Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում տպավորիչ քամբեք է իրականացրել՝ 3-2 հաշվով հաղթելով «Ատալանտային»:
Մանկունիական ակումբի հաղթական գնդակը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը հերթական ռեկորդային ցուցանիշները գրանցեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:
«Ատալանտան» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 38-րդ թիմն է, որի դարպասը գրավում է պորտուգալացի հարձակվողը: Սա ռեկորդային ցուցանիշ է: Օրեր առաջ Լիոնել Մեսին հավասարվել էր Կրիշտիանուին այս ցուցանիշով՝ գրավելով «Լայպցիգի» դարպասը: Մեսիի համար «Լայպցիգը» 37-րդ թիմն է մրցաշարում, որի դեմ խաղում արգենտինացին գոլ է հեղինակել: Այժմ Ռոնալդուն այս հաշվարկում միանձնյա առաջատար է:
Կրիշտիանու Ռոնալդուն նաև գերազանցեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի ցուցանիշը՝ դառնալով եվրագավաթներում ամենաշատ հանդիպում անցկացրած խաղացողը: Ռոնալդուի համար «Ատալանտայի» դեմ խաղը 187-րդն էր եվրագավաթային խաղարկություններում: Պորտուգալացին 183 խաղ անցկացրել է Չեմպիոնների լիգայում(ներառյալ որակավորման փուլը), 2-ական հանդիպում՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում: Կասիլյասը եվրագավաթային խաղարկություններում անցկացրել է 186 խաղ:
Ռոնալդուն նաև թարմացրեց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի իր ռեկորդը: «Ատալանտայի» դեմ խաղում խփած գնդակը Կրիշտիանուի համար 137-րդն էր մրցաշարում: Երկրորդը Լիոնել Մեսին է, որը դարձել է 123 գոլի հեղինակ:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո