Logo

«Մխիթարյանը ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում». VNews-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանի բացառիկ հարցազրույցը Մոուրինյոյի հետ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
18:11 / 04.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Murinio-Mkhitaryan

VNews-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանը բացառիկ հարցազրույց է անցկացրել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Պորտուգալացի մասնագետը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ թիմում ունեցած դերի, պայմանագրի, ակումբի խաղի ու մրցաշրջանի մնացած հատվածի մասին:

- Պարոն Մոուրինյո, 2022-ին «Ռոման» գրեթե չի պարտվում և զգալիորեն բարելավել է խաղը. ի՞նչն եք փոխել այս ընթացքում, ո՞րն է հաջողության գրավականը։ 

- Կարծում եմ՝ մրցաշրջանի ընթացքում մենք մեծ էվոլյուցիա ենք ապրել։ Ֆուտբոլում ինչ-որ բանի հասնելու համար անհրաժեշտ են ժամանակ, կայունություն ու համբերություն։ Նորմալ է, որ 8 ամիս հետո թիմն սկսել է կայունացնել ելույթները, շատ ֆուտբոլիստներ գտել են իրենց խաղը, հարմար դիրքը, ինչի հաշվին էլ մենք հիմա կայուն միավորներ ենք հավաքում։ Սկսել ենք ավելի քիչ գնդակ բաց թողնել։ Բացի դրանից, մենք չենք խփում մեծ թվով գոլեր. խփում ենք այնքան, որքան մեզ պետք է հաղթանակի համար։ Ուրախ ենք, որ մրցաշրջանի այս պատասխանատու պահին դրական ալիքի վրա ենք։ 

- Դուք մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ փոխել եք Հենրիխ Մխիթարյանի դիրքը. ո՞րն է նման հաճախակի փոփոխությունների պատճառը և ըստ Ձեզ՝ ո՞րն է նրա ամենաօպտիմալ դիրքը։ 

- Ես գնացել եմ այդ քայլին, քանի որ Մխիթարյանը ֆանտաստիկ ունիվերսալ է. նա կարող է փակել ցանկացած դիրք։ Մենք նրան օգտագործել ենք հարձակման բոլոր դիրքերում, նա փակել է աջ և ձախ եզրային հարձակվողների դիրքը, անհրաժեշտության դեպքում պատասխանատու է եղել ամբողջ եզրի համար։ Բայց եկավ մի պահ, երբ կիսապաշտպանությունում չունեինք գրոհ սկսող որակյալ ֆուտբոլիստ։ Ես որոշեցի նրան տրամադրել դաշտի ամբողջ միջին գիծը, ինչից հետո նա ծաղկեց։ Նա ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում։ 

- Այս մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է. Դուք՝ որպես գլխավոր մարզիչ, ի՞նչ եք կարծում՝ Մխիթարյանը պետք է մնա՞, նա տեղ ունի՞ Ձեր հետագա ծրագրերում: 

- Միանշանակ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Կասկածից վեր է, որ նա պետք է թիմին։ Ես ցանկանում եմ, որ նա մնա։ Ես զգում եմ, որ նա նույնպես «Ռոմայում» մնալու ցանկություն ունի։ Տեղյակ եմ, որ Մխիթարյանին ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել ակումբի ղեկավարներն ու սպորտային տնօրեն Պինտուն։ Բոլորս լավ ենք ճանաչում Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլային. նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն։ Ես գիտեմ, որ Միիթարյանը «Ռոմայում» երջանիկ է։ Դա հույս է տալիս, որ մոտ ապագայում այս հարցը կկարգավորվի, ու Միկին մեզ հետ նոր պայմանագիր կկնքի։ 

- «Ռոման» շարունակում է պայքարը երկու ճակատով. ցանկանում է տեղ գտնել լավագույն քառյակում, ինչպես նաև հաղթել Կոնֆերենցիաների լիգայում։ Ո՞ր մրցաշարն է այս պահին առաջնահերթ ու կարևոր «Ռոմայի» համար։ 

- Տեսեք՝ Կոնֆերենցիաների լիգայում մասնակցում են թիմեր, որոնք եկել, հասել են Չեմպիոնների լիգայից ու Եվրոպա լիգայից։ Մասնակից թիմերը շատ ուժեղ են, բարձր մակարդակի են։ Հետևաբար նման կարգի մրցակիցներին հաղթելն իհարկե բարդ է։ Բայց մենք ուժեղ ենք ու կարող ենք հասնել հաջողության։ Այն, որ մենք հասել ենք քառորդ եզրափակիչ, ապացույցն է, որ լուրջ ենք տրամադրվել այս մրցաշարին։ Ինչ վերաբերում է լավագույն քառյակում տեղ գտնելուն, ասեմ, որ երբ պայմանագիր էի կնքում, իմ առջև չի դրվել նման գերխնդիր։ Պետք է լինենք իրատես. մրցաշարին մասնակցում են «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Նապոլին», որոնք պայքարում են չեմպիոնության համար։ Նման պարագայում բարդ է շրջանցել նրանց։ Բայց եթե մենք կարողանանք գրավել, օրինակ, 5-րդ կամ 6-րդ տեղն ու հաջորդ տարի խաղալ Եվրոպա լիգայում, դա կարելի է ընկալել որպես քայլ առաջ։ Դա էլ իր հերթին թույլ կտա բարձրացնել հավակնություններն արդեն հաջորդ մրցաշրջանի համար։

«Հերթը երիտասարդներինն է, որ հավաքականը տանեն այդ երազանքի հետևից»․ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը VNews-ին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա