Logo
ՍՊՈՐՏ / Նկարիչներ
Հեղինակ

Աննա Անտոնյան

18:01 / 13.06.2022Նկարիչներ
null

Մաս 2. Ռեմբրանդտի առեղծվածային «Գիշերային պարեկը», որն այդպես էլ միանշանակ չդարձավ

Ձեզ ենք ներկայացնում պատմություն, որ կազմված է երկու մասից, և որի գլխավոր հերոսը Ռեմբրանդտն ու իր կտավներն են՝ ներկայացված բացառիկ պատմություններով, որոնց մասին, գուցե, երբեք չեք լսել:

Բոլոր պատմությունների հիմքում և «գործող անձինք» գեղանկարներն են:

ՄԱՍ 1-ը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ:

ՄԱՍ 2

Մարդիկ երբեմն համեմատում են նրան Ռուբենսի հետ և իրավամբ զարմանում: Երկար ու երջանիկ կյանք ապրած Ռուբենսը երբեմն այնպիսի դժվար պահեր է ունեցել, որ մտքով էլ չի անցել ձեռքը վրձին վերցնել: Իտալիայից հետո նա հանկարծ իրեն միայնակ ու օտար զգաց հայրենիքում, շփոթվեց, կորցրեց գլուխը: Տարիներ հետո այդ զգացումը վերադարձավ կնոջ՝ Իզաբելլա Բրանդտի մահից հետո, երբ նկարիչը հասկացավ, որ նորից մենակ է մնացել: 

Սասքիայի մահից մի քանի օր հետո Ռեմբրանդտը նորից կանգնեց նկարակալի մոտ, նորից ներխուժեց գույների ու զգացմունքների անմեկնելի աշխարհը: Վաճառված են տունը, ունեցվածքը, բայց աղքատ թաղամասերից մեկում նորից աշխատում է անկոտրում կամքի տեր այդ մարդը: Մահանում է նաև 28-ամյա որդին: Թվում է՝ ամեն ինչ կորած է, իմաստ չունի ոչ ապրելը, ոչ պայքարելը: Սակայն դողդոջ ձեռքը նորից ձգվում է դեպի վրձինը: Կյանքն ու մահը երկար կռվում են նրա հոգում, նրա կտավներում, օֆորտներում, գծանկարներում: Կյանքում 1669 թվականին հաղթում է մահը, կտավներում վերջնականորեն տիրապետություն է հաստատում նրա անմահությունը: 

...Եվ նորից 1642 թվական, նորից «Գիշերային պարեկ», մի կտավ, որն ինչ-որ տեղ շրջադարձային եղավ նրա կյանքում: Ավարտվեց հաջողությունների շղթան, հյուսվել սկսվեց անհաջողությունների ու տառապանքների երկար շղթան:

Պատվերը, որ ստացավ Ռեմբրանդտը 1639 թվականին, պարզ էր շարադրված՝ նկարել ամստերդամյան հրաձիգների գիլդիայի խմբային դիմանկարը: Այս ժանրը նորություն չէր հոլանդական գեղանկարչության մեջ: Բավական է հիշել թեկուզ Ֆրանս Հալսի փայլուն ստեղծագործությունները, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի բարձունքների էր հասել խմբային դիմանկարի արվեստը: Համարյա բոլոր նկարիչներն էլ նման պատվերներ էին ստանում, և յուրաքանչյուրը կատարում էր դրանք իր հնարավորությունների սահմանում: Ընդունված էր, որ այդ դիմանկարներում պետք է ընդգծվեին պատկերվողների բոլոր լավագույն հատկանիշները: Մեծ ուշադրություն էր նվիրվում հագուստների, զենքերի և հանդերձանքի այլ մանրամասների պատկերմանը. դրանք պետք է ցույց տային դիմանկարի հերոսների հարստության չափը և վերջապես շոյեին նրանց ինքնավստահությունը: 

Զինորականների խմբային դիմանկարում, օրինակ, ընդունված էր գործող անձանց պատկերել խնջույքի սեղանի շուրջը, կամ էլ այն պահին երբ, ասենք, կապիտանը ներկայացնում էր իր սպաներին...


AkzoNobel, Rijksmuseum Partner For Live Restoration Of Rembrandt's Night  Watch | Coatings World


Ռեմբրանդտը հրաձիգների խմբային դիմանկարի վրա աշխատեց 3 տարի: Պատվիրատուները չէին շտապեցնում, քանզի հրաշալի մի գործ էին ակնկալում նկարչից, որի մասին խոսում էր ամբողջ Ամստերդամը: Եվ ահա եկավ այն օրը, երբ Ռեմբրանդտն իր արվեստանոց հրավիրեց հրաձիգներին: Մինչ այդ, նրանցից յուրաքանչյուրը մի քանի անգամ եղել էր այնտեղ, համբերատարությամբ նստել անշարժ դիրքով, մինչև մռայլ տեսքով այդ մարդը նկարել էր իրենց: Իսկ հիմա բոլորը եկել էին խմբով՝ իրենց հրամանատարներ կապիտան Կոկի և լեյտենանտ Ռայտենբարխի գլխավորությամբ: Ահա նրանք մտնում են Բրեեստրաատ փողոցի վրա գտնվող տունը, ծառայի ուղեկցությամբ բարձրանում են երկրորդ հարկ, ու նրանց դիմավորում է Ռեմբրանդտը: Ընդարձակ սենյակի կենտրոնում՝ նկարակալի վրա դրված կտավը ծածկված է սպիտակ շորով: Երբ բոլորը ներս են մտնում, Ռեմբրանդտը դանդաղ մոտենում է նկարակալին, ձեռքի զգույշ շարժումով ետ է տանում ծածկոցը: Արվեստանոցում լռություն է իջնում: 

Գումարտակը ռազմական երթի դուրս գալու հանկարծակի հրաման է ստացել: Կապիտանի և լեյտենանտի գլխավորությամբ հրաձիգներն արդեն դուրս են եկել հոյակերտ շինության կամարի տակից և հիմա անցնում են ջրանցքի կամրջի վրայով: Թմբկահարը եռանդուն հարվածում է իր փայտիկներով, դրոշակակիրն ավելի բարձր է բռնում գումարտակի դրոշակը, սերժանտը ինչ-որ կարգադրություններ է անում, աջ անկյունում մեկն արդեն վառոդ է լցնում հրացանի փողը, երկու հրաձիգներ և քայլում են, և, ըստ երևույթին ինչ-որ կարևոր հարց քննարկում, օդում սպառնալիորեն ճոճվում է նիզակների անտառը: Ի՞նչ են անում այս մարդիկ: Ո՞ւր են գնում նրանք: Սա ռազմական ե՞րթ է, թե՞ դիմակահանդես: Եթե ռազմական երթ է, ի՞նչ է անում այստեղ, այս լուրջ պահին, կտավի ամենալուսավոր մասում պատկերված պուպրիկի նմանվող աղջնակը, որը չգիտես՝ քայլում է հակառա՞կ ուղղությամբ, թե՞ կանգ է առել ու հետաքրքրությամբ զննում է չորս կողմը: 


Raoul Middleman on Rembrandt - Painters on Paintings


Ռեմբրանդտը նայում է հրաձիգներին, նրանք՝ կտավին: Բոլորը լուռ են, շփոթված, ասես ինչ-որ մի բանի են հանդիպել, որի անունն անգամ չգիտեն: 

Հենց այստեղ էլ հրաժեշտ տանք 1642 թվականին, Բրեեստրաատի վրա գտնվող նկարչի տանը, Ամստերդամի հրաձիգների գումարտակի սպաներին: Եթե մինչ այս պահը տեղի ունեցած դեպքերը մենք կարող էինք պատմել հավաստի ճշտությամբ, ապա հետագայում մի քանի անհայտներով այնքան հավասարումներ կան, որոնց լուծումը երբեք էլ հեշտ լինել չի կարող: 

Մինչև վերջին ժամանակներս այն լեգենդն էր ընդունված, որ իբրև հրաձիգները շատ դժգոհ են մնացել իրենց խմբային դիմանկարից, չեն հասկացել այն և ամեն հարմար առիթով չարախոսել են նկարչի հասցեին: Բայց ահա նորագույն հետազոտություններից պարզվում է, որ Ռեմբրանդտի կտավը ժամանակին լայն սեր և մասսայականություն է վայելել, բայց տարիների ընթացքում, չգիտես ինչու, մոռացվել է և նորից հայտնի դարձել 19-րդ դարի սկզբներին՝ այս անգամ «Գիշերային պարեկ» անունով: Եթե դժգոհ չեն եղել, ինչո՞ւ էր հապա կապիտան Կոկը նորից պատվիրում իր դիմանկարը, այա անգամ արդեն Վան դեր Հելստին, ինչո՞ւ էր հետզհետե խամրում նկարչի փառքը, ինչո՞ւ էին խուսափում նրանից հարուստ պատվիրատուները: 

Անպատասխան հարցերն այնքան շատ են, որ մարդ երբեմն չի էլ ցանկանում հավատալ, թե այդ ամենն ընդամենը մի կտավի մասին է: Վերցնենք թեկուզ նկարի անվանումը, որի շուրջ նույնպես բազմաթիվ վեճեր են գնում: Վերջապես, օրվա ո՞ր պահն է պատկերել Ռեմբրանդտը՝ գիշե՞ր է դա, թե՞ ցերեկ: 1946-47 թվականներին կտավը հիմնական ռեստավրացիայի ենթարկվեց և պարզվեց, որ դարերի ընթացքում նրա գույները խամրել են, Մի ժամանակ ֆրանսիացի նշանավոր արվեստագետ Էժեն Ֆրոմանտենը ուղղակի վրդովվում էր, թե Ռեմբրանդտը այնպիսի շորեր է հագցրել լեյտենանտին, որ պարզ չէ դրանց գույնն անգամ: Բայց ահա լաքի հաստ շերտի հեռացումից հետո պարզվեց, որ հագուստը ոչ թե դեղնա-շականակագույն է, այլ կուրացուցիչ դեղին, որ բաճկոնի վրա յուրօրինակ «պար են բռնել» ոսկեգույն ու արծաթավուն տոները:


Rembrandt, The Night Watch (article) | Khan Academy


Նույնպիսի փոփոխություններ տեղի ունեցան կտավի համարյա բոլոր մասերի հետ: Վերականգնումից հետո նոր կարծիք ծնվեց. կտավում պատկերված գործողությունները տեղի են ունենում ոչ թե գիշերը, այլ ցերեկային լույսի տակ: Իբրև հաստատում բերվում է այն փաստը, որ կապիտանի ձեռքից լեյտենանտի հագուստի վրա ընկած ստվերը միայն արևի շողերից կարող էր ծնվել:

Թվում է՝ համոզիչ են այդ փաստարկները, բայց վեճերը, միևնույնն է, չեն դադարում: Ո՞վ գիտե, քանի՞ նոր կարծիքներ ծնունդ կառնեն ապագայում:

Մի բան է պարզ. «Գիշերային պարեկն» այն հազվագյոտ գործերից է, որոնք ընդունակ են մի ամբողջ դարաշրջանի գնահատականը տալ:

 

Լրահոս