Logo

Ռուսաստանցի մարմնամարզիկին պատժել են «Z» տառով մարզաշապիկ կրելու համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:05 / 18.05.2022Մարմնամարզություն
null

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան որոշել է մեկ տարով որակազրկել ռուսաստանցի մարմնամարզիկ Իվան Կուլյակին, որն այս տարվա մարտին՝ Դոհայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողությանը, ներկայացել էր մարզաշապիկին փակցված «Z» տառով, որն Ուկրաինայում Ռուսաստանի իրականացվող հատուկ գործողության խորհրդանիշն է։

Զուգափայտերի վրա վարժությունում 3-րդ տեղը գրաված Կուլյակը, որի հայրը, ի դեպ, ուկրաինացի է, պատվանդանին կանգնել էր մրցումներում հաղթած Ուկրաինայի պատվիրակ Իլյա Կովտունի կողքին։ Մարտի 6-ին միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ դիմելու է Մարմնամարզության էթիկայի հիմնադրամ՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել Կուլյակի նկատմամբ։

Մարզիկը հայտարարել էր, որ չի զղջում արարքի համար և առիթի դեպքում կվարվի նույնկերպ։

Այսօր Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշել է Կուլյակին 1 տարով զրկել մրցումներին մասնակցելու իրավունքից, քանի որ, իրենց կարծիքով, մարզիկը խախտել է միջազգային կառույցի կանոնակարգը, կարգապահական և էթիկայի օրենսգիրքի նորմերն ու տեխնիկական կանոնակարգը։

Կուլյակին պարտավորեցրել են նաև վերադարձնել Դոհայում նվաճած բրոնզե մեդալը, 500 շվեյցարական ֆրանկի պարգևավճարը և փոխհատուցել 2 հազար ֆրանկի դատական ծախսերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա