Logo

Ռոբինյոն խմբակային բռնաբարության մասնակցելու համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:54 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Ռոբինյո

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն 9 տարվա բանտարկության է դատապարտվել 2013 թվականին Միլանի գիշերային ակումբում սեքսուալ բնույթի բռնի գործողություններին մասնակցելու համար։

Այն ժամանակ իտալական «Միլանում» հանդես եկող ֆուտբոլիստը եղել է Sio Cafe գիշերային ակումբում 23-ամյա ալբանացի կնոջը բռնաբարած անձանց խմբում։ Նա, երկու անգամ անհաջող բողոքարկելով դատարանի որոշումը, դատապարտվել է դեռ 2017-ին։ Նախկին ֆուտբոլիստն այլևս չունի բողոքարկման իրավունք, ինչը նշանակում է, որ Հռոմի դատարանի որոշումն արդեն վերջնական է։ Սակայն դեռ պարզ չէ՝ Ռոբինյոն պատիժը կրելու է Բրազիլիայու՞մ, թե՞ Իտալիայում։

Նույն իրավիճակում է նրա ընկեր Ռիկարդո Ֆալկոն, թեպետ խմբի ևս 4 անդամներ Իտալիայից հեռացել են մինչև պատասխանատվության ենթարկվելն ու դատապարտվելը։ Հանցագործությունը կատարելուց 7 և առաջին դատավճռի հրապարակումից 3 տարի անց՝ 2020 թվականին, 37-ամյա Ռոբինյոն շարունակում էր ֆուտբոլ խաղալ պրոֆեսիոնալ մակարդակով։

Նրա դատապաշտպանները փորձել են վարկաբեկել զոհին։ Ռոբինյոն պնդում էր, որ սեքսուալ հարաբերությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ։ Նրա պաշտպաններն էլ տարբեր հարթակներում վարկաբեկում էին կնոջը՝ պնդելով, որ նա ոգելից խմիչքի սիրահար է։ 

2020 թվականին Միլանի վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել դրանից երեք տարի առաջ կայացված դատավճիռը և հայտարարել, որ «զոհը ստորացվել է ֆուտբոլիստի և նրա ընկերների կողմից՝ օգտագործվելով սեռական ցանկությունների բավարարման համար»։

Այժմ Հռոմի դատարանը դարձյալ հաստատել է նախնական դատավճիռը, և Ռոբինյոն պետք է վնասի փոխհատուցման կարգով 60 հազար եվրո վճարի զոհին։ Դա նույնպես սահմանված է եղել 2017 թվականի դատավճռով։

Նախկին ֆուտբոլիստի փաստաբանները, ինչպես հաղորդում է UOL-ը, վստահ չեն, որ Ռոբինյոն պատիժը կկրի Բրազիլիայում։ Ենթադրվում է, որ Իտալիան բրազիլական կողմից կպահանջի ազատազրկել մարզիկին, քանի որ Բրազիլիայի օրենքների համաձայն՝ երկրի քաղաքացիները չեն կարող արտահանձնվել այլ երկրների։ Մյուս կողմից՝ Բրազիլիան ինքը կարող է չընդունել նրան և նախընտրել, որ Ռոբինյոն պատիժը կրի Իտալիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա