Logo

Բրազիլիայի ՖԱ-ն մերժել է «Ռեալի» խնդրանքը. մադրիդցիները կադրային լուրջ խնդիրներով կմոտենան գավաթային խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:24 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Brazilia FA

Բրազիլիայի Ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստի վաղաժամկետ բաց չի թողնի ակումբ՝ հայտնում է Football Espana-ն:

Հարավային Ամերիկայում առաջիկա օրերին կանցկացվեն ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի հերթական խաղային տուրերը:

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի ֆուտբոլիստները խնդիր ունեն Մադրիդ վերադառնալու վերաբերյալ: «Ռեալն» Արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի՝ «Ատլետիկի» հետ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին, իսկ Բրազիլիայի հավաքականը փետրվարի 2-ին պետք է անցկացնի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը:

Ռոդրիգոն, Վինիսիուս Ժունիորը, Էդեր Միլիտաոն և Կազեմիրոն գտնվում են Բրազիլիայի հավաքականի ճամբարում և չեն կարող մասնակցել գավաթային խաղին:

Մադրիդի «Ռեալը» խնդրանքով դիմել է Բրազիլիայի գլխավոր ֆուտբոլային կառույցին, որպեսզի վերոնշյալ ֆուտբոլիստները վաղաժամ լքեն հավաքականի ճամբարը, սակայն խնդրանքը մերժվել է:

Բրազիլիայի ՖԱ-ի համակարգող Ժունինյո Պաուլիստան SER-ի հետ զրույցում նշել է. «Մենք չենք պատրաստվում բաց թողնել խաղացողներին: Ֆուտբոլիստները պետք է մեզ հետ լինեն մինչև միջազգային դադարի ավարտը՝ փետրվարի 2-ը։

Մինչև վերջ նրանք մեզ հետ են լինելու։ Մենք չենք կարող բաց թողնել նրանց։ Մենք չենք կարող բավարարել նրանց խնդրանքը. նման խնդրանքներ ստացել ենք նաև այլ ակումբներից, իսկ խաղացողներն ընդամենը մի քանի օր են լինելու մեր տրամադրության տակ»:

Մադրիդի «Ռեալն» այժմ պետք է հուսա, որ իր խաղացողները չեն մասնակցի Բրազիլիայի հավաքականի երկրորդ խաղին, որում ընտրանու մրցակիցը կլինի Պարագվայի հավաքականը:

Ցանկացած խաղացող, որը խաղադաշտ դուրս գա այդ խաղում, իրավունք չի ունենա հանդես գալու իր ակումբում հաջորդ օրը՝ ՖԻՖԱ-ի՝ պարտադիր հանգստի կանոնի համաձայն:

Հավելենք՝ Բրազիլիայի հավաքականն արդեն ապահովել է իր մասնակցությունը Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հիմնական մրցաշարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա