Logo

«Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
asd6as6asd6asd6 - «Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:11

-

-

Ֆուտբոլում քիչ չեն դեպքերը, երբ ֆուտբոլիստի կարիերան անկում է ապրում, խաղային լճացում է լինում, ոչինչ չի ստացվում, այլևս ոչ ոք չի հավատում նրան, բայց մեկ որոշմամբ ամեն ինչ գլխիվայր շրջվում է. ֆուտբոլիստը ճիշտ ժամանակին ճիշտ ակումբ է տեղափոխվում և իր կարիերային նոր ընթացք է հաղորդում:

Ներկայացնում ենք 5 ֆուտբոլիստի, որոնք կտրուկ ու հանկարծակի կերպով շրջել են իրենց կարիերայի անիվը:

Հենրիխ Մխիթարյան. «Արսենալից»՝ «Ռոմա»

Նմանատիպ դեպքերի շատ վառ օրինակ է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Արսենալ». ընդ որում՝ Պրեմիեր լիգայում նրա կարիերան արդեն ձախողված էր, ու 42 միլիոն եվրոն, որ վճարել էր «Յունայթեդը» նրա համար, այդպես էլ չարդարացվեց՝ տարբեր պատճառներով: Մանկունիանցիների շարքը համալրելուց ուղիղ մեկուկես տարի անց Հենրիխը տեղափոխվեց «Արսենալ»՝ վերգտնելու իր խաղը:

Լոնդոնում Հենրիխը հեռանկարներ տեսնում էր. Վենգերի հետ աշխատանք, Օբամեյանգի հետ վերամիավորում… սկզբում, իսկապես, ամեն ինչ լավ էր, «Էմիրեյթսում» նորամուտի խաղը՝ ֆանտաստիկ (Հենրիխը գոլային փոխանցումների հեթ-տրիկ ձևակերպեց), առաջին ամիսները՝ տպավորիչ: Բայց Վենգերը հեռացավ, եկավ Էմերին, Մխիթարյանի խաղն ու մարզավիճակը դարձավ անկայուն, իսկ լավ խաղը միայն դրվագային: Ժամանակի հետ Հենրիխը երկրորդական ֆուտբոլիստ դարձավ «Արսենալում»: 2019-ին, երբ արդեն պարզ էր, որ Էմերին մեծ հույսեր չի կապում Մխիթարյանի հետ, շատերը Հենրիխի կարիերան արդեն ավարտված էին համարում. 30 տարեկան, վերջին տարիներին անհաջող ելույթներ, բայց…

Henrikh Mkhitaryan Completes Roma Move 1200x900 1 960x720 - «Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Բայց Մխիթարյանը որոշում կայացրեց տեղափոխվել «Ռոմա» և չսխալվեց: Հռոմում Մխիթարյանը գտավ ֆուտբոլ, որ համապատասխանում էր իրեն, այնտեղ նա դարձավ կարևոր ֆուտբոլիստ, իսկ հետո արդեն՝ լիարժեք առաջատար: Մխիթարյանը գտավ մարզիչ, որ կարողացավ իրենից առավելագույնը քաղել, և վերջապես Հենրիխն իր մեջ գտավ ուժ՝ նոր թափով աշխատելու և գերազանց մարզավիճակ հավաքելու համար: Այս մրցաշրջանում Հենրիխն Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստներից է. հայ կիսապաշտպանը 32 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում: Եվ այս ամենը 32 տարեկանում: Պրեմիեր լիգայում «ավարտված» Հենրիխը վերածնվեց Ա սերիայում:

Մոհամեդ Սալահ. «Ռոմայից»՝ «Լիվերպուլ»

Մոհամեդ Սալահն ֆուտբոլային բեմ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի՝ 2013/14 մրցաշրջանի խմբային փուլի «Չելսի» – «Բազել» խաղերում: Երկու խաղում էլ եգիպտացին շատ տպավորիչ ֆուտբոլ ցուցադրեց ու կարողացավ աչքի ընկնել գոլերով:

Սալահի այդ շոուից հետո «Չելսին» գնեց նրան: Այդ ժամանակ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, սակայն, չհավատաց Սալահին, չտեսավ նրա առավելությունները. «Սալահը փոքրիկ տղա էր, երբ «Բազելից» եկավ «Չելսի». նա միայնակ էր, անվստահ, ֆիզիկապես շատ թույլ. նա պատրաստ չէր այդ մարտահրավերին», – հետագայում հիշում է «առանձնահատուկը»: Եգիպտացին, ի վերջո, հեռանում է «Չելսիից» ու տեղափոխվում Իտալիա: Այնտեղ նա հանդես է գալիս «Ֆիորենտինայում» ու «Ռոմայում»: Սալահն Ա սերիայում չդարձավ համաշխարհայի կարգի խաղացող, բայց հավաքեց թանկարժեք փորձ ու աճեց որպես ֆուտբոլիստ:

2017-ին Յուրգեն Կլոպը, որ «Լիվերպուլի» հետ նվաճել էր ՉԼ խմբային փուլի ուղեգիր, եզրային հարձակվող էր փնտրում. տարբերակները մի քանիսն էին՝ Յուլիան Բրանդտ, Ջելսոն Մարտինս, Մոհամեդ Սալահ… Կլոպի ընտրությունը կանգ առավ Սալահի վրա: Եգիպտացու համար «կարմիրները» վճարեցին ընդամենը 42 միլիոն եվրո. ընդամենը, որովհետև հենց այդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ 222 միլիոն եվրոյով:

salah liverpool 960x559 - «Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Սալահը որակյալ եզրային հարձակվող էր, որ կարող էր ուժեղացնել «Լիվերպուլի» հարձակման գիծը. այսպես էր բոլորի կանխատեսումը մրցաշրջանից առաջ: Բայց որ Սալահն ընդամենը մեկ մրցաշրջանում կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում: «Լիվերպուլում» իր առաջին մրցաշրջանում Սալահը «պոռթկաց», Կլոպը կարողացավ Սալահի լավագույն որակները երևան հանել: «Փարավոնը» Պրեմիեր լիգայում անցկացրած 36 խաղում դարձավ 32 գոլի հեղինակ՝ սահմանելով ՊԼ պատմության նոր ռեկորդ. ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում նա 44 գոլ է խփել ու կատարել 16 գոլային փոխանցում: Սալահը «Լիվերպուլի» հետ հասավ մինչև ՉԼ եզրափակիչ, հաջորդ մրցաշրջանում հաղթեց ՉԼ-ն, ևս մեկ տարի անց նաև Պրեմիեր լիգան: 2018-ի մայիսին նրա տրանսֆերային արժեքը հասավ իր պիկին՝ 150 միլիոն եվրոյի, իսկ ինքը՝ Սալահը, դարձավ բոլոր եգտիպտացիների կուռքը: «Չելսիի» flop-ը դարձավ «Լիվերպուլի» աստղը:

Ռոմելու Լուկակու. «Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Ինտեր» 

Ռոմելու Լուկակուին ճանաչում էին գրեթե բոլորը, երբ նա արդեն 18 տարեկան էր: «Անդերլեխտում» հանդես եկող հսկան ուներ ֆանտաստիկ տվյալներ՝ «նոր Դրոգբա» դառնալու համար. բարձրահասակ, ուժեղ, արագ, դիպուկ…

Հենց այդ ժամանակ՝ 2011-ին, Լուկակուին կրկին գնում է «Չելսին»… ու թույլ տալիս Սալահի սխալը: 3 տարվա ընթացքում բելգիացին վարձավճարով «դեգերում» է «Վեսթ Բրոմվիչում» ու «Էվերթոնում»: Վարձակալության վերջին տարում՝ 2016-ին Լուկակուն վերադառնում է «Չելսի», բայց լոնդոնցիները վերջնականապես խաչ են քաշում հարձակվողի վրա ու վաճառում նրան «Էվերթոնին»՝ 35 միլիոն եվրոյի դիմաց: Այնպես էլ չէր, որ նա վատ մրցաշրջան էր անցկացրել «Էվերթոնում». 46 խաղ, 25 գոլ: 2016/17-ին Լուկակուն ակնհայտ խաղով ու արդյունավետությամբ աճ է գրանցում, և 84 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Յունայթեդում» նա կրկին հանդիպում է Մոուրինյոյին, որը «Չելսիում» աշխատելու ժամանակ վարձավճարով զիջում էր իրեն այլ ակումբների: Առաջին ամիսներին Լուկակուն «Յունայթեդում» գոլեր խփում է, բայց հետո սկսում են անկայուն ելույթները: Երկրորդ մրցաշրջանում, առհասարակ, ՄՅՈւ-ում է ամեն ինչ խառնվում. Մոուրինյոն հեռացվում է, գալիս Սուլշերը, իսկ Լուկակուն դառնում է պահեստային ֆուտբոլիստ: Նրա համար վճարված գումարը մեծ էր, ճնշումը՝ շատ մեծ: Լուկակուն կորցնում է մարզավիճակը, արժանանում բրիտանական մամուլի սուր քննադատությանը, իսկ 2019-ի ամռանը Սուլշերը հասկացնում է նրան, որ հույսեր չի կապում իր հետ:

Սուլշերը հույսեր չէր կապում, բայց փոխարենը Անտոնիո Կոնտեն «Ինտերում» իր նոր նախագծի կենտրոնական դեմք համարում էր հենց Լուկակուին: Բելգիացին մեծ սիրով ընդունում է մարտահրավերը. Կոնտեն կարողանում է համոզել նրան: Ա սերիայում Լուկակուն դառնում է այն ֆուտբոլիստը, որ մասնագետները կանխատեսում էին տարիներ առաջ. «գազանը» հարմարվում է իտալական ֆուտբոլին, ցույց է տալիս շատ բարձր արդյունավետություն ու մտնում աշխարհի լավագույն 9 համարների ակումբ:

Screenshot 3 1 - «Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Բոլոր մրցաշարերում միասին «Ինտերում» անցկացրած 83 խաղում Լուկակուն խփել է 58 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում. Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում նա լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարում է Կրիշտիանու Ռոնալդուի հետ (խփել է 18 գոլ Ռոնալդուի 20-ի դիմաց) և «Ինտերին» իր փայլուն խաղով առաջնորդում է դեպի Սկուդետո: «Չելսիում» չընդունված ու «Յունայթեդում» ձախողված Լուկակուն բոմբում է «Ինտերում»:

Սերժ Գնաբրի. «Արսենալից»՝ «Բավարիա»

Սերժ Գնաբրիին դեռ 16 տարեկանում նկատել էր տաղանդների որսորդ Արսեն Վենգերը: Գնաբրին 4 տարի խաղում է «Արսենալի» երիտասարդական թիմերում, իսկ հետո՝ հիմնական թիմում: Լոնդոնյան ակումբի հիմնական ֆուտբոլիստ դառնալու համար տաղանդավոր երիտասարդը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Բրոմում». այստեղ նա շանս չի ստանում ու անցկացնում է ընդամենը 6 հանդիպում, իսկ երբ վերադառնում է Լոնդոն, տղային ճանապարհում են՝ հույսեր չկապելով նրա հետ:

arsenal serge gnabry 3290568 960x540 - «Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Գնաբրին վերադառնում է հայրենիք՝ համալրելով «Վերդերի» շարքերը: Այս անգամ «Բավարիան» է որոշում խաղադրույք կատարել երիտասարդի վրա, ու նրան գնելուց հետո միանգամից վարձակալությամբ հանձնում է «Հոֆենհայմին»: 2017-ին Գնաբրին գերմանական ակումբում աշխատում է Յուլիան Նագելսմանի հետ, որը, կարծես, փոխում է իր կարիերայի անիվը. «Նագելսմանի հետ աշխատելով ես այլ ֆուտբոլիստ դարձա: Նա փոխեց իմ կարիերայի ընթացքը», – խոստովանում է Գնաբրին:

«Հոֆենհայմից» վերադառնալուց հետո Գնաբրին փորձում է հաստատվել «Բավարիայում»: 2018/19 մրցաշրջանում՝ մեծ մրցակցության պայմաններում Գնաբրին մեծ թվով հանդիպումներ չի անցկացնում, բայց չի հանձնվում ու հաջորդ մրցաշրջանում նույնպես մնում է Մյունխենում: 2019-ի ամռանը՝ Ռոբենի ու Ռիբերիի հեռանալուց հետո, Գնաբրին հաստատվում է մեկնարկային կազմում ու ցնցող մրցաշրջան անցկացնում: 46 խաղում 23 գոլ ու 14 ասիստ, ֆանտաստիկ արագություններ ու փայլուն ելույթներ Չեմպիոնների լիգայում (պոկեր՝ «Տոտենհեմին», դուբլ՝ «Չելսիին», դուբլ՝ «Լիոնին», գոլ՝ «Բարսելոնային»): Գնաբրիի տրանսֆերային արժեքը մոտ մեկուկես տարվա ընթացքում թռիչքաձև աճում է՝ 30 միլիոն եվրոյից հասնելով 90 միլիոնի: Երիտասարդը, որին չհավատաց Վենգերը, դարձավ «Բավարիայի» գլխավոր զենքերից մեկը:

Մեր ընտրանին

Չիրո Իմոբիլե. «Բորուսիայից»՝ «Լացիո»

Չիրո Իմոբիլեն հանդես է եկել Ա սերիայի մի շարք թիմերում. «Յուվենտուս», «Պեսկարա», «Սիենա», «Ջենոա», «Գրոսետո», «Տորինո»… այս թիմերում շրջելուց հետո հեռանկարային իտալացուն նկատում են Դորտմունդում՝ «Բորուսիայում»: «Մեղուների» սկաուտներն ինչ-որ բան գտել էին Իմոբիլեի խաղում, որ ընտրել էին հենց նրան ու «Տորինոյին» վճարել 18 միլիոն եվրո:

2014-ին Չիրոն իր ծաղկուն տարիքում էր՝ 24 տարեկան ու բոլորն ակնկալում էին, որ նա դառնալու է «նոր Լևանդովսկին». 2014-ի ամռանն էր Լևան տեղափոխվել «Բավարիա»: Բայց Իմոբիլեն հիասթափեցնում է. անցկացրած 34 խաղում խփած ընդամենը 10 գոլը ստիպում է դորտմունդցիների ղեկավարությանը հրաժարվել Իմոբիլեի ծառայություններից: Սկզբում՝ «Սևիլիա», իսկ հետո՝ «Տորինո». 2 թիմերում էլ Իմոբիլեն անհաջող է հանդես գալիս: Իմոբիլեի մասին Եվրոպայում, առհասարակ, մոռանում են, նա դուրս է գալիս ասպարեզից ու երկրպագուների հիշողություններում մնում որպես «Բորուսիայի» չստացված տրանսֆեր:

Բայց 2016-ին Իմոբիլեն պայմանագիր է կնքում «Լացիոյի» հետ ու այստեղ ցույց տալիս իր որակները: Մրցաշրջանից մրցաշրջան Չիրոն ավելացնում է իր արդյունավետությունը. 2016/17-ին նա Ա սերիայում խփում է 23 գոլ, 2017/18-ին՝ 29, իսկ 2019/20-ին 30-ամյա Իմոբիլեն դառնում է 36 գոլի հեղինակ ու նվաճում «Ոսկե խաղակոշիկը»: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ «Բորուսիայում» դեռ 2014-ին ձախողված Իմոբիլեն 7 տարի անց «Լացիոյում» կկարողանա «Ոսկե խաղակոշիկի» պայքարում հաղթել իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացնող Լևանդովսկուն:

ciro immobile scarpa doro gfx 1ue27t9bfpvir1b9rzh7xkzfga 960x640 - «Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Այս օրինակներն ապացուցում են, որ ֆուտբոլում, ինչպես կյանքում, երբեք պետք չէ հանձնվել, որ եթե ունես տաղանդ, աշխատասիրություն ու բնավորություն, նույնիսկ 30 տարեկանում կարող ես շտկել իրավիճակը. շատ լավ է, որ այս ամենի համար մեկ օրինակը մեր հայրենակիցն է՝ Հենրիխ Մխիթարյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա