Logo

Ռոնալդուն ամենատաղանդավոր երիտասարդների ցանկում առաջատարը չէր. ովքեր էին նրանք և ինչի հասան

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
20:01 / 08.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

2004 թվականին Transfermarkt-ը հրապարակեց իր վարկածով աշխարհի 25 ամենաթանկարժեք երիտասարդների անվանացանկը: Այն ժամանակ Լիոնել Մեսսին նույնիսկ նորամուտը չէր նշել մեծ ֆուտբոլում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն առաջին մրցաշրջանն էր անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում»: Հիմա ակնհայտ է, որ ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը պետք է գլխավորեր պորտուգալացին, սակայն այն ժամանակ Transfermarkt-ն այլ կարծիքի էր: 

Վերջերս նրանք նորից հրապարակեցին այդ անվանացանկը և կեսկատակ արձագանքեցին այն հանգամանքին, որ Ռոնալդուին նշել էին ընդամենը 6-րդ տեղում: VNews.am-ը ոչ միայն ներկայացնում է այդ ցանկը, այլ նաև նշում, թե այդ ֆուտբոլիստները հիմա որտեղ են և ինչի են հասել իրենց կարիերայում: 

25. Ջեյմս Միլներ – 18 տարեկան 

Անգլիացին այդ ժամանակ խաղում էր «Նյուքասլում», որը տրանսֆերի համար 7,5 մլն եվրո էր վճարել «Լիդսին» (մինչև այժմ թիմի պատմության ամենաթանկարժեք վաճառքներից-խմբ.): 2004-ի դրությամբ Անգլիայի հավաքականը հզոր կիսապաշտպաններ ուներ՝ ի դեմս Ջերարդի և Լեմպարդի: Թվում էր՝ Միլներն էլ նրանց խառնուրդն է: 

Հետագայում Ջեյմսը խաղաց «Ասթոն Վիլայում», «Մանչեսթեր Սիթիում» և արդեն 7 տարի է՝ «Լիվերպուլում» է: Մինչև «մերսիսայդյան» ակումբ տեղափոխվելը, թվում էր, նա այդպես էլ մինչև վերջ չցուցադրեց իր տաղանդը, սակայն Յուրգեն Կլոպը մատնանշեց Միլների խաղի մյուս կողմերը՝ խաղային կարգապահություն, մինչև վերջ պայքարելու կամք և թիմակիցներին ոգևորելու ունակություն:

24. Ռիկարդու Կուարեժմա – 21 տարեկան

2000-ականների սկզբին Կուարեժման Ռոնալդուի հետ համարվում էր Պորտուգալիայի գլխավոր տաղանդներից: «Սպորտինգի» սանը 21 տարեկանում արդեն հասցրել էր տեղափոխվել «Բարսելոնա» և վերադառնալ Պորտուգալիա: «Պորտուի» կազմում 4 հիանալի տարի անցկացնելուց հետո խաղաց նաև «Ինտերում» ու «Չելսիում», բայց կրկին ձախողվեց Պորտուգալիայի սահմաններից դուրս: 

Կուարեժմայի միակ արտասահմանյան հաջողությունը «Բեշիքտաշում» էր, որտեղ խելագարվում էին նրա «ռաբոնաների», ոտնաթաթի դրսի մասով փոխանցումների և աներևակայելի գոլերի համար: 

Ռիկարդուի կարիերայի մեծագույն նվաճումը Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոնի կոչումն էր: Երզափակիչում նա փոխարինեց վնասվածք ստացած Ռոնալդուին և իր թիմին օգնեց նվաճել գավաթը: Այդուհանդերձ, հաշվի առնելով, թե ինչպիսի տաղանդ ուներ Կուարեժման՝ կարելի է վստահ ասել, որ նա նույնիսկ կիսով չափ չարդարացրեց սպասելիքները: 

23. Ռուբեն Օլիվեյրա – 21 տարեկան

Հիմա շատերն արդեն մոռացել են այս ֆուտբոլիստին, սակայն նա ընդամենը մեկ տարի առաջ է ավարտել կարիերան: «Պարոն վարձակալություն» կամ «ազատ գործակալ». ահա այսպիսի որակում կարելի է տալ ուրուգվայցուն, որովհետև 20 տարվա կարիերայի ընթացքում 16 թիմ է փոխել: 

Անվանացանկը կազմելու ժամանակ նա Ուրուգվայից էր տեղափոխվել «Յուվենտուս»: Կենտրոնական կիսապաշտպանը գրեթե ոչ մի տեղ հաջողության չհասավ, այդ թվում՝ «Ատլետիկոյում», «Ֆիորենտինայում», «Սամպդորիայում» և «Ջենոայում»: 2021-ին 39-ամյա Օլիվեյրան կարիերան ավարտեց իտալական «Ապրիլիա» ակումբում: 

22. Ջերմեին Ջենաս – 21 տարեկան

Ստացվում է՝ 2004 թվականի դրությամբ «Նյուքասլը» երկու տաղանդավոր կիսապաշտպան ուներ: Ընդ որում, ի տարբերություն Միլների, Ջենասն արդեն մեկ խոշոր նվաճման էր հասել՝ ճանաչվելով 2002-03 մրցաշրջանի Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 

Անգլիացու ծառայություններով հետաքրքրված էին երկրի գրեթե բոլոր հեղինակավոր ակումբները, սակայն 2005 թվականին պայքարում հաղթեց «Տոտենհեմը»՝ վճարելով 15 մլն եվրո: 
Լոնդոնում մեկնարկային 1,5 մրցաշրջանը հիանալի էր, սակայն այնուհետև Ջենասը ծնկի վնասվածք ստացավ, որը հետագայում դարձավ քրոնիկ: Կրկնվող վնասվածքների պատճառով կիսապաշտպանը դուրս մնաց մեկնարկային կազմից: Չօգնեցին նաև վարձակալություններն «Ասթոն Վիլա» և հարազատ «Նոթինգեմ Ֆորեսթ»: Արդյունքում՝ Ջենասը կարիերան 32 տարեկանում ավարտեց ՔՊՌ-ում՝ այդպես էլ չվերականգնվելով ծնկի ծանր վնասվածքներից: 

21. Նիլմար – 21 տարեկան

Բրազիլացի հարձակվողը 2004 թվականին «Ինտերնասիոնալից» տեղափոխվեց «Լիոն» և համարվում էր իր երկրի գլխավոր տաղանդներից: 2003 թվականին Բրազիլիան դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ Նիլմարն այդ թիմից էր: Բայց նա չհարմարվեց Եվրոպային, և «Օլիմպիկն» ստիպված էր մեկ տարի անց երիտասարդ ֆուտբոլիստին վարձակալությամբ ուղարկել Բրազիլիա, ինչից հետո վաճառել «Կորինտիանսին»: 

Նիլմարի հաջորդ փորձը եվրոպական ֆուտբոլում 2009 թվականին էր, երբ «Վիլյառեալը» 16 մլն եվրո վճարեց «Ինտերնասիոնալին», որի կազմը հարձակվողը համալրել էր դրանից 2 տարի առաջ: Իսպանիայում բրազիլացու խաղն ավելի լավն էր. նա 115 խաղում մասնակցեց 50 գոլի, սակայն ևս մեկ առաջ քայլ կատարելու փոխարեն ընտրեց մեծ գումարներ վաստակելու տարբերակը և գնաց արաբական երկրներ: 2017 թվականին բրազիլացին կարիերան ավարտեց 33 տարեկանում: 

20. Կառլոս Ալբերտո – 19 տարեկան

Բրազիլացու եվրոպական կարիերան ֆենոմենալ սկսվեց. նա «Պորտու» տեղափոխվեց 2004 թվականի հունվարին և դարձավ Չեմպիոնների լիգայում «վիշապների» հեքիաթային նվաճման մասնակիցը: Ավելին՝ հարձակվողը դարձավ այդ տիտղոսի գլխավոր կերտողներից: Հենց սկզբից Ալբերտոն դարձավ պորտուգալական թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, իսկ եզրափակիչում Ժոզե Մուորինյոն նրան կրկին խաղադաշտ դուրս բերեց մեկնարկից՝ չնայած նրան, որ մինչև այդ Կառլոսը գոլ չէր խփել: Փոխարենը նա դա արեց «Մոնակոյի» դեմ խաղում, այն էլ՝ հաղթական գոլի տեսքով: 

Այդուհանդերձ շուտով Ալբերտոն որոշեց վերադառնալ Բրազիլիա: 2007-ին նա վերադարձավ Եվրոպա՝ տեղափոխվելով «Վերդեր», սակայն Գերմանիայում նույնպես չհաստատվեց և 3 անգամ վարձակալությամբ մեկնեց Բրազիլիա, իսկ հետո վերջնականապես հաստատվեց իր հայրենիքում, որտեղ էլ կարիերան ավարտեց 2019 թվականին: 

19. Գլեն Ջոնսոն – 20 տարեկան

Ռոման Աբրամովիչի՝ «Չելսին» գնելուց հետո Ջոնսոնը դարձավ ակումբի առաջին ձեռքբերումներից: Երկու տարի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ լինելուց ու Անգլիայի չեմպիոն դառնալուց հետո աջ պաշտպանը հետագայում պարտվեց մրցակցությունը և տեղափոխվեց «Պորտսմութ»: Այնտեղ նա շատ արագ ապացուցեց իր բարձր կարգը, նույնիսկ դարձավ Անգլիայի գավաթակիր և առաջարկ ստացավ «Լիվերպուլից»: «Կարմիրների» կազմում Գլենը 200 հանդիպման մասնակցեց: 

31 տարեկանում Ջոնսոնը տեղափոխվեց «Սթոք Սիթի», իսկ 4 տարի անց մնալով առանց թիմի՝ ավարտեց կարիերան: Չնայած նրան, որ Գլենը լիարժեք չբացահայտեց իր տաղանդը՝ այնուամենայնիվ նա կարիերայի ընթացքում հասցրեց մի քանի տպավորիչ նվաճումներ գրանցել, այդ թվում՝ ճանաչվեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ և Անգլիայի հավաքականում մեկ խաղում 4 գոլային փոխանցում կատարեց: 

18. Դմիտրի Սիչյով – 20 տարեկան

Կարիերայի սկզբում Սիչյովը համարվում էր Ռուսաստանում իր սերնդի գլխավոր տաղանդը, սակայն այդպես էլ չկարողացավ այն լիարժեք բացահայտել: Մինչև 20 տարեկանը նա արդեն լուրջ հաջողությունների էր հասել «Սպարտակում», բայց նաև լուրջ սկանդալներում էր հայտնվել, ուստի որոշեց միջավայրը փոխելու համար հեռանալ երկրից: Հարձակվողը տեղափոխվեց «Մարսել», սակայն չհարմարվեց նոր թիմին և մեկ տարի անց վերադարձավ Ռուսաստան: Նա կրկին սկսեց խաղալ Մոսկվայում, սակայն արդեն «Լոկոմոտիվում», որտեղ անցկացրեց 9 տարի, նվաճեց մի քանի տիտղոս և նույնիսկ մեկ անգամ ճանաչվեց Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ: 

Կարիերայի վերջում Սիչյովը 3 անգամ խաղակոշիկները կախեց մեխից, որոնցից մեկից հետո որոշել էր կարիերան վերսկսել «Փյունիկում»: Մի քանի ամիս մարզվելուց հետո նա այդպես էլ չխաղաց երևանցիների կազմում, դրա փոխարեն շարունակեց բլոգերային գործունեություն և կենտրոնացավ սերֆինգով զբաղվելու վրա: 

17. Ֆերնանդո Կավենագի – 21 տարեկան

Տպավորիչ անուն-ազգանունով հարձակվողի կարիերայի սկզբում տպավորություն կար, թե Արգենտինան նոր Կրեսպո ունի, որը, կարճ ժամանակում խաղալով Արգենտինայում, Ռուսաստանում և Ֆրանսիայում, հասցրել էր ամենուր արդյունավետ լինել: 

Խնդիրներն սկսվեցին, երբ Կավենագին չկարողացավ զարգացման հաջորդ քայլն անել, և 26-27 տարեկանում նրա կարիերայի գագաթնակետի փոխարեն սկսվեց նահանջը: Մինչև 33 տարեկանը Ֆերնանդոն ևս մի քանի թիմ փոխեց, ապա կարիերան ավարտեց Կիպրոսում: 

16. Օբաֆեմի Մարտինս – 19 տարեկան

Նիգերիացին այն ֆուտբոլիստներից է, որ ճանաչում ստացավ երիտասարդ տարիքում, բայց հետո՝ այլևս երբեք, նման մակարդակով չխաղաց: Հրթիռային արագությամբ հարձակվողն «Ինտերում» հայտնվեց 17 տարեկանում, իսկ երկու տարի անց արդեն հիմնական կազմի ֆուտբոլիստ էր: Մարտինսը նույնիսկ գոլ խփեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, բայց 2006-ին «Ինտերում» որոշեցին նրան ապագայի մաս չդարձնել:

Արդյունքում՝ հարձակվողը տեղափոխվեց «Նյուքասլ», որտեղ միջին արդյունավետություն ցուցաբերեց, իսկ հետո սկսվեց թիմեր փոխելու շքերթը, որն ավարտվեց 2020 թվականի վերջում, երբ Մարտինսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Դրանից առաջ՝ ավելի քան 4 տարի, նա անցկացրեց Չինաստանում: 

15. Դիեգո – 19 տարեկան

Բրազիլացի կիսապաշտպանն այս ցանկը կազմվելու ժամանակ «Սանթոսից» արդեն տեղափոխվել էր «Պորտու»: Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի կազմում նա պետք է փոխարիներ Դեկուին, սակայն փայլեց միայն դրվագներով: «Պորտուն» ստիպված էր ավելի քիչ գնով (6 մլն եվրո), քան վճարել էր ձեռք բերելիս (7 մլն), Դիեգոյի տրանսֆերային իրավունքը վաճառել «Վերդերին»:

Գերմանիայում Դիեգոն ֆենոմենալ երեք տարի անցկացրեց՝ խփելով 54 գոլ և կատարելով 42 ասիստ: 2009 թվականին «Յուվենտուսն» այն ժամանակ իր պատմության չորրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրեց՝ բրազիլացու համար վճարելով 27 մլն եվրո, բայց Թուրինում կիսապաշտպանը չհարմարվեց: Նա վատ վիճակագրություն չուներ (7+18), բայց մեկ տարի անց իտալացիները որոշեցին նրանից բաժանվել: Ճիշտ է՝ Գերմանիա վերադարձը («Վոլֆսբուրգ») որոշակի շունչ տվեց Դիեգոյի կարիերային, բայց նա այլևս չվերադարձավ Բրեմենում ցուցադրած խաղամակարդակին: Արդեն 6 տարի է՝ 37-ամյա բրազիլացին խաղում է «Ֆլամենգոյում», որի հետ մեկը մյուսի հետևից խոշոր տիտղոսներ է նվաճում: 

14. Վենսան Կոմպանի – 18 տարեկան

Անսպասելի ճիշտ գուշակություն. նկատել Կոմպանիի որակները, երբ նա 18 տարեկան էր ու դեռ խաղում էր «Անդերլեխտում», հեշտ գործ չէ: Կենտրոնական պաշտպանի որակներն այդ ժամանակ դժվար է նկատել և համարժեք գնահատական տալ: Այդուհանդերձ, բելգիացու դեպքում բոլոր կանխատեսումներն արդարացան, նույնիսկ՝ ավելին:

Բայց այս խոսքերն առաջին հերթին վերաբերում են բելգիական ֆուտբոլի ղեկավարներին, որոնք 2004 թվականին Կոմպանիին ճանաչեցին երկրի լավագույն ֆուտբոլիստ: Մնացածն արդեն ժամանակի հարց էր: 2006-ին Վենսանի տրանսֆերային իրավունքը 10 մլն եվրոյով գնեց «Համբուրգը», բայց պաշտպանը Գերմանիայում երկար չմնաց և 2 տարի անց 8 մլն-ով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որը նոր-նոր էին գնել արաբ շեյխերը: Մնացածը բոլորը գիտեն. «Սիթիում» Կոմպանին դարձավ լեգենդ և ավագ: Նա 12 տիտղոս նվաճեց, 359 խաղի մասնակցեց, 27 վնասվածք ստացավ և 34 տարեկանում վերադարձավ «Անդերլեխտ», որտեղ էլ ավարտեց կարիերան և անցավ մարզչական աշխատանքի:

13. Ուեսլի Սնեյդեր – 20 տարեկան

Երկար տարիներ «Այաքսի» սանը համարվում էր նիդեռլանդական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղը: 2004-ի դրությամբ շատերը վստահ էին, որ նա դառնալու է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից, սակայն «Այաքսը» չէր շտապում բաժանվել իր առաջատարից: Միայն 2007 թվականին ամստերդամցիներն ընդունեցին Մադրիդի «Ռեալի»՝ 27 մլն եվրոյի առաջարկը: Իսպանիայում անցկացրած 2 տարին ամենևին չօգնեց Սնեյդերին: Դրանից բացի, «Արքայական ակումբ» վերադարձավ Ֆլորենտինո Պերեսը, որը որոշեց հրաժեշտ տալ նիդեռլանդական դեսանտին, որի թվում էր նաև Ուեսլին: 

Կիսապաշտպանը տեղափոխվեց «Ինտեր» և անմիջապես անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը: «Ինտերը» նվաճեց մրցաշրջանի բոլոր հնարավոր տիտղոսները, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան: Ժոզե Մոուրինյոյի թիմի՝ 4-4-2 դասավորությամբ խաղում ուղղակի փայլատակում էր նիդեռլանդցի ֆուտբոլիստը, որ գործում էր ենթահարձակվողի դիրքում: «Բավարիայի» հետ եզրափակիչում Ուեսլին հաղթական գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող: 

Թվում էր, թե Սնեյդերը վերջապես գտել է իր թիմը, բայց 28 տարեկանում նա կայացրեց ֆուտբոլի պատմության անսպասելի տրանսֆերային որոշումներից մեկը և «Ինտերից» տեղափոխվեց «Գալաթասարայ»: Թուրքիայում նա որոշ հաջողություններ ունեցավ, բայց հետզհետե դուրս մնաց եվրոպական ֆուտբոլի տեսադաշտից և 2019 թվականին կարիերան ավարտեց Կատարում: 

12. Էմանուել Ադեբայոր – 20 տարեկան

Այս անվանացանկը կազմվելու ժամանակ Ադեբայորն արդեն հասցրել էր Տոգոյից տեղափոխվել «Մեցի» երկրորդ թիմ, դառնալ գլխավոր թիմի ռմբարկուներից մեկը և համալրել «Մոնակոյի» շարքը: «Մոնակոյում» նա պետք է փոխարիներ Ֆերնանդո Մորիենտեսին, որը Մադրիդի «Ռեալից» վարձակալվել էր: Աֆրիկացի հարձակվողից երկար ժամանակ չպահանջվեց իր բարձր կարգը ցուցադրելու համար, ինչից հետո նա արժանացավ «Արսենալի» հրավերին: Արսեն Վենգերն անցել էր Ֆրանսիայի առաջնությունից տաղանդներ պեղելու քաղաքականությանը, և Ադեբայորը դարձավ նրա սկաուտական փայլուն հոտառության հերթական առհավատչյան: 

Անգլիայում Էմանուելն անմիջապես դարձավ «աշխարհի ամենազվարթ ֆուտբոլը ցուցադրող» թիմի հարձակման առաջատարը: 2006-2009 թվականներին «Արսենալը» տիտղոսներ չէր նվաճում, բայց թիմի խաղերը միշտ անցնում էին շատ գրավիչ պայքարում: Նրանց խաղը դիտելը միանշանակ հիասթափություն չէր առաջացնի: 

Բայց Ադեբայորին դա բավական չէր. նա գումար վաստակելու և տիտղոսներ նվաճելու համար որոշեց փոխել թիմը, բայց ոչ թե «Բարսելոնայի» կամ «Ռեալի», այլ նորահարուստ «Մանչեսթեր Սիթիի» համար: Արդյունքում՝ նա դարձավ «զինագործների» երկրպագուների ամենաատելի ֆուտբոլիստը: Այդպես էլ «քաղաքաբնակների» հետ նա տիտղոս չնվաճեց: Այդուհանդերձ, նա, միևնույն է, հայտնվեց «Ռեալում», բայց կարճ ժամանակով, ինչից հետո տեղափոխվեց «Տոտենհեմ»՝ թարմացնելով «Արսենալի» երկրպագուների ատելությունը: 

Ադեբայորի կարիերայի վերջին տարիներին դժվար է միանշանակ գնահատական տալ. նա խաղաց Թուրքիայում և նույնիսկ Պարագվայի առաջնությունում, իսկ հիմա ելույթները շարունակում  է հարազատ Տոգոյում: Ի դեպ, հայրենիքում նրան մրցանակներ տալու ժլատություն չեն արել և միանգամից 5 անգամ ճանաչել են երկրի լավագույն ֆուտբոլիստ: 

11. Ռաֆայել վան դեր Վարտ – 21 տարեկան

Եվս մեկ տաղանդ, որն աչքի ընկավ տարօրինակ ընտրությամբ. 2000-ականների սկզբում Վան դեր Վարտն «Այաքսի» մեծագույն տաղանդներից էր: Նույնիսկ Զլատան Իբրահիմովիչը խոստովանում էր, որ այն ժամանակ «Այաքսում» միակ մարդը, որն իր տաղանդով մոտ էր նրան, Ռաֆայելն էր: Շատերը հավանաբար հիշում են կիսապաշտպանի ապշեցուցիչ գոլը «կարիճ» հարվածով, այն էլ՝ «Ֆեյենորդի» դեմ սկզբունքային խաղում: 

Դրանից հետո կրկնակի զարմանալի էր, որ Ռաֆայելը ոչ թե Զլատանի պես գնաց եվրոպական գրանդներին ազգային չեմպիոն դարձնելու ճանապարհով, այլ տեղափոխվեց «Համբուրգ»: Երեք տարի Գերմանիայում անցկացնելուց հետո նա վերջապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», որտեղ միացավ Սնեյդերին և մյուս նիդեռլանդցիներին: Նրա համար դժբախտաբար, այդ պահից Իսպանիայում սկսվեց «Բարսելոնայի» գերիշխանությունը, և «Ռեալի» անհաջողությունների խորապատկերում թիմում որոշեցին բաժանվել Վան դեր Վարտից, ու նա միացավ «Տոտենհեմին», ապա կրկին վերադարձավ «Համբուրգ»: Գերմանական թիմում նա «արքա» էր, երկրպագուների սիրելին, որը գրեթե 200 խաղում 121 գոլային գործողության մասնակցեց:

Նիդեռլանդների հավաքականում էլ Վան դեր Վարտը կարող էր պատմություն կերտել, սակայն 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում դարձավ հակահերոս՝ սկզբում փակելով խաղից դուրս վիճակը Սեսկ Ֆաբրեգասի փոխանցման ժամանակ, այնուհետև ուշանալով Անդրես Ինիեստայի չեմպիոնական հարվածը սահանկումով չեզոքացնելիս: 

Նիդեռլանդցին արդեն ավարտել է կարիերան և մարզիչ դարձել: Ռաֆայելն սկսեց որպես «Էսբերգի» մարզչի օգնական (ֆուտբոլիստի կարիերան հենց այնտեղ էր ավարտել), իսկ այժմ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է: 

Առջևում 2004 թվականին Transfermarkt-ի կազմած ցանկի թոփ-10-ն է, որում միանգամից 5 ֆուտբոլիստ առաջ էր անցել Կրիշտիանու Ռոնալդուից: Այդ ցանկը կներկայացնենք այս հոդվածի երկրորդ մասում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա