Logo

NBA-ի ամենավառ աստղերից մինչև Հայաստանի հավաքական. ո՞վ է նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
17:00 / 23.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան օրերս հայտարարեց, որ հավաքականի գլխավոր մարզչի դերն ստանձնելու է ազգությամբ հայ Ռեքս Կալամյանը։ Սա լավագույն հնարավոր նորությունն էր ոչ միայն մեր ազգային ընտրանու համար, այլև ամբողջ հայկական բասկետբոլի՝ ներկա, թե ապագա։

Նրանք, որոնք հետևում են NBA-ին, հավանաբար քաջածանոթ են այս մասնագետին, ու հիմա առաջ ընկնելով բոլոր իրադարձություններից՝ կարող ենք վստահեցնել, որ նրա հետ մեր ընտրանին պարզապես դատապարտված է բարձունքների։ Եվ դա զգացմունքների վրա հիմնված հետևություն չէ. Կալամյանը ոչ միայն NBA-ում աշխատելու մոտ 30 տարվա փորձ ունի, լավագույն մարզիչների, մասնագետների ու լավագույն բասկետբոլիստների հետ հմտանալու բախտ է ունեցել, այլև նրա արսենալի գլխավոր զենքերն այն են, որոնք պետք են Հայաստանի հավաքականին։

VNews-ն առաջարկում է ծանոթանալ Ռեքս Կալամյանի պատմությանը մոտիկից՝ ինչպես նա սկսեց իր ճանապարհն ամենահեղինակավոր բասկետբոլային լիգայում, ինչպես դարձավ իր գործի առաջամարտիկներից NBA-ում, ովքեր էին այն աստղերը, որոնց տաղանդը զարգացրեց Կալամյանը, և որքան նվիրված է նա Հայաստանին։

ԿԱԼԱՄՅԱՆԻ ՏԱՏԸ ՄԻԱԿՆ ԷՐ ԸՆՏԱՆԻՔԻՑ, ՈՐ ՓՐԿՎԵՑ

Եվգինե Երեմյանը 12 տարեկան էր, երբ թուրքերը ներխուժեցին նրանց տուն ու առևանգեցին նրա հորը։ Օսմանյան Կայսրության բանակը կատարում էր իր փաշաների հրամանները՝ կյանքից զրկելով հայկական վերնախավին ու մտավորականներին։ Դա բավական չէր. թուրքերը եկան նաև Եվգինեի մոր ու ավագ քույրերի, եղբայների հետևից։ Դեռահաս աղջկա աչքերի առաջ մորը բռնաբարեցին, իսկ եղբայրներին, քույրերին սպանեցին։ Չնայած այս ամենին՝ Եվգինեն իր մեջ ուժ գտավ ու փրկեց իր կյանքը՝ դիմելով փախուստի։ Նա այդպես էլ երբեք իր երեխաների ու թոռների համար չբացահայտեց առեղծվածը, թե ինչպես է մազապուրծ եղել ու հայտնվել որբանոցում։ 

Այնուհետև չափահաս դառնալով՝ իր հարազատների փնտրտուքով նավով հասավ Նյու Յորք, ամուսնացավ ու լույս աշխարհ բերեց Ռեքս Կալամյանի մորը։ Վերջինս ամուսնացավ, երեխաներ ունեցավ ու հետո տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ էլ Ռեքս Կալամյանը սիրահարվեց բասկետբոլին։

ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ

Կալամյանի մարզական կարիերան այնքան էլ հագեցած չի եղել, որքան մարզչական գործունեությունը։ 

Կալամյանն սկսել է լրջորեն բասկետբոլով զբաղվել East Los Angeles College-ում։ Այս քոլեջում նրա ամենանշանակալի հաջողությունն էր Հարավային Կոնֆերենցիայի 1988/89 մրցաշրջանի՝ 3-միավորանոց նետումների լավագույն ցուցանիշը։

Սկսելով իր ճանապարհը Լոս Անջելեսի քոլեջում՝ նա ավարտել է Cal Poly Pomona-ն ու ստացել բակալավրի աստիճան բիզնես կառավարման ոլորտում։ Սակայն այստեղ ձեռք բերված գիտելիքները ու բասկետբոլի նկատմամբ սերը շուտով ծառայելու էին մեկ նպատակի։

ՎԻԴԵՈՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ՈՒ ԱՌԱՋԱՐԿ, ՈՐ ՓՈԽԵՑ ԿՅԱՆՔԸ

Կալամյանին մարզչական առաջին քայլերը կատարելու շանսը տվեց հարազատ բուհը՝ East Los Angeles College-ը։ Ավելի ուշ նա սկսեց մարզչի օգնականի գործը համատեղել «Լոս Անջելես Կլիպերսում» կամավորական գործով. մարզիչները նրա առաջ խնդիր էին դրել հանդիպումների տեսաձայնագրություններից կտրել ու առանձնացնել որոշակի դրվագներ, մասնագիտություն, առանց որի չի կարող հիմա գոյատևել ոչ մի NBA-ի թիմ։ Բայց 90-ականներին ամեն ինչ այլ էր։ 

Երբ Ֆիլ Ֆիտչը 1994-ին դարձավ «Կլիպերսի» գլխավոր մարզիչ, նա խնդրեց իր շտաբում ընդգրկել վիդեոկոորդինատոր-վերլուծաբան, և այդ ժամանակ ակումբի գրասենյակի տնօրեն, NBA-ի լեգենդ Էլջին Բեյլորը, չգտնելով ավելի լավ թեկնածու, աշխատանքի հրավիրեց Կալամյանին լրիվ դրույքով։ Դա այն շանսն էր, որը պետք էր երիտասարդ մարզիչին՝ իրեն դրսևորելու համար։

«Մեկ կամ երկու տարի անց մարզիչը մոտեցավ ինձ ու ասաց. «Ես պատրաստվում եմ քեզ դարձնել իմ օգնականներից ու նստեցնել պահեստայինների նստարանին։ Ես մտադիր եմ օգնել քեզ սկսել մարզչական կարիերա։ Դու մեծ աշխատանք ես կատարում ինձ հետ, ու ինձ իսկապես դուր է գալիս այն, ինչ դու անում ես։ Ես ցանկանում եմ, որ դու առաջ քայլ կատարես ու շարունակես զբաղվել այս գործով»,- պատմում է Կալամյանը:

Այդ ժամանակ Կալամյանը չէր գիտակցում, թե Ֆլիտչի առաջարկն ինչպես է գլխիվայր շրջելու իր կյանքն ու կարիերան։ Այդ հնարավորությունը թույլ տվեց նրան զարգանալ, ծանոթանալ տարբեր մարդկանց հետ, կապ պահպանել մարզիչների հետ ու առաջին նստարանից հետևել, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպվում լիգայում։ 

Կալամյանը «Կլիպերսում» մնաց մինչև 2003 թվականը, այդ ընթացքում ակումբը երկու գլխավոր մարզիչ փոխեց: 1999-ին թիմ եկավ վետերան բասկետբոլիստ, խաղարկող Սքոթ Բրուկսը, որը, ճիշտ է, այդպես էլ խաղաժամանակ չստացավ, սակայն ձեռք բերեց լավ ընկեր՝ ի դեմս մեր հայրենակցի։ Հետագայում այդ հանդիպումը դառնալու էր ճակատագրական երկուսի համար էլ։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ NBA-Ի ԱԿՈՒՄԲՆԵՐՈՎ ՈՒ ՌԵՆԵՍԱՆՍԻ ՇՐՋԱՆԸ

2004-ը Կալամյանն անցկացրեց «Դենվեր Նագեթսի» հետ, իսկ մեկ տարի անց նրա առջև մեկ այլ դուռ է բացվում։ Կեյսի Դուեյնն առաջին անգամ իր կարիերայում կատարելու էր գլխավոր մարզչի պարտականությունները ու վստահելի օգնական էր փնտրում «Մինեսոտա Թիմբերվուլվզում»՝ նրա հետ աշխատելու համար։

Մենք նրա հետ հարցազրույց անցկացրինք, այդ ժամանակ արդեն գիտեի Ռեքսին։ Երբ դու ճանաչում ես նրան, սիրահարվում ես։ Նա այնքա՜ն ընկերասեր տղա է...

Կեյսի Դուեյն

Սակայն նրանց համագործակցությունը շատ կարճ տևեց, ու շուտով նրանց ճանապարհները բաժանվեցին, բայց սա դեռ նրանց համատեղ պատմության վերջը չէր։

«Սակրամենտո Քինգսում» երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Կալամյանին զանգահարեց հին ընկերը՝ Սքոթ Բրուքսը, որին «Օքլահոմա Սիթի Թանդերսում» վստահվել էր մի մեծ ներուժ ունեցող կոլեկտիվ, ու նա գիտեր, թե ով է պետք իրեն՝ այս գործը գլուխ բերելու համար: 

Սքոթ Բրուքսը մեծ դեր է ունեցել որպես մարզիչ իմ զարգացման հարցում «Օքլահոմայում» անցկացրած 6 տարվա ընթացքում։ Նա օգնել է ինձ աճել ու ձայն տվել հանդերձարանում, որը նախկինում երբեք չէի ունեցել...

Բրուքսի ու Կալամյանի համատեղ աշխատանքի բերկրանքը երկրպագուները վայելեցին հենց առաջին տարում՝ 2010-ին, երբ իրենց թիմն առաջին անգամ պատմության մեջ մտավ փլեյ-օֆֆ։

Դա շատ էմոցիանալ պահ էր երկրպագուների համար։ Այդ մրցաշրջանը շատ յուրահատուկ էր... 

Կալամյանը նոր թիմում ստանձնեց նաև տաղանդավոր ու հեռանկարային խաղացողների զարգացման գործը։ Նրա ձեռքի տակով անցան ու հղկվեցին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Դեմար Դերոզանը, Ջեյմս Հարդենը, Կևին Դյուրանտն ու Ռասել Ուեսթբրուքը, որոնք հետագայում դառնալու էին NBA-ի գլխավոր աստղերն ու MVP-ները։

«Երբ նոր էի սկսում, պահեստայինների նստարանին 3 մարզիչ կար ու ես, որ նստած էի պահեստային նստարանի հետևում։ Չկար բասկետբոլիստների զարգացման բաժին։ Թիմին օգնում էր մի մարզիչ ու ևս մեկ՝ ֆիզիկական պատրաստվածության մարզիչը։

Որպես մարզչի օգնական՝ դու ավելի շատ ես աշխատում խաղացողների զարգացման վրա, քան գլխավոր մարզիչը։ Նրանք այնքան էլ ներգրավված չեն բասկետբոլիստների ամենօրյա զարգացման գործում։ Բայց որպես մարզչի օգնական՝ ինձ համար միշտ էլ հաճելի ու պարտավորեցնող գործ է եղել ամեն օր կորտում շփվել բասկետբոլիստների հետ»։

Փլեյ-օֆֆ հասնելուց երկու տարի անց «Օքլահոման» իսկական սխրանք գործեց՝ հասնելով NBA-ի եզրափակիչ, որտեղ տիտղոսը, ցավոք, զիջեց «Մայամի Հիթին»։ Այնուամենայնիվ, Կալամյանն իր կատարած աշխատանքի շնորհիվ ձեռք բերեց մեծ համբավ ու ճանաչում։ 

Կալամյանը 3 անգամ իր կարիերայում մասնակցել է NBA-ի «Բոլոր աստղերի» խաղին. 2018-ին նա Կեյսի Դուեյնի հետ ղեկավարում էր թիմ, որտեղ խաղում էին Լեբրոն Ջեյմսը, Կևին Դյուրանտը, Պոլ Ջորջը, Ռասել Ուեսթբրուքն ու Քայրի Իրվինգը։ Այդ խաղում նա թակարդ էր պատրաստել Սթիվեն Քարիի համար: Արդյունքում՝ հաղթանակը հայ մասնագետի ու Դուեյնի ղեկավարած Արևելյան թիմինն էր։

ԱՌԱՋԻՆ ՇԱՆՍԸ ՈՐՊԵՍ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

2011-ին Կեյսի Դուեյնը երկրորդ շանսն ստացավ որպես գլխավոր մարզիչ, այս անգամ՝ «Տորոնտո Ռեպտորսում»։ Որոշ ժամանակ անց նա կտրուկ փոփոխությունների գնաց իր մարզչական շտաբում ու նորից վերամիավորվեց Կալամյանի հետ, որն իսկական հրեշ էր դարձել «Օքլահոմայում»։ Պաշտպանությունում խաղի վերաբերյալ Ռեքսի մոտեցումները, խաղացողների հետ շփվելու ունակությունը նրան դարձրին իդեալական ու անվիճելի թեկնածու։ Կալամյանի ժամանումից հետո «Տորոնտոյի» պաշտպանությունը տարեցտարի բարելավվում էր, ու թիմը դուրս էր գալիս նոր մակարդակ։

Սակայն 2018-ին Դուեյնին հեռացրին «Տորոնտոյից», նրա հետ հեռացավ նաև Կալամյանը, որն առաջարկների պակաս չուներ։ Նրան նույնիսկ դիտարկել են «Տորոնտոյում» ու «Հյուսթոնում» որպես գլխավոր մարզչի աթոռի հավակնորդ։ 

Սակայն անցած ամառ Դուեյնին նշանակեցին «Դետրոյթ Պիստոնսի» գլխավոր մարզիչ։ Լիգայում ամենաերիտասարդ խաղացողներն ունեցող ակումբին անհրաժեշտ էր հուսալի խաղ պաշտպանությունում, քանի դեռ չեն աճել երիտասարդները։ Եվ Դուեյնն ու Կալամյանն սկսեցին համատեղ 3-րդ նախագիծը։

Ի վերջո՝ շուրջ 3 տասնամյակ ստվերում աշխատելուց, միշտ ետին պլանում գտնվելուց հետո, խաղային լուսավոր գաղափարների ու հանճարեղ տակտիկայի հետևում կանգնած մարդը շանս ստացավ աշխատելու որպես գլխավոր մարզիչ։ Պատճառը Կեյսի Դուեյնի բացակայությունն էր՝ անձնական խնդիրներից ելնելով։ Հայ մասնագետն արդարացրեց սպասելիքները. նրա գլխավորությամբ թիմն անակնկալ հաղթանակ տարավ «Յուտա Ջազի» նկատմամբ։ Եվ ահա թե ինչպես նշեցին բասկետբոլիստներն այս հաջողությունը Կալամյանի հետ։

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

«Ամեն օր ես փորձում եմ թիմում լավ մթնոլորտ ձևավորել։ Կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Վայրիվերումները շատ են մրցաշրջանի ընթացքում։ Երբեմն շատ ես տխրում պարտություններից հետո, երբեմն շատ ես ոգևորվում հաղթանակներից հետո։ Բիլ Ֆիտչը տարիներ առաջ ինձ ասել է, որ ամենակարևորն այս լիգայում կայունությունն է»։,- տարիներ առաջ անկեղծացել էր Կալամյանը NBA-ի պաշտոնական կայքի հետ զրույցում։ 

Հայ մարզիչը միանշանակ մեր հավաքականի հանդերձարանում ապահովելու է այն մթնոլորտը, որն այնքան անհրաժեշտ է մեր տղաներին՝ այս ամռանը կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթանակի համար։ Կալամյանի հետ աշխատելու շանսը միանշանակ չեն ցանկանա բաց թողնել արտերկրում հանդես եկող բազմաթիվ բարձրակարգ հայ բասկետբոլիստներ։

Կալամյանի մոտեցումներին, փորձին, կապերին, եթե գումարենք նաև պաշտպանությունում խաղի վերաբերյալ նրա գիտելիքները, ապա կարող ենք հույս ունենալ, որ մեր ընտրանին խնդիրներ չի ունենա նաև այս գոտում, որը մեծ առավելություն է մեզ նման հավաքականի համար։

«Հայաստանը փոքր երկիր է, որն ընդհանրապես աջակցություն չունի ամբողջ աշխարհում որևէ պետությունից այս պատերազմի ժամանակ։ Նրանց ստիպեցին նորից զիջել տարածքներ, շատ տղաներ իրենց կյանքը տվեցին։ Չենք ցանկանում, որ մեր հայ ժողովուրդը ևս մեկ ցեղասպանություն վերապրի իր հարևանի ձեռքերով մինչ աշխարհը նստած հետևում է դրան։

Հայաստանի համար տխրելու ժամանակը չէ, քանի որ երկիրն ու ժողովուրդը կհամախմբվեն ու կհաղթահարեն ամեն ինչ, ինչպես անցյալում»։

Կալամյանն այն մարդկանցից չէ, որ հայկական եռագույնով վազել է բասկետբոլային կորտով, սակայն նա մշտապես աջակցել է հայրենակիցներին, բարձրաձայնել Հայոց ցեղասպանության, հայերի դեմ վայրագությունների ու արցախյան պատերազմում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։ Հիմա էլ բասկետբոլում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը համաձայնել է առաջնորդել մեր հավաքականը։  

Եվ թվում է, թե սա մեծ պատմության առաջին գլուխն է...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա