Logo

«Ռեալի» լավագույն տրանսֆերը. ինչպես Անչելոտին 1 ամսում փոխեց թիմը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
16317407438696 - «Ռեալի» լավագույն տրանսֆերը. ինչպես Անչելոտին 1 ամսում փոխեց թիմը

Երբ «Ռեալը» հայտարարեց Կառլո Անչելոտիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին, ֆուտբոլասերների կարծիքները հակասական էին: Կառլոն, իհարկե, ջերմ հիշողություններ էր թողել մադրիդցի երկրպագուների շրջանում. նրա գլխավորությամբ «Ռեալը» նվաճեց բաղձալի «Լա Դեսիման»: Բայց երկրպագուները ցանկանում էին նոր դեմք տեսնել պահեստայինների նստարանին, քանզի այդ նոր դեմքը կարող էր թարմություն տալ առանց այդ էլ «հին» կազմ ունեցող թիմին: Ալեգրիի, Կոնտեի ու Ռաուլի տարբերակները նրանց ավելի շատ էր ոգևորում, և բացի դա՝ Մադրիդում կար նաև մտավախություն, որ Անչելոտին վերջին տարիներին անկում է ապրել. նրան հեռացրին «Բավարիայից», իսկ նրա վերջին ակումբը «Էվերթոնն» էր, որը գրանդ ակումբ չէ:

Արդեն մեկ ամիս է անցել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում առաջին պաշտոնական խաղից: Լա լիգայի 4 տուրերն ու Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղը ցույց են տալիս, որ Անչելոտին, գոնե այս պահի դրությամբ, լավագույն մարզիչն է, որ կարող էր ունենալ «Արքայական ակումբը»: Իտալացին ընդամենը մեկ ամսում լուծել է մի շարք խնդիրներ, ու նախորդ տարվա համեմատ գրեթե ամբողջությամբ նույն թիմը բոլորովին այլ մեկնարկ է գրանցում: Կառլետոն անցել է գործի:

1. Լավ խաղ՝ արդյունքից բացի

Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալի» առաջին խաղից պարզ դարձավ մի բան. անկախ խաղի արդյունքից՝ փոխվել է թիմի խաղը: Ակնհայտորեն: Եվ դա անկախ խաղի արդյունքից:

Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» հիմնականում խաղում էր եզրերով ու գրոհները կազմակերպում էր հիմնականում եզրային բարձր փոխանցումներով: Անչելոտիի «Ռեալի» գրոհները շատ ավելի բազմազան են. եթե նայում ենք «Ռեալի» գոլային գրոհներին, ապա տեսնում ենք՝ որքան տարբեր կոմբինացիաների արդյունքում են ծնվում այդ գնդակները: Երկար խաղարկումներ, գրոհներ կենտրոնով ու եզրերով, հակագրոհներ, գոլեր ստանդարտ խաղարկումներից: Ավելացել է նաև հեռահար հարվածների քանակը:

Benzema confident of Madrid's European hopes ahead of Inter trip - France 24

«Ռեալի» գլխավոր խնդիրներից մեկը նախորդ մրցաշրջանում գոլերի քանակի մեջ էր, ավելի ճիշտ՝ գոլերի սակավությունը: Այո՛, Ռոնալդուի հեռանալը, Ազարի վատ մարզավիճակն ու այլ հանգամանքները ևս կարևոր հանգամանքներ էին այդ հարցում, բայց կար նաև մեկ այլ պատճառ: Երբ չէր ստացվում «Ռեալի» նախնական ծրագիրը, երբ մրցակցի պաշտպանները փակում էին եզրային բարձրից փոխանցումները, «Արքայական ակումբը» գոլ խփելու խնդիր էր ունենում: Անչելոտին նույնպես չունի Ռոնալդու, Մբապեն էլ չեկավ, բայց իտալացու մասնագետի գլխավորությամբ «Ռեալի» գրոհներները կրեատիվ են, թիմային տեղաշարժը հարձակվելիս անհամեմատ ավելի արագ է, ինչը վերահսկելը մրցակցի պաշտպանների համար շատ ավելի դժվար է: Լա լիգայի առաջին 4 խաղում «Ռեալը» խփել է 13 գոլ, այսինքն՝ խաղում միջինը ավելի քան 3 գոլ: Գոլի հեղինակ է դարձել 7 ֆուտբոլիստ, մինչդեռ նախորդ տարիներին «Ռեալի» հիմնական գոլահարը Բենզեման էր:

Իհարկե՝ լավ խաղը աչք է շոյում ու էսթետիկական հաճույք է պարգևում «Ռեալի» երկրպագուներին, բայց այն նաև կարևոր գործոն է արդյունք ապահովելու տեսանկյունից: Բնականաբար՝ որքան թիմի գրոհներն արագ են ու բազմազան, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ թիմը բարդ իրավիճակներում կկարողանա հաղթանակի հասնել կամ գոնե չպարտվել: «Ռեալն» այս մրցաշրջանում անցկացրած 5 խաղում 4 անգամ խաղի ընթացքում եղել է պարտվողի դերում, բայց չի պարտվել այդ խաղերում: 2 դեպքում էլ 0-0 հաշվի ժամանակ թիմը կարողացել է հաղթական գոլ խփել ու 3 միավոր վաստակել, այսինքն՝ ապաարգելափակել խաղերը, ինչն անելը չափազանց դժվար էր տրվում Զիդանին, եթե իհարկե տրվում էր: Որքան էլ պաշտպանությունում խնդիրները շատ լինեն, Անչելոտիի թիմն այդ բացը փոխհատուցում է ուժեղ հարձակումով ու գոլերով:

Մեր ընտրանին

2. Երիտասարդների հետ անհատական աշխատանքը

Անչելոտին հայտնի է իր՝ ֆուտբոլիստների հետ հաջողությամբ աշխատելու և հանդերձարանում դրական մթնոլորտ ապահովելու կարողությամբ: Իտալացին «Ռեալում» իր երկրորդ ժամանակաշրջանում նույնպես աչքի է ընկնում այս հատկությամբ, ինչը տալիս է իր պտուղները:

Կառլոն անհատապես աշխատում է երիտասարդների հետ, ու գլխավոր նորությունը, որ եղել է «Ռեալում» մեկ ամսվա ընթացում՝ Վինիսիուսի ներուժի ավելի օպտիմալ օգտագործումն է: Անչելոտին, կարծես, կախարդած լինի բրազիլացուն, որին նախորդ տարիներին ավելի շատ ծաղրում էին, քան գովաբանում: Նրա մասին փոխվել է ոչ միայն երկրպագուների, այլ նաև թիմակիցների կարծիքը. «Նրան փոխանցումներ մի՛ կատարիր, խնդրում եմ, նա մեր դեմ է խաղում», – այսպես մոտ մեկ տարի առաջ Բենզեման հորդորում էր Մենդիին չխաղալ Վինիսիուսի հետ: «Վինիսիուսը ֆենոմենալ ֆուտբոլիստ է, ինձ շատ է դուր գալիս նրա հետ խաղալը», – «Սելտայի» դեմ խաղից հետո հայտարարեց Բենզեման: Վինիսիուսի խաղի կտրուկ փոփոխությունը, իհարկե, Անչելոտիի շնորհքն է:

«Իմ խաղի փոփոխության բանալին ինքնավստահությունն է, որ ինձ փոխանցում է Անչելոտին: Նա ինձ խորհուրդ տվեց նվազեցնել իմ՝ գնդակին հպումը գրոհելիս: Ես այժմ 1-2 հպում եմ կատարում ու դա ֆանտաստիկ է աշխատում», – հայտարարեց Վինին, որն այս մրցաշրջանում արդեն խփել է 4 գոլ՝ մեկով ավելին նախորդ ամբողջ մրցաշրջանի իր արդյունքից:

Real Madrid fans embrace Vinicius Jr. after failure to sign Mbappe | theScore.com

Անչելոտին ցուցաբերում է ժամանակակից մոտեցում ու վստահություն է հաղորդում նաև մյուս երիտասարդներին: Օրինակ՝ իտալացին «Սելտայի» դեմ խաղում չզլացավ վետերան Մարսելոյի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել Միգել Գուտիերեսին: Կայուն խաղաժամանակ են ստանում նաև Կամավինգան ու Ռոդրիգոն, Անտոնիո Բլանկոյի պահը նույնպես գալու է:

Իտալացու ժամանումից հետո մեծացել է նաև Ֆեդերիկո Վալվերդեի դերը թիմում: Ուրուգվայցին «Ռեալի» բոլոր պաշտոնական խաղերին եղել է թիմի մեկնարկային կազմում, ստացել է ավելի մեծ խաղային ազատություն ու նրա անցումները և միացումները թիմի գրոհներին մադրիդցիների հարձակմանը մեծ ուժ են հաղորդում:

Եվս մեկ կարևոր հանգամանք նույնպես պետք է նշել, բացի երիտասարդների հետ Կառլոյի աշխատանքից: Անչելոտին, ի տարբերություն Զիդանի, կազմ ընտրելիս չի շարժվում անձնական համակրանքով կամ անձնական հարաբերություններով (ինչը որոշ դեպքերում անում էր Զիդանը), ինչի շնորհիվ այս մրցաշրջանում կարող են իրենց շանսը ստանալ բոլորը՝ առանց բացառության: Ու նույնիսկ «կործանված» Բեյլը կարող է իր լավագույն որակները դրսևորելու մոտիվացիա ունենալ:

3. Որակյալ նստարանն ու խաղը փոխելու կարողությունը

Անչելոտին նաև ճիշտ փոփոխություններ կատարելու, և առհասարակ, անհրաժեշտության դեպքում տակտիկապես թիմի խաղը փոխելու մեծ վարպետ է: «Ինտերի» հետ հանդիպումը դրա ամենավառ ապացույցն է:

Մինչև երկրորդ խաղակեսի միջնամասն ընկած ժամանակահատվածը «Ռեալը» խաղով զիջում էր մրցակցին: «Ինտերը» հաղթել էր «Ռեալին» խաղադաշտի կենտրոնում, ուներ տարածքային առավելություն, գնդակը չափազանց կարճ էր մնում մադրիդցիների վերահսկողության ներքո: Հարձակման գծում ոչինչ չէր ստացվում, խամրել էր նույնիսկ Մոդրիչի ու Բենզեմայի խաղը, պաշտպանությունում էլ հրաշալի իրավիճակ չէր և միայն Կուրտուայի փայլուն խաղի շնորհիվ էր, որ «Ռեալը» չէր զիջում նաև հաշվի մեջ:

Ինչ-որ բան պետք էր փոխել, խաղադաշտում հերոսի կարիք կար: Ու հենց այդտեղ հայտնվեց Անչելոտիի կերպարը, որը սկսեց որոշումներ կայացնել: Վինիսիուսը տեղափոխվեց ավելի շատ ձախ եզր, իսկ երբ բոլորը խաղադաշտում սպասում էին Էդեն Ազարին, Լուկաս Վասկեսի փոխարեն դաշտ դուրս եկավ Ռոդրիգոն. «Ես մտածում էի Ազարին խաղադաշտ դուրս բերելու մասին, բայց «Ինտերը» կենտրոնացրեց ուժերը կենտրոնում: Մտածեցի, որ նրանց կարող ենք ցավեցնել եզրերով, այդ պատճառով խաղադաշտ մտցրի Ռոդրիգոյին»:

Inter vs Real Madrid: Real Madrid player ratings vs Inter: Camavinga steps up again | Marca

Անչելոտին փոխարինեց նաև Լուկա Մոդրիչին՝ խաղադաշտ դուրս բերելով օրեր առաջ «Ռեալ» տեղափոխված 18-ամյա Էդուարդո Կամավինգային, որը թե՛ կօգներ թիմին պաշտպանվելիս, թե՛ կմիանար հարձակումներին: «Ռեալի» տակտիկան ու սխեման փոխվեց, և 88-րդ րոպեին Կամավինգայի փոխանցումից հետո Ռոդրիգոն խփեց հաղթական գոլը:

Անչելոտին հրաշալի կարդաց խաղը, տեսավ՝ որտեղ է ձախողվում իր թիմը, և նրա կատարած կադրային ու մարտավարական փոփոխությունները տվեցին իրենց արդյունքը:

Մրցաշրջանը երկար է ու դժվար է կանխատեսել՝ տիտղոսներ կնվաճի՞ «Ռեալն» այս մրցաշրջանում, թե ոչ, բայց որ կպայքարի դրանց համար՝ հաստատ է: Եվ դա Կառլոն Անչելոտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու շնորհիվ է, ինչը «Արքայական ակումբի» ղեկավարության՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ընդունած լավագույն որոշումն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա