Logo

Ռոնալդու, MNM եռյակ, Գրիզման. ֆանտաստիկ ուիքենդ՝ ուշագրավ նորամուտներով

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
e7c486a377e8500e899311ac58f0e89d0eff23ff - Ռոնալդու, MNM եռյակ, Գրիզման. ֆանտաստիկ ուիքենդ՝ ուշագրավ նորամուտներով

Միջազգային դադարն ավարտվեց ու այժմ սահուն անցում ենք կատարում ակումբային ֆուտբոլ, որը մրցաշրջանի այս հատվածում խոստանում է լինել առավել քան հետաքրքիր:

Տրանսֆերային պատուհանի փակումից հետո առաջին անգամ ակումբները մտնում են պայքարի մեջ, ինչը նշանակում է, որ թիմերի կազմերը վերջնականապես ձևավորված են: Անմոռանալի շուկայի վերջին օրերին նույնպես եղան հնչեղ տրանսֆերներ. որոշները սպասելի էին, որոշները՝ մեծ անակնկալներ:

Առաջիկա ուիքենդին սպասվում են եվրոպական թոփ առաջնությունների մի շարք հանդիպումներ՝ իրենց հետ բերելով նաև մի շարք հետաքրքիր նորամուտային խաղեր, որոնցից ներկայացնում ենք ամենաուշագրավները:

Ռոնալդուի երազանքների վերանորամուտը՝ «Օլդ Թրաֆորդում»

Տրանսֆերային պատուհանի փակման օրերի ամենաաղմկահարույց տրանսֆերը Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձն էր: Այն, որ Ռոնը հեռանալու է «Յուվենտուսից», պարզ էր դեռ Ա սերիայի առաջին տուրի «Ուդինեզեի» դեմ խաղից, երբ նա խնդրել էր Ալեգրիին չընդգրկել իրեն մեկնարկային կազմում, բայց քննարկվում էր ոչ թե նրա՝ «Յունայթեդ» վերադարձը, այլ՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը, ինչն ավելի քան տարօրինակ կլիներ:

Ի վերջո, Ռոնալդուն օգոստոսի 27-ին տեղափոխվեց ՄՅՈւ, և «Նյուքասլի» դեմ առաջիկա խաղում իր վերանորամուտը կնշի հարազատ ակումբի կազմում, որտեղ խաղացել է 6 տարի, հաղթել ամեն ինչ, անցկացրել 292 խաղ ու խփել 118 գոլ:

 

View this post on Instagram

 

A post shared by Manchester United (@manchesterunited)

«Երբեք չէի մտածում, որ մի օր կվերադառնամ, բայց հիմա շատ հուզված եմ ու հպարտ: Ցանկանում եմ լավագույն ձևով մեկնարկել: Այժմ այլ ժամանակներ են, եկել է նոր սերունդ: Ցանկանում եմ օգնել թիմին ու կրկին հաղթել Մանչեսթերում», – հայտարարեց Կրիշը, որի նորամուտն առավել խորհրդանշական է դարձնում այն, որ խաղը կայանալու է «Օլդ Թրաֆորդում»: Որքան գեղեցիկ կլինի գոլ խփել այնտեղ ու նշել այն երկրպագուների հետ…

Մեր ընտրանին.

Գրիզմանի վերանորամուտը «Ատլետիկոյում»

Տրանսֆերային շուկայի փակման օրվա գլխավոր անակնկալն Անտուան Գրիզմանի՝ «Ատլետիկո» վերադարձն էր: Թվում էր՝ Մեսիի հեռանալով «Բարսելոնան» այլևս ստիպված չէ իր հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկից հրաժարվելուց, Գրիզմանն էլ Մեսիի բացակայությամբ թիմում կունենա ավելի մեծ դեր ու ազատություն: Բայց ոչ:

Գրիզմանը հեռացավ «Բարսայից» ու վերադարձավ «Ատլետիկո»՝ թիմ, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները, թիմ, որտեղից գուցե երբեք չպիտի հեռանար: 30-ամյա ֆուտբոլիստը բավական լավ տրամադրությամբ է մոտենում մադրիդյան թիմի կազմում իր վերանորամուտին. միջազգային դադարի ժամանակ նա 3 գոլ հեղինակեց Ֆրանսիայի հավաքականում: «Ատլետիկոյում» Գրիզմանը կրելու է իր համար անսովոր, բայց խորհրդանշական (Կոբի Բրայանթի պատվին) 8 համարի մարզաշապիկը: Այնտեղ նա կվերամիավորվի նաև Լուիս Սուարեսի հետ, որի կողքին անցկացրել է 1 մրցաշրջան:

Antoine Griezmann prints his name and No. 8 on Atletico Madrid shirt | France | Spanish La Liga - YouTube

Մեծ հավանականությունը, որ Գրիզմանին կտեսնենք մեկնարկային կազմում սեպտեմբերի 12-ին կայանալիք «Էսպանյոլի» դեմ արտագնա հանդիպմանը:

MNM եռյակի նորամուտը ՊՍԺ-ում

Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխությունն ու հատկապես Մբապեի «Ռեալ» Չտեղափոխությունը թույլ տվեց փարիզյան ակումբին ունենալ աշխարհի ամենաուժեղ հարձակման եռյակներից մեկը, եթե ոչ ամենաուժեղը: MNM եռյակը, հավանաբար, «կծնվի» Լիգա 1-ի 5-րդ տուրի «Կլերմոնի» հետ տնային խաղում: Գուցե առաջին հայացքից այս շարքային հանդիպումը դառնա պատմական:

Ֆրանսիայի առաջնության առաջին 4 խաղերի ընթացքում Մեսին, Նեյմարն ու Մբապեն չեն եղել միասին խաղադաշտում: Մեսին մասնակցեց միայն «Ռեյմսի» դեմ վերջին հանդիպմանը՝ մտնելով խաղադաշտ Նեյմարի փոխարեն: Սպասվում է, որ «Կլերմոնի» դեմ հանդիպմանը կտեսնենք այս երեքին խաղադաշտում, թեև բացառված չէ, որ Նեյմարը կամ Մեսին պահեստայինների նստարանին լինեն՝ հաշվի առնելով, որ նրանք նոր են վերադարձել Հարավային Ամերիկայից՝ ԱԱ 2022-ի ընտրական փուլի խաղերից հետո: Բայց ՉԼ-ում «Բրյուգեի» դեմ խաղում նրանց մեկնարկային կազմում լինելը կասկած չի հարուցում:

Messi & Neymar & Mbappe - MNM - New PSG Trio 2021 | HD - YouTube

Ինչ վերաբերում է ՊՍԺ-ի մեկ այլ աստղային նորեկի՝ Սերխիո Ռամոսին, ապա նրա նորամուտը երկար է իրեն սպասեցնել տալիս: Իսպանացին ծնկի խնդիրներ ունի և նրա վերադարձի հստակ ժամկետ դեռ չկա:

Սաուլի նորամուտը Պրեմիեր լիգայում

Սաուլն գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է «Ատլետիկոյում» ու միայն մեկ մրցաշրջան է վարձավճարով անցկացրել այլ թիմում, այն էլ՝ Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոյում»:

Իսպանացի կիսապաշտպանն ամռանը կայացրեց շատ պատասխանատու որոշում՝ հեռանալ հարազատ ակումբից: Տրանսֆերային շուկայի փակման օրը, մասնավորապես՝ ժամը 23:57-ին նա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ ու առաջին անգամ ուժերը կփորձի աշխարհի ամենաբարդ առաջնություններից մեկում: Սաուլի համար լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում հաստատվելն ամենևին հեշտ չի լինելու. նա մրցակցելու է Կանտեի, Կովաչիչի ու Ժորժինյոյի նման ֆուտբոլիստների հետ:

Atletico loanee Saul looking to learn English as he aims to settle at Chelsea quickly - 1XNEWS

Սաուլը նույնպես իր նորամուտը կնշի առաջիկա ուիքենդին՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում խաղալով «Ասթոն Վիլայի» դեմ:

Կամավինգայի նորամուտը «Ռեալում»

Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Ռեալը» մեծ ինտենսիվությամբ աշխատում էր ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի ուղղությամբ: «Արքայական ակումբն» ամեն ինչ արեց իր գլխավոր թիրախին հասնելու համար. սկզբում՝ 160 մլն, հետո՝ 180, վերջում արդեն 200 մլն եվրո մի ֆուտբոլիստի համար, որի հետո կարող է անվճար նախնական պայմանագիր կնքել ընդամենը 4 ամսից:

ՊՍԺ-ն մերժեց «Ռեալի» բոլոր առաջարկները, Մբապեի գործարքը չկայացավ, բայց «Ռեալի» պատվիրակությունը Ֆրանսիայից դատարկ ձեռքով չվերադարձավ: Իհարկե՝ երկրպագուները օդանավակայանում Մբապեին էին սպասում ու տեսան Կամավինգային, բայց Եվրոպայի ամենախոստումնալից կիսապաշտպաններից մեկի տրանսֆերն էլ վատը չէր՝ հաշվի առնելով, որ նրա համար «Ռեալը» վճարեց 30 մլն եվրո՝ պայմանագրի վերջին տարվա «կախարդանքի» շնորհիվ: Անչելոտիի պահանջով «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ոչ մի տեղ չուղարկեց, քանի որ թիմի կիսապաշտպանության ռոտացիայի պայմաններում Կամավինգան խաղաժամանակի խնդիր չի ունենա:

Madrid Xtra. on Twitter: "🎙| Camavinga: “I will bring my character, my determination on the field, my technique and my joy of living! That's what I'm going to give Real Madrid.“… https://t.co/dPhTxDX289"

Արդեն այս կիրակի Կամավինգան կարող է նշել իր նորամուտը, այն էլ՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ «Ռեալը» չէր խաղում ավելի քան մեկուկես տարի: Հաջող մեկնարկի շնորհիվ նա կարող է միանգամից գրավել իր նոր թիմի երկրպագուների սրտերը:

Զաբիցերի նորամուտը «Բավարիայում»

Երբ թվում էր, որ «Բավարիան» իր ուզածի չափով «մերկացրել» է «Լայպցիգին», բայց դա միայն թվում էր: «Բավարիան» տրանսֆերային շուկայի ավարտին որոշեց վերջնականապես «ոչնչացնել» նախորդ տարի Բունդեսլիգայում իր հետ որոշակիորեն պայքարող միակ թիմին և գնեց նրա վերջին առանցքային ֆուտբոլիստին՝ Մարսել Զաբիցերին. «Ոչ ոք չի ստիպում մեր մրցակիցներին մեզ ֆուտբոլիստներ վաճառել», – ասել էր Մյուլերը: Օքեյ:

Զաբիցերը բավական լավ համալրում է «Բավարիայի» համար: Ավստրիացին կարող է տարբեր դիրքերում խաղալ՝ ըստ անհրաժեշտության, թեև նա իր լավագույն որակները ցույց է տալիս խաղալով կիսապաշտպանության կենտրոնում: Նա իր նորամուտը կնշի այս շաբաթ՝ սեպտեմբերի 11-ին, խաղալով… «Լայպցիգի» դեմ: Ուպամեկանոն ու Զաբիցերը՝ Նագելսմանի գլխավորությամբ կփորձեն հաղթել իրենց արդեն նախկին թիմին:

Марсель Забитцер подписал контракт до 2025 года

Հետաքրքիր նորամուտներ Լա լիգայում

Ամբողջ տրանսֆերային պատուհանի ժամանակ մյուս թոփ առաջնությունների համեմատ «քնած» Լա լիգան արթնացավ շուկայի վերջին օրը, և կայացան մի քանի հետաքրքիր տեղափոխություններ:

Ամենազարմանալին, իհարկե, Խավիեր Պաստորեի՝ «Էլչեի» հետ պայմանագիր ստորագրելն էր: 32-ամյա ֆուտբոլիստը խզեց պայմանագիրը «Ռոմայի» հետ և տեղափոխվեց իսպանական այնպիսի ակումբ, որը չի պայքարում եվրագավաթային տեղերի համար: «Էլչեի» միակ նպատակը Լա լիգայում տեղը պահպանելն է: Պաստորեի հետ միասին «Էլչե» տեղափոխվեց մեկ այլ փորձառու ֆուտբոլիստ՝ Լուկաս Պերեսը: «Էլչեն» խաղալու է «Խետաֆեի» դեմ սեպտեմբերի 13-ին, և իրենց նորամուտները կնշեն այս թիմի մասշտաբներով աստղային նորեկները:

Հեկտոր Բելերինը նույնպես անհամբերությամբ սպասում է «Բետիսում» իր նորամուտի խաղին: Իսպանացին ամռանը շատ մոտ էր «Ինտեր» տեղափոխվելուն, բայց գործարքը չկայացավ: Ի վերջո՝ Բելերինը վերադարձավ  հայրենիք՝ փախչելով այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը եզրափակող «Արսենալից»: Բելերինը մարզվել է ընդհանուր խմբում ու շատ հանգիստ կարող է իր նորամուտը նշել է «Գրանադայի» հետ երկուշաբթի օրը կայանալիք խաղին:

Bellerin set for quick Real Betis start after loan arrival

Ռադամել Ֆալկաոն վերադարձավ Լա լիգա: Կոլումբացի հարձակվողն «Ատլետիկոյում» խաղալու տարիներին դարձավ մոլորակի լավագույն «մարդասպաններից» մեկը, հեռացավ, խաղաց տարբեր երկրներում, թոփ ու միջակ ակումբներում, բայց երբեք չկարողացավ ցուցադրել իր նախկին արդյունավետությունը: Ֆալկաոն խզեց պայմանագիրը «Գալաթասարայի» հետ ու ազատ գործակալի կարգավիճակով սեպտեմբերի 4-ին պայմանագիր կնքեց «Ռայո Վալեկանոյի» հետ: Գուցե Իսպանիայում նա կրկին վերգտնի՞ իր լավագույն խաղը: «Լևանտեի» դեմ շաբաթ օրվա խաղին նա իր նորամուտը կնշի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա