Logo

Ռոնալդու. «Կարծում եմ՝ լավ բան կառուցելու համար երբեմն պետք է ինչ-որ բան քանդել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:22 / 13.01.2022ՍՊՈՐՏ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդի» զբաղեցրած դիրքի՝ 7-րդ տեղի մասին։

Հարցին, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կարո՞ղ է տեղ գտնել լավագույն քառյակում՝ առանց թիմային մտածելակերպը փոխելու, Ռոնալդուն պատասխանել է. «Անհնար է։ Կարծում եմ, որ սա է գլխավորը: Մեր մտածելակերպը պետք է համապատասխանի առնվազն լավագույն եռյակի մտածելակերպին, ես այլ բանի հետ համաձայն չեմ։

Կարծում եմ՝ լավ բան կառուցելու համար երբեմն պետք է ինչ-որ բան քանդել։ Ուրեմն` ինչու՞ ոչ. նոր տարի, նոր կյանք... Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա հասնել երկրպագուների ուզած մակարդակին: Նրանք արժանի են դրան։

Այժմ մենք կարող ենք փոխվել: Ես գիտեմ, թե ինչպես դա պետք է տեղի ունենա, բայց եթե ես դա ասեմ, դա իմ կողմից էթիկայից դուրս քայլ կլինի: Կարող եմ միայն ասել, որ մենք բոլորս կարող ենք ավելի լավ հանդես գալ։ Մենք պետք է փոխենք ներկայիս իրավիճակը:

Ես չեմ ցանկանում զբաղեցնել վեցերորդ, յոթերորդ կամ հինգերորդ հորիզոնականը: Ես այստեղ եմ, որպեսզի փորձեմ հաղթել, մրցել։ Կարծում եմ՝ մրցակցություն ենք ստեղծում, բայց մեր լավագույն մակարդակին դեռ չենք հասել։

Մենք դեռ շատ բան ունենք ավելացնելու, և կարծում եմ, որ եթե փոխենք մեր մտածելակերպը, կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- Sky Sports-ը մեջբերում է պորտուգալացի հարձակվողի խոսքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա