Logo

«Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 17.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
maxresdefault 2 - «Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

16 տարի առաջ՝ 2005-ին աշխարհի ամենահայտնի էներգետիկ ըմպելիքներից մեկի՝ ավստրիական «Ռեդ Բուլի» ղեկավարությունը որոշեց մուտք գործել ֆուտբոլ: «Կարմիր ցուլերն» ունեին հստակ ու փոխշահավետ ծրագիր, որը հետապնդում է կոմերցիոն շահեր, բայց մեծ օգուտ է տալիս ֆուտբոլին՝ տարբեր երկրներում գնելով ակումբներ և զարգացնելով ֆուտբոլը տվյալ երկրներում, ինչպես նաև այդ ակումբների միջոցով օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին աճել և դառնալ աստղեր: Հանրահայտ այս ընկերությանն են պատկանում 4 ֆուտբոլային ակումբ՝ ավստրիական «Զալցբուրգը», գերմանական «Լայպցիգը», ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսը» և բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինոն»:

«Ռեդ Բուլին» ֆուտբոլային աշխարհն ամենևին էլ գրկաբաց չընդունեց: Շատերն էին դեմ արտահայտվում ու քննադատում այս նախագիծը՝ համարելով, որ այս ընկերությունը եկել է սպանելու այս մարզաձևի կանոններն ու իր ֆինանսական խոշոր ներդրումներով խլելու ֆուտբոլի «անմեղությունը»:

Նախագծի սկիզբը. «Զալցբուրգ»

«Ռեդ Բուլն» իր ճանապարհը սկսեց հայրենիքում՝ Ավստրիայի հարավում՝ 2005-ին գնելով «Ավստրիա Զալցբուրգ» ակումբը և ջնջեց այս ակումբի ավելի քան 50 տարվա պատմությունն ու սկիզբ դրեց նորին:

Ակումբի երկրպագուներից ոմանք «ապստամբեցին»՝ իրենց ավանդական ինքնությունը չկորցնելու համար հիմնելով «Ավստրիա Զալցբուրգ» ակումբ, որն այժմ խաղում է Ավստրիայի առաջնության ցածր դիվիզիոններից մեկում: Բայց ժամանակի հետ «Ռեդ Բուլը» գրավեց զալցբուրգցիների սրտերը: «Զալցբուրգը» սկսեց գրանցել արդյունքներ, որ թիմի երկրպագուները երազել չէին կարող: Ակումբ, որ իր պատմության մեջ 3 անգամ էր դարձել երկրի չեմպիոն, այժմ արդեն 14 անգամ է հասել այդ նվաճմանը: Վերջին 7 տարիներին անընդմեջ «Զալցբուրգն» Ավստրիայի չեմպիոն է դարձել: 7 անգամ թիմը դարձել է երկրի գավաթակիր ու նվաճել պատանիների Չեմպիոնների լիգան՝ ճանապարհին հաղթելով «Մանչեսթեր Սիթիի», ՊՍԺ-ի, «Ատլետիկոյի» ու «Բարսելոնայի» երիտասարդական թիմերին:

Screenshot 6 1 - «Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

«Զալցբուրգը» նաև սկսեց ավելի հաճախ մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: Ավելին՝ վերջին 2 խաղարկություններում ավստրիական ակումբը բավական լավ տպավորություն է թողնում եվրոպական գրանդների դեմ հանդիպումներում:

Գերմանական հեքիաթը. «Լայպցիգ»

«Ռեդ Բուլի» ամենահաջողված նախագիծը, մինչ այս պահը, գերմանական «Լայպցիգն» է: Գերմանիայում, սակայն, «Ռեդ Բուլի» գործունեության սկիզբն ամենաբարդն է եղել:

Մինչև «Լայպցիգը» գնելը, ընկերությունը փորձել է գնել «Սանկտ Պաուլին», «Մյունխեն 1860-ը» և «Ֆորտունա Դյուսելդորֆը», բայց 3 դեպքում էլ չի ձախողել են: Գերմանական պահպանողական մտածելակերպով առաջնորդվող երկրպագուների բողոքները լուրջ բարդություններ առաջացրին «Ռեդ Բուլի» համար. նրանց դուր չէր եկել՝ ինչպես է «Ռեդ Բուլը» փոխել «Զալցբուրգի» անունը, լոգոն ու մարզաշապիկի գույները: Երկար տարիների բանակցություններից հետո, ի վերջո, 2008 թվականին ընկերությունը որոշում է սկսել ամենացածր մակարդակից ու գնում 4-րդ դիվիզիոնում խաղացող ակումբի:

Ակումբը կոչվում է RB Leipzig, բայց RB տառերը ոչ թե Red Bull-ի հապավումն է, այլ՝ RasenBallsport-ի, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է ֆուտբոլ: Չնայած գրանցած առաջխաղացմանն ու Լայպցիգ քաղաքում տիրող ոգևորությանը՝ Գերմանիայում «Լայպցիգը» շարունակում էր լինել չընդունված թիմ: «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարեց, որ այդ ակումբը պարզապես ստեղծվել է «Ռեդ Բուլը» գովազդելու համար, իսկ գերմանական 11 Freunde ամսագիրը հրաժարվեց իր էջում տեղադրել Բունդեսլիգայի աղյուսակը՝ «Ռեդ Բուլին» չգովազդելու պատճառաբանությամբ:

anti rb leipzig banner 03032017 bjm346ru07m0zzsih57o90iv 960x639 - «Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

Այդուհանդերձ՝ «Լայպցիգը» զարգանում էր անհավանական տեմպով. 4-րդ դիվիզիոնից ակումբը բարձրացավ Բունդեսլիգա՝ ցուցադրելով ինտենսիվ ու շատ գրավիչ ֆուտբոլ, իսկ հարգանքն այս ակումբի նկատմամբ ամբողջ Եվրոպայում աճում էր օր-օրի: «Լայպցիգը» դարձավ Բունդեսլիգայի առաջատար թիմերից մեկը, սկսեց հայտնվել Չեմպիոնների լիգայում, իսկ արդեն նախորդ՝ 2019/20 մրցաշրջանում 11 տարեկան այս ակումբը հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Ընդ որում՝ շատերի կողմից կանխատեսվող բիզնես-պրոյեկտն այս անհավանական նվաճմանը հասավ ոչ թե պարկերով գումարների ներդրման, այլ ճիշտ ֆուտբոլային մոդել ընտրելու շնորհիվ: Յուլիան Նագելսմանի թիմը, որ հասավ մինչև ՉԼ եզրափակիչ, իր կազմում չուներ ֆուտբոլիստ, որի համար վճարել էր 20 միլիոն եվրոյից ավելին:

Բայց ո՞րն է այդ ճիշտ ֆուտբոլային մոդելը, ինչպե՞ս է այս նախագիծը տարբերվում շեյխերի նախագծերից, բայց տալիս ցանկալի արդյունք:

Տուն, որ կառուցեց Ռալֆ Ռանգնիկը՝ գերմանական ֆուտբոլի կնքահայրը

«Այո, գումարը մեզ օգնում է անել այն, ինչ ցանկանում ենք, բայց մենք այն խելացի ենք օգտագործում: Մենք ներդրում ենք անում ոչ թե աստղային ֆուտբոլիստների, այլ նորարական ու կրեատիվ գաղափարներ ունեցող մասնագետների վրա», – ասում է «Ռեդ Բուլի» հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը:

«Ռեդ Բուլի» նախագծի հաջողությունները սկսում են 2012-ից, երբ Մատեշիցը 4 ժամ տևողությամբ հանդիպում է ունենում «գերմանական ֆուտբոլի կնքահայր» մականունն ունեցող Ռալֆ Ռանգնիկի հետ: Պրոֆեսորը ստանձնում է միանգամից 2 պաշտոն և դառնում «Լայպցիգի» ու «Զալցբուրգի» մարզական տնօրենը. «Ռանգնիկն այս նախագծի ճարտարապետն է: Երբ նա ժամանեց «Լայպցիգ», ամեն ինչ փոխվեց: Նա ստեղծեց փիլիսոփայություն, ստեղծեց հստակ գործելաոճ», – ասում է «Ռեդ Բուլի» ղեկավարներից մեկը՝ Գուիդո Շաֆերը:

1151637481.jpg.0 960x640 - «Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

Ռանգնիկի գլխավոր խաղադրույքը՝ սկաուտինգ

Ռանգնիկը որոշեց, որ «Լայպցիգը» պետք է բաղկացած լինի երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներից, և թիմի միջին տարիքը չպետք է գերազանցի 23-ը: Այդ ծրագիրն իրականացնելու համար Ռանգնիկը շեշտը դնում է սկաուտինգի վրա և ընդլայնում երիտասարդ ֆուտբոլիստների մոնիթորինգի աշխարհագրությունը: «Զալցբուրգն» ու «Լայպցիգը» սկսում են հրավիրել խոստումնալից ֆուտբոլիստների՝ թոփ ֆուտբոլիստների համար միլիոններ ծախսելու փոխարեն:

«Լայպցիգն» ու «Զալցբուրգը» դարձան թիմեր, որտեղ հետագայում գրանդ ակումբները պետք է թոփ ֆուտբոլիստների որս կատարեին: Իրենց առաջին քայլերը «Զալցբուրգում» կատարել են Սադիո Մանեն, Նաբի Կեյտան, Էրլինգ Հալանդը, Դայո Ուպամեկանոն, Կևին Կամպլը, Դոմինիկ Սոբոսլայը: «Լայպցիգը», իր հերթին, գնել է Տիմո Վերներին, Էմիլ Ֆորսբերգին, Մարսել Զաբիցերին, Կոնատեին ու մի շարք այլ տաղանդների, երբ նրանց դեռ ոչ ոք չէր ճանաչում: Ընդ որում՝ «Ռեդ Բուլի» ակումբները տրանսֆերներ են կատարում միմյանց միջև. «Զալցբուրգից» «Լայպցիգ» են տեղափոխվել Ուպամեկանոն, Կեյտան, Սոբոսլայն ու մի շարք այլ ֆուտբոլիստներ: Հիմա էլ «Լայպցիգն» իր կազմում ունի Դանի Օլմոյի, Անխելինյոյի ու Թայլեր Ադամսի նման երիտասարդների, ինչպես նաև արդեն գնել է «Այաքսի» ամենահեռանկարային խաղացողներից մեկին՝ Բրայան Բրոբեյին, որն, ի դեպ, գոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» դեմ խաղում:

werner haaland upamecano gfx 18mnru1zy4ord1wjxwmv70pifv 960x640 - «Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

«Մենք ցանկանում ենք միայն օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին՝ դրսևորել իրենց ու զարգանալ: Առաջնայինը տաղանդավոր ֆուտբոլիստի համար անհրաժեշտ խաղաժամանակն է: Այդ առումով լավագույն օրինակը Հալանդինն է: Նա վաղուց կարող էր անգլիական ակումբ տեղափոխվել, բայց ընտրեց «Զալցբուրգը», քանի որ գիտեր՝ եթե նույնիսկ վատ խաղա, միևնույն է, հաջորդ խաղին էլ է դուրս գալու խաղադաշտ:

Ուպամեկանոն իր նորամուտի խաղում կոպիտ սխալ թույլ տվեց: Նա դեղին քարտ ստացավ ու կրկին վտանգավոր խախտում կատարեց: Ռալֆ Հասենհաթլը փոխարինեց նրան, բայց չսպանեց հանդերձարանում: Հաջորդ խաղին Դայոն կրկին շանս ստացավ ու արդեն ավելի վստահ էր խաղում: Մենք ֆուտբոլիստներին միշտ վստահություն ենք հաղորդում ու ասում, որ չենք ցանկանում նրանց հավերժ տեսնել մեր թիմերում: Նրանք գիտեն, որ տարիներ հետո խաղալու են ավելի բարձր մակարդակի թիմերում», – նշում է «Զալցբուրգի» և «Լայպցիգի» սկաուտների թիմի ղեկավար Յոհանես Սպորսը:

Բացի երիտասարդներ գտնելուց՝ «Լայպցիգն» իր գլխավոր խաղադրույքը կատարեց մարզչի վրա ու հրավիրեց Յուլիան Նագելսմանին, որն այժմ Եվրոպայի ամենացանկալի մասնագետն է: «Լայպցիգի» համակարգն աշխատում է հետևյալ կերպ. Ռանգնիկ՝ մարդ, որ ղեկավարում է ամեն ինչ ու կայացնում ամենակարևոր որոշումները, Սպորս՝ մարդ, որ գտնում է ամենատաղանդավոր ֆուտբոլիստներին ու հրավիրում թիմ, Նագելսման՝ մարդ, որն իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներով կառուցում է տակտիկապես ամուր և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմ:

Մեր ընտրանին

Իսկ ի՞նչ է տալիս ֆուտբոլը «Ռեդ Բուլին»

Forbes-ի՝ ամենաարժեքավոր բրենդների ցանկում «Ռեդ Բուլը» 71-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ գնահատվելով 7.6 մլրդ ֆունտ ստեռլինգ: Այն 171 տարբեր երկրներում ամեն տարի վաճառում է 7 մլրդ էներգետիկ ըմպելիք: Բայց ի՞նչ է ստանում այս ընկերությունն իր ֆուտբոլային ակումբներից:

Գլխավորը՝ գովազդն է: Ամենամասսայական մարզաձևում խաղում է 4 թիմ, որը կրում է «Ռեդ Բուլի» անունը, «Ռեդ Բուլի» մարզաշապիկը, «Ռեդ Բուլի» գույները, և այդ բոլոր թիմերի մարզադաշտի անունը նույնն է՝ Red Bull Arena: Բացի գովազդից, «Ռեդ Բուլը» քիչ գումարներ չի ստանում իր տրանսֆերային քաղաքականությամբ՝ գնելով երիտասարդ ֆուտբոլիստների ցածր գնով, իսկ հետո նրանց վաճառում աստղաբաշխական թվերով:

«Ռեդ Բուլը» ստեղծել է համաշխարհային ֆուտբոլային ցանց, որ բավական նման է «Մանչեսթեր Սիթիի»՝ City Football Group-ին, որն ունի թիմեր Անգլիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում ու Բելգիայում: Ինչպես «Սիթիի» դեպքում, «Ռեդ Բուլի» ակումբներն էլ ֆինանսական հարցերում մեծ աջակցություն են ցույց տալիս միմյանց: Ընկերությունն ունի 4 թիմ, բայց մտադիր չէ սահմանափակվել այդքանով:

Red Bull Arena cropped 960x459 - «Ռեդ բուլը թևեր է տալիս». ինչպես հայտնի բրենդը գրավեց ֆուտբոլը

Մի՞թե այսքանից հետո կարող ենք ասել, որ «Ռեդ Բուլը» փչացնում է ֆուտբոլը՝ հանուն իր կոմերցիոն շահերի: «Ռեդ Բուլը» թևեր է տալիս ֆուտբոլին:

Էդգար Բաբայանը կխաղա մոդայիկ ակումբում. այն անբախտ է, բայց չհանձնվող

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա