանսի հաղթեց մադրիդցիներին: Այս անգամ էլ «Չելսին» ֆավորիտ էր. նախ՝ ավելի կոմպակտ թիմ էր, որը խաղային բոլոր գոտիներում ունի ուժեղ ֆուտբոլիստ: Իսկ «Ռեալը» փոքր ճգնաժամ էր ապրում ու նոր-նոր էր ջախջախիչ պարտություն կրել «Բարսելոնայից»՝ 0-4 հաշվով:

Առաջին խաղում «Ռեալը» շատ հարմար հաշվով առավելության հասավ լոնդոնցիների նկատմամբ (3-1), բայց «Սանտիագո Բեռնաբեուում» «Չելսին» հրաշալի խաղ ցուցադրեց: Թոմաս Տուխելը տակտիկական գաղափարներով հաղթել էր Անչելոտիին, «Չելսիի» ֆուտբոլիստներն էլ շատ ավելի ինտենսիվ ֆուտբոլ էին խաղում, գրոհում էին, գոլեր խփում ու նույնիսկ հաշվի մեջ առաջ անցան դիմակայությունում՝ այն դարձնելով ընդհանուր 4-3: «Չելսին» ամեն ինչով հաղթում էր «Ռեալին», բայց միայն 80 րոպե, մինչև Ռոդրիգոն կգրավեր դարպասը կամ Մոդրիչը կկատարեր այդ չքնաղ փոխանցումը: Այդ իրադարձությունից հետո խաղի տրամաբանությունն ամբողջովին փոխվեց:

Երկու մարզիչներն էլ փոփոխություններ կատարեցին, բայց իտալացի մասնագետի փոփոխությունները թարմացրին «Ռեալի» խաղը, իսկ «Չելսիի» խաղն ավելի խամրեց: Լրացուցիչ ժամանակում «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի ինքնավստահ էին (այնքան, որ Տիբո Կուրտուան հնարքներ էր կիրառում իր տուգանային հրապարակում), ավելի շատ էին հավատում սեփական ուժերին, ու ի վերջո Կարիմ Բենզեման խփեց նաև հաղթական գոլը: Թոմաս Տուխելի կատարած աշխատանքը ֆանտաստիկ էր պատասխան խաղում, բայց դա նույնպես բավարար չէր՝ «Ռեալին» պայքարից դուրս թողնելու համար:

Real Madrid vs. Chelsea result and highlights

«Ռեալին» չկանգնեցրեց Պեպ Գվարդիոլան՝ տակտիկական հսկան՝ իր գերհզոր «Մանչեսթեր Սիթիով»

«Ռեալի» առաջադրանքը կիսաեզրափակիչում ավելի բարդացավ: Մրցակիցն այս անգամ «Մանչեսթեր Սիթին» էր՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնը և ընթացիկ մրցաշրջանի առաջատարը, որն ունի աշխարհում, հավանաբար, ուժեղագույն կազմը, ֆանտաստիկ հարձակման գիծ և ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ: 

Դիմակայության առաջին իսկ րոպեին Կևին դե Բրույնեն բացեց խաղի հաշիվը, րոպեներ անց Գաբի Ժեզուշը կրկնապատկեց այն: Ամեն անցնող րոպեի հետ «Սիթին» շատ վտանգավոր պահ էր ստեղծում, բայց այդ պահերը Պեպի թիմը չէր օգտագործում, իսկ «Ռեալն» իր սակավաթիվ ու ոչ ակնհայտ գոլային պահն իրացրեց: «Սիթին» փայլում էր ու խփում էր նաև երկրորդ կեսում, բայց ամեն խփած գոլին «Ռեալը» շատ արագ պատասխանում էր գոլով, ու այդ գոլերը չէին բխում խաղի տրամաբանությունից, պարզապես «Ռեալն» ուժ էր գտնում ու ինչ-որ կերպ գնդակն ուղարկում մրցակցի դարպասը:

Պատասխան խաղում «Սիթին» գործում էր առավելագույնս պրագմատիկ ու ապահով, գնդակ էր վերահսկում, թիկունքում էլ քանակական առավելության շնորհիվ վերահսկելի էին Վինիսիուսն ու Բենզեման: «Սիթին» այդպիսի խաղով նույնիսկ գոլ խփեց, մեծացրեց ճնշումը, Ջեք Գրիլիշը երկու պահ ունեցավ, Ժոաու Կանսելուի հարվածից հետո նույնպես գնդակը կարող էր հայտնվել դարպասում... Ու հենց «քաղաքաբնակների» այդ գրոհներից հետո փոխարինման դուրս եկած Ռոդրիգոն 2 րոպեում 2 գոլ խփեց, իսկ լրացուցիչ ժամանակում տեղի ունեցավ այն նույնը, ինչպես «Չելսիի» դեմ խաղում. Բենզեման խփեց, «Ռեալը» հաղթեց:

Pep Guardiola

Կախարդա՞նք, թե՞ օրինաչափություն

Երբ ֆավորիտ չես, բայց հաղթում ես, երբ ոչինչ չի վկայում քո հաղթանակը, բայց հաղթում ես, երբ վերջին 10 րոպեների ընթացքում շրջում ես խաղի ընթացքը... Այդ ամենը նման է հրաշքի: Բայց երբ նույն բանը կրկնվում է 3 անգամ, ընդ որում՝ անընդմեջ, այդտեղ պետք է հրաժարվել սնահավատությունից ու փնտրել օրինաչափություններ:

Հոգեբանություն

Առաջին գործոնը հոգեբանությունն է: Այո՛, Անչելոտին տակտիկապես պարտվեց թե՛ Պոչետինոյին (հատկապես առաջին խաղում), թե՛ Տուխելին, թե՛ Գվարդիոլային: Խաղով նույնպես զիջում էր իր մրցակիցներին երկու հանդիպումների հանրագումարով: Բայց Չեմպիոնների լիգան չէր լինի Չեմպիոնների լիգա, եթե այստեղ հաղթեր միայն այն թիմը, որն ունի ավելի թանկարժեք կազմ, ավելի լավ խաղ ու ավելի լավ տակտիկա: Այստեղ տարբեր գործոններ մեծ դեր են խաղում, այդ թվում՝ հոգեբանությունը, ինչով էլ «Ռեալը» հաղթեց այս 3 թիմերին, ինչն էլ վճռորոշ նշանակություն ունեցավ: Ի՞նչն է կապում «Սիթիին», ՊՍԺ-ին ու «Չելսիին». ճիշտ եք գուշակել՝ նրանք փորձով զիջում են «Ռեալին»: Իսկ այդ փորձի համար վճարում են ոչ թե փողով, այլ տարիների տառապանքով: «Ռեալի» ֆուտբոլիստները հոգեբանորեն ուժեղ էին, երբ իրավիճակն անելանելի էր թվում: Չեմպիոնների լիգայի բույրն այս թիմում ծանոթ է գրեթե բոլորին:

Կախարդներ, որոնք փշրում են տակտիկաներն ու խաղի տրամաբանությունը

Կարող ենք տարբեր գործոններ մեջբերել ու դրանցով պայմանավորել «Ռեալի» հաջողությունները, կարող ենք խոսել մարզիչներից, փոփոխություններից, խաղերի ընթացքից: Բայց պետք է խոսել նաև այն մեծ անհատների մասին, որոնք տարբերություն են ստեղծում: Օրինակ՝

  • Եթե չլինեին Տիբո Կուրտուայի սեյվերը խաղավերջում, ապա Ռոդրիգոյի գոլերը ոչինչ չէին նշանակի: Բելգիացին արժանիորեն ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ: Կարող ենք ավելի հետ գնալ ու հիշել Կուրտուայի սեյվը Մեսիի 11-մետրանոց հարվածից հետո ու կհասկանանք, որ ամեն ինչ սկսվեց այդտեղից:
  • Եթե չլիներ Լուկա Մոդրիչի՝ ոտնաթաթի դրսի մասով կատարած անսպասելի փոխանցումը Ռոդրիգոյին, երբ «Ռեալը» 0-3 հաշվով պարտվում էր «Չելսիին». գործողություն, որ ճակատագրական էր «Ռեալի» ու դիմակայության համար:
  • Եթե չլիներ Կարիմ Բենզեման... Եթե նա չլիներ, «Ռեալը» պարզապես չէր կարող լինել այնտեղ, որտեղ հիմա է՝ ՉԼ եզրափակիչում: Կարիմ Բենզեման առավելություն է, որ «Ռեալն» ունի այս պահին աշխարհում բոլորի նկատմամբ:

 Karim Benzema

Անչելոտին ռոտացիա չի կիրառում... Հա՞ որ...

Այս մրցաշրջանի ընթացքում շատ էին քննադատություններն Անչելոտիի՝ ռոտացիա չկիրառելու և պահեստայինների նստարանի ֆուտբոլիստներին շանս չտալու համար: Իսկապես, մրցաշրջանի մեծ մասում Անչելոտին օգտագործում էր առավելագույնը 12-13 ֆուտբոլիստի:

Բայց Անչելոտիի ռոտացիան եկավ ուշ ու ոչ ուշացած. Կամավինգան, Ռոդրիգոն ու Ֆեդե Վալվերդեն այնպիսի խաղային աճ գրանցեցին մրցաշրջանի այս վերջին հատվածում, որ այժմ Անչելոտին կարող է նրանց խաղադաշտ դուրս բերել Չեմպիոնների լիգայի կարևորագույն խաղերում և վստահ լինել, որ նրանք կլուծեն իրենց առջև դրված խնդիրը: «Սիթիի» դեմ խաղը «Ռեալն» ավարտեց այնպիսի կազմով, որում խաղում էին Նաչոն, Վալյեխոն, Վասկեսը, Սեբալյոսը... Մադրիդյան թիմը ֆիզիկապես ուժեղ է (այստեղ նաև ծափահարություններ ֆիզպատրաստության գծով մարզիչ Անտոնիո Պինտուսին), և պատահական չէ, որ լրացուցիչ ժամանակում «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի թարմ են, քան մրցակիցը:

Գուցե Անչելոտիի մեթոդներն այլևս ակտուալ չեն, բայց այս մասնագետի համար Չեմպիոնների լիգան տուն է: Նա դարձավ առաջին մարզիչը, որ կմասնակցի 5 եզրափակիչի, և այնտեղ հաղթելու դեպքում կդառնա առաջինը, որի թիմերը 4 անգամ նվաճել են «ականջավոր գավաթը»:

 Ancelotti, la Torre Eiffel

Ռոդրիգո՝ թերագնահատված տաղանդը

Քչերը կարող էին ակնկալել, որ Ռոդրիգոն կարող է վճռորոշ դեր խաղալ «Ռեալում» կարևորագույն խաղերում, բայց Ռոդրիգոն դարձավ այն ֆուտբոլիստը, որը մտնում է խաղադաշտ ու փոխում խաղերի ընթացքը: Արագություն, բնավորություն, հասունություն... Ու գոլեր: Ամենակարևորն այն է, որ Ռոդրիգոն արդյունք է ապահովում ծանր պահերին ու հատկապես Չեմպիոնների լիգայում, որտեղ անցկացրած 10 խաղերում նա դարձել է 5 գոլի հեղինակ (1 գոլ՝ «Չելսիին», ևս 2-ը՝ «Մանչեսթեր Սիթիին»):

Ֆոդենի, Սանչոյի, Վիրցի, Պեդրիի ու մյուսների կողքին անպայման պետք է լինի Ռոդրիգոյի անունը: 

Rodrygo

«Ռեալի» այս արկածները երբեք չեն մոռացվի՝ անկախ եզրափակիչի արդյունքից: Համալսարաններում կարող են վերցնել «Ռեալի» անցած ճանապարհի սցենարն ու կրթել սերունդներին՝ չհանձնվելու, կախարդանքի ու ֆուտբոլի մասին դասախոսություններ կարդալով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա